HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանի գործով դատարանում հարցաքննվեց Լորետա Բարսեղյանը

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հոկտեմբերի 21-ին շարունակվեց Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը:  Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս դատական նիստը սկսվեց տեսաձայնագրության հետազոտությամբ: Մինչ  հարցաքննքությանն անցնելը, դատավոր Նապոլեոն Օհանյանը հայտարարեց, որ ուսումնասիրելով գործի նյութերը և անդրադառնալով տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանի հայտարարությունը, որով Նիկոլայ Աբրահամյանը տուժող չի հանդիսանում և նախորդ դատական նիստերում լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործում որպես տուժող նշված Ն. Աբրահամյանը տուժող չի հանդիսանում. «Նա որևէ առնչություն չունի մեղադրանքի ծավալի հետ, նրան որևէ բարոյական, ֆիզիկական վնաս չի պատճառվել, ուստի դատարանը որոշում է սույն քրգործի շրջանակներում Ն. Աբրահամյանի կարգավիճակը որպես տուժողի վերացնել և նրան հարցաքննել որպես վկա»: Դատավորը շարունակեց, որ սույն քրեական գործով տուժողի իրավահաջորդ  ճանաչված Էմիլ Բուդաղյանը նույնպես  առնչություն չունի մեղադրանքի ծավալի հետ, ուստի դատարանը որոշեց Է. Բուդաղյանի կարգավիճակը որպես տուժողի իրավահաջորդի վերացնել և անհրաժեշտության դեպքում նրան հարցաքննել որպես վկա:

Դատավորի հայտարարությունները լսելուց հետո ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան  Հ. Ալումյանի այն  հարցին, թե դատարանը օրենքի որ դրույթի հիման վրա է նման որոշում կայացրել, դատավոր Ն. Օհանյանը շեշտեց Քր օրենսգրքի  41 և 313 հոդվածները, որով «դատավորը իրավունք ունի որոշումներ կայացնել»:  Սակայն Հ. Ալումյանը առարկեց. «Դատավորը ոչ թե իրավունք ունի անել այն ամենը,  ինչ օրենքով արգելված չէ, այլ այն, ինչ օրենքով ուղիղ ամրագրված է. դատարանը նման լիազորություն օրենքով չունի»,- նշեց ամբաստանյալի պաշտպանը:

Դատավորը հայտարարեց, որ անցնում են սույն  գործով տուժող ճանաչված  Լորետա Բարսեղյանի հարցաքննությանը: Մինչ ցուցմունք տալը, Լ. Բարսեղյանը հանդես եկավ հայտարարությամբ:

« Քանի որ տեսանյութը ցուցադրվեց, ես ևս մեկ անգամ վերապրեցի, այդ սարսափելի սատանայական գիշերը, որի արդյունքում ունեցանք մեկ զոհ և երկու վիրավոր: Կընդունեն Բուդաղյանները, թե ոչ, բայց ես ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել զոհվածի կապակցությամբ: Ես երկու կողմերին կոչ եմ անում և խնդրում եմ  որ լինեն միայն խաղաղ, սառը դատողությամբ վերաբերվեն էս ամեն ինչին, որովհետև նույն քաղաքում ապրելու ենք շատ երկար և չեմ ուզում լարված մթնոլորտում ապրենք»,- հայտարարեց տուժող Լ. Բարսեղյանը և սկսեց պատմել, թե ինչպես է Արտակ Բուդաղյանը զինված եկել իրենց առանձնատան մոտ և սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին, իսկ ինքն էլ փորձել է ետ պահել Ա. Բուդաղյանին, որ ոչ մեկին չվնասի: Լ. Բարսեղյանի ներկայացուցիչ Ռ. Սահակյանի այն հարցին, թե որն էր Ավետիք Բուդաղյանի գործողությունները Ա. Բուդաղյանի գալուց հետո, տուժողը պատասխանեց, որ «խնդրում էր եղբորը, որ գնա»:

Երբ Ա. Բուդաղյանի պաշտպան Հ. Ալումյանը հարցրեց, թե քանի տեսախցիկ կա իրենց առանձնատանը և որտեղ էին տեղադրված դեպքի օրը, Լ. Բարսեղյանն ասաց, որ «դա մեղադրանքի ծավալի մեջ չի մտնում, դա վերաբերում է ինձ և իմ ընտանիքին»:  Լ. Բարսեղյանի ներկայացուցիչն էլ ավելացրեց, որ «այս հարցը վերաբերում է Լ. Բարսեղյանին և իր ընտանիքին և իր կամքն է պատասխանել, թե ոչ»:

Կողմերի առարկությունները լսելուց հետո, դատավորը շեշտեց, որ հարցը չի հանվել և  տուժողը պետք է պատասխանի կամ էլ հայտարարի, որ հրաժարվում է պատասխանել: Լ. Բարսեղյանը պատասխանեց, որ չգիտի, քանի որ դեպքի օրվանից  2 օր առաջ էին տեղադրել տեսախցիկները:

Հ. Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Կարծում եմ, որ մեղադրողը և տուժողի ներկայացուցիչները անհարկի լարում են մթնոլորտը, որովհետև շատ հասարակ, սովորական հարց էր և չարժեր այնպես անել, որ այս հարցի պատասխանը դառնար սկզբունքային խնդիր կողմերի համար»,-նշեց ամբաստանյալի պաշտպանյալը:

Ալումյանի հերթական հարցին, թե որ կողմ են նայում Լ. Բարսեղյանի ամուսնու՝ Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակի պատուհանները, տուժողը պատասխանեց, որ «անձնական բնույթի հարցեր է տալիս», ամբաստանյալի պաշտպանն էլ ավելացրեց, որ  «այս դեպքի հետ կապված ինչ էլ որ հարցնեմ, ինչ որ չափով վերաբերելու են կամ Ձեզ կամ Ձեր մերձավոր ազգականներից մեկին»,- նշեց Հ. Ալումյանը:

Լ. Բարսեղյանը կրկին պատասխանեց, որ «դա վերաբերում է իմ անձին, մեղադրանքի ծավալից դուրս է» և չնայած որ դատավորը այն որպես պատասխան չընդունեց, բայց տուժողը էլի պնդեց, որ «դա է իր պատասխանը»: Հ. Ալումյանն առարկեց, պատճառաբանելով, որ «դա գնահատական էր և ոչ պատասխան»:

Տուժողը նույն պատասխանը տվեց նաև Հ. Ալումյանի այն հարցերին, թե արդյոք այդ սենյակից կլսվեր Ա. Բուդաղյանի սպառնալիքներն ու հայհոյանքները, թե ինչ կապ ունեն Զարզանդ Նիկողոսյանը, Նիկոլայ Աբրահամյանը Լ. Բարսեղյանի ընտանիքի հետ: Դատարանը արձանագրեց, որ Լ. Բարսեղյանը հրաժարվում է պատասխանել այդ հարցերին:

Թե ինչպես է դրսևորվել Ա. Բուդաղյանի սպառնալիքները Լ. Բարսեղյանի նկատմամբ, տուժողը պատասխանեց, որ «հայհոյել է, բայց չի խփել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter