Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կորցրած հաղթանակ եւ ձեռք բերված հույս



Հայաստան-Սերբիա (1-1) խաղից առաջ երեւի շատ քչերի մտքով կանցներ, որ երեկվա խաղում հանդես եկած մեր թիմի կազմը կարող է դրական արդյունք գրանցել: Բայց, ինչպես պարզվեց, լրիվ այլ տրամադրություն է եղել թիմում:

Նախախաղային մամուլի ասուլիսում գլխավոր մարզիչ Շալանդն ասում էր, որ խաղին հայտավորվածները պետք է կռիվ տան, պայքարեն ինչպես արծիվներ: Սա, բնականաբար, տղաներին տրամադրելու ձեւ էր, բայց թիմի իրական մոտիվացիան երեւաց միայն խաղի ժամանակ: Աննախադեպ դժվար վիճակում հայտնված ընտրանու մարզչական շտաբը փորձել էր ամեն կերպ քաջալերել խաղացողներին. վնասվածք ստացած Մովսիսյանը, Մխիթարյանն ու Արասն էլ հանդես եկան տեսաուղերձով, Յուրան նաեւ պարապմունք անցկացրեց թիմի հետ: Կոլեկտիվիզմի զգացումը նոր մակարդակի բարձրացնելը թիմային հաջող խաղի լավագույն գրավականը պետք է լիներ: Եվ այս, անկեղծ լինենք, թերեւս անհուսալի թվացող պարագայում թիմը հասավ իր նպատակին:

Ինչպես դանիացիների հետ խաղում էր, այս անգամ էլ թիմը խաղում էր 5 պաշտպանով, որոնցից եզրայիններ Հայրապետյանն ու Հովհաննիսյանը մի փոքր առաջ քաշված էին գործում` կատարելով պաշտպան-կիսապաշպանի դեր` կախված իրավիճակից: Կենտրոնական Մկոյանի դիրքը փակել էր Ոսկանյանը, իսկ հենակետայինների առումով փոփոխություն չկար. խաղում էր փորձված զույգը` Մկրտչյան-Եդիգարյան: Մարկոսը կատարում էր դիսպետչերի դեր, իսկ առջեւում Մանուչարյանն ու Սարկիսովն էին, ինչը կադրային խնդիրների պարագայում սպասելի էր: Այս բոլոր տղաներն էլ հավաքականում խաղալու մեծ փորձ ունեն, այսինքն` Շալանդը մեկնարկային կազմում դուրս էր բերել «հին ոսկորներին»` «փորձված թանն անփորձ մածունից լավ է» նշանաբանով: Որքան էլ նույն Հայրապետյանն ու Մկրտչյանը խաղային պրակտիկայի պակաս ունեին իրենց թիմերի հիմնական կազմերում, խաղում էին նույնքան աշխատասիրությամբ, ինչպես մյուսները: Պատահական չէ, որ Կառլենը սերբերի հենակետայինների թիրախում էր հայտնվում պարբերաբար, ինչի արդյունքում մի քանի անգամ գետնին հայտնվեց:

Չնայած սերբերի կազմում հանդես են գալիս Իվանովիչի ու Կոլարովի նման խաղացողներ, որոնք, պաշտպաններ լինելով, անընդհատ միտված են մրցակցի դարպասին, հանդիպումը ցույց տվեց, որ «սատանան այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է»: Բնականաբար, սերբերի հիմնական զենքը ֆիզիկական տվյալներն են, որոնք օգնում են մենապայքարներում` օդում եւ ներքեւում, գլխով լավ խաղը, ամուր թիկունքը: Բայց երեկվա խաղում նույն այդ պաշտպանները երբեմն խուճապի էին մատնվում մեր թիմի արագ հակագրոհների արդյունքում: Մերոնց մարտավարությունը հետեւյալն էր. հուսալի պաշտպանվել, մրցակցին հեռու պահել սեփական տուգանայինից եւ առիթ ստեղծել արագ հակագրոհի նետելու Սարկիսովին, Մանուչարյանին, երբեմն էլ` Մարկոսին:

Եթե հակագրոհները, մասնավորապես, առաջին կեսում հաջող չէին ստացվում, ապա պաշտպանությունն անթերի էր գործում: Առաջին խաղակեսում կարելի է առանձնացնել սերբերի կատարմամբ երկու դրվագ. մի դեպքում Բերեզովսկին աչք շոյող ցատկով շեղեց գնդակի ուղղությունը, մյուսում էլ Իվանովիչի գլխով հարվածը խոտածածկից անդրադարձով բարձ ստացվեց: Իսկ մերոնցից լավ առիթ ուներ Մարկոսը, որի «ֆիրմային» ձախ ոտքով հարվածից հետո իր թիմին փրկեց դարպասապահ Ստոյկովիչը: Մեկ-երկու դրվագ եղավ, երբ եզրերից կատարված մեր խաղացողների լայնակի փոխանցումները եզրափակող չունեցան: Թիմը պարզապես չէր շտապում առաջ նետվել` մերկացնելով թիկունքը, քանի որ կարող էր խիստ պատժվել:

Երկրորդ կեսում սերբերն ակտիվացրին տեմպը. ժամանակը 3 միավորի հետեւից Երեւան եկած հյուրերի օգտին չէր աշխատում: Որքան խաղը մոտենում էր ավարտին մերոնք ավելի ու ավելի էին հավատում նրան, որ դրական արդյունք գրացելը լիովին իրականանալի է: Փոխարենը սերբերը նյարդայնանում էին ու կոշտությունից անցնում կոպտության, ինչպես եղավ մի դրվագում, երբ Մանուչարյանը մեջքին ծնկով հարված ստացավ ու շատ չանցած փոխարինվեց: Խաղակեսի միջնամասում Հայաստանի հավաքականը հավասարեցրեց խաղն ու արեց ավելին:

73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Տարոն Ոսկանյանի մոտ, ու պաշտպանը հարձակվողի պես գործեց` փոխանցում կատարելով մյուս պաշտպանին` Արզումանյանին, որը 2 մետրից գլխով գրավեց Ստոյկովիչի դարպասը: Հայաստանի հավաքականը միայն 4-րդ խաղում կարողացավ գրավել սերբերի դարպասը, ինչն այս խաղի համար դժվար էր կանխատեսել: Ռոբերտ Արզումանյանը, փաստորեն, մասնագիտացել է բարձրակարգ թիմերին գլխով գոլ խփելու հարցում: Նրա 5 գոլերից 3-ի դառնությունը ճաշակել են Պորտուգալիան (2007), Եվրոպայի այն ժամանակվա գործող չեմպիոն Իսպանիան (2009), հիմա էլ` Սերբիան: 2007-ին 2 գոլ էլ Ռոբերտը խփել է ղազախներին ու կիպրոսցիներին:

Արդեն սովոր ենք տեսնել, որ գոլից հետո մեր թիմը կերպարանափոխվում է: Սերբերը կարծես չէին հավատում տեղի ունեցողին, իսկ Հայաստանի հավաքականը մեծացնում էր ճնշումը: 82-րդ րոպեին Սարկիսովը ներխուժեց տուգանային, խաբս տվեց Միտրովիչին ու պատրաստվում էր դուրս գալ դարպասպահի դեմ մեն-մենակ, երբ սերբը խախտեց կանոնները, դեղին քարտ ստացավ ու 11-մետրանոցի հնարավորություն տվեց մեր թիմին: Մարկոսը ձախ ոտքով վատ չհարվածեց, սակայն միակ սխալն այն էր, որ գնդակն ուղղեց դեպի դարպասի կենտրոն, եւ Ստոյկովիչը հետ մղեց այն: Բրազիլացու կրկնահարվածն էլ չստացվեց. դարպասապահը նորից շեղեց այն: Եթե Մարկոսը հարվածեր դեպի անկյուններից մեկը, Ստոյկովիչը դժվար թե հասցներ գնդակի հետեւից:

Այս դրվագը հույս տվեց սերբերին, որոնք մինչ այդ կարծես հանձնվել էին: Անշուշտ, ինչ-որ չափով ընճվեցին նաեւ մերոնք` խաղավարտին փորձելով գնդակն ամեն կերպ հեռու պահել սեփական տուգանայինից: Բայց 89-րդ րոպեին խառն իրավիճակում Տոշիչը 19 մետրից խոցեց Բերեզովսկու դարպասը: Վերջինս առաջ էր եկել, այլապես գուցե հասներ գնդակին:

Խաղից առաջ ոչ-ոքին գոհացուցիչ կհամարվեր, իսկ խաղավարտին թե հայ ֆուտբոլիստները, թե երկրպագուները խառը զգացողություններ ունեին: Փաստորեն, մենք ոչ թե վաստակեցինք 1, այլ կորցրինք 2 միավոր, սակայն, հաշվի առնելով թիմի ցուցադրած խաղի որակը առաջատարների բացակայության պարագայում, ֆուտբոլիստների նվիրվածությունը, պետք է շեշտենք, որ այս 1 միավորն էլ ապագայի հույսեր է տալիս: Տղաներն ապացուցեցին, որ եթե ցանկանան, կարող են անել առաջին հայացքից անհավանական թվացողը: Այո, հաղթել չստացվեց, 83-րդ րոպեին մարզական բախտը մեր կողմը չէր, բայց փոխարենը տեսանք, որ այս կոլեկտիվը ոչ թե Մխիթարյան, Մովսիսյան եւ ընկերներ է, ինչպես հոգու խորքում նախկինում կարող էին մտածել շատերը, այլ հենց թիմ է բառիս բուն իմաստով: Եվ եթե թիմը նման խաղով գլուխ է հանում բարդ իրավիճակներից, ապա շատ ավելիին կարող է հասնել ամբողջական կազմով:

Պաշտպանության խնդիրը լուծելու ձեւը Շալանդը կարծես գտել է, սակայն այն այլեւս գլխացավանք չհամարելու համար պետք է տեսնել ընտրված մարտավարության գրագետ կիրառումը նաեւ հետագա խաղերում: Ամսի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնենք Ֆրանսիայի հետ, ինչը եւս մի առիթ է թրծվելու համար:

Հ.Գ. I խմբի մյուս խաղում Ալբանիան սեփական հարկի տակ 1-1 խաղաց Դանիայի հետ, չնայած երկար ժամանակ առջեւում էր հաշվի մեջ: Այս թիմերն այժմ ունեն 4-ական միավոր, 1-ական էլ վաստակել են Հայաստանն ու Սերբիան: Պորտուգալիան 1 խաղից հետո ոչինչ չի վաստակել: «Եվրոպայի բրազիլացիները» երեկ ընկերական խաղում 1-2 հաշվով պարտվեցին Ֆրանսիային վերջինիս հարկի տակ:

Ամսի 14-ին կկայանան Դանիա-Պորտուգալիա, Սերբիա-Ալբանիա հանդիպումները եւ Հայաստան-Ֆրանսիա ընկերական խաղը: 

Լուս.` AFP/Getty Images-ի (uefa.com)


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ