Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

200 մլն դոլարի թուրքական ներդրում՝ Ջավախքի սրտում. գործարկվել է «Փարվանա հէկը»



Ջավախքում պաշտոնապես գործարկվել է «Փարվանա հէկը»: Այս հէկի կառուցման համար թուրքական «Անադոլու գրուպ» ընկերությունը ներդրել է ավելի քան 200 մլն դոլար: Կառուցել է Վրաստանում գրանցված դրա դուստր ընկերությունը՝ «Ջորջիա ուրբան էներջի»-ն:

Համաձայն Վրաստանի ընկերությունների ռեգիստրի տվյալների, «Ջորջիա ուրբան էներջի» ընկերության 90 % բաժնետերը թուրքական խմբի մեկ այլ՝ «Anadolu Caucasus Energy Iatimlar» ՓԲԸ-ն է, իսկ մնացյալ 10 %-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինն է. վերջինի վարկային միջոցների հաշվին է իրականացվել հէկի շինարարությունը:

Վտանգվում են Փարվանայի ձկան տեսակները

Այս նախագծի մեկնարկի հուշագիրը Վրաստանի կառավարությունը «Ջորջիա ուրբան էներջի»-ի հետ ստորագրել էր դեռևս 2007-ին: 2010-ից ընթանում էր շինարարությունը:

Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատատականում նշվում է, որ հէկը կառուցվել է Փարվանա գետի վրա՝ Փարվանա լճից 56 կմ հոսանքն ի վար: Հէկի գլխավոր ենթակայանն ու հարակից ենթակառուցվածքներն ընդգրկելու են Սամցխե-Ջավախքի ազդակիր երկու շրջանների՝ Ախալքալաքի և Ասպինձայի 6 համայնքները, այդ թվում Կորխ և Դիլիսկա գյուղերը, քաղաք Ախալքալաքը:  Խերթվիս գյուղում տեղակայված է լինելու էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կայանը: Գլխավոր կայանից փոխանցման հաղորդալարերով էլեկտրաէներգիան կմիանա ազգային ցանցին: 

Նախագծի նկարագրի բնապահպանական մասում, բացի հէկի կառուցման ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասից, նշվում է այն գործելու ժամանակ առկա վտանգները: Մասնավորապես՝ հողի և ջրի աղտոտում, ջրի հոսքի նվազում գետն ի վար, ինչի պատճառով կարող են վտանգվել ձկան շարժը և տեսակները, ազդեցությունը բուսականության վրա, աղմուկի և վիբրացիայի առկայությունը,  դրանց ազդեցությունը թռչունների վրա, էլեկտրաէներգիայի լարերի փոխանցման տարածքում մագնիսական դաշտի առկայությունը:  Հանրային քննարկումներից մեկի ժամանակ նախագիծը հեղինակող ընկերության բնապահպանության և անվտանգության փորձագետ Թենգիզ Լաջիձեն վստահեցրել է, որ Փարվանա լճին ոչինչ չի սպառնում, քանզի հէկը լինելու է լճից 56 կմ ներքև: Իսկ տնօրեն Նոդար Կուրտանիձեն խոստացել է, որ երբ հէկը գործի, գետում սանիտարական թողքը կպահպանվի:

Թվարկված է նաև սոցիալ-տնտեսական ազդեցությունը՝ կայուն էլեկտրամատակարարում, աշխատատեղ, և դառնալով վստահելի էլեկտրամատակարարող՝ հէկը կարող է նպաստել տեղական փայտի ռեսուրսների սպառման նվազեցմանը: Էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը մարդկանց և նրանց առողջության վրա ընկերությունը չի թաքցրել: Ավելին, ևս մեկ անգամ նշել է, որ ջրի ծավալների և հոսքի նվազման հետևանքով ձկան տեսակները կարող են կրճատվել, ձկների միգրացիայի վտանգ կա:

Ազդակիր համայնքներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում արծարծվել է նաև այդ համայնքներին ավելի էժան էներգիա տրամադրելու հարցը: Ախալքալաքի գործադիր մարմնի ղեկավարի տեղակալ Վիտալի Թորոսյանի հարցին, թե ինչպես է վաճառվելու էլեկտրաէներգիան և արդյոք տեղացիները հնարավորություն կունենան ավելի էժան էլեկտրաէներգա ստանալ հէկի կառուցումից հետո, ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Կուրտանիձեն պատասխանել է. «Հէկը կկապվի Վրաստանի էներգահամակարգին, «Ջորջիա ուրբան էներգիան» պատասխանատու չէ ընդհանուր հոսանքի վաճառքի համար»:

Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է Թուրքիա

«Փարվանա հէկի» հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երբ ներկա է եղել հոկտեմբերի 11-ին կայացած հէկի գործարկման հանդիսավոր արարողությանը: Ներկա է եղել նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիլդիզին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները: 

«Այսօր մենք բացում ենք Սամցխե-Ջավախքում ևս մեկ կարևոր կառույց,-ասել է վարչապետը,- «Փարվանա հէկը» մեկ քայլ առաջ է, որն ուղղված է Վրաստանի տնտեսության ամրապնդմանը: «Փարվանա հէկը» Վրաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության ևս մեկ օրինակ է»:

Վարչապետ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Թուրքիան Վրաստանի տնտեսության ամենամեծ ներդրողներից է, և ներդրումների մեծ մասը էներգետիկ ոլորտում է, մասնավորապես՝ հիդրոէլեկտրակայանների շինարարությունում:  Վրաստանի վարչապետը հավելել է, որ  էներգասեկտորի զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծմանը:

Այդ աշխատատեղերը, սակայն, չնչին են: Համաձայն նախագծի՝ ընկերությունը 20 հիմնական և 10 անվտանգության աշխատողի աշխատատեղ է խոստացել, որտեղ ինժեներների հաստիքը տրամադրվելու է Թուրքիայից հրավիրված մասնագետներին: 30 աշխատատեղը, որի ղեկավար «պաշտոնները» բաժին են հասնելու թուրքերին, պաշտոնապես 208 հազար բնակչություն ունեցող Ջավախքի համար աննշան է: Փորձը ցույց է տալիս, որ թուրք-վրացական որևէ նախագծում տեղի հայ բնակչությունը նվազագույն ներկայացվածություն ունի՝ 1-2 հոգի: Դրան գումարած՝ շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի մասին նախագծում խոսվում է խոստումների մակարդակով: 

Թուրք-վրացական սահմանից հէկը հեռու է շուրջ 25 կմ: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան, պարզվում է, արտահանվելու է նաև Թուրքիա:

«Թուրքիայի պատմության մեջ սա առաջին ներդրումն է, որն օգտագործելու է հարևան երկրի բնական ռեսուրսները Թուրքիայի էներգիայի պահանջարկը լրացնելու համար»,-նշվում է «Անադոլու գրուպ» ըննկերության պաշտոնական կայքում:  

Առաջին լուսանկարը՝ www.kvira.ge կայքից


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Վաչե06:59 - 15 հոկտեմբերի, 2014
Ջավախքի տարածքում նման խոշոր ՀԷԿ–կռուցումը անկախ նրանից թե ում կողմից է կատարվում, չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների առարկա։ Հարգարժան հոդվածագիրը եթե տիրապետեր հդրոէներգետիկայի մասին (մասնավորապես Ջավախքի) որոշ գիտելիքների , համոզված եմ բոլորովին այլ կերպ կմտածեր։ խոշոր զրա—էներգտիկ օբյեկտները ՀԷԿ, զրամբար, զրանծք և այլն ,կառուցվում են ոչ թե տասնամյակների այլ դարերի համար։ Եթե այասօր դրա տերը Ա–ն ապա ոչ ոք չի կարող ասել թե 40–50 տարի հետո օվ կլինի։ Միակ անառարկելի ճշմարտությունը այն է, որ միակ և մշտական տերը այն ժողովուրդն է որի հողի վրա է գտնվում տվյալ օբյեկտը։ Տեղեկության կարգով ասեմ ,որ ՀԷԿ–ի կառուցումը ինքնստինքյան կբերի տարածքի տնտեսության բոլոր ենթակառույցների աշխուժացմանը և զարգացմանը։ Իսկ ինչպես՞ է օգտագործվում Փարվանա գետի ջրային ռեսուրսը, հատկապես ՀԷԿ–ի նախատեսված վայրում, ես կասեի ոչ մի կերպ։ Գետի զրերը գրեթե անկորուստ խառնվում են Կուր գետին և ծառայում են Ադրբեջանի տնտեսությանը։ Նշված ՀԷԿ–ի կառուցումը զգալիորեն կնպաստի նաև ոռոգելի հողատարածքների ավելացմանը։ Այնպես–որ միանգամայն անտեղի է ՀԷԿ—ի կառուցումը կամ ֆինանսավորումը կապել հայ—թուրքական հարաբերությունների հիմնախնդրի հետ։
2. Քրիստինե 15:02 - 15 հոկտեմբերի, 2014
Հարգելի Վաչե Այս հոդվածի մեխը քաղաքական շահարկումները չէ, այլ Ջավախքում ապրող բնակիչների շահը: Մտահոգությունն այն է, որ տասնամյակներ կամ դարեր, ինչպես նշել եք, շահագործելը, եթե տեղի բնակչության կյանքում որևէ բարելավում չի բերելու, միմիայն սպառելու և վնասելու է Ջավախքի բնական ռեսուրսները, իմաստազուրկ է (Արտադրանքն ուղղվելու է դեպի Թուրքիա: Տեղի բնակիչները էժան էլեկտրաէներգիա չեն ստանալու): Տեղեկության կարգով կուզենայի նշել, որ Հայաստանում կառուցված հէկերի ստվար զանգվածը որևէ ենթակառուցվածքային բարելավում կամ աշխուժացում չեն մտցրել համայնքներում, այլ վնասել են գետերի էկոհամակարգը, հատել են ծառերը, ոչնչացրել են ձկան տեսակներ, զրկել են բնակիչներին ոռոգման ջրից: Եթե շատ լավ եք տիրապետում հէկերի կառուցման սկզբունքին, ապա պետք է իմանաք, որ գետի ջրերը թեկուզ անկորուստ են մի կետից մյուսը հասնում, սակայն ջրաբաշխիչ կայանից մինչև հոսանքն արտադրող կայան խողովակի մեջ է մտնում գետի ջրի մեծ ծավալը, մնում է (եթե բարեխիղճ շահագործող են) միայն բնապահպանական կամ սանիտարական թողքը: Այդ թողքը չնչին է, հատկապես ամառային սեզոնին, և սակավաջրությունը պատճառ է դառնում թե գետաեզրի բնության չորացմանը, թե ձկան տեսակների վերացմանը և սպառնում է այդ տարածքներում կենսաբազմազանության հետագա գոյատևմանը: Իսկ հայաբնակ Ջավախում թուրքական ներկայացվածության առավելությունների ու վտանգների մասին եզրակացությունները թողնում եմ Ձեր հայեցողությանը:
3. Վաչե05:34 - 16 հոկտեմբերի, 2014
Հարգեւի Քրիստինե թող Ձեզ չթվա թե ես բնության թշնամին եմ կամ էլ ապաքաղաքական մտածելակերպի տեր։ Այժմ հաշված մարդիք են մնացել, (իմ տարիքի) որոնք ունեն համապատասխան կրթություն և կենսափորձ բնության մասին խոսելու համար։ Մասնագիտութան և աշխատանքի բերումով 30 տրուց ավելի զբաղվել եմ բնապահպանական, բնօգտագոծման գիտական խնդիրներով։ Դուք ինձ ճիշտ հասկացեք․ես հարգում եմ Ձեր դիրքորոշումը Ջավախքի բնությանը սրտացավ վերաբերմունքի համար։ Ես միայն մի բան կասեմ ․ թե բնությունը , թե նրա գանձերը ոչինչ են , եթե բացակայում է նրա պսակը՝ մարդը։ Իսկ Ջավախքում առավել սուր է կանգնած բնակչության գենոֆոնդի պահպանության, վերարտադրության հարցը, քան ՀՀ ցանկացած մարզում։ Պատճառները շատ են․ քաղաքական, սոցիալ–տնտեսական ․ այլն։ Սակայն առաջնայինը տնտեսականն է ։ ԽՍՀՄ տարիներին Ջավախքը հանդիսանում էր Վրաստանի եզակի գյուղատնտեսական շրջանը․ որը տալիս եր կարտոֆիլի 80-90% հացահատիկի 40-50%,մսա-կթնային մթեքի 50-60% ։ Այժմ նշված և շատ այլ մթեքի գծով չի կարող բավարարել նույնիսկ սեփական նվազագույն պահանջները։ Պտճառը ոռոգման ջրի բացակայությունն է, վարելահողերի մոտ 70-80% դուրս է մնացել ակտիվ մշակության ոլորտից։ երբեմնի գործող բազմաթիվ ջրհան կայանները, ոռոգման ցանցերը ավերվեցին էլ․ հոսանք չլինելու , այլ ոչ թե ՀԷԿ-էր կառուցելու պատճառով։ բնության պահպանությունը ինքնանպատակ չէ, այն կատարվում մարդկանց համար և հանուն մարդկանց։, իսկ կ եթե մարդիք ապրուստի տարրական պայմանների բացակայության պատճառով լքում են հողն ու տունը ապա մնացած բոլոր հացերը դառնում են անիմաստ։
4. Hetq16:49 - 18 հոկտեմբերի, 2014
Hamit....That comment by Kevork has since been deleted. Sorry it got passed us. We of course have a policy of rejecting any form of hate speech and slander in reader comments.
5. Hamit22:52 - 18 հոկտեմբերի, 2014
I don't understand why Turkish investment disturbs Armenian media. I follow all news about this development but there is no any positive approach. If Armenians can create such an investment, just do it. If you don't have money why diaspora doesn't help? .
6. Hamit23:28 - 18 հոկտեմբերի, 2014
Thank you Hetq editorial for deleting hate speech comment in your page. I know Hetq has a higher quality in its media policy so I appreciate your sensibility on this case.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ