HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը շարունակվում է

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 15-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը: Նիստին ներկայացել էր նաև փորձագետ Արա Քամալյանը, ում բացակայության պատճառով նախորդ դատական նիստը հետաձգվել էր:  Մեղադրող Կարեն Հարությունյանը, կողմերի համաձայնությամբ հրապարակեց դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղի ունեցած խոսակցության տեսաձայնասկավառակի վերծանումներն ու եզրակացությունները:

Մեղադրող կողմը հրապարակեց փորձագետի եզրակացությունը, ըստ որի  լսողական հետազոտության ընթացքում պարզվել է, որ ձայնագրության որոշ հատվածներում խոսակցությանը մասնակից անձինք խոսում են միաժամանակ, որի արդյունքում առաջացել է ձայնային աղմուկ և վերլուծման ոչ ենթակա մասերի փոխարեն  դրվել է բազմակետեր: Վերծանումներն ու եզրակացություններն ավարտելուց հետո, երբ պետք է անցնեին տեսաձայնասկավառակի հետազոտությանը, մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան  Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց նախքան տեսաձայնասկավառակի ուսումնասիրելը, իրենց հարցերն ուղղեն փորձագետին: Դատավոր Նապոլեոն Օհանյանը, լսելով կողմերի կարծիքները, ընդունեց միջնորդությունը:

Մեղադրող Կ. Հարությունյանը նշեց, որ մինչ այս վերծանումը, կողմերի ու հատկապես Ռուբեն Սահակյանի մոտ առարկություն կար, որ լսվում են բառեր, մտքեր, որոնք արտացոլված չեն վերծանման տեքստում: Եվ նա հարցրեց փորձագետին, թե «թե արդյոք նման բառեր կամ արտահայտություններ կան, իսկ եթե կան, ապա ինչ պատճառով են դուրս մնացել տեքստից»:

«Ինչպես եզրակացության մեջ նշել եմ ձայնագրությունը պարունակում էր աղմուկ, փորձաքննության ընթացքում հնարավորինս կատարվել է ձայնի որակի լավացում և միաժամանակ արտադրվել տեքստը: Ինչքան հնարավոր է եղել վերծանվել է: Ես բացառում եմ իմ կողմից, որ լսված լինի որևէ բառ, բայց տեքստում գրված չլինի»,- պատասխանեց Ա. Քամալյանը:

Տուժողի ներկայացուցիչներ Ռուբեն Սահակյանն և Մարտին Զիլֆուղարյանն հակասություններ էին տեսնում տեսաձայնագրությունների վերծանման մեջ: Նրանք շեշտում էին, որ շատ բարբառային բառեր փորձագետի կողմից սխալ է վերծանվել, իսկ փորձագետն էլ նշում էր, որ «գրել է այն, ինչ լսել է»:

Իսկ Հ. Ալումյանին հետաքրքիր էր, թե ինչու է վերծանվել միայն մեկ տեսախցիկի տեսաձայնագրությունը, եթե եղել է 6 տեսախցիկի տեսաձայնագրությունը: Ա. Քամալյանը պատասխանեց, որ քննիչի կողմից իրեն ուղղված գրության մեջ նշված է եղել, թե կոնկրետ որ տեսաձայնագրությունը պետք էր վերծանել:

Ալումյանը նաև հարցրեց, թե վերծանման մեջ ինչու է բացակայում 00: 06-ից մինչև 01:21 ընկած ժամանակահատվածի եղելությունը: Փորձագետը պատասխանեց, որ չի հիշում, իսկ երբ Կ. Հարությունյանը հարցրեց, թե «հնարավո՞ր է, որ այդ ժամանակահատվածում ձայնագրառում չի եղել», Ա. Քամալյանը պատասխանեց, որ «հնարավոր է»:

Կողմերի՝ փորձագետին ուղղված հարցերն ավարտելուց հետո, անցան տեսաձայնագրության հետազոտությանը, սակայն չհասցրին ավարտել այն. աշխատանային օրն ավարտվեց:

 Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 21-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter