HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սափրվելու համար թույլատրված ածելի վերցրեցի և...

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ֆիզիկական անազատության 19 տարիներին եղել են իրավիճակներ, որոնք չեմ ուզում հիշել, բայց մարդկային հիշողությունը պահում է այդ դրվագները, ու սարսափ ֆիլմի ժապավենի պես՝ պտտում: Ծայրահեղ անհուսության երկու հոգեվիճակ եմ հիշում, երբ այլևս այլ ելք չգտնելով, փորձել եմ այն տարբերակը, որը ոչ մի տեղ չի տանում: Ինքնասպանության երկու փորձ…

Պատկերացրեք՝ չորս պատ, փակ դուռ: Ելք չկա: Երբ մտնում եմ մի տարածք, անմիջապես ճեղք եմ փնտրում ու երբ գտնում եմ թեկուզ փոքր անցք, գիտեմ, որ կարող եմ դուրս գալ Ազատություն:

Արդեն 7 տարուց ավելի էր, որ մահապատժի էի դատապարտված: 7 տարի մութ, կեղտոտ խցում: Անչափ կարոտել էի ծնողներիս, եղբորս, երևակայածս սիրած աղջկան, մարդկանց, բոլորին ու ամեն ինչ՝ մաքուր օդը, տարածությունը, սարերը, ծաղիկները: Բայց բանտի չորս պատից բացի չկար ոչինչ, ո՛չ տեսակցություն, ո՛չ նամակ: Անխիղճները նույնիսկ հարազատների նկարները չէին թողնում, որ մահացածների մոտ լինեն…

Միակ հույսս փախուստն էր դեպի Ողջերի աշխարհ, բայց… ինձ մենախուց տարան, ասացին, որ խախտում եմ արել: Ազատության ձգտումը պետության տրամաբանությամբ խախտում է, ինչ ծիծաղելի է: Մութ էր, ո՛չ արևն էի տեսնում, ո՛չ էլ գոնե մի կտոր երկինք: Պատկերացրեք, որ մարդուն թաղել են, բայց նա շարունակում է մահացած ապրել: Լավ հիշում եմ՝ հենց այս ամիսն էր՝ հոկտեմբերը: Ասես մանկությանս գառնուկը լինեի, ում կապել էին ծառից, որ մատաղ անեն, բայց այդպես էլ չէին գալիս մորթելու, որ տանջանքները վերջանան. փոխարենը՝ անընդհատ աղ էին տալիս, բայց ոչ մի կաթիլ ջուր, որ մեջը գոնե հույս լիներ:

Սափրվելու համար թույլատրված ածելի վերցրեցի և… Միգուցե սթափ գիտակցությունս մթագնել էր մարդկանց դաժանությունից, բայց անհավանական փախուստ էի ուզում իրականացնել: Մտածում էի, որ եթե բանտախցի մեջ մահանամ, հնարավոր է, որ բանտում էլ մնամ և նույնիսկ այն աշխարհում նորից ստիպված լինեմ փախուստի ճանապարհ որոնել: Ամեն կերպ պետք էր հասնել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գոնե մի փոքր մոտենալ, նոր հրաժեշտ տալ այս կյանքին, որպեսզի մնացած ճանապարհն ավելի հեշտ լիներ: Փախուստը պետք է սկսեի զբոսահրապարակից, ուր արդեն մի քանի օր է տանում էին մեզ (ԵԽ պահանջով), որ մի կես ժամ մաքուր օդ շնչեինք: Այնտեղ երկինքն ավելի մոտ էր. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ինձ բաժանում էին միայն ճաղերը: Եթե մարմինը չի կարող անցնել ճաղերի արանքից, ապա հոգին հաստատ կանցնի…

Փիրուզագույն նախշերով սպիտակ սրբիչս փռեցի գետնին, ծնկի իջա, աղոթեցի: Ամեն ինչ այնքան պարզ էր. ևս մի քանի վայրկյան, և ես կազատվեմ պետության կողմից և հասարակության անունից նախատեսված տանջանքներից: Եվս մի քանի վայրկյան, և կկարողանամ անցնել անանցանելի թվացող ճաղերի արանքով, կբարձրանամ երկինք և թռչունի նման սավառնելով`կգնամ սիրելիներիս մոտ: Տեսնես՝ կճանաչե՞ն ինձ այդ կերպարանքով. երազներումս հաճախ էի այդպես թռչելով՝ մոտենում մեր տան լուսամուտներին, ներս նայում, բայց հարազատներս ոչինչ չէին տեսնում…        

Երբ բանտապահը դուռը բացեց, ես արյան լճի մեջ անշարժ պառկած էի: Գոռոց լսեցի. ինչ- որ մեկը ասում էր, որ էլ չեն հասցնի բժիշկները փրկել, որ արդեն դիակ եմ: Իսկ ես հանգիստ էի. յուրահատուկ փախուստը սկսված էր… Խաղաղ լռության միջից ետ եկա, բժիշկների տեսա սպիտակ խալաթներով: Հասկացա, որ վիրահատարանում եմ: 

Մեկ ամիս լուռ էի, ոչ ոքի հետ չէի ցանկանում խոսել: Փախուստս չէր հաջողվել...

Երբ փոքր էի, մտածում էի` ինչու են մարդիկ մահանում. մի՞թե երեխաներն ու ծնողները, իրար սիրող կինն ու տղամարդը, քույրերն ու եղբայրները, ընկերները, հարազատները այլևս երբեք չեն հանդիպում: Եթե այդպես է, ես կփոխեմ տիեզերքի կառուցվածքը, որ իրար սիրող մարդիկ կարողանան գտնել իրար ու այլևս երբեք չբաժանվեն: Իսկ այժմ իմ սիրելիներն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին, բայց մարդիկ արգելում են տեսնել նրանց, քանի որ պետությունը հասարակության անունից որոշել է ինձ մահացած համարել: Բայց Ազատության ձգտումն և Սերը անհաղթահարելի են, այն աստիճան անհաղթահարելի, որ նույնիսկ կյանքի գնով խենթերը փորձում են փոխել աշխարհը… 

Փախուստս չէր հաջողվել, նշանակում է` այլ ճանապարհ է պետք ընտրել: Ես երբեք չեմ հանձնվում, ինչ արած` այդպիսին է իմ բնությունը` չափազանց համառ:

Տարիներ անց գտա պատերի ու ճաղերի միջով անցնելու ելքը դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Հոգուս հետ մարմինս էլ դուրս բերեցի: Չնայած մարմինս երկու անգամ բռնում և ետ են բերում, բայց Հոգիս հավերժ մնացել է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մեջ: Պետությունն անկարող է Ազատությունն ու Հոգին բանտարկել:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Վերջը հեռու չէ... այ Պրեզիդենտ ջան, ասա մնեք էլ իմանանք ինչ հիմք ունեք, թե չէ մարդ կարող է խելագառվել այս դաժան իրականության մեջ
President
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար արժե կենդանի մնալ: ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ կամ չի լինում: Այն կամ կա, կամ չկա, դու լավ գիտես: Դու հասկանում ես, հետևաբար ԱԶԱՏ ես: Հիմա` քեզ մնում է զինված մնալ համբերությամբ մինչև վերջ: Վերջը հեռու չէ: Բոլորս ենք սպասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter