HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հոկտեմբերի 25-ին Գյումրին կնշի քաղաքի տոնը

Քիչ էր մնում եղանակային անբարենպաստ պայմաններն առանց տոնի թողնեին Գյումրի քաղաքը: 11-րդ անգամ նշվող «Գյումրու տոն» քաղաքային միջոցառումը նախատեսված էր հոկտեմբերի 5-ին, սակայն ավագանու որոշմամբ անժամկետ հետաձգվեց՝ կապված անձրեւների հետ: Եվ վերջապես տեղ հասավ հուսադրող լուրը՝ հոկտեմբերի 25-ին օդերեւութաբանները կանխատեսել են պայծառ, թող որ ոչ շատ տաք, սակայն արեւային եղանակ:

«Մեր որոշումը, ավագանու որոշումը արդարացված էր, որովհետեւ ինքներդ էլ էիք տեսնում, թե որքան վատն էր եղանակը այս մի քանի շաբաթը, իսկ մեր բոլոր միջոցառումները բացօթյա էին,- մամլո ասուլիսի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը,- հիմա ճիշտ է, օրը փոխվել է, այդ օրը հույս ունենք, որ անձրեւ չի գա, բայց էլի եղանակային պայմաններից ելնելով՝ հրաժարվել ենք Արա Գեւորգյանի մասնակցությամբ բացօթյա համերգից»:

17մլն դրամի փոխարեն քաղաքապետարանը կծախսի ընդամենը 4 մլն դրամ: Միջոցառումները կսկսվեն ժամը 11-ից՝ համայնքային բյուջեով հիմնանորոգված Սպանդարյան փողոցի հանդիսավոր բացմամբ: «Հացի փառատոնը» նախատեսված է անցկացնել կեսօրին՝ Վարպետաց փողոցում: Հաղթանակի պողոտայում կազմակերպվելու է ռետրո մեքենաների ցուցադրություն: Ռիժկովի ճեմափողոցում արհեստագործական ավանդույթների ներկայացում-փառատոն է տեղի ունենալու: Այդ օր բաց կլինեն քաղաքի բոլոր թանգարանները: Բաց դռների օր է հայտարարված նաեւ տիկնիկային թատրոնում:

Միջոցառումները չեն սահմանափակվելու միայն քաղաքի կենտրոնով: Գյումրու մի շարք թաղամասերում եւս կլինեն միջոցառումներ: Պարային խմբերի ելույթներ են նախատեսված Անի եւ Մուշ թաղամասերում: Նորավան թաղամասում ելույթ կունենա թիվ 6 երաժշտական դպրոցի Սիմֆո-ջազ նվագախումբը: Միջոցառումներն այնպես են կազմակերպված, որ տոնական տրամադրությունը տիրի ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլեւ՝ ծայրամասերում:

Ծրագրում նախատեսված է նաեւ տոնական համերգ թատրոնի դահլիճում, պատվավոր քաղաքացիների եւ սպորտսմենների պարգեւատրում, ինչպես նաեւ մանկական խաղահրապարակի շնորհանդես եւ Վարդանանց հրապարակի վերանորոգված շատրվանների բացում:

«Հետքի»` «Ինչու՞ Գյումրիում չի անցկացվում գարեջրի փառատոն» հարցը մի փոքր շփոթեցրեց փոխքաղաքապետին: «Այդ մասին միշտ մտածել ենք, երեւի կանենք նման բան, սակայն առայժմ զերծ ենք մնում, որ չքաղաքականացնեն»,-պատասխանեց Ռուբեն Սանոյանը:

Կազմակերպիչները պնդում են, որ հոկտեմբերի 25-ին Գյումրի այցելողները չեն ձանձրանա: Նրանք, ովքեր կգերադասեն ողջ օրն անցկացնել հայրաքաղաքում, կարող են ե՛ւ գարեջուր համտեսել, ե՛ւ գյումրվա զանազան ուտեստներ, ե՛ւ պարզապես մասնակցել տարատեսակ միջոցառումների ու ի սրտե ուրախանալ գյումրեցիների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter