HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ղարաբաղը` Եվրասիական թակարդում. ինչի տակ ստորագրեց Սերժ Սարգսյանը Մինսկում

Հոկտեմբերի 10-ը օրացույցում Հայաստանի համար ձեռք է բերել միստիկ նշանակություն` իբրև ինքնակամ կորուստների, շարունակական կապիտուլյացիաների խորհրդանիշ:

2009թ. այդ օրը Ցյուրիխում Հայաստանն ստորագրեց Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանները բացելու մասին երկու արձանագրությունները, որոնք ամբողջությամբ թուրքական շահն սպասարկող նախապայմաններ էին Երևանի համար: 5 տարի անց, Մինսում Հայաստանի նախագահը ստորագրեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին միանալու մասին պայմանագիրը: Դրանից օրեր առաջ փաստաթուղթը Կառավարությունում հավանության արժանացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր կաբինետին հրահանգեց Մինսկում ստորագրվելուց հետո այն լավ ուսումնասիրել` վեր հանելու Հայաստանի համար բոլոր ռիսկային հանգամանքները: Փաստորեն Հայաստանը ստորագրեց պատմական, գրեթե ճակատագրական նշանակության մի փաստաթուղթ` առանց ամբողջությամբ պատկերացնելու կամ գոնե ուրվագծելու դրանից բխող ռիսկերը, չափելու դրա դրական ու բացասական ազդեցությունը: Սերժ Սարգսյանը «փակ աչքերով» ստորագրեց այդ պայմանագիրը:

Թե Հայաստանի վրա տնտեսական առումով ինչ ազդեցություն կունենա միջազգային իզգոյի վերածվող Ռուսաստանի միջուկի շուրջ ստեղծվող ԵԱՏՄ-ին միանալը, այն էլ առանց ընդհանուր սահմանի, և առանց արդյունավետ աշխատող ցամաքային տրանսպորտային հանգույցի, տնտեսագետների խորքային և համակողմանի վերլուծության խնդիրն է: Բայց առնվազն քաղաքական մակարդակում առայժմ միայն ակնհայտ, ուղղակի աչք ծակող ռիսկեր են երևում, որոնք ընդամենը մեկ-երկու տարվա հեռանկարում կարող են Հայաստանի համար վերածվել իսկական մղձավանջի:

Առաջին հայացքից թվում է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը նույնիսկ ձեռնտու է: Իր սահմաններով այդ դեռևս չգործող կազմակերպություն մտնելը շեշտում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայությունը: Սրանով հերքվում է Հայաստանի` ագրեսոր լինելու վերաբերյալ Ադրբեջանի պնդումը, ինչը մի քիչ ճկուն լինելու դեպքում կարող է խաղարկվել նաև դիվանագիտության մեջ:

Մյուս կողմից սահմանազատումը ինչ-որ իմաստով նշանակում է ճանաչել ԼՂՀ-ի սուբյեկտայնությունը ԵԱՏՄ անդամ երկրների կողմից, քանի որ եթե ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետեր են դրվում, այդ կառույցը, անկախ նրանից` այդ մաքսակետերը ձևական բնույթ են ունենալու, թե ոչ, ԼՂՀ-ի հետ մտնելու է փաստացի մաքսային հարաբերությունների մեջ:

Ողջ հարցն այն է, սակայն, որ այս ամենը փաստաթղթային որևէ ձևակերպում չունի, հետևաբար չունի նաև իրավական հիմք: Այսինքն ամեն ինչ թողնված է անդամ պետությունների ղեկավարների ներքին պայմանավորվածությունների, շահերի և տվյալ պահի քաղաքական նպատակահարմարության վրա: Ղազախստանի նախագահն ասում է, թե Հայաստանի անդամակցության հարցի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել բանակցությունների արդյունքում ԼՂ-ի հետ սահմանային հարցում փոխզիջման հասնելուց հետո: Սա առնվազն նշանակում է, որ գոնե Ղազախստանի համար հարցը բոլորովին էլ երկրորդական չի եղել: Նրանցից ոչ մեկը ԼՂՀ-ի անկախությունը չի ճանաչել: Հետևաբար երբ պահանջում են, որ Հայաստանը կառույցին միանա ՄԱԿ-ի կողից ճանաչված սահմաններով, նշանակում է, որ կամա թե ակամա, ԼՂՀ-ն դիտարկում են իբրև Ադրբեջանի մաս: Հետևաբար ստացվում է, որ նրանց տեսակետից իրավական առումով, մաքսակետերը դրվելու են ոչ թե ԵԱՏՄ-ի ու ԼՂՀ-ի սահմանագծին, այլ` ԵԱՏՄ-ի ու Ադրբեջանի:

Այն, որ նրանք կարող են համաձայնել Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանին ձևական մաքսակետեր տեղակայելուն, զուտ ներքին պայմանավորվածությունների հարց է, որը կարող է խախտվել ցանկացած պահի` ըստ քաղաքական նպատակահարմարության: Այս փուլում Ռուսատսանի համար քաղաքական նպատակահարմարությունը ցանակցած գնով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը գլուխ բերելն է, ինչի համար նա հսկայական քաղաքական ու տնտեսական զիջումներ կատարեց թե Բելառուսին և թե Ղազախստանին: Մաքսակետերի ձևական լինելու հարցում զիջումը կարող է պարզապես Հայաստանի գլխի տակ դրվող փափուկ բարձի էֆետկ ունենալ: Եթե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համար Ալիևի ուղղորդող նամակը քաղաքական ավելի մեծ արժեք ունի, քան, օրինակ, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը, որևէ երաշխիք չի կարող լինել, որ վաղը, մյուս օրը նա չի պահանջելու, որպեսզի այդ մաքսակետը գործի ամբողջ ծավալով և ամբողջ ռեժիմով: Բավական կլինի, օրինակ, հերթական գագաթնաժողովներից մեկի ժամանակ ընթերցել Ալիևի հերթական նամակն այն մասին, որ ԼՂՀ տարածքը հանդիսանում է նարկոթրաֆիկի տարանցման ուղի: Եվ Հայաստանի այսպես կոչված գործընկեր պետությունները կարող են ստիպել, որ սահմանի այդ հատվածում ավելի ուժեղ վերահսկողություն իրականացվի, ինչն այլ բան չի լինելու, քան հստակ մաքսային ռեժիմի սահմանումը Հայաստանի և ԼՂՀ-ի միջև: Մինչդեռ հունվարի 1-ից հետո արդեն, երբ խորհրդարանները վավերացրած լինեն Հայաստանի անդամակցության պայմանագրերը, նման շրջադարձը կանխելու որևէ քաղաքական կամ իրավական լծակ Երևանը չի ունենալու: Ու դա միայն այն պատճառով, որ զլացել կամ գուցե չի կարողացել գոնե հասնել ստորագրվելիք պայմանագրում ԼՂՀ-ի հետ հարաբերությունների առանձնահատկության մասին գոնե որևէ հպանցիկ հիշատակման: Սակայն որքան էլ այս սցենարը մռայլ թվա, իրականում սա կարող է ընդամենը չարյաց փոքրագույնը լինել:

Պուտինը կանգ չի առնելու ԵԱՏՄ-ն ընդլայնելու ճանապարհին` ոչ միայն սեփական իմպերիալիստական ամբիցիաները բավարարելու համար, այլև թեկուզ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու: Այս իմաստով Ադրբեջանը նրա համար չափազանց համեղ պատառ է: Բաքուն, ի դեմս արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, շատ պարզ հասկանալ է տվել, որ պատրաստ է դիտարկել եվրասիական տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ցանկանա ԼՂ հիմնահարցը լուծել Բաքվի շահերին համապատասխան: Այս հայտարարությունից հետո անցած 4-5 ամիսներին Մոսկվայի և Բաքվի միջև կուլիսային բանակցությունները երբեք չեն դադարել: Որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանին ճանկը գցելու համար Ռուսաստանը նրան չի վճարելու ԼՂՀ-ն զոհաբերելով: Մանավանդ որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալը գրեթե ամբողջությամբ լուծում է այդ հարցը: Բանն այն է, որ որքան Հայաստանն է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցում այդ կառույցին, նույնքան էլ, ուրեմն` Ադրբեջանը, ինչը նշանակում է վերջինիս ԵԱՏՄ ընդունել ԼՂՀ-ն ճանաչելով որպես նրա տարածքի մաս: Ադրբեջանից ավելի շուտ կազմակերպությանն անդամակցելն, իհարկե, Երևանին տալիս է ցանկացած հարցում վետո կիրառելու իրավունք, ինչից կարող է օգտվել, եթե մի գեղեցիկ օր օրակարգում հայտնվի ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը: Ողջ խնդիրն այն է` կունենա՞ արդյոք Երևանն այնքան համարձակություն` ի հեճուկս Ռուսաստանի, իրացնելու վետո կիրառելու իր այդ իրավունքը, եթե գա նման որոշում կայացնելու ճակատագրական պահը: Այսօրվա դրությամբ դա թվում է անհնարին, կամ ֆանտաստիկ: Իշխանություններն ավելի շուտ, կրկին հավատալով Մոսկվայից, Աստանայից, Մինսկից հնչող բացառապես բանավոր խոստումներին ու հավաստիացումներին, կարող են առաջ քաշել այն թեզը, թե այդ միությանը Ադրբեջանի անդամակցությունը նույնիսկ բխում է հայկական կողմի շահերից: Դրա նախադրյալն արդեն կա` Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի հայտնի նամակը, որով նա ՌԴ նախագահին կոչ էր անում վերակենդանացնել Գյուլիստանի պայմանագիրը ու Ղարաբաղը դարձնել իր մասը: ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը, կարծես թե, այս օպերացիան մինչև վերջ խաղարկելու լավագույն միջոցն է: Եթե ոչինչ չլինի էլ, այդ օպերացիան ԼՂ հիմնախնդիրը դարձնում է Ռուսաստանի ներքին հարցը` դրանից դուրս մղելով Արևումտքին: Եթե հիմա գոնե հույսը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա բալանսն էր, ապա Ադրբեջանի` ԵԱՏՄ ընդգրկվելուց հետո այն կմարի վերջնականապես:

Այս իմաստով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումն ավելի շատ Երևանի և առավելապես Ստեփանակերտի համար լարված թակարդի է նման, որից ելք, գոնե այս պահին, չի նշմարվում: Ահա թե ինչու են, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի կողմից ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանում ոգևորվել, թե Իլհամ Ալիևը կատարում է առանց որևէ կրակոցի Ղարաբաղը «ետ բերելու» խոստումը: Մինչդեռ սա քաղաքական ռիսկերի ընդամենը մի մասն է:

Մեկնաբանություններ (4)

ինքնուս վերլուծաբան
Արմեն ջան! Այ, հենց դրա համար էլ քամակները կեղտոտ մարդիկ են պահում, որ ինչ դեմ տաս չէ չասեն! Բայց չարժե մեծ հիստերիայի մեջ ընկնել ինչ որ թղթերի պատճառով` Ղարպյաղցիք իրենց գործը մեզնից լավ գիտեն: Այս պահին կարեւորը հացի ու թվանքի խնդիրներն են: Վերջապես ռսի ախորժակին հո չես ստիպի որ ազերի նավթ ու գազից ձեռ քաշի! Մեզնից մի տաս անգամ շուտ կհրաժարվեն քան իրենցից, ինչ ունենք, սար ու քռից բացի? Ուստի մնում է միայն օգնել, որ եզը ճիշտ մորթվի, այն պլանով որ մեզ չմորթեն!
հայ աղջիկ
Ղարպյաղցիքը որ՞ն է, նկատի ունեք հայերը՞... ինչ՞ ունենք. չեք նկատել, որ նավթը սպառվող ռեսուրս է, իսկ մարդկային ռեսուրսները զարգացող են: Կարծում եք պատահական էր՞, որ սովետական տարիներին ՀՍՍՀ-ն ամենահզոր արդյունաբերություն ունեցողն էր, չէինք զիջում ոչ տնտեսական, ոչ գիտական ասպարեզներում, ոչ միայն չէինք զիջում, այլ առաջատարներից էինք... կարծում եք այս ամենը հաշվի առնված չէ՞ ..
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լրիվ համաձայն եմ հոդվածի հետ: Հայաստանը ԿՈՐՑՆՈՒՄ է Արցախը, իսկ ԼՂՀ իշխանությունները ԿՐԿԻՆ ԼՈՒՌ են: Ադրբեջանը (ձևական՝ ասենք 5 տարով) կմտնի ԵԱՏՄ, մաքսային ռու՛ս զորքեր կմցնեն (ԵԱՏՄ-ի համար de jure Ադրբեջանի տարածք) Արցախ ու Արցախի հարցը կլուծեն՝ Նախիջևանի պես. ու ՀԱԶԱՐԱՎՈՐ զոհված ազատամարտիկնհրի արյունը կուրանան՝ հանուն իր՛/իրենց աթոռների:
ինչ տեսնում եմ
Եթե մի մարդ նույնիսկ լիսկայի արածների ու ցանկություների դեմ չի կարողանում հանդիմանալ, էլ ոնց կարող է Պուտինի դիմաց ազգի դիրքերից խոսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter