HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը մտավախություն ունի, որ դատական ակտը կկայացվի նախաքննությամբ ձեռք բերված ապօրինի ապացույցներով

Վանաձորի բնակիչ, 24-ամյա Սլավիկ Մխիթարյանի դեմ (մականունը` Ապերո) Լոռու մարզի ոստիկանությունում 2012թ. քրեական երկու գործեր են հարուցվել, երկուսն էլ` դանակահարության մեղադրանքով:

Արդեն 1.5 տարի է Սլավիկ Մխիթարյանի գործերը քննվում են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` սկզբում դատավոր Մ. Մելքոնյանի, ապա դատավոր Ա.Մկոյանի նախագահությամբ: Նախաքննության ընթացքում ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննչական խմբում ընդգրկված ավագ քննիչներ Էդվարդ Կարապետյանի, Տարոն Թադևոսյանի և քննիչ Արեն Մնացականյանի կողմից երկու քր. գործերով ներգրավված 18 վկաներից ոչ մեկը մեղադրյալ Սլավիկ Մխիթարյանի հետ առերես չեն հարցաքննվել:

Առերես հարցաքննության պահանջով 2013թ. փետրվարի 4-26-ը մեղադրյալը հացադուլ է հայտարարել: Նախաքննող մարմնի կողմից անտեսվել է քրեական գործերով ներգրավված վկաներ Տիգրան Գրիգորյանի և Մելինե Սուքիասյանի առերես հարցաքննվելու պահանջով գրավոր դիմումները: Մերժվել են նաև Սլավիկ Մխիթարյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանի առերես հարցաքննություն անցկացնելու մասին երկու միջնորդությունները:

«Իմ պաշտպանյալն ասում է, որ իր հետևից ընկած են: Անկախ նրանից, թե ով է, ինչ է, իմ պաշտպանյալը մարդ է: Նույնիսկ, եթե նա իրենից վտանգավոր հանցագործ է ներկայացնում, նրա նկատմամբ պետք է օրենքը գործի»,- ասում է փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:

Վանաձոր քաղաքի բնակիչ Մամիկոն Սիմոնյանին` 2012թ. մայիսի 4-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի շրջկայքում դանակահարելու մեղադրանքով Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Երկրորդ քրեական գործը Ս.Մխիթարյանի դեմ հարուցվել է Վանաձորի Բաթումի 9ա  հասցեում գործող «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի կարաոկե-բարում 2012թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 21:30 սահմաններում, հասարակական կարգը խախտելու, ապա Բանյոյի փողոցի 8-րդ շենքի մոտակայքում «Բելլիսիմո» ռեստորանային համալիրի մենեջեր Կարեն Դոդոռյանին դանակահարելու համար: Սլավիկ Մխիթարյանին այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով: Առաջադրված մեղադրանքների հետ կապված Ս.Մխիթարյանը ցուցմունք է տվել, որ չի կատարել իրեն մեղսագրվող հանցանքը: Ցուցմունքում նաև հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքների համար չեն կատարվել առերեսումներ և այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

«Ցուցմունքից հետո հակասություն է առաջացել պաշտպանյալիս և բոլոր վկաների  ցուցմունքների միջև: Նախաքննող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը և նախաքննության ընթացքում այդպես էլ առերես հարցաքննություն չի կատարել վկաների և պաշտպանյալիս միջև»,- ասում է Ա. Ծատինյանը:

Այս պատճատով էլ պաշտպանը գտնում է, որ Սլավիկ Մխիթարյանի դեմ հարուցված քրեական երկու գործերի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացրած դատախազ, Լոռու մարզի դատախազի տեղակալ Մովսես Մովսիսյանի դատարան ներկայացված մեղադրական եզրակությունների հիմքում դրված ապացույցները ապօրինի են և չեն կարող դրվել դատավճռի հիմքում:

Դատախազ Մ. Մովսիսյանը հարուցված քրեական 1-ին գործով իր մեղադրական եզրակացության մեջ ընդհանրապես չի անդրադարձել մեղադրյալի հետ վկաների առերես հարցաքննությամբ ձեռք բերված ապացույցներին, 2-րդ  քր.գործով հայտնել է, որ գործով տուժող Մարի Կիրակոսյանը, ներգրավված վկաներ Արփինե Ասլանյանը, Արշակուհի Ասլանյանը, Արտակ Եղիազարյանը, Վաչագան Սուքիասյանը, Սարգիս Մկրտչյանը, Արուսյակ Ռամազյանը, Երվանդ Ավետիսյանը և Արտակ Մխիթարյանը վարույթն իրականացնող քննչական խմբին գրավոր դիմում են գրել, որ չեն ցանկանում առերես հարցաքննվել մեղադրյալ Սլավիկ  Մխիթարյանի հետ, քանի որ վախենում են վերջինիս և նրա ընկերների կողմից վրեժխնդիր լինելուց: Քանի որ վկա Մելինե Սուքիասյանը պահանջել է առերես հարցաքննություն,  դատախազ Մ.Մովսիսյանը իր մեղադրական եզրակացության մեջ շրջանցել է նրա ցուցմունքները:

«Քրեական դատավարությունով այդպիսի ընթացակարգ չկա: Եթե մարդը առերես հարցաքննվելու իրավունքներից զրկվում է, նրա տված ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի կամ մեղադրանքի հիմքում: Ավելին, այս վկաները մտել են դատարան և առերես հարցաքննվել են, եթե նրանք առերես հարցաքննվելուց վախենում էին, ինչու են համաձայնել գալ դատարան, հարցաքննվել և ցուցմունքեր տալ»,- ասում է պաշտպանը:  

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչների թերի նախաքննություններով ու մեղադրական եզրակացությամբ դատարան ուղղարկված Սլավիկ Մխիթարյանի քրեական գործերը եզակի չեն:

Դրանք պարբերաբար սկանդալային իրավիճակ են ստեղծում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, խնդիրներ են ստեղծում վկաների ու հենց քննիչների համար և դառնում են հանրային դժգոհությունների առիթներ:

Ալեքսանդր Ծատինյանը մտավախությունը ունի, որ դատարանը իր վերջնական դատական ակտը կկայացնի ոչ թե դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա, որով հաստատվել է իր պաշտպանյալի անմեղությունը, այլ նախաքննությամբ ձեռք բերված ապօրինի ապացույցներով: Այդ մտավախությամբ էլ պաշտպան Ա. Ծատինյանը 11.10.2014թ. միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին` Սլավիկ Մխիթարյանի մեղադրանքը վերանայելու և առաջադրված մեղադրանքից հրաժավելու համար:

Լուսանկարում` Ալեքսանդր Ծատինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter