HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանն անվավեր է ճանաչել ՃՈ որոշումները, սակայն վարորդի դրամական միջոցներն արգելանքի տակ են

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը 30 տարվա վարորդ է եւ այդ տարիների ընթացքում իր մասնակցությամբ որեւէ ավտովթար չի գրանցվել, սակայն վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանության վարչական տույժ նշանակելու մասին մի շարք որոշումներով Զ. Մուրադյանը դարձել է «իրավախախտ» եւ ստիպված է դատական կարգով վերականգնել բարեխիղճ վարորդի համբավը:

Զարուհի Մուրադյանի պատմելով՝ մոտ մեկ ամիս առաջ իրեն զանգահարել են բանկից եւ տեղեկացրել, որ իր բանկային հաշվի վրա արգելանք է դրված: Արդեն բանկում պարզել է, որ ոչ թե մեկ որոշումով է արգելանք դրվել, այլ՝ երկու:  

Վարորդի խոսքերով՝ բանկում տալիս են մի թուղթ, որի վրա նշված է միայն արգելադրված գումարի չափը, վարույթի համարը եւ ԴԱՀԿ ծառայության համապատասխան պաշտոնիայի անունը, ուրիշ ոչինչ նշված չէ, որպեսզի հասկանա, թե ինչ խախտման համար է արգելանք դրվել իր հաշվի վրա: Պարզելու համար ստիպված պիտի գնա Ճանապարհային ոստիկանություն, այնտեղ երկար հերթ կանգնի, վերցնի տուգանքների որոշումների պատճենները, որ հասկանա, թե իր որ խախտման համար է «պատժվում»:

«Երբ բանկից ինձ տվեցին այդ թուղթը, գնացի Ճանապարհային ոստիկանություն, այնտեղ ինձ տվեցին վարչական տույժ նշանակելու մասին միանգամից երեք որոշման պատճեն: Փաստորեն այդ որոշումներից մեկը դեռ բանկ չէր հասել: Նայեցի դրանցից մեկով անմիջապես գլխի ընկա, որ դատարանով հաղթել եմ այս գործը: Աշխատողը զարմացավ, որ դատի եմ տվել ու հաղթել: Խառնվեց իրար, թե դրա համար պատասխան չի կարող տալ եւ ուղարկեց իրավաբանական բաժին»,-պատմում է Զարուհի Մուրադյանը:

Արդեն տանը փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո Զ. Մուրադյանը պարզել է, որ Ճանապարհային ոստիկանության երկրորդ որոշումն էլ է դատարանով անվավեր ճանաչվել, իսկ երրորդ որոշումը ընդհանրապես չի ստացել:

«Հաջորդ օրը հաղթած վճիռներով գնացել եմ ԴԱՀԿ, հերթում 325-րդն էի, տեսա այնտեղ ինչ է կատարվում, մտածեցի թե ինչու եմ ընդհանրապես գնացել այնտեղ, ես հաղթած կողմ եմ: Մոտեցա մի աղջկա, ասաց, որ վճիռները պատճենահանեմ, դիմում գրեմ ու հանձնեմ իրեն: Ասաց, որ գնամ դրսում պատճենահանեմ, դուրս եկա մի կիլոմետր գնացի տեսա չկա պատճենահանման տեղ, բարկացա, որ արդեն 3 օր ժամանակս անիմաստ անցկացնում եմ ու գնացի տուն»,-ասում է Զ. Մուրադյանը՝ այդպես էլ չիմանալով իր հաշվի վրա արգելանք դնելու պատճառը:

Դատական գործերից մեկը վերաբերել է 09.10.2013թ. կայացված որոշմանը, որով Զ. Մուրադյանին տուգանել էին 10.000 դրամով: Վարչական դատարանն այս տարվա հուլիսի 18-ին անվավեր է ճանաչել ոստիկանության որոշումը: Ապրիլի 29-ին անվավեր է ճանաչվել նաեւ 05.11.2013թ կայացված 5000 դրամի տուգանքի որոշումը:

Զարուհի Մուրադյանն այսօր բանկից իմացել է, որ իր հաշվին առկա 40.000 դրամի վրա արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ:

Նա պատմում է, որ իր ընտանիքում երեք վարորդ կա, իրեն վերաբերող վարչական ակտերը մեկ-մեկ ստանում է, իսկ ամուսինն ընդհանրապես չի ստանում եւ միանգամից ԴԱՀԿ է գնում:

Զ. Մուրադյանը փաստում է, որ իր համար սկզբունքի հարց է դատարան դիմելն ու Ճանապարհային ոստիկանության անհիմն որոշումները անվավեր ճանաչելը, ինչը չեն անում շատ վարորդներ եւ քաշքշուկների մեջ չընկնելու համար գնում վճարում են 5-10 հազար դրամները: 

«Այս գործերով դարձյալ դիմելու եմ դատարան, որպեսզի անձնավորված՝ կոնկրետ անուն ազգանունով մարդու, ում մեղքով, որ այս ամենը եղել է, պատժեն, բացի այդ՝ ես իմ 3-4 օրվա կատարած ծախսերի մասով եմ փոխհատուցում պահանջելու: Այստեղ մարդուն զրկում են օրինական ճանապարհներով քո իրավունքները պաշտպանելու ճանապարհներից: Հիմա ես չունեմ ոչ մի օրինական ճանապարհ իմ իրավունքը պաշտպանելու համար, մնում է կրկին դատարան դիմելը, որը չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի: Այն վճիռները, որ ես ստացել եմ, ստացել է նաեւ ոստիկանությունը, հետեւաբար նա պետք է դիմեր ԴԱՀԿ-ին եւ արգելանքները հանվեին: Ես չգիտեմ իրենք ծրարներն առանց բացելու գցում են, թե իրենց մոտ հակազդեցություն է առաջացնում, որ ինչ որ մեկը հադգնում է իրենց դատի տալ ու պատժում են արդեն հաջորդ տուգանքով»,-ասում է Զարուհի Մուրադյանը:

Ըստ նրա՝ քաղաքացիների մի ստվար զանգված վարկերի ու տոկոսների մեջ է, եւ հաշվի վրա արգելանք դնելու դեպքում վերջիններս զրկվում են գործարքներ անելու հնարավորությունից, ուստի ստիպված գնում շտապ վճարում են տուգանքները:

«Մարդիկ գիտեմ, որ նույնիսկ չեն նայում տուգանքի չափը, չեն բացում տեսագրությունը, չեն նայում՝ իրենք մեղավոր են, թե ոչ, գնում վճարում են, որ քաշքշուկի մեջ չընկնեն: Այսինքն օգտագործում են մարդկանց անելանելի դրությունը եւ այդպես հավաքագրում տուգանքի գումարները: Կան մարդիկ, որ գնում են ոստիկանություն պարզելու համար, թե ինչու է արգելանք դրվել իրենց հաշվի վրա, հենց այնտեղ տալիս են տուգանքի որոշումների պատճենները ու քաղաքացիներն առանց իմանալու, որ իրենց ժամանակին չի ուղարկվել որոշումը, վախեցած հենց տեղում, ապարատի միջոցով վճարում են տուգանքները»,-նշում է Զարուհի Մուրադյանը եւ պատկան մարմիններին հորդորում, որ վերջիններս  գնան տեսնեն, թե ԴԱՀԿ ծառայության միջանցքներում ինչ է կատարվում:

«Թշվառ, տանջված, ատելությամբ ու դառնությամբ լցված հարյուրավոր մարդիկ դռնեդուռ են ընկած: Մարդկանց իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է, իրենց իրավունքները չգիտեն: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ սա գումար կորզելու նպատակով է արվում, ոչ թե մեր ու դիմացինի անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում»,-հավելում է Զ. Մուրադյանը:

Նշենք, որ նկարչուհին այժմ էլ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության դատական գործ ունի վարչական դատարանում: Նա պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել դեռեւս ուժի մեջ չմտած վարչական ակտը՝ վարչական տույժ նշանակելու մասին 28-05-2013թ.  որոշումը հարկադիր կատարման ուղարկելու գործողությունները:

Զարուհի Մուրադյանը դեռ չի հասցնում պարզել նախորդ որոշումների պատմությունը, ԴԱՀԿ-ից ստանում է հերթական որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու եւ արգելանք դնելու մասին: Վերջն նման որոշումը թվագրված է եղել սեպտեմբերի 23-ի ամսաթվով: Նա դարձյալ չգիտի, թե ինչի համար է կայացվել այս որոշումը:

Լուսանկարը՝ Զ. Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Баграт Хачатрян
Горжусь и восторгаюсь. Ходить по судам это и труднее и обходится дороже, но моральное удовлетворение перевешивает. У меня 3 судебных дела по линии дорожной полиции, одно пару месяцев назад я уже выиграл, второе длится с марта текущего года, а третье с 2005 года. Всё никак не решаются вынести оправдательные решения... Но я никуда не спешу, рано или поздно должны прекратиться бесчинства недобросовестных и неграмотных работников дорожной полиции. Искоренение этого зла зависит от терпимости общества, в том числе от каждого гражданина.
Բագրատ Խաչատրյան
Այս կինն արժի 100 ժամանակակից տղամարդ: Այ, նայեք ու նրանից սովորեք պաշտպանել ձեր իրավունքները, և ոչ թե անինքնասեր թուլամորդների պես տարեք և հնազանդ վճարեք անհիմն կայացված վարչական տույժերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter