HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պատկերը կրկնվում է աչքիս առաջ արդեն 19-րդ տարին

Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

1996 թ. վերջն էր կամ արդեն 97-ի սկիզբը. 1-2 ամիս արդեն մահապատժի դատապարտվածների խցերից մեկում էի: Ուսումնասիրում էի ամեն ինչ: Ուզում էի երկնքի կտոր տեսնել, բայց այն արգելված էր տեսնել: Ես էլ փորձում էի տեսնել գոնե այն միջանցքը, որը Ազատություն դուրս բերող ճանապարհ էր ինձ համար: Այդ ժամանակ խցի երկաթե դռան «աչքի» տեղում ապակի չկար (վերջին տարիներին դրել են): «Աչք» ասվածը դռան վրա կլոր անցք է, որից հսկիչը հետևում է դատապարտյալին: Բանտում դեռ սովետական տարիների իներցիայով այդ անցքին “глаз” են ասում: Ուրեմն՝ այդ «աչք»-ից կամ “глаз”-ից նայում էի՝ փորձելով տեսնել հնարավորինս շատ տարածություն: Ամեն օր առավոտյան տեսնում էի, թե ինչպես էին կերակուր բաժանում (եթե կարելի է այդպես կոչել այն, ինչով կերակրում էին մահապատժի դատապարտվածներին), իսկ երեկոյան դուրս էր բերվում… աղբ: Հավաքարարը շրջելով հավաքում էր: Եվ ամեն ինչ նորից էր սկսվում: Այս պատկերը կրկնվում է աչքիս առաջ արդեն 19-րդ տարին:

Տարօրինակ համեմատություն անցավ մտքովս, ու հիմա էլ ոչինչ չի փոխվել. խցերը՝ լցված դատապարտյալներով, ասես, յուրահատուկ կենդանի օրգանիզմներ լինեն, որտեղ դռան վրայի փոքր անցքից ամեն օր սնունդ է ներս մտնում, իսկ օրվա վերջում՝ աղբ դուրս գալիս:

Տպավորություն է ստեղծվում, որ դատապարտյալներով լցված «խուց-օրգանիզմները» միայն ուտում ու աղտոտում են, ուրիշ ոչինչ: Ցավալին այն է, որ դա միայն տպավորություն չէ, այլ իրականություն, և այս խայտառակության առաջին մեղավորը հենց պետությունն է, որը առողջ, հասուն տղամարդկանց վերածում է մակաբույծների՝ չտալով աշխատանքի հնարավորություն: Սակայն այստեղ կան մարդիկ, ովքեր ունակ են արտադրություն տալու, բարիք ստեղծելու, բայց հնարավորություններն են սահմանափակ: Ամեն ինչ թողել են դատապարտյալի կամքին՝ փոխարենը աշխատանքային, վերականգնողական ծրագրեր պարզապես չկան:

Ռուսերենում մի արտահայտություն կա, որով բնորոշում են հասարակության համար անպիտան շերտը: Օրինակ՝ թմրամոլներին, դատապարտված մարդկանց ասում են “отбросы общества”: Հայերենում այն կարելի է համեմատել թափթփուկներ բառի հետ: Բայց ես այդպես չեմ մտածում: Մտածում եմ, որ չկան անպիտան մարդիկ: Պարզապես պետական համակարգերում պիտի այնպիսի աշխատանք տարվի, որ պրոբլեմներ ունեցող, կյանքի ինչ-որ փուլում սայթաքած մարդիկ վերականգնվեն և վերադառնան հասարակություն: Սա պետությա՛ն պոզիտիվ պարտավորությունն է՝ իրավաբանական լեզվով ասած:

Ամեն կենդանի արարած բնության մեջ ունի իր տեղը, դերն ու նշանակությունը այն լայն իմաստով, որ ինչ-որ բան արտադրում է: Հենց դրա շնորհիվ է, որ կենդանի համակարգերը կարողանում են գոյատևել: Ամեն մարդ, որպեսզի բավարարված լինի իր կյանքով և ունենա երջանկության զգացողություն, պետք է ինչ-որ բանով պիտանի լինի այլ մարդկանց. առաջին հերթին իր ընտանիքին, հասարակությանը, պետությանը…

Լավ հասկանալով, որ ինձ անարդար ձևով մեկուսացրել են հասարակությունից, որ կամաց-կամաց կվերածվեմ ոչինչ չստեղծող մարմնի ու մտքի՝ նախ հրաժարվեցի ինձ հասանելիք հացի ուղիղ կեսից: Դիմեցի բանտի վարչակազմին, որպեսզի երկու օրը մեկ ինձ հասանելիք հացը փոխանցվի փողոցում աղբամանների մեջ սնունդ հայթայթող անտուններին: Հետո անցա գործի. մտադրվեցի որևէ պիտանի աշխատանք անել, որպեսզի յուրահատուկ կենդանի օրգանիզմ հանդիսացող բանտախցից, որտեղ ցմահ փորձում են ինձ պահել, բացի աղբից որևէ այլ` անհրաժեշտ բան դուրս գա:

Ի՞նչ կարող էի անել: Որոշեցի գրել զգացմունքներիս մասին, փոխանցել Ողջերի աշխարհ՝ հույս ունենալով, որ կլոր գերեզմանոցում հայտնված անմեղ մարդու համառ պայքարն ու ճակատագիրն՝ իր ապրումներով, մտքերով կարող է դրական լիցքեր փոխանցել մարդկանց: Այդպիսով՝ Դուք կտեսնեք, թե որքան շատ է ձեր կողքին դրականը, հաճելին, բարին: Ակնթարթներ, որոնցով պետք է ուրախանալ, սիրով լցվել և բաց չթողնել այդքան մոտիկ գտնվող երջանկությունը, որը հաճախ չենք նկատում: Փոխարենն ամբողջ կյանքում որոնում ենք ինչ-որ այլ տեղ, որտեղ, սակայն, բացի մոլորությունից ուրիշ ոչինչ չկա… 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter