HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առեւանգել են անչափահասի. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին առևանգելու դեպքի առթիվ։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ-օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում։

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում՝ անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ  2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ  իրեն նստեցրել են  մի ավտոմեքենա և տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը և բերանը։  Ապա՝ իր և իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ  և սպանության սպառնալիքներ՝  նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք և փախուստի դիմել:  

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական՝ գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter