HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռներից ու ծովերից անդին, սահմանափակի եւ անսահմանի արանքում

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Ողբերգությունը մարդկային կյանքում հսկայական ներուժի կուտակման աղբյուր է: Այն ստիպում է մարդկանց կամ «ավերածություններ գործել», այդ թվում` ինքնասպանություն ու ինքնաոչնչացում, կամ այնպիսի բարձունքներ հաղթահարել, որոնց մասին մինչ ողբերգությունը միայն երազել կարելի էր: Ազգերի ողբերգությունը` կախված նրանից, թե ինչպիսի ազդակներ են գործում ողբերգությունից հետո, նմանապես դառնում է ազգի առաջընթացի կամ փլուզման սկզբնաղբյուր:

Ողբերգություն ապրելիս մարդը կանգնում է այդ սոսկալի իրավիճակից ազատվելու խնդրի առաջ: Հարկ է լինում այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կլուծեն խնդիրը` կազատեն նրան ծանր հոգեկան բեռից: Շատ դեպքերում անտանելի հույզերն ու դրանից ձերբազատվելու գերճնշող պահանջն այնքան մեծ են լինում, որ մարդն ի վիճակի չի լինում ռացիոնալ վարք որդեգրել: Երբ գործում են նեգատիվ ազդակները, այդ դեպքում միայնության զգացումը, անհույս ու ստորաքարշ ապագայի կանխազգացումները, նոր վտանգի մշտական սպասումը, հոգեկան աշխարհի լիարժեք խաթարվածությունը ստիպում են մարդկանց կամ ինքնաոչնչացման գնալ կամ ոչնչացնելով սեփական «ես»-ը` ապավեն (տեր) փնտրել շրջապատող միջավայրում:

Նման դեպքերում հակահանրային մտածողության ու բնավորության համար իրացվելու պարարտ հող է առաջանում: Այսպես, ավտորիտար մտածողությունը, որի ակտիվությունը հիմնված է անզորության խորը զգացման եւ դա հաղթահարելու մշտական պահանջի վրա, առավել ինտենսիվ է սկսում համոզել մարդկանց, որ կյանքը որոշվում է այն ուժերի կողմից, որոնք իրենից դուրս են գտվում: Պահպանողական մտածողությունը, որը ավտորիտար մտածողության երկվորյակն է, աշխատեցնում է իր հիմնական մեխանիզմը` հարմարվողականությունը, եւ համոզում հանրությանը, որ ողբերգությունը անխուսափելի (անշրջելի) էր եւ պետք է հարմարվել այդ իրավիճակին:

Սակայն պոզիտիվ ազդակների դեպքում ողբերգությունը դառնում է ստեղծագործական նվաճումների, դեպի ներդաշնակություն եւ կարգաբերվածություն սոցիումի ընթացքի հիմքը: Առաջ է գալիս տեղի ունեցածը վերագնահատելու եւ նոր իրավիճակում ոչ թե արտաքին աշխարհին ու նրա մարտահրավերներին հարմարվելու, այլ դեպի արտաքին աշխարհ բացվելու, այն յուրացնելու, նրա հետ համաքայլ կամ, անգամ, առաջանցիկ տեմպերով գնալու ցանկություն: Նոր իրավիճակը եւ ողբերգությունը հաղթահարելու պահանջմունքը ծնում է Դոստոեւսկի, Քամյու, Ազնավուր ու նրանց նման բազում անհատականություններ:

Անշուշտ, ողբերգություն ապրած անհատների, հանրությունների ու ազգերի ներդրումը քաղաքակրթության զարգացման մեջ բավական մեծ է: Սակայն, ի տարբերություն անհատների, ողբերգություն ապրած ոչ բոլոր ժողովուրդներն ու ազգերը կարող են իրենց ներդրումների պատճառով հզոր ու կարող ճանաչվել, քանզի վերջիններիս մեծությունը ոչ միայն ու ոչ այնքան այն նվաճումների մեջ է, որոնք դարձել են համաշխարհային մտքի ու մշակույթի կարեւոր բաղկացուցիչ, այլ նրա, որ կարողացել են արժանապատվորեն հաղթահարել իրենց բաժին հասած ողբերգությունը` չգնալ ինքնաոչնչացման (ինքնասպանության, ուծացման), սեփական չարությունից այլոց գլխին պատուհաս դառնալու կամ էլ իրենց ստրկական հնազանդությունը այլոց վզին փաթաթելու ճանապարհով: Ներկայումս գերմանացիները Եվրոպայում հզորագույն ազգերից մեկն են առավելապես ոչ թե նրա համար, որ աշխարհին են տվել Կանտի, Հեգելի, Գյոթեի, Շիլլերի, Բեթհովենի նման մեծություններ, այլ այն պատճառով, որ կարողացել են կրկնակի ողբերգությունից հետո հաղթահարել այլ ազգերի նկատմամբ տածած չարությունն ու ատելությունը եւ իրենց ստեղծագործական ողջ էներգիան ներդնել Եվրոպայի բարեկեցության ու զարգացման գործին: Իսկապես, պոզիտիվ ազդակների դեպքում տիպական է, երբ հաղթողները տարիներ անց դառնում են պարտվողների ողբերգությունից ծնված կամքի գերին: Այսօր այլեւս քչերն են մտաբերում, որ ճապոնացիներն ու կորեացիները իրենց ներկայիս հզորության վերընթացի սկզբնակետում ապրել են իրենց ողբերգությունը եւ պատվով դուրս եկել անելանելի թվացող այդ իրավիճակից:

Հայերիս համար Հայոց ցեղասպանությունը վերջին հարյուրամյակում կարող էր դառնալ ազգի առաջընթացի այն շարժիչը, որը սարեր շուռ կտար ու ազգը կտաներ դեպի քաղաքակրթության օվկիանոսը: Սակայն, այսօր կարելի է միայն արձանագրել, որ բացի անհատական նվաճումների դաշտում գիտության ու մշակույթի աշխարհահռչակ դեմքերից` մեր ազգը պետական ու հանրային կյանքում քաղաքակրթական որեւէ նվաճում չունի, չունի իր առջեւ ծառացած խնդիրների լուծումները, չունի տեխնոլոգիաներ ու ինստիտուտներ, չունի դրանք ունենալու գիտակցումն անգամ:

Որո՞նք են դրա պատճառները, ինչո՞ւ հզոր ազգերի համար ողբերգությունը կենսական ահռելի լիցքերի աղբյուր է ծառայում, իսկ մեզ համար` դանդաղ ինքնաոչնչացման դետոնատոր:

Ինչպես վերեւում նշվեց, խնդիրը կարծես թե նեգատիվ եւ պոզիտիվ ազդակների մեջ է: Ըստ Ֆրոմի` «Երբ խախտված են այն կապերը, որոնք մարդուն վստահություն են ներշնչում, երբ անհատը իրեն շրջապատող աշխարհին նայում է որպես լիարժեք օտարի եւ նրա հետ գտնվում է հակամարտության մեջ, երբ հարկ է լինում դիմագրավել անզորության եւ միայնության անտանելի զգացողությունը, այդ անհատի առջեւ բացվում է երկու ճանապարհ: Մի ճանապարհը նրան տանում է դեպի «պոզիտիվ» ազատություն: Նա կարող է իրեն ինքնաբերաբար կապել այդ աշխարհին` սիրո եւ աշխատանքի, իր զգայական, մտավոր ու հուզական կարողությունների իրական դրսեւորման միջոցով: Այդ ձեւով նա կարող է կրկին միավորվել մարդկանց, աշխարհի եւ ինքն իր հետ` միաժամանակ չհրաժարվելով անկախությունից ու իր սեփական «ես»-ի ամբողջականությունից:

Մյուս ճանապարհը դեպի ետ ճանապարհն է: Դա մարդու հրաժարումն է ազատությունից` փորձելով հաղթահարել իր անզորությունը, լցնելու համար այն ճեղքը, որն առաջացել է իր անձի եւ շրջապատող աշխարհի միջեւ: Այս երկրորդ ճանապարհը երբեք մարդուն չի բերում աշխարհի հետ օրգանական միասնության: Այն ընդամենը փախուստ է անտանելի այնպիսի իրավիճակից, որում նա չի կարողանում այլեւս ապրել: Նման փախուստը, ինչպես ցանակացած վտանգից բխող եւ խուճապ առաջացնող այլ փախուստ, պարտադրված բնույթ ունի: Սակայն, միեւնույն ժամանակ, այն կապված է անհատականությունից եւ մարդկային «ես»-ի ամբողջականությունից տվյալ անձի լիարժեք կամ գրեթե լիարժեք հրաժարման հետ: Այն մեղմացնում է տվյալ անձի մոտ եղած մեծ անհանգստությունը, ձերբազատում է նրան խուճապից եւ կյանքը դարձնում է տանելի, բայց չի լուծում հիմնական խնդիրը: Եւ դրա համար հարկ է լինում վճարել նրանով, որ ամբողջ կյանքը վեր է ածվում ընդամենը ավտոմատ, պարտադրված գործունեության»:

Ներկայացված վերլուծությունը մեզ մոտեցնում է խնդրի լուծմանը, սակայն, այնուամենայնիվ, մի կարեւոր հարցի առաջ է կանգնեցնում` ինչո՞ւ մարդը (հանրությունը) մի դեպքում տուրք է տալիս պոզիտիվ ազդակներին, իսկ այլ դեպքում` նեգատիվ: Այս հարցի պատասխանը, կարծում ենք, մարդու եւ ողջ հանրույթի` դեպի աշխարհը վերաբերմունքի մեջ է: Բոլոր այն ազգերը, որոնք բաց են եղել կամ կարողացել են բացվել դեպի աշխարհը, հասել են քաղաքակրթական նվաճումների: Հայերիս մոտ դեպի աշխարհը բացվելու մտածողությունը պախարակելի է եւ համարվում է ազգուրացության դրսեւորում: Օտար արժեքները գնահատելը, դրանք յուրացնելը, դրանցով զինվելը անթույլատրելի, փնովելի մի բան է, դրա դեմ պետք է պայքարել, ոչնչացնել այն ամենայն նորը, ռացիոնալը, տրամաբանվածը, գեղեցիկը, որը չի համընկնում մեր «ազգային նկարագրին, ավանդույթներին, կենսակերպին»: Սա տգիտության պայքարն է ընդդեմ քաղաքակրթության:

Ինչ է տգիտությունը, եթե ոչ սահմանափակ մտածողության եւ կանխակալ, դոգմավորված վերաբերմունքի արտահայտություն: Ոչ մի բարձրագույն կրթություն եւ գիտելիք չի կարող հաղթահարել տգիտության ծանրությունը, եթե մարդը փակել է իր ազատ մտածողության դռները եւ արտաքին աշխարհին նայում է իր տան տանիքից: Այդուհետ առաջադեմ գիտությունը միայն կարող է մեծ ջանքերի գնով տեղ գտնել հայկական միջավայրում` այդ ընթացքում զոհելով իր նվիրյալ հանճարներին ու տաղանդներին: Ո՞ր հզոր ազգը կհալածեր իր Խորենացուն ու Կոմիտասին, եւ ո՞ր ուսյալ ազգը չէր գիտենա այդ մասին կամ կխուսանավեր բարձրաձայնել այդ մասին:

Ի՞նչն է մեզ խանգարում` դուրս գալու «սահմանափակի» կապանքներից եւ հաղորդակցվելու համամարդկայինին: Կարծես թե նայում ենք շուրջբոլորը` փնտրում ամեն փայլող բան, բայց չենք տեսնում մեր աչք զարնող տգիտությունը: Աշխարհի գիտելիքը 21-րդ դարում է, իսկ մենք` դեռեւս վաղ միջնադարում: Երիտասարդ ազգերը ամեն օր են թարգմանում համաշխարհային մտքի գոհարները, ներմուծում նորագույն տեխնոլոգիաները, հիմնում սեփական պետական ինստիտուտները, իսկ մենք հազարամյա մեր գութանով վարում ենք արտը գիտության, երգում տաղը մշակի ու ապավինում մեր լեռներին (օլիգարխներին): Կարելի է ընդունել, որ մինչ ցեղասպանությունը ներքուստ մենք արդեն իսկ ապրել էինք մեր ողբերգությունը եւ դրանից հետո բիբլիական Արարատի ծանրությունը նրան պետք է թողներ օտարության մեջ` զրկված այլ լեռների, էլ ուր մնաց ծովերի ընկերակցությունից: Մեր վարքի նեգատիվ ազդակները մենք ձեռք էինք բերել մինչ ողբերգությունը, եւ այսօր մեր «ամբողջ կյանքը վեր է ածված ընդամենը ավտոմատ, պարտադրված գործունեության»:

Որպես վերջաբան դիմենք ազգի նվիրյալ մեծերից մեկին: Մեր ազգի ողբերգության մասին ինչ ճշգրիտ բնութագրություն է տվել Կոստան Զարյանը իր «Անցորդը եւ իր ճամբան» գրքում.

«Ծովի հետ ունեցած իր յարաբերութիւնից կարելի է բնորոշել մարդը: 

Կարելի է բնորոշել ժողովուրդները:

Մենք` հայերս, կուլտուրապէս, ծովի եւ լեռան երկու հակադիր սկզբունքների պայքարով ենք ապրել:

Լեռնային մարդը անհորիզոն է եւ սահմանափակ: Լեռը ստրուկօրէն ներկան է, ինքնապաշտպանութիւն եւ սահման: Այստեղ երկինքը ամպ է, մշուշ եւ իր պայծառութիւնը ոչ մի բանի մեջ չի արտացոլւում: Լեռը ծանրութիւն է, բարձրացողի ծունկերի վրայ կախւած քար, ճնշում: Մռայլ է եւ գրեթէ անփոփոխ: Մենակութիւն է:

Եթե լեռնային մարդը անասունների տրտում ընկերակցութիւնը չունենայ` կը մեռնի:

Ծովը լայն երգի մեղեդի է, հոսանք, թռիչք եւ ապագայ: Բաց ճանապարհ է եւ աղմկալից կենսունակութիւն: Ծովափերին օդը թրթռում է, արիւնի հոսանքը արագանում, մարմինը արթուն է, եւ կանայք սիրւել են ուզում:

Ծովը բոլոր կարելիութիւնների բանալին է եւ ցանկութիւնները վառող ջահակիրը:

Մեր նախնիքները ծովերը եզերող լեռների վրայ կանգ են առել, խրխնջող ձիերի վրայ բազմած, առանց առաջանալու:

Ու դրա մէջ է մեր ամբողջ դրաման»:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա շատ խորը թեմա է. մի կոմենտով հնարավոր չէ ասել: Նախ՝ ես չեմ կարծում, որ այս երևույթի գլխավո՛ր պատճառը Եղեռնը կամ Կոստան Զարյանի ասած «ծովն ու լեռն է»: Սրանք միայն սիմպտոմներն են: Հիվանդությունը շատ ավելի խորն է. այն է՝ հայ ՏՂԱՄԱՐԴԸ ԴԵՊՐԵՍԻՎ է: Իսկ դեպրեսիվ է,որովհետև հայ տղամարդու բնական ռիթմը (դարերով) խախտված է: Ավելի պարզ/կոպիտ ասած՝ հայ տղամարդը վիզ կտրողից/խեղդողից/որսորդից դարձել է (դարձրել են) օդային-պասիվ ու հնազանդվող աղոթող մի էակի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շարունակություն. Հայաստանում այսօր էլ (քողարկված) մատրիարխա՛տ է, իսկ հայ կի՛նն է ՔՑՈՂԸ , այլ ոչ տղամարդը (ոչ բոլորը, իհարկե): Այսինքն՝ հայ ԿԻՆՆ է հայ տղամարդուն իր հայրենիքից վռնդել. մինչև այսօր: Մյուս գլխավո՛ր պատճառը հայ առաքելական եկեղեցին է, որը, բոլո՛ր ուղղափառ եկեղեցիների (ու սուննի իսլամի) պես, դեռ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ է ապրում. ու աջ ու ձախ խառնվում է հայի պետության պետակա՛ն գործերին: Հայ տղամարդը պիտի դադարի «ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ» (ու աղոթող) լինելուց. շախմատ խաղալը ու պոեզիա գրելը/կտավ ներկելը տղամարդու օպտիմալ վիճակ չէ ( խոսքս հայեցակարգի մասին է): Եվ՝ հայ տղամարդը պիտի դուրս գա (իբր թե «օջախի սյուն») հայ կնոջ կոշիկի տակից. սա չի՛ նշանակում անհարգալից վերաբերմունք հայ կնոջ նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter