Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վանաձորը նորից «գոյատևման» բյուջե կունենա



Քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկ հանրային քննարկման էր ներկայացրել Վանաձոր համայնքի 2015 թ.-ի բյուջեի նախագիծը:

Համայնքի ֆինանսական կարևոր փաստաթղթի հանրային քննարկմանը ներկա էր 50 մարդ, որից 30-ը քաղաքապետարանի աշխատակիցներ էին: «Մենք համապատասխան իրազեկում մեր ինտերնետային կայքով բնակչությանն արել ենք, իրենց չի հետաքրքրել, չեն եկել»,- բացատրեց Սամվել Դարբինյանը:

Քանի որ բնակչության ստվար մասը հնարավորություն չունի օգտվել ինտերնետից, Վանաձորի երիտասարդական քաղաքացիական կենտրոնի անդամ Գոհար Քամալյանը Սամվել Դարբինյանին առաջարկեց մինև 2015 թ.-ի բյուջեի նախագծի հաստատելը բնակիչների իրազեկման համար քաղաքում տեղադրել տեղեկատվական ցուցատախտակներ: Առաջարկվող 2015 թ.-ի բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը: Վերջինիս ասելով, բյուջեի առաջարկվող նախագծի հիմքում դրված է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, որի բյուջետային դրսևորումներին, սակայն, ֆինբաժնի պետը չանդրադարձավ: Բյուջեի նախագծով 2015 թ.-ին եկամուտների գծով կանխատեսվում է 2 միլիարդ 242 մլն դրամ: Ընթացիկ տարվա համեմատությամբ եկամուտների աճը կազմում է 84,6 մլն դրամ: Նախագծով ընթացիկ պաշտոնական դրամաշնորհների մեջ դոտացիան կկազմի 1 միլիարդ 253 միլիոն դրամ: Նախագիծն առաջարկում է նախատեսված եկամուտներին համապատասխան 2 միլիարդ 242 մլն դրամ ծախսեր:

«Վարչական բյուջեի գծով նախատեսված է 86, քաղաքային տնտեսության պահպանման ծախսերով` 17, ֆոնդային բյուջեով` 6 ծրագիր»,- հայտնեց ֆինանսական բաժնի պետը, ով այդ ծրագրերի բովանդակությունը նույնպես չներկայացրեց հանրային քննարկման մասնակիցներին:

Սամվել Դարբինյանը ներկայացված բյուջեի նախագիծը որակեց որպես գոյատևման բյուջե: Լրագրողներից քաղաքապետին հիշեցրին, որ նա գոյատևման է որակել նաև ընթացիկ տարվա բյուջեն: Փաստորեն որպես քաղաքապետ Սամվել Դարբինյանի համար գոյատևման բյուջե կանխատեսելը դարձել է սովորույթ: Ըստ Ս. Դարբինյանի, 2015 թ.-ի շեմին Վանաձորի բյուջեի ապառքները կազմում են 60 մլն դրամ: Դրանից 28 մլն դրամը կազմում է «Վանաձոր-Քիմպրոմի» պարտքը: «Նախորդ տարիների բյուջեների ի՞նչ սխալներն ու սայթաքումներն են շտկվել 2015-ի բյուջեի նախագծում»,- հարցրինք Սամվել Դարբինյանին: «Մեր բյուջեում երբևէ սխալներ ու սայթաքումներ չեն լինում»,- պատասխանեց նա և հավելեց, որ Վանաձորի դեպքում իրատեսական բյուջե ունենալու համար անհրաժեշտ է 20 միլիարդ դրամ:

«Դուք գիտեք, որ 15 տարի է՝ Ս. Դարբինյանի թիմը բյուջե է կազմում և իրականացնում, արդեն տարիների փորձ է ձեռք բերված: Տեսեք, մենք քաղաքի պահպանման ծախսերը աշխատել ենք պահպանել նույնությամբ, որովհետև տարիների ընթացքում հասել ենք էդ մակարդակին, որ էդ միջոցները բավարարում են քաղաքի վիճակը տանելի պահելու համար»,- բացատեց Արթուր Սուքիասյանը` չնկատելով, որ քաղաքի պահպանման ծախսերի տարիներ շարունակ չաճելը հենց քաղաքապետ Ս. Դարբինյանի ձախողումն է:

Սամվել Դարբինյանն ասաց, որ առհասարակ նորմալ է վերաբերվում իր հեղինակած բյուջեների քննադատությանը. «Քաղաքացին տեսնում է, որ իր քաղաքում շատ բաներ իրեն տեղը չէ, դեռ այսօր տնակային մանկապարտեզներ կան, քաղաքացին չի հասկանում կամ տեղյակ չի, թե բյուջեն ինչպես է կազմվում, ով է եկամուտների գումարները հավաքում, այ, այդ ժամանակ մտնում է տնակային մանկապարտեզ, բնականաբար քաղաքապետին պետք է քննադատի, որ էս ժամանակում ինչի պետք է լինի տնակային մանկապարտեզ: Եթե ծայրամասերում տեսնում է, որ ճանապարհները ասֆալտապատման ենթակա են, բայց ասֆալտապատված չեն, նա պետք է քննադատի այն անձին, ով պարտավոր էր այդ աշխատանքները կատարել»,- քննադատության իր տեսությունը ներկայացրեց Սամվել Դարբինյանը: «Եթե քաղաքացին նկատում է, որ ճանապարհի ասֆալտապատման համար համայնքի բյուջեից պատկառելի գումար է ծախսվել, բայց ճանապարհը շարունակում է մնալ անանցանելի, Ձեր կարծիքով ու՞մ պետք է քննադատի քաղաքացին»,- հացրինք պարոն Դարբինյանին: «Էդ ո՞րտեղ է, կարո՞ղ եք կոնկրետ ասել»,- հարցրեց նա: Հիշեցրինք, որ այդ վիճակում են բացառությամբ Տիգրան Մեծ պողոտայի, համայնքի բյուջեի եկամուտներով ընթացիկ նորոգումների ենթարկված Վանաձորի գրեթե բոլոր փողոցները, որոնց անանցանելիությունից պարբերաբար դժգոհում են բնակիչները: Դրանց անդրադարձել է նաև «Հետքը» («Վանաձորում ամեն տարի նորոգվում են նույն փողոցների, նույն փոսերը»):

«Օրենքով նախատեսված է, մեկ տարվա գարանտիա պետք է ունենա վերանորոգված ճանապարհը: Եթե ճանապարհը կքանդվի, ուրեմն ճանապարհի շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունը դա հաջորդ տարի պետք է կատարի պարտադիր իր հաշվին, այլ ոչ թե համայնքի բյուջեի միջոցներով»,- բացատրեց Սամվել Դարբինյանը:

Վանաձորի ճանապարհների ընթացիկ անորակ նորոգման աշխատանքները ամեն տարի համայնքի բյուջեի միջոցներով իրականացնում են Սամվել Դարբինյանին և նրա եղբորը պատկանող «Արգիշտի 1» և «Լոռի ՃՇՇ» շինարական կազմակերպությունները: Հանրային քննարկման ներկայացված Վանաձորի 2015 թ.-ի բյուջեի նախագծով Սամվել Դարբինյանը համայնքի իր բնութագրած գոյատևման բյուջեից 80 մլն դրամ է նախատեսել իր սեփական շինարարական կազմակերպությունների միջոցով Վանաձորի փողոցների և մայթերի «փոսանորոգումների» համար: Ասենք, որ բյուջեի նախագծի հանրային քննարկմանը Սամվել Դարբինյանը սահմանափակում էր լրագրողների և վանաձորցիների կողմից նախագծի հետ կապված իրեն առաջադրվող հարցերը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ