HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մերի Մուն. «Քաղաքները, որ ներկայացնում եմ, շենքեր կամ կառույցներ չեն»

Ստամբուլում կայացած «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթում տարվա լավագույն նկարիչ է ճանաչվել Մերի Մունը (Ամիրխանյան)։

Մրցույթին մասնակցել են բազմաթիվ երիտասարդ նկարիչներ աշխարհի տարբեր ծայրերից, որի արդյունքում 56 ստեղծագործող հնարավորություն է ստացել ցուցադրելու աշխատանքները Ստամբուլում։ Հենց ցուցադրվող աշխատանքների հիման վրա ընտրվել է լավագույնը։

Արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 1-ին: Մերի Մունը մրցույթին մասնակցում էր երկու աշխատանքով։ 

Կապ հաստատեցինք Ստամբուլում գտնվող Մերի Մունի հետ։

Օրեր առաջ Թուրքիայում արժանացաք «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցանակին։ Ի՞նչ բնույթի մրցակցություն էր, ինչպես և ում կողմից էր որոշվում հաղթողը։

Մրցույթը կազմակերպել են «Արտ Փլանեթ» ցուցասրահը և «RH» արվեստի ամսագիրը, ինչպես նաև «Քրիստին Սալերի» հիմնադրամը (Քրիստին Սալերին պոլսահայ նկարչուհի է, ում մահից հետո նրա որդին ղեկավարում է հիմնադրամը եւ արդեն 2 տարի է՝ համագործակցում է կազմակերպիչների հետ): Մինչ այս մրցույթին մասնակցել էին միայն Թուրքայի ներկայացուցիչները, այս տարի մեծացնելով շրջանակները՝ հայտարարել են միջազգային։

Հաղթողի ընտրությունը ժյուրիի 10 անդամներն են կայացրել, ովքեր դիտել են բոլոր ներկայացված աշխատանքները և քվեարկել։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև Հակոբ Էգոյանը և Բեդրի Բայկամը, ով, շատ հայտնի նկարիչ լինելուց բացի, իր ցուցասրահում հաճախակի ցուցադրում է երիտասարդ նկարիչների աշխատանքները։

Ժյուրիի 10 անդամներից 7-ը քվերակել են իմ գործի օգտին, ինչը շատ լավ արդյունք է։

Ի՞նչ աշխատանքներով էիք ներկայացել մրցույթին։

Ցուցադրել եմ 2 աշխատանք՝ «Վիեննա» եւ «Թբիլիսի» քաղաքային գործերի շարքից (200x148սմ կտավներ)։ «Վիեննան» մեկ անգամ միայն ցուցադրվել է հենց Վիեննայում, իսկ Թբիլիսին՝ առաջին անգամ այստեղ (մինչ այդ՝ միայն իմ արվեստանոցում):

«Վիեննա»

Մինչ «քաղաքային» լայնամասշտաբ շարքին անցնելը, եւս մեկ հարց կապված Ստամբուլի հետ․ հետեւել եմ այս տարվա Ձեր գործունեությանը․ մի քանի ամիս շարունակ Հայաստանից բացակայում էիք այդտեղ գտնվելու պատճառով եւ հիմա եւս բավականին երկարատեւ այցով այդտեղ եք։ Ինչո՞վ է պայմանավորված հենց Թուրքիայում գտնվելու եւ ստեղծագործելու հանգամանքը։

Սա թվով 3-րդ այցս է։ Առաջին անգամ անցյալ տարվա դեկտեմբերին եմ եկել՝ կարճաժամկետ, որպեսզի ծանոթանամ Ստամբուլի մշակութային կյանքին, կապեր հաստատեմ ցուցասրահների հետ։ Պատճառն այն է, որ Ստամբուլում արվեստի մեծ շուկա կա, իսկ ես նոր նախագծեր եմ մտածել, որոնք ուզում եմ իրականացնել։ Եվ «Istanbul Bienalle»-ն, եւ «Art International Istanbul, Contemporary Istanbul»-ը լայն հնարավորություններ են բացում արվեստագետի համար։ Եվ ես ուզում եմ այն նախագծերը, որոնք արել եմ Հայաստանում, ցուցադրեմ միջազգային հարթակներում։ Արվեստի գործերը պետք է ցուցադրվեն, ոչ թե պահոցներում տեղավորվեն․ այս իմաստով՝ իմ պահոցը լցվել է։ Սա է Թուրքիա հաճախակի այցելելուս հիմնական նպատակը։

Անդրադառնալով քաղաքային պատկերներին քաղաքը, այժմ նաեւ քաղաքները, կտավներում կոնցեպտուալ բնու՞յթ են կրում, թե՞ վերարտադրվում են դիտողի եւ լուսանկարողի տեսանկյունից (որքանով տեղյակ եմ՝ նախապես լուսանկարում եք, մինչ կտավի վերածելը)։

Քաղաքը, նախևառաջ, վավերագրում եմ լուսանկարի տեսքով, իսկ հետագա աշխատանքն արդեն բազմաշերտ է՝ սկսած գույների հակիրճ ցուցակից, վերջացրած՝ դիտակետով, մասշտաբով։

Առաջին քաղաքային նկարները, որ անում էի դեռ Գեղարվեստի ակադեմիայում, իմ ընկերներին ամենածանոթ վայրերն անգամ անճանաչելի էին թվում, քանի որ դիտակետը փոխված էր՝ վերեւից էր՝ վերևից էր: Եվ, երբ այդ «անծանոթ» տեսանկյունն ես ցուցադրում մարդկանց (բայց որը մտնում է մեր գիտակցական սահմանների մեջ), նոր հարցեր են առաջանում և նոր պատասխանների սպասում։

Թբիլիսի

Որպես արվեստագետ, և որպես քաղաքաբնակ, ով քաղաքը «վերեւից» է դիտում, ի՞նչ «սարսափ» եւ ինչ «հաճույք» եք ապրել։

Ես ինքս նախորդ պատասխանիս մեջ գրել եմ «վերևից հայացք», բայց իրականում, եթե ավելի հեռվացնենք քաղաքը մեր տեսանկյունից, ապա դա վերևից չէ։ Այս դեպքում հեռանկարի մի կողմն է պարզապես։ Չկա «վերև» կամ «ներքև» հասկացություն, պարզապես մեզ համար դրանք պայմանական բառեր են դառնում։ Սարսափ և հաճույք ապրել եմ այնքան, ինչքան ամեն մարդ է ապրում։

Մարդը քաղաքի հետ հարաբերության մեջ պահանջկո՞տ է՝ կարծում եք։ Նրանք, ովքեր «ներսում» են, քաղաքից շա՞տ բան են պահանջում։

Մարդը միշտ փնտրում է հավասարակշռություն, ներդաշնակություն․ նա ինքն իրենից է պահանջկոտ, եթե չի բավարարվել, փնտրում է դրսում։ Եվ քաղաքն էլ մենք ենք ստեղծում, ինչպեսև քաղաքի ֆորման և հետո ապրում ենք այդ քաղաքում։

Այն բազմաշերտությունը, որ դրված է քաղաքը ներկայացնելու Ձեր ձևաչափի մեջ, նյութական քաղաքից այսօր արդյոք չի՞ տարբերվում: Երևանում վերջին տարիներին միօրինակ ճարտապետություն է, միօրինակ ձևավորում․ նույնիսկ տոնական տրամադրությունը, որը հաղորդում են քաղաքին, միշտ կրկնվող է։

Քաղաքները, որ ներկայացնում եմ, այլևս շենքեր կամ կառույցներ չեն։ Դրանք գաղափարական են, նյութականից՝ վերածվելով աննյութականի․․․ Բայց աննյութականն էլ նյութի ձև ունի։

Ամեն դեպքում քաղաքի նյութականությունն ու վերափոխումն է, որ վերածվում է գաղափարի, ֆորմայի:

Խոսքը այստեղ վերաբերում է ոչ թե քաղաքների վերափոխումներին՝ լանդշաֆթային փոփոխություններին, այլ թե մենք ինչպես ենք նայում դրան․ քաղաքը ստատիկ է, մեր դիրքն է փոփոխական:

Հ.Գ. Գլխավոր լուսանկարը՝ Մկրտիչ Արծիվյանի։ Ներկայացված են երկու աշխատանքները, որոնք հաղթող են ճանաչվել։ «Վիեննա» եւ «Թբիլիսի» քաղաքային շարքերի կտավների լուսանկարները՝ Հայկ Թութունջյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter