HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշադրության մատնված բրոնզե դարի հուշարձանները նոր են «հայտնաբերվել»

Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի վարչական տարածքում՝ Մուրադ սարի լանջին տապանաքարեր և խաչքարար կան կուտակված, որոնց տիրություն անող չկա: Գողթանիկի բնակիչ Արման Նազարյանը մտահոգվում է, որ դրանք կարող են արժեքավոր և պատմական նշանակություն ունենալ, մինչդեռ անտերության են մատնված: Որոշ խաչքարեր վնասված են:

«Ես լսել եմ, որ շատ շուտ այդտեղ Ջանի գյուղն է եղել, այդ տարածքը դրա համար էլ կոչվում է Ջանիի տարածք, որտեղ բացի խաչքարերից, նաև տների մնացորդներ կան: Մոտ 18-20 կտոր խաչքար կա, որոնց վրա հայերեն տառերով ինչ-որ բաներ են գրված, որոնք հասկանալի չեն»,- պատմում է Արմանը:

Գյուղը մինչև 1988թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ այնուհետև փախստական հայերով։ Արմանն ասում է, որ այդ խաչքարերն ու տապանաքարերը Ջանիի տարածում եղել են նույնիսկ թուրքերի բնակեցումից առաջ, սակայն թե որ դարի մնացորդներ են դրանք, տեղացիները չգիտեն:

Խաչքարերը բարձրադիր վայրում են՝ շուրջ 3000 մետր ծովի մակերևույթից բարձր, որտեղ հասնելու համար դժվարանցելի, ժայռաբեկորներով լի ճանապարհ պետք է անցնել հատուկ փոխադրամիջոցով: 

Արմանն ասում է, որ քանի որ մինչ օրս այդ խաչքարերին ուշադրություն դարձնող և դրանցով մտահոգվող չի եղել, որոշել են դիմել լրատվամիջոցի օգնությանը: Գուցե որևէ բարերար կամ կազմակերպություն մտահոգվի և որոշի զբաղվել պատմական նշանակություն ունեցող հուշակոթողներով: Արմանը կարծում է, որ տարածքը կարող է նաև տուրիստական նշանակություն ունեցող այցելավայր դառնալ:

Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, «Հետքի» հարցին ի պատասխան, թե արդյոք տեղյակ են այդ խաչքարերի և տապանաքարերի գոյության մասին, նշում է, որ անցյալ տարի եղել են այդ տարածքում, նայել են, լուսանկարել են:

 «Ընդհանուր շատ հետաքրքիր, նոր հայտնաբերած բան է: Այդ մասին գիտի «Հուշարձանների պահպանության» մարզային ՊՈԱԿ-ը: Մենք դրա մասին տեղյակ ենք, դրա մասին տեղյակ է «Հուշարձանների պահպանության կոմիտեն», բոլորը գիտեն, որ դա հրաշալի բան է, ուղղակի անանցանելի և դժվար է դրա մոտ հասնելը»,-ասում է Արփիար Ղազարյանը:

Նա նաև շեշտում է, որ ծախսատար գործողություններ են պահանջում, դրա համար անմիջապես տեղյակ են պահել համապատասխան մարմիններին և ուղղորդում մեզ դեպի ՀՀ մշակույթի նախարարությյան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայություն:


Այս ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը պատմում է, որ այդ խաչքարերը հազարավորներով են այնտեղ, նույնիսկ դժվար է հաշվառել: Ծառայության պետի խոսքով, հուշարձանների ու ժայռապատկերների ուսումնասիրությունները սկսվել են և այժմ էլ ընթացքի մեջ են: Հայտնի է, որ դրանք բրոնզե դարից և նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջանից պահպանված նմուշներ են:

«Կան շատ կուտակումներ և կան առանձին՝ քիչ քանկությամբ: Ամենահետաքրքիր փաստն այն է, որ այդ ժայռապատկերները հիմնականում հայկական լեռնաշխարհում են հայտնաբերվել: Գիտնականների մի խումբը կարծիք է հայտնել, որ դրանք գրերի նախատիպեր են, սակայն գիտնականների մյուս՝ հիմնական մասը առարկում է՝ նշելով, որ դրանք ոչ թե գրերի, այլ պատմելու հետ է կապված, այսինքն՝ նկարների ու պատկերների միջոցով ժամանակը պատկերելու ժայռապատկերներ են»,- ասում է Մելանյա Դովլաթյանը:

Այս լուսանկարը տրամադրել է Մելանյա Դովլաթյանը

Ծառայության պետի խոսքով՝ իրենք արդեն ծրագիր են կազմել, որը շուտով կավարտվի: Նախատեսում են այդ տարածքը վերածել բնապատմական արգելոցի, ստեղծել առանձին կազմակերպություն՝ ժայռապատկերների ուսումնասիրության գիտական աշխատանքները կատարելու նպատակով: Իսկ առաջիկա մեկ տարվա ընթացքում պատրաստվում են միջազգային սիմպոզիում անցկացնել այդ ժայռապատկերը ներկայացնելու համար: 

Լուսանկարները՝ Արման Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter