HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք է արձանագրվել Դալար գյուղի ընտրություններում

Արարատի մարզի Դալար գյուղում այսօր համայնքապետ են ընտրում: Թեկնածուները երեքն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Ալեքսանյանը եւ ինքնառաջադրված, անկուսակցականներ Աշոտ Եղիազարյանն ու Արթուր Գրիգորյանը:

Դալարում ընտրությունները բավականին ակտիվ են: 2212 ընտրողներն իրենց քաղաքացիական պարտքը կատարում են երկու՝ թիվ 17/01 եւ թիվ 17/02 ընտրատեղամասերում: Արդեն ընտրել է մոտ 600 ընտրող:

Եթե չլինեին ավտոմեքենաների ու մարդկանց կուտակումներ, դժվար կլիներ կռահել՝ որոնք են ընտրատեղամասերը: Երկու դեպքում էլ համարները փակցված չէին եւ լրագրողների ու դիտորդների բարձրաձայնելուց հետո միայն հանձնաժողովի նախագահները ընտրատեղամասերի համարները փակցրեցին:

Թիվ 17/01 ընտրատեղամասում ժամը 11.30-ին արդեն կազմվել է առաջին արձանագրությունը. նույն քվեախուց են մտել երկու ընտրողներ: Քիչ առաջ էլ նույն ընտրատեղամասում ընտրողը հայտնաբերեց, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է:

Այս ընտրատեղամասում նաեւ ակնոցի «կռիվ» է գնում: Տարեցները չեն տեսնում թեկնածուների անունները եւ ակնոց են խնդրում: Այս անգամ ընտրատարածքային հանձնաժողովներին ԿԸՀ-ն խոշորացույցներ չի տրամադրել եւ հանձնաժողովի անդամներից մեկը ստիված իր ակնոցն է տրամադրում ընտրողներին: «Սա վերջին անգամն է, ձեզ ակնոցի ճար արեք»,- ընտրողներին ասում էր հանձնաժողովի անդամը:

Երկու ընտրատարածքների դիմաց էլ բավականին մարդաշատ է: Հատկապես երիտասարդները փողոցի խաչմերուկներում հավաքված հետեւում են, թե իրենց կողմնակիցներից ովքեր են եկել ընտրության: Ավտոմեքենաների կուտակումների պակաս եւս չի զգացվում:

Հասարակական կարգը պահպանող ոստիկանները փորձում են թույլ չտալ կուտակումներ՝ դալարցիներին հեռացնելով ընտրատեղամասերի դիմացից, սակայն ապարդյուն:

Նշենք, որ ընտրատեղամասերի մոտակայքում իրենց ծառայությունն են իրականացնում բավականին մեծ թվով ոստիկաններ: Գրեթե բոլոր ընտրությունները Դալարում լարված են անցել, հավանաբար այդ պատճառով են մեծ թվով ոստիկաններ հավաքվել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2006թ. օգոստոսի 30-ին Դալարի նախկին համայնքապետ Գեղամ Բադալյանը նույն գյուղի գյուղապետարանի շենքի բակում որսորդական ավտոմատ հրացանից կրակել էր Դալարի գործող համայնքապետ Տիգրան Պետրոսյանի վրա: Կրծքավանդակի շրջանում ստացած 4 հրազենային վնասվածքներից Տիգրան Պետրոսյանը տեղում մահացել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter