HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Կոնդից մինչեւ Մարտունի․ Պյոտր Լավիգինի կենցաղային լուսանկարները

Պյոտր Լավիգինը Յարոսլավից է, ապրում է Մոսկվայում։ Նրա անձնական բլոգում եւ ֆեյսբուքյան պատին կարելի է գտնել լուսանկարների բազում շարքեր, որոնք արվել են ճամփորդությունների ընթացքում՝ Մոլդովա, Չինաստանի հարավային հատված: Իսկ հոկտեմբերի 17-ին բլոգում տեղ են գտնել լուսանկարներ Հայաստանից։

Լուսանկերների շարքի մեջ չենք կարող գտնել որեւէ քաղաքային պատկեր, պատմամշակութային հուշարձան կամ ավելի հանրամատչելի վայրերից կադրեր․ գունեղ լուսանկարները ներկայացնում են Կոնդը, կոշկակարների արհեստանոցները, հին լքված ավտոբուսներն ու հացի «բուդկաները», Գավառը՝ մսագործների կրպակներով։

Կապ հաստատեցինք Պյոտր Լավիգինի հետ, ով մեր հարցերին պատասխանելու փոխարեն պարզապես գրեց․ «Այն, ինչ պետք է ասեմ, արդեն մեկնաբանությունների տեսքով գրել եմ։ Ազատ եք օգտագործելու ինչպես մեկնաբանությունները, այնպես էլ լուսանկարները»:

Ներկայացնում ենք լուսանկարների եւ մեկնաբանությունների մի մասը, որը տեղ է գտել ռուս լուսանկարիչի պահոցում․

««Барев дзес, православные!», միացնում ենք դուդուկի երաժշտությունը, դիտում ենք Սեւանը։ Մենք շարունակում ենք ճամփորդությունը ճոխ հյուրընկալությամբ հայտնի երկրով։ Ես Հայաստան մտնողների եւ դուրս եկողների համար անցակետում կշեռք կտեղադրեի, որպեսզի իմանային՝ ինչքան համեղ հայկական բերք ու բարիք են կերել։ Դեռ մի ոտքդ հազիվ ես դնում երեւանյան Կոնդ թաղամասում, երբ ամեն կողմից ուզում են հյուրընկալել։

Կոնդում տերեւաթափ է։ Ողջ մարմնով հիվանդությունից եւ ծերությունից դողդղացող Քնարիկ տատը (это «лира» по-армянски) հյուրընկալում է մեզ Սարյան փողոցի վրա «կախված» իր խարխուլ տանը։ Սառնարանի ողջ ունեցածը փռելով սեղանին՝ թթի օղի է լցնում։ Փչացած հեռախոսի պես հարկեհարկ բարձրանում է լուրը, որ Քնարիկի տանը ինչ-որ ռուսներ են հյուրընկալվել։ Հարեւաններն իջնում են ներքեւ։ Քնարիկը ցուցադրում է իր եւ ամուսնու հին լուսանկարները։

«Ոչ մի բան չկերաք, ախր»,-ասում է Քնարիկը, իսկ ինձ թվում է՝ մենք խեղճ պառավին ոչինչ չենք թողել։

Ես մտնում եմ բոլոր կոշկակարական կրպակները՝ ասելով, որ ուզում եմ ինտերիերը նկարել։ Սուզվում եմ կոշկեղենի արքայության մեջ, ինչպես Ալիսան՝ հրաշքների աշխարհում։

Եվ ահա, խնդրեմ, կոշկակարը վազում է պաղպաղակ գնելու, որ հյուրասիրի հյուրերին։ Նորից կտրվում է ձմերուկը, նորից բաժակները լցվում են օղիով եւ արհեստանոցի պատուհանների մոտ հետաքրքրասերները նորից հավաքված են։

Երեւանից մեկ ժամ ու կես ժամ է դուրս ենք եկել, բացվում է Սեւանը, որը պետք է դիտես՝ դուդուկ լսելով։

Մեր ավտոբուսը կանգ է առնում առաջին խոշոր գյուղում։ Սողոսկում ենք անցքերով։ Այստեղ կարծես թե հեռախոս չկա, մի ծայրից մյուսը՝ բղավելով են կանչում միմյանց։

Ամեն տանը «կախարդական սփռոց» կա։ Սեղան փռելու համաշխարհային ռեկորդը հայերին է պատանում։ 1 րոպե 20 վայրկյան անց՝ կոնյակ, լոլիկներ, վարունգներ, պանիր, լավաշ, տապակած կարտոֆիլ:

Իմ հին ընկեր քաղաք Գավառն է (հեղ․՝ մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Պյոտրը Հայաստան է այցելել երկրորդ անգամ)՝ ողողված մսագործների կրպակներով։ Որպես ցուցատախտակներ՝ կրպակների դռներին ամրացված են կովի եւ ոչխարհի գլուխներ։ Վաճառողները դուրս են գալիս խանութից, որպեսզի ապրանքի ֆոնին լուսանկարվեն։ Մարդիկ համապատասխան խալաթներով կացնահարում են միսը։ Գավառը աշխարհի ամենահրաշալի գողտրիկ անկյունն է։ Սա դեռ այն դեպքում, երբ արեւ չկա։

Գավառից՝ Մարտունի

 Երկու քաղաքների մեջնամասում անցակետ կա։

«Բարեւ ձեզ, ինչպե՞ս են Ձեր գործերը։ Ամեն ինչ կարգի՞ն է»,-հարցնում ենք։

«Այո, իհարկե, եթե ինչ-որ բան լինի, համեցեք»։

Այս ամենից հետո ես Մարտունիի համար հանգիստ եմ․․․ Եվ հանգիստ եմ ողջ Հայաստանի համար»:

Հ․Գ․ լուսանկարները տրամադրել է Պյոտր Լավիգինը։ Գլխավոր լուսանկարում՝ Պյոտր Լավիգինը եւ կոնդեցի Քնարիկը։ Տեքստում կան մեջբերումներ ռուսերենով, որոնք պատկանում են հեղինակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter