HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու հեծանվային վազքուղին պատրաստ կլինի 2015-ին

Գյումրիում սեփական ուժերով սահադաշտի ստեղծման «դոնքիշոտյան» ծրագրի իրականացումը «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամների համար մեկ այլ, ոչ պակաս «էքստրեմալ» մտահղացման հիմք հանդիսացավ:

Հեծանվային վազքուղու ստեղծման գաղափարը Արսեն Վարդանյանին հանգիստ չէր տալիս վաղուց: Միտքը Դոն Քիշոտ` հողմաղացների դեմ պայքարի նման մի բան էր հիշեցնում, սակայն ծրագիրն իրականանացնելու հնարավորությունը տասնապատկում էր գաղափարակիր ընկերների աջակցությունը:

«Փորձեցինք, ինչպես և սահադաշտի ստեղծման դեպքում, ստանալ տեղական իշխանությունների աջակցությունը,- պատմում է «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը,- դիմեցինք տարածքի ընտրության համար: Մի քանի տեղ մեզ առաջարկեցին, ի վերջո, ընտրեցինք Անի թաղամասին կից այս հատվածը»:

Տարածքը բլրաշատ է, քարաբեկորները քիչ չեն, և նախաձեռնության անդամներին մաքրման բավական մեծ աշխատանքներ են սպասվում: Ապագա հեծանվային վազքուղին բնակելի թաղամասին մոտ է լինելու, և Արսենի կարծիքով մարդիկ հաճույքով կգան:

Տղաների այս նախագիծն ուղղված է հեծանվային սպորտի զարգացմանը: Առայժմ «էքստրեմալ» հասկացությունից հրաժարվել են, որ հնարավորություն տան հետագայում շատերին վազքուղի այցելելու: Ապագայում նախատեսում են սկսնակների` հեծանիվ վարելու դասեր ևս: «Թող սովորեն, հետո, որ զգան կարող են ամուր նստել հեծանիվին, կարող են և անցնել էքստրեմալ վարելուն»,- Արսենը ծիծաղում է:

Քանի դեռ աշնանային տաք օրերը թույլ են տալիս, տղաները հավաքվում են՝ հատկացված տարածքը մոլախոտերից ու քարերից մաքրելու նպատակով: Քաղաքապետարանը խոստացել է օգնել տեխնիկայով: Հայկ Խառատյանը շեշտում է՝ եթե թեկուզ մեկ օր տրակտոր աշխատի, կազատվեն որոշ քարակույտերի ներկայությունից, որ ձեռքով պարզապես անհնար է հեռացնել:

«Սահադաշտը սարքելուց հետո մտածում էինք ամառային ժամանանցի վայր սարքել ու ցանկանում էինք, որ անպայման նորություն լիներ: Բայց եթե սահադաշտի պարագայում ահագին դժվարություններ ստիպված եղանք հաղթահարել, այս դեպքում դրանք մի փոքր ավելի շատ են: Երկուսի դեպքում էլ չէի ասի, թե մասնագիտական հմտությունները բավարար են, բայց, ինչպես համոզվեցիք, տարվա սկզբին մեզ հաջողվեց մարդկանց ձմեռային ժամանցն ապահովել»,- նկատում է Հայկը:

Նախաձեռնող խմբին միացել է Անտոն Գալկինը՝ մասնագիտությամբ զինվորական: Ապրում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում, տղաներից Արմանի մտերիմն է, բավական փորձ ունի էքստրեմալ հեծանվային սպորտի ասպարեզում և նախաձեռնությանը միացել է՝ օգնելու նպատակով: Քանի որ տարածքը բլրաշատ է, կարծում է` բավական մեծ հնարավորություններ կան` վազքուղին սարքելու և հետագայում, իհարկե, այն զարգացնելու:

«Ինձ համար ուրախալի է այն հանգամանքը, որ մարդկանց մոտ հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրություն է արթնացել: Այս ծրագրի շնորհիվ, ես կարծում եմ, որ Գյումրիում վերջապես մեծ տարածում կունենա հեծանիվը, որպես տրանսպրոտի միջոց և հեծանվասպորտն, իհարկե, որպես այդպիսին: Այն, ինչ մինչև օրս տղաներն արել են, մտածում եմ, որ մեծ տեղաշարժ է մեռյալ կետից, որովհետև, երբ ես առաջին անգամ եղա այստեղ, չէի կարողանում պատկերացնել, թե վերջնարդյունքում ինչ է լինելու: Հիմա արդեն ահագին գործ է արված ու դա ինձ գոհացնում է»,- ասում է Անտոնը:

Քաղաքացիական նախաձեռնությամբ սկսված ծրագրերն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհին իրավաբանական անձի վերածվելու խնդիր է առաջ եկել:

«Քանի գնում մեր ծրագրերն ավելի խելացնոր են դառնում: Եվ իհարկե աջակից կազմակերպությունների կարիք է զգացվում: Թղթատարություն, պայմանագրեր, առանց դրա, ասենք, սահադաշտը հնարավոր եղավ գլուխ բերել, սակայն հեծանվային վազքուղին ավելի մեծ նախագիծ է: Մենք գումար չունենք, գրանտ չենք ստանում, հույսներս համայնքն ու դրսի կազմակերպություններն են: Չեխական մի կազմակերպություն կա, որ պատրաստ է մեզ հետ համագործակցել, սակայն դրա համար հարկ է, որ մենք նախաձեռնությունից վերածվենք կազմակերպության»,- շեշտում է Արսենը:


Հիմա դեռ ընկերներով հավաքվում են, տարածքում չափ ու ձև անում, մաքրման աշխատանքներ իրականացնում: Վազքուղու մակետը պատրաստ է:


Կես հա տարածքը ներկայանալի տեսքի բերելու հնարավորություն կունենան միայն հաջորդ տարի գարնանը: Առայժմ զբաղված են փաստաթղթային ձևակերպումներով: «Ծաղիկների սերմեր ենք նվեր ստացել,- զրույցի վերջում ծիծաղելով տեղեկացնում է Արսենը,- որոշել ենք հեծանվային արահետների կողքին ծաղկանոց ստեղծել. համ գեղեցիկ կլինի, համ կանաչ շերտ կունենանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter