HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Սահակյանը դատապարտյալներին խոստացել է խոստում չտալ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել մի քանի ցմահ դատապարտյալների հետ: Իր այս մտադրության մասին Հովհաննես Սահակյանը հայտարարել էր սեպտեմբերի 23-ին` հարցազրույց տալով «Հետքին», երբ տասնյակ ցմահ դատապարտյալներ հացադուլ էին կազմակերպել` քրեական գործերի վերանայման պահանջով: Կան անձինք, ովքեր տարիներով պնդում են, որ դատական սխալի զոհ են, կան անձինք, ում պայմանական ազատման համար պատժի կրման 20 տարվա շեմն է լրացել, սակայն չկա ազատություն վերադառնալու նախադեպ: Դատապարտյալների այս խումբը մշտապես դուրս է մնում համաներումների օրենքներից, չկա ներման ու պատժաչափերի վերանայման  նախադեպ:

- Պարոն Սահակյան, առաջին անգա՞մ էիք հանդիպում պատժի առավելագույն դատապարտվածների հետ:

- Այո, ցմահ դատապարտյալների հետ առաջին հանդիպումն էր, սակայն, որպես պատգամավոր կալանավայրերում եղել եմ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին: Կա կարծրատիպ, որ ցմահ դատապարտյալները սարսափելի են: Ասեմ, որ այդ կարծրատիպը ոչ բոլորի վրա պետք է տարածել: Հանդիպեցի երեք ցմահ դատապարտյալի հետ, որոնք դատապարտվել էին 1990-ականներին` մահապատժի: Շարժառիթ հանդիսացավ նաև նրանցից մեկի անհատական դիմումը: Առաջինը, ինչ խոստացա նրանց, խոստում չտալն է: Ասացի, որ չեմ եկել խոստումներ տալու, սարեր շուռ տալու, որպեսզի հերթական հույսը չարթնանա իրենց մոտ: Ցմահ բանտարկյալների հետ մեր զրույցի արդյունքում կազմեցինք խնդիրների 5 կետանոց տեղեկանք:

- Հիմնական շեշտերը որո՞նք էին:

- Իրենք, առաջին հերթին, բարձրացնում էին իրենց քրեական գործերի վերանայման հնարավորություն տալու հարցը: Սա դատաիրավական համակարգի տիրույթում գտնվող հարց է: Բայց նրանք նաև բարձրացնում էին 2011 թ-ի մայիսի 25-ին քրեական օրենսգրքի փոփոխության հարցը, որով տարիներով առավելագույն պատիժը 15-ից դարձավ 20 տարի: Ցմահ դատապարտյալները հիմնավորում են, որ օրենքի փոփոխությունից հետո շատերը ստացել են 16, 17, 18, մինչև 20 տարվա պատժաչափ: Հիմնավորումն այն է, որ այս փոփոխությամբ կարող էին դատարանները որոշ դեպքերում վերանայել պատիժները: Որպես օրենսդիր մարմին մենք պիտի քննարկենք այս հարցը:

- Ինչպե՞ս եք Դուք տեսնում լուծումները:

- Կարծում եմ, որ պիտի դանդաղ, բայց հետևողական զբաղվել այս խնդրով` օրենսդրության փոփոխությունների շրջանակներում: Քրեական նոր օրենսգրքի նախագիծն է մշակման փուլում, և այստեղ միգուցե օրենսդրական լուծումներով հնարավոր լինի ինչ-որ դրույթներ սահմանել: Կարելի է, օրինակ, առանձին լուծում գտնել այն մարդկանց համար, ովքեր 20 տարի և ավելի կրում են պատիժը: Պահման ռեժիմները փոփոխվեն` կիսափակ, կիսաբաց, հետո բաց: Ճիշտ է, պատժի առավելագույն չափի դատապարտվածների մեջ ազատություն վերադառնալու հույսը չպիտի մարի, բայց և մենք չպիտի մոռանանք տուժողներին, ովքեր մարդկային անդառնալի կորուստներ են կրել: Շատ նուրբ խնդիր է, ուստի լուծումները պիտի լինեն քայլ առ քայլ: Կարծում եմ նաև, որ պատժի առավելագույն չափի դատապարտվածների մեջ կան անձինք, ում հարցերը առհասարակ պետք չի քննարկել: Ես կողմնակից եմ տարբերակման, այնտեղ կան տարբեր խմբեր:

- Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Պատրաստվում եմ իմ գործընկերների հետ քննարկել այս հարցը, որպեսզի քրեական օրենսգրքի նոր նախագծում կարողանանք արտացոլել այս խնդիրների լուծումները: Մենք ունենք մի շարք լուծումներ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել: Կրկին պատճառը մեկն է, որ այդ մարդկանց մոտ հույսեր չառաջանան: Բայց մենք պիտի քննարկենք այդ լուծումները նաև մի շարք պետական մարմինների հետ: Գտնենք ոսկե միջինը, սկսենք ամենափոքր քայլից: Նայենք, օրինակ, 1990-ականների գործերը: Չէ՞ որ դրանից հետո օրենքները շատ են փոխվել: Կարողանանք մի մեխանիզմ ստեղծել, որ այդ գործերը կամ պատժաչափերը վերանայվեն: Եթե նույնիսկ մեկ ճակատագիր կարողանանք փրկել, կլինի մեծ գործ: Եթե այդ մեկ մարդու փրկությունը մյուսների համար կարող է հույս լինել, շատ ավելի լավ: Կրկնում եմ` չմոռանալով տուժողներին:

- Արդյո՞ք տուժող անձը է՛լ ավելի չի տուժվում, երբ ազատության մեջ մնում է մեղավորը, իսկ անմեղը` դատապարտվում:

- Միանշանակ այդպես է: Իրավագիտության կանոն էլ կա, որի մասին նախկին հարցազրույցում էլ եմ ասել. ավելի լավ է 100 մեղավոր մնա անպատիժ, քան 1 անմեղ դատապարտվի: Արդարադատությունը մեր երկրում իրականացնում են դատարանները: Կարող ենք վստահել, չվստահել, կարող ենք պնդել, որ նախաքննության մարմինը ցուցմունքներ է կորզել: Դա կարող է լինել և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ:

- Ի՞նչ եք կարծում` մեր երկրում կան անմեղ դատապարտյալներ:

- Չեմ բացառում, քանի որ այնտեղ, որտեղ կա մարդկային գործոն, չի կարելի բացառել սխալվելու հավանականությունը:

Մեկնաբանություններ (1)

Света
как будто речь идёт не о людях. если не исключаете то что могут быть невинные то о чем говорите вообще? а каких там обсуждениях? спасайте людей, спосайте их судьбы, спешите спмсать а не лекции читать тут. вот так же пока мир обсуждал 1.5 миллиона армян зарезали в начале века. если вы не убицы то не обсуждать а спасать будете.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter