HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատական փոփոխությունների դիսկուրսը` «քառյակի» հրապարակային գործունեության խորապատկերի ներքո

Էդգար Վարդանյան

«Քառյակի» հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում կրկին թեժացան հայաստանյան քաղաքական գործընթացների վերաբերյալ քննարկումները, և հարկ է արձանագրել, որ նման միջոցառումները, անկախ ամեն ինչից, առնվազն օգտակար են իրավական պետություն կառուցելու դիսկուրսը տաք պահելու տեսանկյունից։

Սակայն, պետք է նաև նշել, որ քննարկումները, որպես կանոն, շատ քաոտիկ են ընթանում, և վերջիններս խորությամբ ընկալելու համար զգացվում է հիմնական մտքերն ի մի բերելու, դրանք որոշակիորեն համակարգելու անհրաժեշտությունը։

Քննարկումների ուսումնասիրությունից ստացված տպավորություններից մեկն այն է, որ իշխանություններից դժգոհ ակտիվ հանրությունը, ըստ «քառյակի» նկատմամբ վերաբերմունքի, բաժանված է երկու, գրեթե հավասար խմբերի։ 2008-ի պրոտեստային ալիքի ակտիվիստների, հանրային կարծիք ձեւավորողների մի զգալի հատվածը այսօր քննադատաբար է մոտենում խորհրդարանական ընդդիմության այս նոր ձևաչափին։ Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ այսօր զուտ քաղաքական օրակարգով, հակակառավարական կարգախոսներով մասշտաբային հրապարակային հանրահավաք կազմակերպած միակ միավորը հենց «քառյակն» է։

«Քառյակի» կողմից հոկտեմբերի 10-ին կազմակերպված հանրահավաքի հարթակից բազմիցս, տաբեր կերպ հնչեց այն միտքը, որ ժամանակակից Հայաստանի թիվ մեկ խնդիրը գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն է։ Սակայն պետք է նկատել, որ Սարգսյանի նախագահի պաշտոնին մնալու անընդունելիության մասին հանրահավաքի ժամանակ խոսել են միայն ՀԱԿ-ի ու Ժառանգության առաջնորդները (ԲՀԿ առաջնորդը բովանդակային ելույթ չի ունեցել և խոստացել է խոսել հաջորդ հանրահավաքին, իսկ, ընդհանրապես, նա երբեք չի խոսել Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին)։ Հարկ է նաև նշել, որ ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ Ժառանգությունը Սարգսյանի հրաժարականը, համենայնադեպս, մինչ այժմ, չեն դիտարկել որպես «սարգսյանական վարչախմբից օրառաջ ազատվելու» պարտադիր պայման։

Օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չնայած իր ելույթում մասնավորապես նշեց, որ «սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է... և ավելացրեց, որ աղետից խուսափելու միակ միջոցը «շուտափույթ եւ ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը», սակայն նշեց նաև, որ իշխանություններին պահանջներ և վերջնագրեր այլևս չեն ներկայացվելու, և որ «երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից, և ավելացրեց, որ «եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք»։  

Այսինքն, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը չի բացառում իշխանությունների հետ փոխզիջումային ինչ-որ տարբերակի ձեռքբերում, եթե վերջիններս իրենք երկխոսություն նախաձեռնեն։ Եվ քանի որ հստակ չեն նշվել այն հարցերը, որոնց շուրջ բացառված է փոխզիջումը, կամ, այլ կերպ ասած, չեն նշվել այն նվազագույն պայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ասել, որ «իշխանափոխությունը» տեղի է ունեցել, ապա կարելի է ենթադրել, որ, օրինակ, ինչ-ինչ պայմանների դեպքում նախագահի պաշտոնին մինչև պաշտոնավարման վերջ Սարգսյանի մնալը նույնպես կարող է լինել փոխզիջման առարկա և տեղավորվել «իշխանափոխության» ծրագրի շրջանակներում։ Ի դեպ, այդ սցենարը, ժամանակին չէր բացառել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ նախագահական ընտրություններից հետո, որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկել էր իրականացնել իշխանության կիսում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Այնուամենայնիվ, այն փաստը, որ իրենց ոչ կառավարական անվանող խորհրդարանական քաղաքական ուժերը կանգնած են մեկ հարթակում, որից հնչում են Սարգսյանի ռեժիմից ազատվելու կոչեր, քառյակի կողմնակիցներից շատերը ներկայացնում են որպես «ռեժիմից» ազատվելու միասնական հայտի ներկայացման ապացույց։ Ելնելով «ՀԱԿ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ակտիվ անդամների եւ համակիրների արտահայտած մտքերից կարելի է եզրակացնել, որ Ժառանգությունը և հատկապես ՀԱԿ-ը գտնում են, որ ռեժիմի երբեմնի հենասյուներից մեկը համարվող քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, այսօր, թեկուզ եւ սեփական ռեսուրսները պահպանելու տեսակետից շահագրգռված է, որ երկրում «իշխանափոխություն» լինի և կարող է դիտվել որպես «սիտուացիոն» գործընկեր «համակարգային, ամբողջական իշխանափոխության» հասնելու գործում։  

Սակայն հարկ է նշել, որ առնվազն դեռևս «քառյակը» ոչ միայն հստակ չի պարզաբանել, թե ինչ է հասկանում «համակարգային, ամբողջական իշխանափոխություն» հասկացության տակ, այլ նաև չի նշել, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել դրան հասնելու համար։ Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հանրահավաքային ելույթում այս առումով նշվել է միայն, որ «շարժումը հաստատակամ է` գործելու բացառապես սահմանադրության և օրենքների շրջանակում, օգտվելով խաղաղ քաղաքական պայքարի նրանց ընձեռած բոլոր հնարավորություններից` հանրահավաքներ, երթեր, նստացույցեր, պիկետներ եւ այլն»։ Այստեղից կարող ենք միայն ենթադրել, որ «քառյակը» բռնի գործողությունների չի պատրաստվում դիմել և, որ իրականացնելու է բողոքի փողոցային զանազան ակցիաներ։ Բայց, թե կոնկրետ ինչպես են կազմակերպվելու բողոքի վերոնշյալ գործողությունները, ինչպես է «քառյակը» դրանց միջոցով հասնելու «իշխանափոխության», այս ամենի մասին որևէ հստակ բան դեռեւս չի ասվել։ Միգուցե, հոկտեմբերի 24-ի հանրահավաքը պարզություն կմտցնի այս հարցում։

(շարունակություն)

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter