HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալական գույները Սեւանում

Արմինե Ղուկասյան

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Իտալիայի Ավիլիանա գյուղաքաղաքի բնակիչ, մասնագիտությամբ օդանավային ճարտարապետ Կարեն Կոկչյանը ժամանեց Հայաստան:

«Ունեի մեկ նպատակ` ճանաչել երկիրս, նրա մշակութային արժեքները: Ճանապարհները բերեցին նաեւ Սեւան: Տպավորություններս անկրկնելի էին,- ասում է Կոկչյանը,- իմ սիրտը մնաց Սեւանում, որն էլ ինձ ստիպեց կրկին գալ այստեղ արդեն ոչ թե զբոսաշրջիկ, այլ այս քաղաքի ու նրա մարդկանց որեւէ բանով պիտանի լինելու պատրաստակամությամբ»:

Սեւանի տեղական իշխանությունների հետ հանդիպումն էլ համայնքում կոնկրետ ձեռնարկների իրականացմանն էր միտված: Առաջինին հաջորդեց երկրորդը, ապա երրորդը: Ցանկության ու երազանքի ճանապարհին Կոկչյանը Սեւանում իրականացրեց հերթական ձեռնարկը, այս անգամ` մշակութային եւ ճանաչողական:

Դեռեւս ամիսներ առաջ Ավիլիանայում նա կազմակերպել էր «Հայաստան» խորագրով լուսանկարների ցուցադրություն: Հայաստանում արված նրա լուսանկարներով իտալացիները ճանաչել են հային ու Հայաստանը` իրենց համար բացահայտելով մի նոր իրականություն:

Հոկտեմբերի 20-ին Սեւանում` մշակույթի պալատի ճեմասրահի պատերին իտալական Ավիլիանան եւ Թուրինն էին հանգրվանել` լուսանկարներ դարձած: Վեց տասնյակի հասնող լուսանկարչական աշխատանքներն ակնթարթներ էին, որ ներկաներին մոտեցնում էին իտալական մշակույթին ու բնաշխարհին, կենցաղին ու մարդկանց:

«Թուրին-Ավիլիանա» լուսանկարների` սեւանյան ցուցադրության շնորհանդեսի առթիվ Սեւան էին ժամանել Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, քաղաքապետի օգնական Առնալդո Ռեվիլիոն, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջիովաննի Ռիչչուլլին, որոնց ուղեկցում էր ցուցադրության հեղինակ Կարեն Կոկչյանը:

Ողջունելով ցուցադրության մասնակիցներին` քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նկատեց. «Միմյանց ճանաչելու լավագույն ձեւերից մեկն է սա, որի ականատեսն ու մասնակիցն ենք բոլորս` շնորհիվ Կարեն Կոկչյան բարերարի, հիանալի մարդու, հայրենասերի: Մեծ ու առաքինի գործերը միշտ համախմբում են մարդկանց: Վստահաբար կարելի է ասել, որ Կ. Կոկչյանի իրականցրած բազմաբնույթ ձեռնարկների եւ հետագայում էլ իրականացվող աշխատանքների շնորհիվ հնարավոր է համախմբել երկու քաղաքները մեկ գաղափարի շուրջ, որը դառնալու է բարեկամության եւ համագործակցության մի նոր սկիզբ»: Սեւանի քաղաքապետը իր եւ Սեւան համայնքի բնակիչների անունից Կարեն Կոկչյանին պարգեւատրեց քաղաքապետի պատվոգրով` գնահատելով նրա կատարած աշխատանք:

Իրենց ելույթներում ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ջիովաննի Ռիչչուլլին, Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն գնահատեցին Կ. Կոկչյանի աշխատանքը, կարեւորեցին երկու ժողովուրդների եւ երկու քաղաքների բարեկամության, համագործակցության ճանապարհին նման ձեռնարկների անհրաժեշտությունը:

12 հազար բնակչություն ունեցող Ավիլիանա քաղաքում բավականին զարգացած է արդյունաբերությունը, մասնավորապես նավաշինությունը: Քաղաքի զարգացումը կապվում է նաեւ զբոսաշրջության հետ: Կարեն Կոկչյանի շնորհիվ Ավիլիանայի բնակչությունը պատկերացում ունի ե'ւ հայկական մշակույթի, ե'ւ ցեղասպանության մասին: Քաղաքապետ Պատրիցիոյի փոխանցմամբ` ներկայումս աշխատանքներ են տարվում Ավիլիանան բաց քաղաք դարձնելու ուղղությամբ, որը նպաստելու է տեղի բնակիչների բարօրությանը, համագործակցային կապերի հաստատմանը:

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հանդիպումը կարեւորեց, նախ` հայ-իտալական ժողովուրդների միմյանց լավ ճանաչելու, ապա ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու տեսանկյունից: «Սեւանում բարեգործական ծրագրեր իրականացրած Կոկչյանն այսօր էլ նպաստում է երկկողմ մշակութային արժեքների պահպանմանը, նաեւ երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն, որը խոստումնալից սկիզբ է քույր քաղաքներ համագործակցության համար: Եթե Ավիլիանան ցանկանում է դառնալ բաց քաղաք, ապա մենք ցանկանում ենք ունենալ բաց հասարակություն, որպեսզի շփումները լինեն ազատ եւ հեռանկարային»,- նկատեց Սեւանի քաղաքապետը:

Ընդունելության ընթացքում Կոկչյանը ներկայացրեց 2015թ.-ին Ավիլիանայում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների ծրագիրը, որը նվիրված է լինելու Ցեղասպանաության 100-ամյա տարելիցին: Միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացավ նաեւ Սեւանի քաղաքապետը:

Անկրկնելի տպավորություններով հագեցած օրը շարունակվեց մինչ երեկո, իսկ «Թուրին-Ավիլիանա» լուսանկարների ցուցադրությունը կշարունակվի մինչեւ հոկտեմբեր ամսվա ավարտը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter