HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դդմաշենում գյուղապետ են ընտրում

Արփինե Մինասյան

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Մաքենիս եւ Ներքին Գետաշեն գյուղերում այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են:

Դդմաշեն համայնքում թիվ 23/1 ընտրատեղամասում առաջադրված է 2 թեկնածու համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Ավետիս Ավետիսյանը (նա գյուղապետ է ընտրվել 2010թ-ին) եւ Դդմաշենի գյուղապետարանում գլխավոր մասնագետ, անկուսակցական Բորիս Հակոբյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են:

Ընտրություններն անցնում են Դդմաշենի միջնակարգ դպրոցում: 2862 բնակչություն ունեցող գյուղում գրանցված է 1957 ընտրող: Առավոտյան ժամը 9-ինընտրությանը մասնակցել էր15 ընտրող: 15-րդ ընտրողը համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանն էր:  «Հետքը» նրանից հետաքրքրվեց, թե 4 տարվա ընթացքում ինչ խնդիրներ են լուծվել եւ ինչ անլուծելի խնդիրներ դեռ կան:

«Ճանապարհի շինարարություն է կատարվել, դպրոցի շենքի վերանորոգում, 2400մ փողոցային լուսավորության ցանցի անցկացում, խմելու ջրագծի ներքին ցանցի անցկացում, մանկապարտեզի շինարարություն, գյուղապետարանի շենքի վերանորոգում, ասֆալտաում»,-թվարկում է Ավետիս Ավետիսյանը` հավելելով, որ դեռ աշխատանքներ մնացել են: Նա նշեց, որ կոյուղու ցանցի խնդիրների պատճառներով մանկապարտեզի շենքի բացումն է ուշանում:  

Ընտրատեղամասում առավոտյան ընտրողների պասիվություն էր նկատվում, ինչը 23/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արթուր Շավարշյանը պայմանավորում է անձրեւային եղանակով:

«Դե ցեխ է, մարդիկ հավես չեն անում տներից դուրս գան, համ էլ իրանց գործերը երեւի չեն վերջացրել»,-ասաց նա:

Ընտրության եկած մյուս թեկնածուից` Դդմաշենի գյուղապետարանում գլխավոր մասնագետ, անկուսակցական Բորիս Հակոբյանից փորձեցինք հարցազրույց վերցնել, վերջինս խուսափեց հարցազրույցից` շտապելով դուրս եկավ ընտրասենյակից:  

 Տարեց մի մարդ փորձում էր հանձնաժողովի անդամների առաջ բաց քվեարկություն կատարել, բայց վերջիններս արգելեցին եւ պապիկն իր ընտրությունը կատարեց քվեախցիկում:

23/1 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն են անցկացնում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» եւ «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչները: Նրանք մինչ այս ժամը խախտումներ չեն արձանագրել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter