HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյունաշողի համայնքապետը կնիքը փոխանցեց ամուսնուն

Տաշիրի տաքսու վարորդներից շատերին սահմանամերձ Ձյունաշող գյուղի անունն անծանոթ է: Միայն հին` Ղըզլշաֆակ անունը լսելուց հետո նրանք ցույց տվեցին գյուղի ճանապարհը: Ձյունաշողի ճանապարհից ավելի վատ ճանապարհ Լոռու մարզի որեւէ համայնքում չէի հանդիպել: Տաքսին մխրճվում էր  ճանապարհի  բկին հասնող  հսկա տիղմափոսերի մեջ: Թվում էր` այնտեղից  այլեւս դուրս չենք գալու: Գյուղի մուտքն անմարդաբնակ էր, տները` քանդված: Խաչվող ճանապարհներից մի կերպ որոշեցինք գյուղամեջ գնացողը: «Մեր առաջնահերթ խնդիրը գյուղի ճանապարհներն են: Եթե ճանապարհը սարքվի` արտագաղթ չենք ունենա»,- ասաց Ձյունաշող համայնքի ղեկավարի տեղակալ, համայնքապետի թեկնածու Գարիկ Գրիգորյանը:

Ձյունաշողում նախկինում ադրբեջանցիներ են ապրել: Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները 1989թ.-ին Ղզըլշաֆակի ադրբեջանցի բնակչությանը փոխանակել են Վրաստանի Քյարքյանջ գյուղում բնակվող հայ բնակիչների հետ: Ղըզլշաֆակը Ձյունաշող է անվանվել 1991թ.-ի օգոստոսի 8-ին: Գյուղը սահմանակից է Վրաստանի Իլգանչայ գյուղին: Սահմանը փշալարով փակված է: «Մենակ այս գյուղն է, որ տունը տան հետ փոխանակվել է»,- հայտնեց Գ. Գրիգորյանը:

Վերջինս ասաց, որ ինքը նույնպես Քյարքյանջից եկածներից  է եւ 1999թ.-ին Ձյունաշողում եղել է մոտ 300 տնտեսություն: Դպրոցը, որտեղ հիմա 33 աշակերտ է սովորում, այն ժամանակ  աշակերտների մեծ քանակի պատճառով երկհերթ է աշխատել: Դպրոցի շենքի տանիքը վերանորգված էր: «Այս տարի է վերանորոգվել, սակայն շենքի ներսը խարխուլ է»,- տեղեկացրեց Գ. Գրիգորյանը:

«Հիմա վատ  է Ձյունաշողի վիճակը: Բնակչության 90%-ը թողել-գնացել է: Հայ բնակիչները գնալուց առաջ իրենց տները քանդել են, ինչպե՞ս կարող է լավ լինել: Մի 60 տուն հազիվ է մնացել, բայց ապրողները մի 20-30 տուն են»,- բացատրեց համայնքի ավագանու անդամ Իշխան Ծատուրյանը: Փաստորեն, Ձյունաշողում 200-ից ավելի կառուցված տուն է քանդվել ու ոչ ոք քանդողների ձեռքը չի բռնել: Էն ժամանակ, Իշխանի ասելով,  Ձյունաշողում  հաց, լույս, ջուր չի եղել: «Ղարաբաղի պատերազմն էր սկսվել: Ժողովուրդն էլ Քյարքյանջից փախած եկավ այստեղ, այստեղից էլ հուսահատված` գնացին Ռուսաստան»,- բացատրեց  Իշխանը:

Գյուղում խանութ, դեղատուն, մանկապարտեզ չկա: «Սննդամթերքը Տաշիրից ենք առնում: Արդեն սովորել ենք մեր միջավայրին` դեղատուն, խանութ ճանապարհ չունենալուն:  Կարող է ձմեռը, անգամ ամառը ճանապարհը փակ լինի: Մենք դրան էլ ենք սովորել»,- ասաց  Իշխանը: Ձյունաշողի հեռանկարի նկատմամբ անհույս էր Բաքվից արտագաղթած Յաշա Խաչատրյանը: «Գյուղն ի՞նչ զարգանա, գյուղը մեռնում ա: Էն, որ նոր եկել էինք, էն ժամանակ մի 1000 բնակիչ կար գյուղում: Էն ժամանակ ջուր չկար, հոսանք չկար, մարդիկ հեռացան:  Հիմա  ջուրը կա, հոսանքը կա, գյուղում մարդ չկա, որ մարդ լինի` կյանքը լավ կլինի»,- բացատրեց Յաշա Խաչատրյանը: Վերջինս գյուղի երիտասարդներից բողոքեց. «Մի քիչ էլ թամբալ են էլի, չեն ուզում գյուղում աշխատել: Գյուղում աշխատանք միշտ էլ կլինի: Դու անասուն պահի, անասունը քեզ կպահի: Չեն ուզում պահել»:

«Ձյունաշողից Տաշիր գնացող ավտոբուս չի աշխատում: «Տաշիր գնալ-գալու համար տաքսու վարորդները 5 հազար դրամ են ուզում: Էս է մեր ժողովրդի վիճակը, դրա համար էլ մարդիկ գյուղից հեռանում են»,- ասաց Ֆլորա Խաչատրյանը:

Մարիետա Սարգսյանի ասելով` ինքն ու իր ընտանիքը նույնպես միտք չունեն Ձյունաշողում ապրելու, քանի որ  նրա երեք երեխաներն արդեն մեծացել են, սահմանամերձ գյուղում ապագա չունեն, տղային էլ շուտով բանակ են տանելու:

Ձյունաշողը 426,4 հա վարելահող, 737,2 հա խոտհարք, 236,6 հա արոտավայր ունի: Ժամանակին այն Կալինինոյի շրջանի ամենահարուստ գյուղերից մեկն  է եղել: «Ովքե՞ր են մշակում գյուղի 426,4 հա վարելահողերը»,- հարցրի Գարիկ Գրիգորյանին: «Այսօր մի 200 հա սեփականաշնորհված վարելահող օգտագործում են որպես խոտահարքր: Մոտ մի 200 հա վարելահող էլ մշակում է Տաշիրում գրանցված «Բոզոյան» ՍՊԸ-ն: Վերջինս նաեւ խոտհարքներ է տնօրինում»,- պատասխանեց համայնքապետը:

Շուրջ 90 հա խոտհարք ու վարելահող էլ տնօրինում է Գարիկ Գրիգորյանը: Գյուղացիները մշակում են միայն իրենց տնամերձերը: Համայնքապետի ասելով` շատ ձյունաշողցիներ Ռուսաստանում մահացել են, իսկ նրանց հողերն անտեր ընկած են: Ձյունաշողում շուրջ 250 խոշոր եղջերավոր անասուն է գրանցված: Գյուղում 20-30 տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ:  

Համայնքի 2014 բյուջեի եկամուտները կազմում են 9,1 մլն դրամ: Ծախսային մասում 5,9 մլն դրամը նախատեսված է աշխատավարձի ֆոնդ: Փաստացի հազիվ 100 բնակիչ ունեցող համայնքի հաստիքացուցակով Ձյունաշողում  պահվել են համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքի ղեկավարի  օգնականի, աշխատակազմի քարտուղարի, աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի հաստիքներ:

Համայնքապետի պաշտոնը 8 տարի ձեւականորեն ստանձնել է Յանա Մարտիրոսյանը: Իրականում  Ձյունաշողի  մեծաքանակ հողերն ու համայնքի բյուջեն այդ տարիներին տնօրինել է նրա տեղակալ ամուսինը` Գարիկ Գրիգորյանը, ով հոկտեմբերի 19-ին ընտրվեց Ձյունաշողի համայնքապետ: Դատարկված Ձյունաշողը միասին ղեկավարող, գյուղի շուրջ 90 հա խոտհարքներ ու վարելահողեր տնօրինող ամուսիները որոշել են  համայնքի բյուջեից վճարել Վանաձորի բժշկական քոլեջում սովորող իրենց 2 երեխաների` Էդուարդ եւ Լիլիա Գրիգորյանների 2013-2014թթ. ուսման վարձը, որի համար Ձյունաշողի ավագանու 2013թ.-ի հոկտեմբերի 28-ի N 23-Ա որոշմամբ 180 հազար դրամ է փոխանցվել Վանաձորի բժշկական քոլեջին:

Գարիկ Գրիգորյանն սկզբում հերքում էր, որ համայնքի բյուջեից է վճարել իր երեխաների ուսման վարձը: Նրան հիշեցրեցի ավագանու որոշման համարը:  «Հա, դե կա, ավագանու որոշում կա: Ես իրավունք չունե՞մ, էսօր էրեխեքիս ուսման վարձը բյուջեից փոխանցելու»,- վրդովված ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter