HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքը ամլությունից փրկելու ուղին. «Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մոդելը փորձ է արվում կիրառել նաև Ջավախքում: Հայաստանում պաշտոնապես գրանցվել և այս տարվա փետրվարից գործում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ), որը պետք է համախմբի ջավախքցի և ջավախքին աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին՝ տեղի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը բարելավելուն ուղղված ներդրումներ կատարելու նպատակով:

ՋԱՀ-ի հիմնադիրները են՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-գնդապետ Գուգեն Դալիբալթյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայկ ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» երգի-պարի համույթի հիմանդիր-ղեկավար Գագիկ Գինոսյաը:

Երեկ «Ջավախքին աջակցության հիմնադրամը» կազմակերպել էր քննարկմում և բարեգործական համերգ-երեկո, որտեղ հյուրերին ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, իսկ ավարտին՝ հանգանակություն:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր ելույթում  կարևորեց հայության՝ իր խնդիրները տեղին և ժամանակին լուծելու հանգամանքը, «այլապես թողնում ենք, երբ հարցերը ծայրաստիճան վիճակի հասնեն, հետո փորձում ենք գտնել լուծումը»: Իսկ նորաստեղծ հիմնադրամը, ըստ նրա, պետք է նպաստի դրան. «Մերն է, մենք էլ պիտի իրականացնենք»,-ամփոփեց թեմի առաջնորդը:

Ինչպես պետք է շարունակի իր գործունեությունը հայկական բիզնեսը Վրաստանում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով հիմնադիրներից մեկն է, հայտարարեց, որ ինքը երբևէ որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի չի հարել և առաջին անգամ է, որ ներգրավվել է նման կառույցում: Իսկ անդամագրվել է, որովհետև հավատացել է դրա գործունեությանը. հիմքում եղել է  մաքրությունը, անկեղծությունը և բազմաթիվ հավաստիացումներ: Աշոտ Մելքոնյանը նշեց, որ իր գործունեությունը հիմնադրամում կշարունակի այնքան ժամանակ, մինչև այդ սկզբուները բոլորի կողմից կպահպանվեն և խոստումները կկատարվեն: Նա համոզված է, որ հիմնադրամի գործունեությունը կստացվի, քանի որ բաց ու հրապարակային է գործելու հայ և վրաց հանրության առջև:

«Եթե մենք կարողանանք հայ-վրացական լիակատար վստահության մթնոլորտ ստեղծել, բացել մեր բոլոր խաղաքարտերը, մենք կհաջողենք, որովհետև մենք ունենք մեկ ընդհանուր խնդիր՝ այս տարածաշրջանում գոյատևելու, երկու ժողովրդների համար կենսագոյության պայմաններ ստեղծելու, այլապես 50 տարի անց այս տարածաշրջանում չի լինի ոչ հայ, ոչ էլ վրացի»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: Ըստ նրա՝ այսօր Հայաստանը և Վրաստանը աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների առջև են կանգնած, քանզի պատահական չէ, որ իսլամական ֆունդամենտալիստների ցանկում երկրագնդի երեսից ջնջվող երկրների ցուցակում և Հայաստանն է, և Վրաստանը:

Պատմության ինստիտուտի տնօրենն ասում է, որ չնայած երկու երկրները երկու տարբեր ուղիներ են ընտրել, այն է՝ ԵՄ և ՄՄ, որն արդեն իրողություն է, երկուստեք կան անհանգստություններ, թե ինչպես պետք է հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ, ինչպես պետք է շարունակի իր գործունեությունը հայկական բիզնեսը, որը հաջողություններ է գրանցել Վրաստանում, ՀՀ և Վրաստանի քաղաքացիներն ինչպես պետք է այցելեն միմյանց: Այս պարագայում, ըստ գիտնականի, թելադրողները կլինեն ոչ թե Երևանից կամ Թբիլիսիից, այլ Բրյուսելից կամ Մոսկվայից: Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ եթե կարողացել են բարիդրացիական հարաբերություններ պահպանել ռազմաքաղաքական իրավիճակներում, երբ ռուս-աբխազական և հայ-ադրբեջանական կոնֆլիկտներ տեղի ունեցան, ուրեմն կհաջողեն նաև այս պարագայում: Շահերի ընդհանուրությունը այս տարածաշրջանում գոյատևելու հրամայականն է՝ եզրակացրեց նա:

Ականապատվա՞ծ, թե՞ բարեկամության կամուրջ

Ջավախքը, որը հայ ազգին տվել է մշակութային տարբեր գործիչներ, այսօր աշխարհին հայտեր ներկայացնելու ոչինչ չունի, առավել ևս բուն Ջավախքում: Ջավախքն այսօր ամուլ է: Եթե ինչ-որ բան կա, ապա դա արտացոլված է ավելի շատ Հայաստանի մայրաքաղաքում և ոչ բուն Ջավախքում: Այս կարծիքին է «Կարին» երգի-պարի ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով նույնպես հիմնադրամի հիմնադիրներից է:

«Հայը երբեք ոչ Հայաստանից, ոչ Ջավախքից չի արտագաղթել ստամոքսի խնդրով: Հայը առաջին հերթին ծնող է, հայն արտագաղթում է, երբ չի տեսնում իր երեխայի արժանապատիվ ապագան այդ տարածքում»,- ասում է Գագիկ Գինոսյանը: Արժանապատիվ ապագան, ըստ նրա, կարող է լիենել մի դեպքում, երբ զարգացած են բոլոր ենթակառուցվածքները՝ կան մշակութային օջախներ, կան ուսուցման կրթօջախներ:

Գագիկ Գինոսյանը կարծում է, որ Ջավախքի գործունեության և բուն զարգացման հիմքը և կայացումը բաց գործունեության մեջ է:  «Ջավախքը պիտի լինի այն կամուրջը, որը կամ կարող է լինել ականապատված, որը կարող է պայթեցնել այդ հարաբերությունները, կամ որ շատ ավելի ձեռնտու է բոլորիս համար, բարեկամության կամուրջ»,-իր ելույթում նշում է Գագիկ Գինոսյանը:

Գեներալ-մայոր, ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ, «Արզնի» առողջարանային կենտրոնի տնօրեն, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արարատ Մահտեսյանը կարծում է, որ հիմնադրամի միջոցներով պետք է ջավախքցի ուսանողներ գործուղել եվրոպական տարբեր երկրներ, որպեսզի նրանք լավագույն կրթությունը ստանան դրսում և վերադառնան՝ ի նպաստ Ջավախքի կիրառելու իրենց գիտելիքները:

Վերջինս նաև անդրադարձավ այն հարցին, թե հնարավոր է, որ Վրաստանի իշխանությունները խոչընդոտեն հիմնադրամի գործունեությանը: Արարատ Մահտեսյանը հավաստիացրեց, որ իրենք իրավական կողմը կապահովեն, որպեսզի խնդիրներ չառաջան:

Քիչ անց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ Վրաստանը ողջունում է  հայկական կապիտալի ներգրավումը Վրաստանի տնտեսության մեջ: «Վրաստանը չի վախենում հայկական կապիտալի զորացումից Ջավախքում, որովհետև Ջավախքը Վրաստանի պետության մի մասն է»,- ասաց Վրաստանի դեսպանը:

«Սովռանո» ընկերության սեփականատեր, Սոս Սահակյանը հայտարարեց, որ հիմնադրամն արդեն կայացել է: Այժմ պետք է սկսել լուրջ ծրագրեր իրականացնել: ՋԱՀ-ը պետք է գրանցում ստանա Վրաստանում, մասնաճյուղեր բացի տարբեր երկրներում, առաջիկա մեկ տարում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Արգենտինայում, Լիբանանում և Իրանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter