HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի լքիր ինձ». հույզ` առանց սահմանափակումների

Նունե Հախվերդյան

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար Հայաստանը հարմարավետ չէ: Բարդ է տեղաշարժվելը, սովորելը, գնումներ կատարելը. գրեթե անհնար է թատրոն, դիսկոտեկ, կինոթատրոն կամ պոլիկլինիկա այցելելը: Այդ մասին մենք գիտենք, երբեմն խոսում ենք, բողոքում, փորձում քայլեր ձեռնարկել, հետո դադարում ենք խոսել, բողոքել, քայլեր ձեռնարկել:

Հայաստանում ապրելն ընդհանրապես բարդ է, եւ հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող մարդկանց խնդիրները երկրորդ պլան են մղվում: Լայն իմաստով`ամեն ինչն էլ երկրորդ պլան է մղվում: Անգամ սեփական լիարժեքությունը զգալու եւ ազատ շարժվելու ամենօրյա հաճույքն է իմիջիայլոց ընկալվում: Եվ որպես արդյունք` ձեւավորվում է մի փակ շղթա, որտեղ իշխում է անտարբերությունը:

Այդ անտարբերությունն էմոցիոնալ վաակումի պես է. մեր հույզերն են բթանում եւ ժանգոտում, ինչպես երկար ժամանակ չօգտագործվող մի մեխանիզմ: Այն նորից վերագործարկելու ու մարդավարի աշխատեցնելու համար սովորաբար ցնցումներ են հարկավոր: Կամ էլ` արվեստի մի լավ գործ, որը կարողանում է խոսել մեր մասին բացարձակապես պայմանական լեզվով: Խոսել նշաններով, ակնարկներով, շարժումով`տեղափոխելով մեր մտքերը ենթագիտակցական, անորսալի էմոցիաների տիրույթ, որտեղ ուժ կա: Չէ՞ որ ցանկացած գաղափար անպետք մի բեկոր է, եթե հիմքում հուզական լիցք չկա:

Երեւանի Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» «Մի լքիր ինձ/Ne me Quitte pas» պար-բեմադրությունը կարող էր պարզապես ակցիա լինել` ուղղված Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց ինտերգրմանը: Սոցիալական սուր թեմաներն ու ցավոտ հարցադրումները, հայտնվելով թատրոնում, հաճախ մսխում են իրենց սրությունն ու կորցնում ցավի չափաբաժինը: Ցանկացած բարի մտադրություն թատրոնի` մինչեւ ուղնուծուծը պայմանական միջավայր տեղափոխվելով` սկսում է ճոճվել պատվեր-ակցիայի ու կենդանի բեմադրության արանքում: Եվ շատ արագ մարում է:

Բայց «Մի լքիր ինձ»-ը ավելին է, քան ակցիա, այն ամբողջական թատերական արարողություն է` նրբանկատ ու ճշգրիտ շեշտադրումներով:

«Մի լքիր ինձ»-ը պատվեր է, որը կատարել է Բրիտանական խորհուրդը եւ մեկ տարվա ընթացքում կազմակերպել դասընթացներ` ներկայացման ապագա մասնակիցների ու պարուսույցների համար: Մեծ Բրիտանիան նման աշխատանքի հարուստ փորձ ունի, արդեն 20 տարի է հաշմանդամություն ունեցող անձինք ընդգրկվում են թատրոնների եւ պարային խմբերի աշխատանքներում, իսկ CANDOCO (թարգմանաբար` դու կարող ես) պարային թատերախումբը հաջողությամբ շրջագայում է աշխարհով մեկ: CANDOCO-ն եղել է նաեւ Հայաստանում:

Բրիտանական խորհրդի եւ «Փոքր թատրոնի» համագործակցության արդյունքում զգացական ու պրոֆեսիոնալ արվեստի գործ ծնվեց, որի մասնակիցներն արհեստավարժ պարողներ, հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ եւ

թատրոն-ստուդիայի դերասաններն են: Բոլորը տարբեր են, եւ բոլորն էլ իրենց պարով, պլաստիկայով ու բնավորություններով տարբեր պատմություններ են պատմում:

Բեմադրիչ Վահան Բադալյանը, խորեոգրաֆ Թենի Մաթյանն ու պարուսույց Մարիաննա Պողոսյանը չափազանց կարեւոր խնդիր են կատարել. նրանք խուսափել են «շատախոսությունից»: Թվում է, որ պարային բեմադրության մեջ շատ խոսել չի ստացվի, բայց իրականում պլաստիկայի թատրոնում դա հաճախ է պատահում: «Մի լքիր ինձ» ներկայացումն իր դինամիկ կառուցվածքով այնքան արագ է փոխում շեշտերն ու հնչերանգները, որ չես հասցնում մի պահ անգամ քո ներսում կատարվող հույզերի տարափից հոգնել: Որպես օրենք` սենտիմենտալ զգացմունքը հեշտ է ստանալը, սակայն այն հեշտությամբ էլ մոռացվում է: Իսկ երբ անընդհատ առաջ ես քաշում զգացմունքայինը (հաշմանդամություն ունեցող մարդկանց դեպքում դա անելը պարզապես թակարդ է), ապա դիտողի մոտ միտքը արգելակում է: Իսկ ո՞ւմ է պետք այն զգացմունքը, որը մաշկի ու նյարդերի վրա իմաստ չի դրոշմում:

Վահան Բադալյանը, ում բոլոր գործերից իսկական թատրոնի հոտ է գալիս, այս ներկայացման մեջ բավականին ռիսկային քայլերի է դիմել: Օրինակ` հումորի: Առանց հեծանիվի տեղաշարժվել չկարողացող Անուշ Սմբատյանի հետ գերպլաստիկ տղաները սիրահետում են, իսկ Անուշն էլ սեթեւեթանքով պատասխանում է այնպես, ինչպես ունակ է: Եվ ծագում է այն փխրուն իրավիճակը, երբ մի քայլ ընդառաջ անելով, կարելի է ամեն ինչ կորցնել: Կամ էլ` երջանիկ լինել: Գոնե մի քանի րոպե, մինչեւ տեւում է պարը:

Ցանկացած քայլ առաջին հերթին քայլ անողն է իմաստավորում: Եվ երբ քայլել չես կարող, քայլ ես անում ձեռքերով: Կամ աչքերով: Չվախենալով ընկնել: Չվախենալով լինել չհասկացված: Պարզապես քայլում ես: Եվ այդ պահին սկսում է աշխատել թատրոնի (եւ ընդհանրապես մարդկության) ամենհին օրենքը. դու այն ես, ինչ տեսնում ես դիմացինի աչքերում:

Ավելի ճիշտ այսպես. քեզ տեսնելու համար, նայիր ուրիշին: Եվ չմոռանաս ասել` «Մի լքիր ինձ», քանի որ եթե նա հեռանա, դու կդադարես գոյություն ունենալ:

Միգուցե հենց դա է պատճառը, որ շատերս հաճախ չենք շտապում շարժվելու, լսելու, տեսնելու կամ խոսելու կարողություն չունեցողների աչքերին նայել: Այն, ինչ կտեսնենք նրանց աչքերում, կարող է մեզ դուր չգալ:  

Հետաքրքիր է, որ այս բեմադրության կարեւոր ուղերձը ճիշտ հակառակն է: Հանդիսատեսն ինքն իր հետ հաշտվում, ինքն իրեն ընդունում ու մի քիչ էլ իր վերապրածով հպարտանում է: Կատարսիսը (մաքրագործումը) ճիշտ պահին է վրա հասնում: Կյանքը որպես ի վերուստ մեզ տրված շնորհ ընկալելու համար էմոցիանալ ցնցում է հարկավոր: Հետո շատ բան այլ կերպ ես տեսնում:

Բեմադրության մաս են կազմում բեմից դուրս արված կարճ հարցազրույցները: Մասնակիցները պատասխանում են հավերժ հարցերի` ո՞րն է կյանքի իմաստը, ինչի՞ց ես վախենում, ո՞րն է ամենաթանկը: Պատասխանները անկեղծ են, միամիտ, սպասումով լի, ցավով հագեցած: Պայքարից հոգնած, բայց պայքարի ընդունակ երիտասարդների պատասխաններ են: Կյանքը ընդհանրապես բարդ է: Բոլորի համար: Եվ առանց սահմանների ու սահմանափակումների:

Այդ մասին ամենալավը երգել է Ժակ Բրելը, ում «Ne me Quitte pas» երգը ներկայացման առանցքն է: «Մի լքիր ինձ»-ը տարբեր մեկնաբանությամբ ու տարբեր լեզուներով հնչում է գրեթե ողջ բեմադրության ընթացքում: 1959 թվականին գրված այդ երգը ֆենոմենալ հատկություն ունի. իր մեղեդային կառուցվածքի շնորհիվ կարողանում է ցանկացած ռիթմ, շնչառություն ու գաղափար ձեռք բերել: Այն պատրաստ է երգողի երկրորդ մաշկը դառնալ (եթե իհարկե, երգողը ասելու բան ունի):

Եվ երբ, օրինակ, բեմում իր պատմությունն է պարում լսողության լիակատար կորուստ ունեցող Հայկ Հոբոսյանը, հասկանում ես, որ նրա «Մի լքիր ինձ»-ը նույնքան եզակի է, որքան չասված, բայց ոգում պահեստավորված նրա բոլոր խոսքերը: Եվ այդ խոսքերը շապիկի պես նրա վրայից զգուշորեն հանում է գեղեցկուհի պարուհիներից մեկը: Հետո ինքն է հագնում որպես երկրորդ մաշկ` որպես պաշտպանություն: Եվ ի վերջո` որպես սեփական խոսքերի շարունակություն:

Ժաք Բրելն իրեն առաջին հերթին պոետ էր համարում, ում տեքստերը ըմբոստ են, հեղափոխական: «Ne me Quitte pas» երգում չկան հեղափոխական կոչեր, սթափվելու, վերաիմաստավորելու պատգամ: Դա պարզ բառերով պարզ ցանկություն արտահայտող երգ է, եւ հենց այդ պարզությամբ էլ այն հանճարեղ է:

Թող, որ ես դառնամ
Ստվերը քո ստվերի,
Ստվերը քո ձեռքի
Ու ստվերը քո շան,
Չլքես դու ինձ,
Երբեք մի լքիր
Մի լքիր դու ինձ,

(թարգմանությունը` Սարգիս Սարուխանյանի)

Առանց սուպերխելացի բառերի, առանց ամաչելու, առանց պաթոսի եւ կարեւորը առանց ինքդ քեզ խաբելու միայնակ չլինելու խնդրանք ես երգում: Թեկուզ ծայրաստիճան անհավասար պայմաններում (ստվերը քո շան), բայց լինեմ կողքդ, ստանամ մի կաթիլ ջերմություն եւ տամ քեզ իմ ոգու ողջ տիեզերքը:

Ահա այսպիսի փոթորկային զգացմունքներ ու մտքեր են ծնվում այս շատ տարօրինակ բեմադրությունը դիտելուց հետո: Բայց եթե չծնվեին, թատրոնը կկորցներ իր այն հատկությունը, որը կոչվում է` կյանք եւ մի փոքր ավելին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter