HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի մշակույթի պալատի գերխնդիրը չջեռուցվող դահլիճն է

Արփինե Մինասյան

Սևանի մշակույթի պալատը 1990-ական թթ.-ից սկսած նոյեմբերից մինչև մարտ «հարաբերական քուն է մտնում», պատճառը 500 տեղանոց չջեռուցվող դահլիճն է: Սևանի քաղաքապետարանի ԿՄՍԵՀ (կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի) բաժնի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանն ասում է, որ այդ տարիներից էլ ձմռանը դահլիճում մշակութային ոչ մի միջոցառում տեղի չի ունենում:

«Նոյեմբեր ամսից սկսած` խմբերը պարալիզացնում ենք: Պարային խմբերն իրենց փորձերը կարողանում են անցկացնել պարասրահում, քանի որ արևկողմ է: Դահլիճն ընդհանրապես չենք կարողանում օգտագործել, որովհետեւ ահավոր ցուրտ է լինում: Դա հսկայական գումարներ է պահանջում, անպայման դոնոր կազմակերպություններ են հարկավոր: Քաղաքապետը հիմա միջոցներ է փնտրում, թե ինչ կերպ լուծի ջեռուցման խնդիրը»,- ներկայացնում է Ա. Հովհաննիսյանը:

Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Նաիրա Հովսեփյանն ասում է, որ շենքում գազամատակարարման համակարգ է անցկացված, սենյակներն առանձին գազօջախներով ջեռուցում են, չի ջեռուցվում միայն դահլիճը: Նա այդ խնդրով շատ կառույցների է դիմել:

Սևանի քաղաքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի ղեկավարը նշում է, որ վերջին մշակույթի պալատը վերանորոգվել է 2002թ-ին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից: Փոխվել է տանիքը և կատարվել է կոսմետիկ վերանորոգում:

«Կոմունիկացիաներին ձեռք չեն տվել, խողովակները փտած են և այլն: Սևանի քաղաքապետը վերջերս համայնքի բյուջեից 400 հազար դրամ հատկացրեց տանիքի մի մասի վերանորոգման եւ 3-րդ հարկի պարասրահը վերանորոգելու համար: Տանիքի այդ հատվածը վթարված էր և կաթում էր: Մանրահատակը շրջվել էր»,- ասում է Սևանի քաղաքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի ղեկավարը:

Նաիրա Հովսեփյանի խոսքով` շենքում ջրամատակարարման համակարգը հին է: Սանհանգույցի ջրի խնդիրն արդեն լուծված է: Սևանի քաղաքապետի և 2 գործարարների տրամադրած միջոցներով սանհանգույցում խողովակները փոխվել են, ջուրը գալիս է: Տանիքի վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Տնօրենի աշխտասենյակի համար ձեռք են բերվել սեղան եւ աթոռներ:

Սևանի մշակույթի պալատի նախագծումն ու շինարարությունը Եղեգնաձորի ու Մարալիկի մշակույթի տների պես իրականացվել է 1966-1976թթ. (ճարտարապետներ` Մ. Միքայելյան եւ Զ. Սիմոնյան): Մշակույթի պալատն անվանվել է այն ժամանակվա Ռայկոմի քարտուղար Սուրեն Զաքարյանի անունով:

«Ասում են` մշակույթի պալատի կառուցման ժամանակ շատ խիստ հսկողություն է սահմանել Ռայկոմի քարտուղար Սուրեն Զաքարյանը: Կարելի է ասել` շենքի կառուցման նվիրյալ է եղել: Տիպային շենքի կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել նաեւ քաղսովետի նախկին նախագահ Ռուբիկ Ղուկասյանը: Մշակույթի պալատ հասկացությունը ժամանակին իսկապես կար: Ջեռուցվում էր, շատ խմբեր կային: Ինֆորմացիային շատ լավ տիրապետում եմ, որովհետեւ այդ տարիներին հայրս էր ղեկավարում մշակույթի բաժինը»,- մշակույթի պալատի կառուցումն է հիշում Անահիտ Հովհաննիսյանը` ավելացնելով, որ նստարանները, վարագույրները բերվել են Ռուսաստանից:

«Սևան» պարային համույթը ժողովրդականի կոչում է ստացել, գործել են թատրոնի, երգի խմբեր: Երգի, պարի խմբերը ելույթներով հանդես են եկել Կուբայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Մոսկվայում, Օդեսայում:

«Վերջին երեքի ժամանակ ինքս պարային խմբի կազմում եղել եմ: Ամենալավ տարիները երևի թե 80-ական թթ. էին, երբ դահլիճը ջեռուցվում էր»,- ասում է Ա. Հովհաննիսյանը` ցավով նշելով, որ 1990-ական թթ-ից հետո շատ բան է փոխվել:

Մշակույթի պալատում այժմ գործում են «Սեւան» ժողովրդական, «Սուինա Սևան» ժամանակակից եւ ժողովրդական պարային համույթները, երգի, թատրոնի, հագուստի մոդելավորման խմբեր, ինչպես նաև «Սեւան երիտասարդական ակումբ» հ/կ-ը:

Ֆինանսական խնդիրների պատճառով խմբերը հնարավորություն չունեն ելույթներով հանդես գալ արտերկրի բեմերում: Անահիտ Հովհաննիսյանը չի հիշում մի դեպք, երբ դրամարկղ դրվի, եւ հանդիսատեսն իր ցանկությամբ տոմս գնի եւ մասնակցի համերգին: Թատերական ներկայացումներ, համերգներ են լինում, որ դահլիճը մեծամասամբ կամ կիսով չափ դատարկ է լինում:

«2002թ-ից ղեկավարում եմ այս բաժինը: Սկզբում կարծում էի, թե ես եմ անորակ միջոցառումներ կազմակերպում, բայց երբ տեսա, որ պրոֆեսիոնալների ելույթներին էլ հանդիսատես չի լինում, հասկացա որ խնդիրը դա չէ: Եթե ձմռանն է դահլիճը դատարկ, դեռ հասկանալի է, բայց որ տաք ամիսներին մարդիկ ստիպողաբար են տոմս գնում, հասկանալի չէ: Մարդկանց սոցիալական վիճակից է, համատարած գործազրկություն է: Սևան քաղաքում մի քանի հիմնարկներ են աշխատում: Օրինակ` մանկապարտեզի աշխատողի համար շատ դժվար է չնչին աշխատավարձից 2000 դրամ տոմսի գումար տալը: Միգուցե համատարած հիասթափություն է»,- նշում է քաղաքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի ղեկավարը:

Ասում է, որ մյուս կողմից էլ մարդիկ պիտի հասկանան, որ մշակույթը ևս վճարովի է և այդ գումարով պիտի մշակույթի պալատի պահանջները բավարարվեն: Անահիտ Հովհաննիսյանը մշակույթի նախարարությունից մեծ ակնկալիքներ ունի: ՀՀ մշակույթի նախարարությունը դեմքով շրջվել է դեպի մարզեր, բայց Սևանի քաղաքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի ղեկավարի խոսքով` մի քանի վճարովի համերգներ անցկացնելով մարզերում մշակույթ չես զարգացնի: Մշակույթի դաշտը կարգավորող օրենսդրական ակտեր չկան:

«Օրինակ մենք չգիտենք, թե որքան բնակչություն ունեցող համայնքի մշակութի պալատին որքան եւ ինչ հաստիքներ կարող են լինել: Դաշտըը թերի է: Մշակույթի նախարարությունը սուբսիդիայի կարգով գումարներ պիտի հատկացնի մարզերի մշակույթի պալատների զարգացման համար: Թեկուզ դուրս գրված հագուստներ ուղարկեն մարզերին»,- ասում է նա:

Մշակույթի պալատը ֆինանսավորվում է համայնքի բյուջեից: Պալատում 15 հաստիք կա, որից 3-ը պահակներ են, կատարում են Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի եւ Գագարին ավանի ակումբների շենքերի պահպանությունը: Սևանի մշակույթի պալատը սպասարկում է նաև հարակից համայնքները:

2013թ-ին Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության կողմից «Մշակութասեր համայնք» ծրագրի շրջանակում 2մլն դրամով մշակույթի պալատը ձեռք է բերել երաժշտական տեխնիկա: Նույն կազմակերպության կողմից «Պարենք հայերեն» ծրագրի շրջանակում 1մլն 858 հազար դրամ գումարով 2 կոմպլեկտ պարային հագուստներ են ձեռք բերվել: Իտալահայ բարերար Կարեն Կոկչյանի աջակցությամբ 3-րդ հարկի պարասրահում հայելիներ են տեղադրվել:

Մշակույթի պալատի տնօրեն Նաիրա Հովսեփյանն ասում է, որ յուրաքանչյուր ուրբաթ անվճար կինոդիտումներ են լինում, ցուցադրվում են հիմնականում երիտասարդ ռեժիսորների նկարահանած ֆիլմերը, կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Նա Գեղարքունիքի մարզի մի քանի մշակույթի պալատներ այցելել է, լավ վերանորգված եւ ջեռուցված են եւ ոչնչի պակաս չունեն: Նաիրան ասում է` օրինակ Վարդենիկում 2 մշակույթի պալատ է գործում, և շատ լավ վիճակում են: Այնինչ Սևանի մշակույթի պալատի դահլիճում անգամ ջեռուցում չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter