HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք վկաները հիշեցին գոյություն չունեցող ընթերակային

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վարդան Պետրոսյանի գործով այսօր ցուցմունք տվեցին ՃՈ-ից երկու տեսուչ և դեպքից հետո մի քանի արձանագրություն ստորագրած ընթերականերից մեկը: Հիշեցնենք, որ նրանց միջնորդել էր հրավիրել մեղադրող դատախազը՝ պարզելու քննչական գործողությունների տակ ստորագրած երկրորդ ընթերակայի լինել-չլինելու հանգամանքը:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրել էր նյութեր, ըստ որոնց մի քանի արձանագրությունների տակ, որպես ընթերակա, ստորագրած Վազգեն Գարեգինի Կարապետյան անունով անձ ՀՀ-ում գոյություն չունի: Մասնավորապես՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանության անձնագրային վարչություն հարցում էր կատարել ու ստացել պատասխան, որ Վազգեն Գարեգինի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանունով անձ Հայաստանում հաշվառված չէ և չի էլ եղել: Փաստաբանը նաև հարցում էր կատարել Զորավանի գյուղապետարան ու ստացել պատասխան, որ նման բնակիչ իրենք չեն ունեցել և չունեն:

Սակայն հրավիրված երեք վկաներն էլ միաբերան նշեցին, որ երկու ընթերականեր են մասնակցել քննչական գործողություններին: Նրանք իրենց խոսքում անմիջապես շեշտեցին երկու ընթերակաների առկայության հանգամանքը, ինչը Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Նիկոլայ Բաղդասարյանի ու Սամվել Ջաղինյանի (վերջինն այսօր ընդգրկվեց որպես Պետրոսյանի փաստաբան) մոտ կասկած առաջացրեց, քանի որ նախկինում ձեռք են բերվել փաստեր, ըստ որոնց երկրորդ ընթերական գոյություն չունեցող անձ է:

ՃՈ տեսուչ Գևորգ Մարտիրոսյանը

Առաջինը դատարանը լսեց ՃՈ տեսուչ, ոստիկանության կապիտան Գևորգ Մարտիրոսյանին: Նա այն ոստիկաններից մեկն է, ով, ըստ դեպքի վայրի և վթարված 2 մեքենաների զննության արձանագրությունների, մասնակցել է վթարից անմիջապես հետո տեղի ունեցած քննչական գրծողություններին: 

- Քննչական գործողություններին ովքե՞ր էին մասնակցում,- հարցրեց մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը:

- Ես, Վոլոդյա Կարապետյանն ու երկու ընթերակաները:

- Ճանաչո՞ւմ էիք ընթերականերին, կնկարագրե՞ք,- հարցերը շարունակեց մեղադրողը:

- Ո՛չ, չե՛մ ճանաչում, մեկը տարիքով էր, մյուսը՝ ջահել:

- Կարո՞ղ եք ավելի մանրամասն նկարագրել ջահել ընթերակային,- հարց տվեց Նիկոլայ  Բաղդասարյանը:

- Միջին հասակով, շագանակագույն մազերով, բաց գույնի, ավելի ճիշտ՝ կրեմովի շորերով…

Վկա կապիտանի պատասխաններից պարզ դարձավ, որ քննիչ Հայկարամ Հակոբյանը չի ծանոթացրել իրենց իրավունքներն ու պարտականությունները: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առարկեց, թե ՃՈ տեսուչները գիտեն իրենց գործողությունները: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը, սակայն, չընդունեց առարկությունը: 

ՃՈ տեսուչ Վոլոդյա Կարապետյանը

- Ինչո՞վ են տպավորվել  ընթերակաները, որ անընդհատ նրանց եք նշում,- հարցրեց փաստաբան Սամվել Ջաղինյանը մյուս վկա, ՃՈ տեսուչ Վոլոդյա Կարապետյանին:

- Միշտ երկու հատ են լինում, բայց նաև հիշում եմ, որ ընթերակաները երկուսն էին,- պատասխանեց ՃՈ տեսուչ, լեյտենանտ Վոլոդյա Կարապետյանը:

- Քանի՞ քննչական գործողության եք մասնակցել,- հարցրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

- Վթարի տեղն ենք գծել, ուրիշ ոչինչ, մաքրել ենք ճանապարհը:

- Ինչի՞ց եք մաքրել:

- Թափոններից, ապակիներից:

- Որտե՞ղ էին դրանք թափված,- շարունակեց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:

- Ճանապարհի վրա, երթևեկելի աջ մասում,- պատասխանեց վկա Վոլոդյա Կարապետյանը:

 Ընթերակա Գրիշա Գասպարյանը

Ընթերականերից Գրիշա Գասպարյանը պատմեց, որ տաքսու վարորդ է, դեպքի օրը՝ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին, երեկոյան 9-10-ի մոտակայքում տուն վերադառնալիս, տեսել է, որ վթար է, կանգնել է:

- Ինձ մոտեցավ Խաչատրյան Երջոն, ասեց, որ ընթերակա լինեմ, մի հատ ջահելի էլ կանչեց, հետո քննիչը ու էլի մեկը մետրով գծում էին տեղը, թիվը մեզ ցույց էին տալիս, գրանցում էին: Վերջում էդ ջահել տղեն ստորագրեց, ասեց, որ Զարովանից ա, հետո էլ ես,- պատմեց ընթերակա Գրիշա Գասպարյանը:

Դատախազը առաջին ընթերակային հարցրեց երկրորդ ընթերակայի մասին:

- Չեմ ճանաչում, կյաժոտ տղա էր:

- Ինչքա՞ն եք մնացել դեպքի վայրում,- հարցրեց փաստաբան Սամվել Ջաղինյանը:

- Մի 15 րոպե,- պատասխանեց վկա-ընթերական:

- 1 ժամ 9 րոպե տևել է դեպքի վայրի զննությունը, ինչպե՞ս եք ներկա եղել 15 րոպե:

- Ես շատ եմ հիշում՝ ինչքան եմ մնացել,- պատասխանեց ընթերական:

Դատական նիստի ավարտին հայցվորը՝ գյուղնախարարության իրավաբան Հայկազ Կարապետյանը, դատարանին ու կողմերին ներկայացրեց հայցի փոփոխություններն ու լրացումները:

Մյուս նիստին դատարանը կլսի այլ վկաների ևս:

Հ.Գ. Նշենք, որ բոլոր դատական նիստերին մասնակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը, քանի որ Վարդան Պետրոսյանը նաև Ֆրանսիայի քաղաքացի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter