HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարության աննախադեպ որոշումը` տեղափոխել Ամուլսարի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները

Կարմիր գրքում գրանցված կենդանիների վերաբերյալ Կառավարությունը դեռեւս լուծումներ չունի

Հայաստանի Կառավարությունը 2014թ. հուլիսի 31-ի ընդունել է «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 781-Ն որոշումը: Որոշման 2-րդ բաժնի 4-րդ կետը սահմանում է բուսատեսակների պահպանության միջոցառումները համաձայն որի` «... կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որեւէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որեւէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու եւ հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»:

Բնապահպանական խնդիրներով զբաղվող  կազմակերպությունները եւ անհատներն այդ որոշման վերաբերյալ բողոք են ներկայացրել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործումն ստանձնած «Գեոթիմ» ընկերութան գլխավոր բաժնետերերին` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին (EBRD), Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակին, նաեւ` Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր պատասխանել է «S.O.S. Ամուլսար» նախաձեռնող խմբի բաց նամակին: «Շահագործող ընկերությունը պարտավորվել է կետ առ կետ լուծել բնապահպանական հարցերը` կիրառելով տեխնոլոգիաներ եւ համակարգեր, որոնք բնության վրա որեւէ անդրադարձ չեն ունենա»,-ասված է նամակում:

Նախարարը վստահեցրել է, որ շահագործող ընկերության բաժնետերերը` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD), չափազանց խիստ պայմաններ են դնում բնապահպանության խնդիրների լուծման տեսանկյունից  եւ բազմիցս հավաստիացրել են այդ մասին:  

Ճիշտ է, Կառավարությունը հիշյալ որոշման մեջ չի հիշատակել Ամուլսարի անունը, սակայն բնապահպանները կասկած չունեն, որ այն ընդունվել է հենց այդ հանքավայրի շահագործման հետ ի հայտ եկած խնդիրները «կարգավորելու» նպատակով:

«Հենց այս որոշման ընդունման հետ միաժամանակ «Lydian International» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը ներկայացրեց Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, որտեղ նշված է, որ Ամուլսարի ծրագրի տարածքում աճող Կարմիր գրքում գրանցված Մատունի ծիրանավոր բույսը կտեղափոխվի հանքի տարածքից»,-ասվում է բողոք-նամակում: 

Հիշյալ որոշումով Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը: Սակայն այդ որոշումը չի անդրադառնում նույն տարածքում գտնվող, Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհին սպառնացող վտանգներին` Բեզոարյան այծ, Հայկական մուֆլոն, 17 տեսակի թռչուններ եւ այլն ... :

Բնապահպաններն իրենց բողոքում նշել են, որ այս որոշումը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածին, որով կարգավորվում է բուսական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը: Օրենքի «գ» կետը հստակ սահմանում է. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը»:

«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածի համաձայն` «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան` ...

3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ, եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

Մասնագետներն այն համոզման են, որ Կառավարությունը հիշյալ որոշումն ընդունել է առանց արդարադատության նախարարության փորձագիտական կարծիքը լսելու, հակառակ դեպքում նշված օրենքների հետ հակասությունները կընդգծվեին: Համենայնդեպս, հարցն արդեն հնչեղություն է ստացել, եւ Կառավարությունը հարկադրված կլինի վերանայել մի քանի ամիս առաջ ընդունած որոշումը:

«Լիդիան Ինթերնեյշնլ» եւ «Գեոթիմ» ընկերությունների պատվերով «Թրեուիք բնապահպանական խորհրդատուներ» ընկերությունը 2013թ.-ին հետազոտություն է իրականացվել Ամուլսարի տարածքում, որի ժամանակ հայտնաբերվել է Մատնունի ծիրանավոր բույսը: Մատնունի ծիրանավորը որպես անհետացման եզրին գտնվող տեսակ գրանցվել է ՀՀ Կարմիր գրքում` հաշվի առնելով Հայաստանում 10 քառ. կմ-ից պակաս զբաղեցնող տարածքը:

«Միասնական ուսումնասիրությունների արդյունքներով Ամուլսարի վրա հայտնի պոպուլյացիան կազմված է առնվազն 5500 առանձնյակից եւ գնահատվում է ավելի քան 7500 առանձնյակ: Կրիտիկական կենսամիջավայրն ամբողջապես շրջանցել հնարավոր չէ, քանի որ ոսկեբեր շերտախմբերը գտնվում են լեռան գագաթին, որն էլ համընկնում է բույսի տարածման հետ: Հաստատվել է անձեռնմխելի տարածքը, որը պետք է մշտապես պահպանել եւ շրջանցել՝ Ամուլսարի վրա Մատնունի ծիրանավորի պոպուլյացիայի մնացած մասը եւ դրան նպաստող ենթալպյան մարգագետնային կենսամիջավայրը պահպանելու համար»:

Հետազոտողները  նշել են, որ Մատնունի ծիրանավորի վրա ազդեցություններից ամբողջապես խուսափել հնարավոր չէ եւ նույնիսկ ազդեցությունից խուսափելու համապատասխան պլանի առկայության դեպքում հանքարդյունահանման ժամանակ մոտավորապես 1500 բույսի կորուստ կլինի, 1000 հատ բույս Տիգրանես հանքի հյուսիս-արեւելյան ակյունում եւ 560 հատ Արտավազդեսի գագաթային հատվածում: Սա կազմում է քարտեզագրված առանձնյակների 32%-ը եւ գնահատված Ամուլսարի ենթապոպուլյացիայի մոտավորապես 21%-ը: 

Մեկնաբանություններ (2)

Tet
Corruption
Nara
Թող կենդանիներին ու թռչուններին էլ Ճշմարիտյանն ու Ko տանեն իրենց տներում պահեն: Էս ինչ խայտառակություն ա, չեմ հասկանում: Մի հատ չեն էլ գրում ախր: Տեսնես ում է պատկանում այդ ընկերությունը? Էդ ինչ օգուտ պետք է բերի հանքը մեր Պետությանը, որ սրանք պատրաստ են ամբողջ բնությունն ապականել? Հո իրենց հոր բոստանը չի?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter