HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայրենյաց գյուղի դպրոցում այս ձմեռ դասերը կանցկացվեն տաք դասասենյակներում

Հայրենյաց գյուղի երկհարկանի դպրոցն արտաքինից նորակառույցի տպավորություն է թողնում, սակայն ներսում պատկերն այլ է: 1974թ-ին կառուցված շենքը գրեթե 40 տարի կոսմետիկ վերանորոգման չի ենթարկվել: Միայն 2012 թ-ին, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրով վերանորոգվել են առաջին հարկի դասասենյակներն ու սանհանգույցը:

Անցած տարի նորացվել են դասասենյակների դռներն ու պատուհանները: Նորոգչական աշխատանքներին մասնակցություն է ունեցել նաեւ համայնքը: 10 դուռ նորացվել է համայնքային բյուջեից տրամադրված գումարներով, իսկ պատուհաններն ամբողջությամբ փոխարինվել են նորերով՝ մարզպետարանի հրատապ ծրագրի շրջանակներում:

Միջանցքի փայտե հատակի մեծ ու փոքր ճեղքերից ազատ ել ու մուտ անող կրծողներին տանտերերն առայժմ դիմակայում են թակարդներով: «Պիտի համբերենք, մինչեւ միջանցքի ու երկրորդ հարկի նորոգման համար էլ գումարներ հատկացվեն»,-տեղեկացնում է Հայրենյացի միջնակարգ դպրոցի տնօրեն Մասիս Ոսկանյանը՝ հավելելով, որ այս տարի նոր ջրհորդաններ են տեղադրվել եւ ջեռուցման համակարգ է անցկացվում՝ պետբյուջեից հատկացված գումարների հաշվին:

Նախորդ տարիներին դասասենյակներում հարկ եղած ջերմությունն ապահովելու համար Հայրենյացի դպրոցում օգտվել են երկրաշարժից հետո մեծ տարածում գտած հեղուկ վառելանյութի (սոլյարայուղ) վառարաններից:

«Սալյարկային բնորոշ հոտը, քամի օրերին նորմալ չվառվելու պրոբլեմը միշտ էլ եղել է: Հիմա, որ անցնենք գազով տաքացման, ջեռուցման նորմալ համակարգը գործի՝ էդ խնդիրներից կազատվենք,- նկատում է տնօրենը,- հետո կկարողանանք դասասենյակներում 20-22 աստիճան տաքություն ապահովել: Անցած երկու տարին մեզ համար փորձություն եղավ, որովետեւ կարկուտից ապակիները վնասվել էին ու գումարներ չկային, որ նորով փոխարինեինք: Դասարանների մի մասում պոլիէթիլենային թաղանթով էինք փակել: Ցրտերին ջեռուցում էինք, բայց հազիվ կարողանում էինք 12-13 աստիճան տաքություն ապահովել»:

Դիզվառելիքով ձմռան ամիսներին դպրոցը ջեռուցելիս ծախսը կազմել է 1մլն 400 հազար դրամ: Լոկալ ջեռուցման դիմաց վճարվելիք գումարի չափը պարզ կդառնա գազով մեկ-երկու ամիս տաքանալուց հետո միայն:

Դպրոցը խորհրդային տարիներին նախատեսված է եղել 8-ամյա կրթության համար: Ցանկացողներն այնուհետեւ միջնակարգ կրթություն ստանալու համար հաճախել են հարեւան Հոռոմ գյուղի դպրոց: Այս կարգավիճակը պահպանվել է մինչեւ 1998-99թթ.-ը, իսկ հետո Հայրենյացի դպրոցը վերակազմավորվել է 10-ամյա միջնակարգ դպրոցի: Հիմա արդեն, երբ անցել են 12-ամյա կրթական համակարգի, խնդիրներ են ծագել՝ կապված դասասենյակների քանակի հետ:

«8-ամյայի դեպքում դպրոցը կարող էր մինչեւ 250 աշակերտ էլ տեղավորել: 12-ամյա դպրոցը 120 աշակերտ դժվարությամբ կտեղավորի: Դասասենյակները բավականին ընդարձակ են, կարող ենք մինչեւ 25 աշակերտ խտությամբ տեղավորել, սակայն հարցը դասարանների քանակի մեջ է,- բացատրում է Մասիս Ոսկանյանը,- այն ժամանակ 8 դասասենյակ էր, հիմա 12-ի կարիքն ունենք: Ինչ կաբինետ կար, որ այն ժամանակ ծառայում էր որպես կաբինետ՝ վերածել ենք դասասենյակի, որ կարողանանք երեխաներին տեղավորել: Հիմա դա էլ չի բավականացնում»:

Գյուղում մանկապարտեզի բացը լրացնելու նպատակով` դպրոցում երկու տարի առաջ ստեղծվեց նախակրթարան: Մեկ տարի աշխատավարձի ֆոնդն ապահովել է համայնքապետարանը, հիմա արդեն ֆինանսավորումը կատարվում է պետբյուջեից: Սակայն հարցն այն է, որ պետական ֆինանսավորումը նախատեսված է 5-6 տարեկաններից ձեւավորված ավագ խմբի համար միայն:

«Ցավոք սրտի հիմա ունենք 6 երեխա այդ տարիքի, ստիպված դիմել ենք մարզպետին, որ թույլատրեն վերցնել նաեւ մինչեւ 2010 թ-ը ծնված 13 երեխայի, որ խումբը ձեւավորվի, բայց այ նրանց համար պետությունից ֆինանսավորում չենք ստանում,- նկատում է դպրոցի տնօրենը,- եթե 2015թ-ին ֆինանսավորում չստանանք, ստիպված ենք լինելու դիմել կամ գյուղապետարանի կամ ծնողների օգնությանը: Երկու դաստիարակների աշխատավարձը տարեկան կազմում է 1 մլն 400 հազար դրամ: Դպրոցը դա չի կարող տրամադրել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter