Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի



Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների հայաստանյան ընկերությունների թիվն անցնում է հինգ տասնյակից:

Դեռ չենք հասցնում պարզել ընկերություններից մեկի տվյալները, վերջիններս հիմնում են նոր ընկերություններ:

Մայիսի 15-ին կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, եւ բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում: «Ցանկանում եմ ասել, որ ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ «գործարարությամբ զբաղվելն ամոթ բան չի»: 

«Ես ինձանից եմ սկսելու» արտահայտությամբ Հովիկ Աբրահամյանն ընդունել է, որ զբաղվում է գործարարությամբ: Նախ` Հովիկ Աբրահամյանը գործարարությամբ զբաղվել է նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած տարիներին, ինչի իրավունքը Սահմանադրությամբ չուներ: Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը հասանելի են հանրությանը: Սակայն պաշտոնյաները շատ քիչ ունեցվածք եւ եկամուտներ են հայտարարագրում, նույնն էլ` Հովիկ Աբրահամյանը: Ուսումնասիրելով նրա ներկայացրած փաստաթղթերը` կարելի ասել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը բիզնեսով չի զբաղվում, չնայած նա եւ իր կինը ունեն բավականին մեծ կարողություն: Եթե հաշվի առնենք, որ նա բիզնեսով չի զբաղվել, ապա անհասկանալի է, թե որտեղից այդքան միջոցներ ՀՀ վարչապետին եւ նրա կնոջը:

2012թ., երբ Հովիկ Աբրահամյանը պատգամավորության թեկնածու էր, հայտարարագրել էր ընդամենը 276քմ մակերեսով բնակարան Երեւան քաղաքի Թումանյան փողոցում, 146քմ Շմիդտի եւ 260քմ  մակերեսով բնակարաններ Տերյան փողոցում, ինչպես նաեւ` 18քմ մակերսով ավտոկանգառ: Նույն անշարժ գույքը հայտարարագրել է նաեւ 2014թ.՝ վարչապետի պաշտոնը ստանձնելիս:

Նույն սկզբունքով է առաջնորդվել նաեւ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը: Նա 2007թ. որպես պատգամավորության թեկնածու հայտարարագրել էր իր ունեցվածքը` 2006թ. արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, 288քմ մակերեսով բնակելի տուն, 400քմ ջերմատուն, 0.5հա տնամերձ հողամաս, 0.48հա վարելահող Մխչյան գյուղում, 0.59քմ մակերեսով ոչ գյուղնշանակության տարածք Այնթապ գյուղում, 63քմ մակերեսով բնակարան Երեւանի Վարդանանց փողոցում:

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Մխչյան գյուղում

Երեւան քաղաքի բնակարանը Հենրիկ Աբրահամյանի հայտարարագրում նշված է եղել որպես նվիրատվություն՝ 35 մլն դրամ արժեքով:

Ինչ վերաբերում է առեւտրային ընկերություններին, ապա Հենրիկ Աբրահամյանը նշել է միայն «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ն՝ 100 մլն դրամ անվանական արժեքով եւ «Հովան-Լիան Գրուպ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ անվանական արժեքով:

Այս տարվա մայիսի 21-ին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր կառավարության նոր ծրագիրը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է հարստացել, եթե բիզնեսով չի զբաղվել: Վարչապետը նախ հորդորեց «նեգատիվ չվերաբերվել» գործարարությանը, ապա ավելացրեց. «Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ ունեցվածք, մանրամասն օրենքի տառին համահունչ ես ներկայացրել եմ։ Աշխատել եմ այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել, այն ժամանակ, երբ թույլատրվում էր։ Իմ պաշտոնների ընթացքում, երբ եղել եմ կառավարությունում, Ազգային ժողովի նախագահ, չեմ վաստակել ունեցվածք, ոչ էլ կոռուպցիայի արդյունքում եմ վաստակել իմ ունեցվածքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:  

Կենսագրությունից «անհետացած» 9 տարիներ 

Վարչապետը ծնվել է 1958թ.: Կենսագրության մեջ բացակայում են Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ ընդունվելու ու ավարտվելու տարիները, սակայն որպես աշխատանքային գործունեության սկիզբ նշվում է 1990թ.՝ Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ: Ընդունենք, թե Հ. Աբրահամյանը 18 տարեկանում է ընդունվել ինստիտուտ եւ 5 տարի սովորելուց հետո ավարտել է 1981 թվականին: Ըստ կառավարության կայքում ներկայացված կենսագրության` հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Հովիկ Աբրահամյանը 9 տարվա ընթացքում:

Վարչապետի առաջին աշխատավայրը

Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղի տարեց բնակիչներից մեկը պատմում է, որ Հովիկ Աբրահամյանը մինչեւ Բուրաստանի կոնյակի գործարանում աշխատելը ավտոտեխսպասարկման կայանում բանվոր է եղել. հենց սա էլ խնամքով թաքցրել եւ իր կենսագրությունից «ջնջել» է վարչապետը: Մխչյանցի մեր զրուցակիցը ցույց տվեց ներկայիս վարչապետի առաջին աշխատավայրը: Նշենք, որ այդ ավտոտեխսպասարկման կայանը ներկայումս պատկանում է Հ. Աբրահամյանի ընտանիքին, ինչը մեր հանդիպման ժամանակ հաստատեցին այնտեղ աշխատող ավտոմեխանիկները: 

Հողագործությա՞մբ, թե՞ այլ ճանապարհով է հարստանում Հովիկ Աբրահամյանը 

Այն, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվում է հողագործությամբ, երեւում է միայն նրա գույքի ու եկամուտերի հայտարարագրերի եկամուտների բաժնից: Վարչապետն իր հայտարարագրերում չի նշում, որ հող ունի, սակայն չգիտես ինչպես` ամեն տարի եկամուտ է ստանում գյուղմթերքների իրացումից: Այսպես` 2011թ. (այդ ժամանակ ԱԺ նախագահ էր) Հովիկ Աբրահամյանը 40 միլիոն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից, 2012-ին՝ 45 միլիոն դրամի, իսկ 2013-ին՝ դարձյալ 40 միլիոն դրամի: Գրեթե նույնքան եկամուտ էլ գյուղմթերքների իրացումից ստանում է վարչապետի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական ունեցած գույքը, եկամուտներն ու դրամական միջոցները հայտարարագրում են պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ: Հովիկ Աբրահամյանը 2012թ. մայիսի 31-ին, երբ ստանձնում էր ԱԺ նախագահի պաշտոնը, իր հայտարարագրում չի նշել ունեցած հողերի մասին: Այդ մասին տեղեկություններ չկան նաեւ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակով որպես պատգամավորության թեկնածու ԿԸՀ ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրում: Ստացվում է, որ Հովիկ Աբրահամյանը «գյուղմթերքների իրացման» անվան տակ այլ աղբյուրներից ստացած գումարն է հայտարարագրում:

Իհարկե, Աբրահամյաններն ունեն խոշոր հողակտորներ Արարատի մարզում: Միայն Նարեկ գյուղում Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով գրանցված է 120հա հողատարածք, որից 100հա խաղողի այգի է, իսկ 20հա՝ խոտհարք:

Ջուլիետա Աբրահամյանի հողատարածքը Նարեկ Գյուղում

«120 հա է Արգամիչի հողը: Եթե նա չվերցներ այդ հողը, ես չվերցնեի, մյուսը չվերցներ, մեր հողերի 70 տոկոսը կմնար օդի մեջ»,- ասում է Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանը:

Նշենք, որ Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւս Աբրահամյանների անունով հողեր կան, համայնքապետերը խուսափում են այդ մասին որեւէ բառ ասելուց:

Դեռեւս 2013թ. ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը ներկայացրել էր կառավարության աջակցությամբ տրամադրվող մատչելի դիզելային վառելիք ձեռք բերելու ծրագրի` տեսչության անցկացրած ստուգումների արդյունքները: Հենրիկ Աբրահամյանը Մխչյան գյուղից պետության սուբսիդավորմամբ ստացել էր 35.000 լիտր դիզելային վառելանյութ, իսկ նրա որդի Հովհաննես Աբրահամյանը՝ 12.900 լիտր: Մխչյան գյուղին հատկացված դիզվառելիքի 65%-ը բաժին էր հասել հենց Աբրահամյաններին:

Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում ոռոգման ցանցը անմխիթար վիճակում է, եւ ջրի սակավություն կա: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողերը թեեւ ոռոգվում են այլ ցանցով, սակայն ջրի պակասությունը նաեւ նրանց է վնասում: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30 մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով: Հայաստանի կառավարությունը ծրագիրը համաֆինանսավորել է 7,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (ընդհանուր` 37,5 մլն ԱՄՆ դոլար): Համաձայն նշված ծրագրի` Ազատ գետը պետք է ինքնահոս ջուր ապահովի Քաղցրաշենի եւ Նարեկ գյուղերի համար՝ ապահովելով նաեւ Աբրահամյանների հողերի անխափան ոռոգումը:

 

Գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտը՝ ըստ տարիների 

(դրամով)

N 

Անուն, ազգանուն

2011թ.

2012թ.

2013թ.

1

Հովիկ Աբրահամյան

40.000.000

45.000.000

40.000.000

 

2

Ջուլիետա Աբրահամյան

45.000.000

48.000.000

45.000.000

 

Հովիկ Աբրահամյանի ու նրա ընտանիքի անդամների տարվա եկամուտներն ու դրամական միջոցները միայն գյուղմթերքի իրացումից չեն գոյանում, եւ իրականում դրանք 40-48 միլիոն դրամ չեն: Նույն հայտարարագրերի համաձայն` Աբրահամյան ամուսինների ունեցվածքն ավելին է: Վարչապետի կինը բացի գյուղմթերքների իրացումը այլ աղբյուրներից էլ է եկամուտ ստանում, սակայն խնամքով թաքցնում է եւ չի նշում գույքի ու եկամուտների իր հայտարարագրերում: 

Դրամական միջոցներն ու եկամուտները՝ ըստ տարիների 

N

Անուն, ազգանուն

2009թ.

2010թ.

2011թ.

2012թ.

2013թ 

1

Հովիկ  Աբրահամյան

Դրամական

միջոցներ

---

310.000.000դր.

2.100.000 USD

290.000.000դր.

2.050.000 USD

280.000.000դր.

2.000.000 USA

270.000.000դր.

1.950.000 USA

Եկամուտ

29.499.760դր

25.515.220դր.

43.671.030դր.

49.256.010դր

42.976.200դր.

2

Ջուլիետա Աբրահամյան

Դրամական միջոցներ

 

---

315.000.000դր.

3.020.000 USD

300.000.000դր.

2.900.000 USD

302.000.000դր.

2.900.000USD

300.000.000դր.

2.850.000USD

Եկամուտ

---

---

45.000.000 դր.

միայն գյուղմթերքի իրացում

48.000.000դր.

միայն գյուղմթերքի իրացում

45.000.000

միայն գյուղմթերքի իրացում

Արարատի մարզում առանց Աբրահամյանների մասնակցության որեւէ բան հնարավոր չէ: Նրանք բազմաթիվ բիզնեսներում մասնաբաժին ունեն եւ վերահսկում են մարզի տնտեսությունը: Հովիկ Աբրահամյանը տարբեր բիզնեսներում ընդգրկել է նախկին պատգամավոր եղբորն ու նրա որդուն՝ Հենրիկ (Ջոնիկ) ու Հովհաննես Աբրահամյաններին, նրա շնորհիվ եղբայրն ու հայրը՝ Ռաֆիկ ու Արգամ Աբրահամյանները, ընտրվել են հայրենի Մխչյան գյուղի ավագանու անդամներ, իսկ եղբորորդին՝ Արսեն Աբրահամյանը, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն է: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո փեսաներից Վահան Մամիկոնյանը, ով Շենգավիթի ոստիկանության պետն էր, նշանակվել է նույն վարչական շրջանի հարկային տեսչության պետ, իսկ մյուսը՝ Վլադիմիր Թամրազյանը, նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ: Որդին` Արգամը, երկու տասնյակից ավելի ընկերությունների հիմնադիր ու փայատեր է:

Պահածոների, գինու, կոնյակի արտադրություն 

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի խանութը և գործարանի մուտքը
Գործարանի շինությունները՝ ետնամասից

«Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ն զբաղվում է ոգելից խմիչքների, այդ թվում` գինու, կոնյակի արտադրությամբ: Այն գտնվում է Արարատի մարզում: Ընկերության բաժնեմասերի 50%-ը պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ մյուս 50%-ը՝ Հովհաննես Աբրահամյանին: 

«Արտաշատ Վինկոնի» հիմնադիրը եղել է «Հովհաննես- Ջ» ՓԲԸ-ն, որը պատկանել է Արգամի հորեղբորն ու հորեղբոր որդուն՝ Հենրիկ եւ Արմեն Աբրահամյաններին: Վերջինս 2000թ. դուրս է եկել «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ից, իսկ 2012թ. նաեւ Հենրիկ Աբրահամյանն է լքել, փոխարենը վերջինիս որդու՝ Հովհաննես Աբրահամյանի հետ 2012թ. հուլիսից ընկերության բաժնետեր է դարձել Արգամ Աբրահամյանը: Նշենք, որ «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 138 միլիոն դրամ: Ընկերության տնօրենը երեւանաբնակ Հենրիկ Պապիկյանն է, իսկ մինչ այդ այն անձամբ ղեկավարել է Հենրիկ Աբրահամյանը:

2010-2011թթ. «Արտաշատ Վինկոնը» բանկերից մոտ 500 հազար դոլար վարկ է վերցրել, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ եղել է այդ վարկերի երաշխավորը: Ամեն ինչ եղել է փոխադարձ, մեր աղբյուրի փոխանցմամբ` եղել են դեպքեր, երբ ընկերությունն է երաշխավորել, որ Հովիկ Աբրահամյանը վարկ ստանա:

«Վիկոմ-Լաբ» ՍՊԸ-ն Հովհաննես Աբրահամյանը հիմնել է 2012թ.` հայ եւ կանադացի գործընկերների մասնակցությամբ: Հ. Աբրահամյանը եւ Սթիվեն Բրայան Ֆերան ընկերությունում ունեն 45-ական տոկոս բաժնեմաս, իսկ 10%-ը պատկանում է Լաուրա Պետրոսյանին: «Վիկոմ-Լաբը» եւս զբաղվում է ոգելից խմիչքների, այդ թվում՝ կոնյակի արտադրությամբ: Ընկերության տնօրենը Հովհաննես Աբրահամյանն է:

«Արտֆուդ» ՍՊԸ-ն՝ նույն ինքը Արտաշատի պահածոների գործարանը, Արգամ Աբրահամյանի հաջորդ բիզնեսն է: Այս ընկերությունում Արգամի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունես հավասարաչափ բաժնեմասեր: Իսկ գործարանի տնօրենը Արմեն Մկրտչյանն է:

«Արտֆուդ» գործարանի տարածքը

Գործարանը 2012թ. հոկտեմբերին մինչեւ 2017թ. մարման ժամկետով 300 միլիոն դրամի վարկ է ստացել ՓՄՁ ներդրումների ՈւՎԿ ՓԲԸ-ից: Վարկի երաշխավորը եղել է Արգամ Աբրահամյանը: Ստացած վարկի մասին հարցում էինք ուղարկել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանին: Վերջինս հրաժարվել է պատասխանել Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող գործարանին տրված վարկին առնչվող հարցին` պատճառաբանելով, թե համաձայն ՀՀ օրենսդրության` իրավասու չէ պատասխանել:

Նշենք, որ այս ընկերությունն է Հայաստան ներմուծում «Natakhtari» լիմոնադները եւ «Borjomi» հանքային ջուրը: 

Բենզա-գազալցակայանները վարչապետի ազգականների համար խոշոր եկամուտ են ապահովում

Արտաշատից մինչեւ Երասխ ճանապարհի ամբողջ երկայնքով ձգվում են վարչապետի ազգականների բենզա եւ զալցակայանները:

«Մայ-Արգ» ՍՊԸ-ն Արգամ Աբրահամյանի բազմաթիվ գազալցակայանների հիմնադիրներից մեկն է, որի իրավաբանական հասցեն Արարատի մարզի Մրգավան գյուղում է: Գազալցակայանի 50% բաժնեմասը պատկանում է Արգամ Աբրահամյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մխչյան գյուղի բնակչուհի Նառա Մելքոնյանին:

«Տրանս գազ» ՍՊԸ-ն Արգամ Աբրահամյանի հաջորդ գազալցակայանն է: Այն հիմնադրվել է 2014թ. փետրվարին: «Տրանս գազ» ՍՊԸ-ում Արգամ Աբրահամյանն ունի 30% բաժնեմաս: 25% բաժնեմաս ունի նրա ազգականը՝ մխչյանցի Գագիկ Պողոսյանը, 25%` երեւանցի Գոռ Սահակյանը եւ 20%՝ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Վարդան Հարությունյանը: Իսկ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է երեւանաբնակ 25-ամյա Արթուր Նազարյանին:

Հովիկ Աբրահամյանի գազալցակայանը Արտաշատում

Գագիկ Պողոսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է: Պողոսյանները Հովիկ Աբրահամյանի մայրական կողմի ազգականներն են: Գագիկ Պողոսյանը մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն է: Այդ ընկերությունները կապվում են Հովիկ եւ Արգամ Աբրահամյանների անվան հետ, ինչը նշանակում է, որ Գ. Պողոսյանի անձը պարզապես թաքցնում է Աբրահամյանների անունները:

Ընկերության իրավաբանական հասցեն Արգամ Աբրահամյանին պատկանող Ամիրյան փողոցի 4/2 հասցեի շենքն է:

«Դալար գազ» ՍՊԸ-ն եւս այս տարի է հիմնադրվել՝ մարտ ամսին: Ընկերությունը 100%-ով պատկանել է Արգամ Աբրահամյանին մինչեւ սեպտեմբերի 26-ը, որից հետո «Դալար գազ» ՍՊԸ-ի 100%-անոց սեփականատեր է դարձել մինչ այդ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Խաչատուր Հովսեփյանը:

Այս գազալցակայանի հասցեն Գագիկ Պողոսյանի հաշվառման հասցեն է: Ակնհայտ է, որ սեփականատիրոջ փոփոխությունը ձեւական է, եւ ընկերության իրական սեփականատերը Արգամ Աբրահամյանն է:

Ուշագրավ է այն փաստը, որ Արգամ Աբրահամյանի ընկերության երբեմնի տնօրեն Խաչատուր Հովսեփյանը 50/50 բաժնեմասով հիմնել է վառելիք ներկրող «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ն: Նրա գործընկերը երեւանաբնակ Ռոման Մուրադյանն է: Հենց նա է զբաղեցնում «Նավթ եւ Գազ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը:

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ. հունիսին եւ վառելիքի առաքում է իրականացնում Երեւանի ողջ տարածքում, ինչպես նաեւ` Գյումրի, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ եւ այլ քաղաքներ:

Ընկերությունը սկզբում կոչվել է «Նեվթի Գազ», այս տարի անվանափոխվել է եւ դարձել «Նավթ եւ Գազ»:  Այս ընկերության իրական բաժնետերերից մեկը վարչապետի որդին է:

«Մեծն Արգամի» ՍՊԸ-ն 2007թ. հիմնադրել է Գագիկ Պողոսյանը, սակայն մեկ տարի անց դուրս է եկել ընկերությունից՝ այն 100%-ով զիջելով վարչապետի կնոջը` Ջուլիետա Աբրահամյանին: Ընկերությունը ղեկավարում է Մրգավետ Գյուղի բնակիչ Ամբիկ Գեւորգյանը: 

«Մեծն Արգամի» ՍՊԸ-ն ունի մի շարք բենզալցակայաններ եւ առեւտրի այլ կետեր Արտաշատում եւ հարեւան գյուղերում: Բենզալցակայաններից մեկն էլ գտնվում է Մխչյան գյուղի սկզբնամասում:  ՍՊԸ-ի գործունեության հիմնական տեսակը պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտուրն է, ինչպես նաեւ` առեւտրա-միջնորդական գործունեությունը:

«Արաշագ» ՍՊԸ-ն Արտաշատ-Երասխ ճանապարհի երկայնքով ունի գազալցակայաններ: Ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Գագիկ Պողոսյանին, 30%-ը` Ոստան գյուղի բնակիչներ Աշոտ եւ Հակոբ Բաբախանյան եղբայրներին, մյուս 30%-ը՝ նույն գյուղի բնակիչ Խաչիկ Զաքարյանին: «Արաշագ» ՍՊԸ-ի տնօրենը Ոստան գյուղի բնակիչ Կարեն Զաքարյանն է:

Ընկերությունը զբաղվում է շինարարության, ավտոմեքենաների տեխսպասարկման եւ վերանորոգման, պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտրով, առեւտրամիջնորդային գործունեությամբ: 

«Հովան-Լիան Գրուպ» ՍՊԸ-ի գազալցակայաններից

«Հովան-Լիան Գրուպ» ՍՊԸ-ն եւս հայտնի է ԱԳԼՃԿ-ների ոլորտում:  Հենրիկ Աբրահամյանը եւ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանը ընկերությունում ունեն հավասար բաժնեմասեր եւ որպես դրա հավաստիք ընկերության անունն էլ 50/50 տարբերակով են ընտրել` այն անվանելով իրենց զավակների՝ Հովհաննեսի եւ Լիանայի անուններով:

Ընկերությունը ղեկավարում է Արթուր Գոգչյանը: 

2013թ. Մխչյան գյուղում հիմնադրվել է ավտոգազալիցքավորմամբ զբաղվող նոր ընկերություն` «Արտ-Գազ» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասերի 30-ական տոկոսը պատկանում է Հենրիկ Աբրահամյանին ու նրա համագյուղացի Գայանե Հովսեփյանին, իսկ 40%-ը` աբովյանցի Սուսաննա Խաչատուրյանին, ով զբաղեցնում է նաեւ ընկերության տնօրենի պաշտոնը:

«Արտ-Գազ» ՍՊԸ-ն զբաղվում է նաեւ գազագծերի շինարարությամբ: 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Առաջին լուսանկարը՝ կառավարության կայքից, վարչապետի ու կնոջ լուսանկարը՝ Հ. Աբրահամյանի ֆեյսբուք էջից

Շարունակելի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (10)
1. նախկին հայաստանցի17:20 - 20 հոկտեմբերի, 2014
Էհ, Գրիշա ջան գրում ես որ ինչ անեն? Ամենաառաջինը մի օր այսպես խոսեց՝ "Ով՜ է ասել որ հարուստ լինելն ամոթ բան ա!" Սայաթն այսպես կպատասխաներ՝ "Իրավ ես արքա! Ամոթը չքավորինն ու աղքատինն է, որ ազգիդ 90% - ն է!" Հայ-վայ սովետ! - ասում էին ինչ ... ուզում եք կերեք, բայց հանկարծ չհարստանաք! Կաշիներդ գլխներովդ կհանենք հառամ զադեք! Երեւի ճիշտ էին անաստվածները, հենց դրա համար էլ վերացրին, որ առնետներն անարգել բազմանան! Ինձ համար չափից դուրս էր արդեն, ես թողեցի փախա կռիսանոց դարձաց հայրենիքից՝ ներող կլինեք!
2. Վարազ Սյունի (Ամստերդամ) 21:55 - 20 հոկտեմբերի, 2014
Դասական մաֆիա: «Մաֆիան» միայն մութ նկուղներում անօրինական գործարքներ անելը չէ: ...............................Հայաստանում բոլոր հավաբների «պահակները» աղվեսնե՛ր են: Մնում է,որ հավերը մի օր վեր կենան ու իրենց պահակներին իրենց աքլորներին դնեն:
3. Արմենակ Եղիայեան04:31 - 21 հոկտեմբերի, 2014
Այս բոլորը ցոյց կու տան, որ արևելահայը ստորագոյն ընչաքաղցն է, և ոջինչ կը նշանակեն իրեն համար ազգ, հայրենիք, պատմութիւն հասկացութիւնները: Պարզապէս զզուելի է:
4. Խաչիկ Մելեքյան10:20 - 24 հոկտեմբերի, 2014
Արմենակ Եղիայան, սրտիդ խոսքը ասացիր, ու առոք փառոք ըմբոշխնեցիր սուրճդ. Ամոթ է նման արտահայտություն անել-- արևելահայ, արևմտահայ. Գիտե՞ս արդյոք որ մեկ ուրիշի ջրաղացին ջուր լցրեցիր, ևս մի անգամ սեպ խրելով բազմաչարչար հայ ժողովրդի 2 հատվածների միջև։ Ի՞նչ շահեցիր։ Բավական է այլևս.
5. Մեկը12:52 - 30 հունվարի, 2015
Արմենակ Եղիայան, ամոթ, հազար ամոթ: Արևելահայերը հայրենիքդ են պաշտպանում թուրքից, երկիր են պահում այստեղ, Հայաստան աշխարհ: Թողել-փախել եք, որ ինչ, մեծ-մեծ խոսեք ազգի, հայրենիքի, ժողովրդի և այլնի մասին? Ժամանակին ձեզ նմաններին դավաճան էին ասում...
6. Աստղիկ09:46 - 12 ապրիլի, 2016
Արմենակ Եղիայեան, չկան արեւելահայեր եւ արեւմտահայեր, կան միայն ՀԱՅԵՐ: Այո, վերջին մի քանի տասնամեակներու ընթացքին Հայաստանէն արտագաղթած հայեր մեր երեսը սեւցնելու չափ գողութիւններ եւայլն... ըրին աշխարհի տարբեր երկիրներուն մէջ եւ գող անունը հանեցին, բայց բոլորը այդպէս չեն, կան շատ պատուաւորներն ալ, թացը չորին հետ մի այրէք: Ամէն ազգի մէջ ալ կան եւ լաւերը եւ վատերը: Աշխարհի վրայ քանի՞ հատ տարբեր ազգութեան պատկանող միլիոնատէր կայ, անոնք ուրկէ՞ բերած են իրենց հարստութիւնը...
7. Կարեն Մանուկյան14:51 - 12 ապրիլի, 2016
Վատա, որ առաջարկում են հավասար պայմաններում խաղան? դա անհասկանալի քննադատություն էր, իսկ մնացածի մասով վարչապետը երբեք էլ չի հերքել, որ գյուղատնտեսությամբ բիզնես նվաճումներիա հասել: Եվ առհասարակ հղում եք անում հայտարարագրին, որն ըստ էության բացա ու լրացվելա վարչապետի կողմից, հետևաբար ակնհայտա, որ թափանցիկա գործում մարդը
8. Lilit Sedrakyan16:10 - 12 ապրիլի, 2016
Քեթրինի Միհրանինը հասկացանք, բայց սա ախր լրիվ ուրիշ թեմայա. Չի կարելի երկրի դե ֆակտո երկրորդ դեմքին այս կարգի անհիմն մեղադրանքներ ներկայացնել. Հ.Գ. կխնդրեմ գրառումս տեղադրել
9. Նելսոն16:12 - 12 ապրիլի, 2016
Օվ ագահ մարդ ,օվ անկուշտ մարդ ,միտքդ երկար կյանքդ կարճ
10. Էդգար18:28 - 12 ապրիլի, 2016
Սահմանում դեռ իրավիճակը չի հանդարտվել , իսկ դուք ստորաբար հին նյութեր հրապարակելով փորձում եք սևացնել վարչապետին: Այսպիսի պահերին մեր ազգին անհրաժեշտ է համախմբվել, իսկ ձեր նման դավաճանները փորձում են պառակտել մեր ժողովրդին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ