HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչի դատապարտումը մի՞թե նոր հանգամանք չէ

2008 թ-ին ցմահ ազատազրկման դատապարտված Արեն Չատինյանը հոկտեմբերի 17-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Արեն Չատինյանը հացադուլ հայտարարելու մասին դիմում է գրել, սակայն չի նշել որևէ պահանջ: Աշխատանքներ են տարվում` ճշտելու հացադուլի պատճառը: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- նշեց Գոռ Ղլեչյանը:

Ցմահ դատապարտյալի ընտանիքը պահանջում է գործի վերանայում

«Հետքը» զրուցեց 27-ամյա ցմահ դատապարտյալի մոր՝ Ալլա Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ տղայի, ինչպես նաև իրենց ընտանիքի բարձրացրած խնդիրն արդեն 6 տարի է՝ նույնն է՝ քրեական գործի վերանայում: «Երեկ ես եղա Գլխավոր դատախազությունում, ինձ ընդունեց քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը, ասաց այն, ինչ մշտապես լսել ենք՝ քրեական գործի վերաբացումը կարող է լինել միայն նոր երևան եկած հանգամանքների դեպքում: Մեր գրած բոլոր դիմումների պատասխաններում այդ նույն տողն է նշված: Հիշո՞ւմ եք՝ մոտ մեկ տարի առաջ էր, որ նորից եկանք գլխավոր դատախազություն, նորից մեզ ընդունեց նույն պաշտոնյան, նորից նույն միտքն ասաց: Բայց մենք էլ պնդում ենք, որ գործը քննող քննիչը ապացույցները խեղաթյուրելու համար 2009-ին դատապարտվել է: Մենակ այդ փաստը բավարար չէ՞ արդյոք, որ Արենիս գործն էլ նորից նայեն: Ահա և ձեզ նոր հանգամանք»,- ասաց հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը:

Քննիչը ապացույցները խեղաթյուրելու համար դատապարտվել է

2008 թ-ին այս գործով նախաքննությունը վարել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը, ով Արենի գործից մեկ տարի անց՝ 2009թ.-ին, մեղադրվել է մեկ այլ գործով ապացույցները խեղաթյուրելու մեղադրանքով: Նա  դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Արենի մայրը՝ տիկին Ալլան, կարծում է, որ նույն կեղծիքներն էլ իր որդու գործում են, թերևս, արվել նույն քննիչի կողմից: Բայց այս ամենը հիմք չի դառնում Գլխավոր դատախազության համար, որ ուսումնասիրեն Արեն Չատինյանի քրեական գործը: Օրինակ` ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ քննիչի կասկածելի գործերի հիմքով նրանց մյուս գործերը նույնպես վերաբացելու հարց է բարձրացվում:  Եթե Արեն Չատինյանի դեպքը լիներ ԱՄՆ-ում, միայն այդ հիմքով կարող էր գոնե կրկնակի ուսումնասիրվել նրա գործը, ինչպես Բրուկլինի շրջանային դատախազությունն էր որոշել նախկին քննիչի քննած գործերն ուսումնասիրել, և շուրջ 20 գործի վերաբացման հարց բարձրացրել: 

Փորձաքննություններով հերքվել է Արեն Չատինյանի գտնվելը դեպքի վայրում

«Հետքն» անդրադարձել է Արեն Չատինյանի պատմությանը: Նա սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, ցմահ ազատազրկման է դատապարտվել 4-րդ կուրսում (դատավոր` վաստակած հանգստի անցած՝ Մհեր Խաչատրյան): Մեղադրվել է տաքսու վարորդ և ոսկերիչ Սիրակ Մարտիրոսյանի սպանության մեջ: Իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել` անհիմն համարվելու պատճառաբանությամբ:

«Հետքը» ծանոթացել է Արեն Չատինյանի վերաբերյալ քրեական գործին, զրուցել փաստաբան Վարդան Սաֆարյանի հետ, ով մինչ օրս պնդում է, որ իր համար պարզ չէ սպանության մոտիվը, իրար չեն ճանաչել, պարտք ու պահանջ չեն ունեցել: Բոլոր փորձաքննությունների արդյունքներով հերքվել է Արենի գտնվելը դեպքի վայրում: Ըստ փաստաբանի` նրան դատապարտելու միակ հիմքը սպանվածի բջջային հեռախոսն է եղել, որը գտնվել է Արենի մոտ, ավելին՝ նա նշել է, որ այգում է գտել այդ հեռախոսը, իր քարտը դրել ու զանգեր կատարել:

Ի՞նչ կապ ունեն երկու չբացահայտված գողությունները սպանության հետ

Սպանվածի տաքսու մեջ հայտնաբերվել են այլ մարդու մատնահետքեր, որը գտնվում է հետախուզման մեջ՝ Ամիրյան 18Ա շենքի բնակարաններից մեկից խոշոր չափերի գողություն կատարելու կասկածանքով: Քրեական գործում կա ևս մեկ նույնատիպ գողության մասին հիշատակում. ոսկերիչ, վարորդ Սիրակի հոր հորեղբոր բնակարանի գողությունն է, որը քննել է Արենի գործը քննող նույն քննիչը ու կայացրել կասեցման որոշում՝ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով (2004 թ.-ին Ամիրյան 18Ա շենքի գողության գործը ևս կարճվել է նույն հիմքով): Սակայն քննիչը դարձյալ որևէ կապ չի տեսել 2 գողությունների ու Սիրակ Մարտիրոսյանի սպանության միջև: Չեն քննվել 2 գողությունների, Սիրակի ոսկերչական գործունեության հետ կապված վարկածները:

Լուսանկարում՝ ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանն ու նրա մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter