HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Իշխանափոխությու՞ն, թե՞ իշխանափոխության իմիտացիա. Ծառուկյանի երկընտրանքը

սկիզբը

Անցած շաբաթ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտությունը՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշումը կարտահայտի 2015թ. փետրվար-մարտ ամիսներին:

Հայեցակարգի շուրջ կոնսուլտացիաներն, իհարկե, այստեղ որևէ կապ չունեն: Դրանք ընդամենը առիթ են՝ դիրքորոշման արտահայտմանը չորս ամիս սպասեցնելու մարտավարական որոշման համար, թեև իրականում նախագահը երբեք դրա համար կոնկրետ ժամկետներ չի մատնանշել ու նույնիսկ հիմա, փաստորեն չի նշում:

Դիրքորոշումն արտահայտելու համար այսպիսի երկարատև ժամկետ սահմանելն իրականում բոլորովին այլ նպատակ է հետապնդում. անորոշության մեջ գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս իր առջև դրել էր հենց սահմանադրական փոփոխությունների իրականացումը կանխելու կարճաժամկետ կտրվածքով նպատակը:

Եթե հարցը զուտ հայեցակարգի շուրջ քննարկում ծավալելը կամ կոնսենսուսի հասնելու անհրաժեշտությունը լիներ, ապա իշխանությունն արդեն իսկ պետք է սկսեր դրանք՝ նույնիսկ հաշվի չառնելով հասարակության և քաղաքական ուժերի մեծ մասի կողմից սահմանադրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը հակադրվելու հանգամանքը: Այս որոշմամբ նախագահը ուղղակիորեն հաստատում է, որ սահմանադրական փոփոխությունների պրոցեսն ավելի մասշտաբային քաղաքական գործընթացի, կոնկրետ՝ ապագա իշխանության ձևավորման ռազմավարության մաս է կազմում:

Այս քայլի իմաստը Ծառուկյանին զգուշավորության և սպասողականության դրդելն է, որը հանրային տրամադրությունները «տաքացնելու» եռյակի ներկայիս ուղեգծի շրջանակում ասոցացվելու է անվճռականության հետ: Սրելով այս գործոնը՝ նախագահը ձգտում է խորացնել թե Ծառուկյանի՝ իբրև այլընտրանքային լիդերի, և թե եռյակի կողմից հասունացվող հասարակական-քաղաքական շարժման իրական նպատակների նկատմամբ անվստահությունը, որը ինքնստինքյան հանգեցնելու է նաև հիասթափության և դեռևս թափ չհավաքած՝ շարժման մարելուն: Դա հանգեցնելու է նաև եռյակում հակասությունների սրմանը և այդ ձևաչափի փաստացի չեզոքացմանը՝ հերթական անգամ ընդդիմադիր բևեռը վերածելով ավերակների:

Եթե այս պլանը հաջողվի, և շարժումը մարի, ապա Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա ոչ միայն անարգել իրականացնել սահմանադրական փոփոխությունները, այլև որպես իշխանության կրող, անձամբ իր վերարտադրումը: Այսինքն՝ ստեղծել մոտավորապես այն իրավիճակը, ինչն առկա էր 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին: Իսկ եթե չհաջողվի, ապա չի բացառվում, որ 2015թ. փետրվար-մարտ ամիսներին նա հայտարարի սահմանադրական փոփոխությունների՝ իրեն ներկայացված հայեցակարգը որևէ պատճառաբանությամբ մերժելու մասին, ինչը գործնականում նշանակելու է հրաժարվել իր իսկ սկսած սահմանադրական փոփոխությունները որպես իշխանության վերարտադրման գործիք դարձնելու մտադրությունից:

Այդպես նախագահը ԲՀԿ-ին փաստացի կհրավիրի հերթական ընտրությունների միջոցով գալիք իշխանությունը ձևավորելու և նախագահի՝ իշխանության թեկնածուի հարցում փոխզիջումներ գտնելու շուրջ ներքին բանակցությունների:

Այս երկու սցենարներից որ մեկն էլ կիրառվի, կորցնողը լինելու են ամբողջական իշխանափոխության միջոցով համակարգային փոփոխությունների հասնել ցանկացող հանրային-քաղաքական շրջանակները, այսինքն` եռյակից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» և հատկապես հասարակությունը: Որովհետև շարժումը փաստացի ծառայեցվելու է ՀՀԿ-ԲՀԿ ներհամակարգային գործարքի կնքմանը՝ դրանցից բխող բոլոր տխուր հետևանքներով: Իսկ պատճառը լինելու է այն, որ ներկայումս շարժումը ղեկավարել ցանակցող եռյակը գիտակցաբար կամ անգիտակցաբար ընկնում է Սերժ Սարգսյանի լարած՝ այսպես կոչվաժ «կեղծ օրակարգի» թակարդը՝ ի դեմս սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության:

Խնդիրն այն է, որ նույնիսկ եթե եռյակը նպատակ է դնում կասեցնել սահմանադրական փոփոխությունների կատարումը, ապա այսպես թե այնպես քաղաքական զարգացումների հիմքում դնում է նախագահի այդ նախաձեռնության շուրջ դիրքավորվելու հանգամանքը, այսինքն առաջնորդվում է այն կեղծ օրակարգով, որը թելադրում է Սերժ Սարգսյանը, և որի շրջանակում վերջինս մանևրների և ըստ իրավիճակի կողմնորոշվելու լայն հնարավորություններ է ստանում: Դա էլ հենց անձամբ իրեն և իշխանական համակարգին բոլոր խոշոր, ճակատագրական ռիսկերից ձերբազատելու, նվազագույն կորուստներով դուրս պրծնելու հնարավորություն է տալիս:

Եթե եռյակն ուզում է հաջողության հասնել, ապա դրա միակ ճանապարհը նախագահին այդ ռեսուրսից ու հնարավորությունից զրկելն է կեղծ օրակարգին իրական օրակարգ հակադրելով և իշխանությանը դրա մեջ ներքաշելով: Այդ իրական օրակարգն արդեն, ինքնստինքյան առկա է: Մնում է ընդամենը դրան տալ քաղաքական կոնկրետ ձևակերպում և դարձնել լեյտմոտիվ. ընտրական և դատական համակարգերի արմատական փոփոխությունների պահանջի առաջադրումը՝ ոչ թե զուտ հռչակագրային մակարդակով, այլ կոնկրետ օրենսդրական, հայեցակարգային նախագծեր շրջանառության մեջ դնելու և պաշտպանելու միջոցով: Ընդ որում՝ այդ պահանջները կարող են ու թերևս պետք է ունենան նախապայմանային նշանակություն՝ իբրև նախագահի և իշխանության ամբողջական հրաժարականը պահանջելու այլընտրանք՝ կոնկետ ժամկետների ամրագրմամբ:

Այսպիսի ուղեգիծը նախընտրելի է նաև այն պատճառով, որ փաստացի ԲՀԿ-ին ու  «Ժառանգությանը» փրկում է պառլամենտական կառավարման համակարգին անցնելու ծրագրային դիրքորոշմանը հակադրվելու և այդպիսով անսկզբունքայնություն դրսևորելու մեջ մեղադրվելուց: Որովհետև այդ դեպքում նրանք կարող են հայտարարել, որ պատրաստ են քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, եթե իշխանությունը, կատարելով ընտրական համակարգը համակողմանի փոխելու իրենց պահանջը, սահմանադրական հանրաքվեն ժողովրդավարական չափորոշիներին համապատասխան, արդարության սկզբունքով անցկացնելու, այսինքն լեգիտիմ հանրաքվե ապահովելու պայմաններ ստեղծի: Սա համակարգային փոփոխությունների գնալու լրջագույն նախադրյալ է ստեղծում, որովհետև ընտրական համակարգի առողջացումը նաև լեգիտիմ իշխանությունների ձևավորման հիմք է: Միաժամանակ այսպիսի մոտեցումը ընդգծում է երկխոսության միջոցով առկա խնդիրները լուծելու կառուցողականությունը:

Դրանով ԲՀԿ-ն նաև կհավաստի մյուս ուժերի հետ հավասարի սկզբունքով ընտրություններին մասնակցելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում իր պատրաստակամությունը, եթե անգամ դա չի երաշխավորելու իր կողմից իշխանությունը ձեռք բերելը:

ՀՀԿ-ն Ազգային ժողովում հետաձգել է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եռյակի նախաձեռնությունը: Գոնե այս պահին հիքմեր չկան ասելու, որ այդ հարցը նրանք կդնեն քննարկման: Եթե այս հարցում իշխանությունը շարունակի իր ներկայիս մերժողականությունը, այսինքն փորձի չմտնել իրական օրակարգի շրջանակ, ապա մեխանիկորեն առաջին պլան է մղվում նախագահի հրաժարականը պահանջելու հարցը, այսինքն ցանկացած դեպքում իշխանությունը ստիպված է լինելու մտնել իրական օրակարգի համատեքստ:

Այնքանով, որքանով շարժման գեներացնողի հիմնական գործառույթն ընկած է ԲՀԿ-ի վրա, որը նաև ընդդիմադիր դաշտում ձգտում է հեգեմոնության, ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ԱԺ-ում մեծությամբ երկրորդը և ֆինանսական ու մարդկային մեծ ռեսուրսների տիրապետող այս կուսակցությունն ինչ է անելու իր նկատմամբ հանրային ու քաղաքական անվերապահ վստահությունը ձեռք բերելու և այդ պահանջներին մինչև վերջ տեր կանգնելու համար: Հայաստանում նախկին որևէ ընդդիմություն այնպիսի ռեսուրսների չի տիրապետել, որքան կարող է տրամադրել ԲՀԿ-ն և անձամբ Գագիկ Ծառուկյանը:  Ողջ հարցը, հետևաբար այն է՝ որքանո՞վ է վերջինս անկեղծ երկրի վիճակը փոխելու և, ըստ էության, նոր, հայկական Իվանիշվիլի դառնալու հարցում:

Նախկինում թե նրա և թե ԲՀԿ-ի բոլոր «ընդդիմականացումները»  ավարտվել են իշխանության վերարտադրության համար ֆոն ապահովելով: Որպեսզի Ծառուկյանը վերջնականապես լուծի համաժողովրդական լիդեր դառնալու խնդիրը, պետք է կարողանա իրական օրակարգի առաջադրումը, վերոնշյալ պահանջների ներկայացումը զուգահեռել մի քանի սկզբունքային և շրջադարձային նշանակության պարտադիր քայլերով, որոնք կազմում են այսպես կոչված ներքին «իրական օրակարգը»:

1. Նա պետք է ի սկզբանե հայտարարի, որ ինքը չի հավակնում բացարձակ իշխանության և պատրաստ է ստանձնել հանրապետության նախագահի պարտականությունները մեկ, առավելագույնը` երկու տարով՝ այդ ընթացքում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար բոլոր կառուցվածքային, օրենսդրական և համակարգային փոփոխությունները համակարգելու նպատակով:

2.Պետք է ուղղակի և հրապարակային բանակցություններ սկսի սեփական շարքերի և հատկապես կուսակցության գործարար շրջանակների հետ՝ նրանց դնելով դիլեմայի առաջ. եթե պատրաստ չեն միանալու իշխանափոխության գործընթացին և իրենց նպաստը բերելու դրան, դուրս գալ կուսակցությունից և իր թիմից: Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը պետք է սկսի և ավարտին հասցնի սեփական «ավգյան ախոռները»՚  մաքրելու պարտադիր պրոցեսը: Եթե դա տեղի ունենա հրապարակայնորեն, ապա որևէ մեկը չի կարող դա մատուցել որպես ԲՀԿ-ի պառակտում: Մյուս կողմից այդպիսով Ծառուկյանը կազատվի այն բալաստից, որը իշխանությունը կարող էր գործադրել որպես ԲՀԿ-ն ներսից պայթեցնելու դետոնատոր:

3. Նա պետք է պայմանավորվի բոլոր քաղաքական ուժերի հետ նոր իշխանությունը գլխավորապես նոր մարդկանցով համալրելու և առանց փող բաժանելու, առանց քրեական, թաղային հեղինակությունների, օլիգարխիկ ու վարչական լծակների գործադրման, առանց ընտրական ցուցակները կեղծելու, առանց քաղաքական շարժառիթներով բարեգործություններ անելու ընտրություններ անցկացնելու շուրջ:

4. Հրաժարվի քննադատության նկատմամբ ներկայումս ԲՀԿ-ի կողմից դրսևորվող ծայրահեղ անհանդուրժողականությունից:

Իրական քաղաքական օրակարգը, որը շարժումն իսկապես կդարձնի համաժողովրդական և նույնիսկ համազգային, թաքնված է այս միջոցառումների տակ: Բայց դրանով առաջնորդվելը ոչ միայն լուրջ քաղաքական կամք և զոհողությունների գնալու պատրաստակամություն է ենթադրում, այլև լոյալ ընկալում արտաքին ուժային կենտրոնների և հատկապես Ռուսաստանի կողմից: Ըստ այդմ, հաշվի առնելով որևէ դեպքում Ռուսաստանին չհակադրվելու Ծառուկյանի՝ ընդամենը վերջերս «Նեզավիսիմայա գազետա» թերթի միջոցով տված «երդումը» , Ծառուկյանը, թերևս, նաև պետք է փորձի համոզել Կրեմլին, որ ինքը Սերժ Սարգսյանի իրական այլընտրանքն է, և որ անհրաժեշտ է հայաստանյան ներքաղաքական զարգացումներում գոնե չեզոքություն պահպանել: Սա, իհարկե, վասալային և նվաստացուցիչ մոտեցում է, բայց ԵՏՄ-ին միանալուց  և նման երդում տալուց հետո երևի թե՝ ավելի շատ օրինաչափ:

Լուս.` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter