HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս օրը Լեռ Կամսարի հետ

Հոկտեմբերի 24-ը Լեռ Կամսարի տարեդարձն է՝ 126-ամյակը։ Վստահաբար չեմ երաշխավորում։ Գուցե իսկի էլ երգիծաբանի ծննդյան իսկական օրը չէ, բայց մի՞թե դա այդքան կարևոր է։

Գրականագետ Խաչիկ Պողոսյանը, ով խմբագրել է Կամսարի սովետական շրջանի վերջին գրքերը, միտք է հղացել օր սահմանել, որպեսզի հետագայում նշվեն ոգեկոչման հոբելյաններ։ Թե ինչու է հատկապես այդ օրն ընտրել, ենթադրում եմ, որ հանձնված նյութերի մեջ կարդացել է գրողի «Մահափորձ մի հին հեղինակի վրա» ինքնակենսագրական տրագիկոմեդիան, որը  գրված է եղել 1957թ․հոկտեբերի 24-ին, ազդվել է, և ի հեճուկս տիրող մտայնության, ոգեկոչման օր է սահմանել և մտցրել գրական օրացույցի մեջ ։  Այդ տխուր պիեսում նկարագրված են այն հալածանքները որոնց ենթարկվել է Լեռ Կամսարը սովետական քննադատների կողմից։

Փոքրիկ մեջբերում այդ գործից․

« Հայ ժողովուրդ - (Երկյուղածությամբ ներս է մտնում, ձեռքն իր երկու հազարամյա մորուքին տանում և դառնալով Վ. Ամիրբեկյանին ձայնում աղաչական)։ Ո՜վ մեծդ քննադատ, ողորմած եղիր։ Ես ընդամենը երեք երգիծաբան եմ ունեցել, որոնցից մեկին դու այսօր Պետհրատի պատին սեղմած անողորմաբար խեղդում ես։ Լեռ Կամսարը լավ թե վատ, վերջապես ներկայիս միակ երգիծաբանն է, որն համարյա ամբողջ կես դար իր ֆելիետոններով ուրախացրել է մեզ։ Գեթ մի ուրիշ փոխարինող գտիր՝ նոր սպանիր խեղճին, բա էսպես զուլում կլինի, որ բերում ես իմ գլխի՜ն։ Քո արածը ջահելություն է, ո՞ւմ տղան ես, ասա գնամ՝ հորդ հետ խոսեմ, նա ինձ կհասկանա։ Թե հայր չունես՝ արի, Լեռ Կամսարի գործը ինձ բաշխիր։

                                   Վ. Ամիրբեկյան - Նրա գործերը ես արատավոր եմ համարել, ախր։

                                    Հայ ժողովուրդ - Բանի ետևից ես... Քո դրած արա՞տն ինչ պիտի լինի, փչեմ թռնի։

                                   Վ. Ամիրբեկյան - Ո՞ւմ անունից եք խոսում Դուք։

                                    Հայ ժողովուրդ - Հայ ժողովրդի»։

Այո՛, կփչի Հայ ժողովուրդը, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հետագայում երևի անկախության նոր գրականագետները Վանից մազապուրծ արխիվներում կգտնեն կամ չեն գտնի գրողի իրական ծննդայն օրը, բայց ինչպես ասացի՝ դա էական չէ։ Օրինակ, ես շատ կուզենայի, որ Խաչիկ Պողոսյանը ընտրած լինել գարնանային մի տաք օր։ Մանավանդ, որ Կամսարն բնազդաբար ընտանիքի անդամներին ավանդել էր՝ կգաք իմ գերեզմանին տարին մեկ անգամ՝ մայիսին, երբ ծաղկի թեյի վարդենին․․․

Կարևոր չէ, թե երբ են ծնվում Մեծերը, հոբելյաններն էլ «կուգան ու կերթան»։ Կարևորն այն է, որ նրանք ծնվում եմ և ուղեկից և ուղեցույց են լինում հաջորդ սերունդներին․․․

Վանուհի Թովմասյան

 

 Հ․գ․  Պատրաստում եմ հրատարակման անտիպ «Չապրած տարիներ» ժողովածուն, որից պատառիկներ սիրով ներկայացնում եմ և հետագայում էլ կներկայացնեմ «Հետքի» ընթերցողներին։

Բազմակետերով նշված են անընթերնելի մասերը (ձեռագրերը թաքցրած էին հողի մեջ և 46 թվի ջրհեղեղից վնասվել են)։ <> այս նշանը դրել եմ, երբ փորձել եմ տրամաբանորեն վերականգնել բառը։ Պահպանել եմ հեղինակի ուղղագրությունը։ Նյութերը դեռ հում են՝  աշխատված չեն, որի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը։ 

                                                                  Ա Ն Տ Ի Պ Ն Ե Ր 

Յոթը տարի է աքսորէ վերադարձեր եմ ու դեռ պետությունը չի արտօներ զիս գրելու: «Քիչ մըն ալ պետք է սպասել». կըսէ:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ես հույսս <կտրեր>* եմ բոլորովին:․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ճիգ կթափեմ գրող չըլլալ, մեռնել որպէս գրող՝ չեմ կրնար: Ամբողջ 35 տարի գրելուս համար շատ դժվար կուգա։

Ես առաջ կկարծէի, թէ գրող ըլլալն է դժվարը, այժմ կտեսնեմ, որ չգրող ըլլալն ավելի ծանր է , քան գրող:

Ի՜նչ ընեմ... Հնար ըլլար իմ գրական շնորհքս աժան գնով ծախէի մէկի մը, կամ ունակություննիս բեռնակրի մը հետ փոխանակէի:

Երբ աղէտի մը հետևանոք տունդ ձեռքեդ կերթա՝ մէջի ապրանքը կվաճառես՝ ինչ գին ալ վճարելու ըլլան...

Ի՜նչ ըրի, Աստվա՜ծ, ի՞նչ հանցանք գործեցի, որ տասը տարի լռեցնելէ ետքը՝ կառաջարկեն այժմ մեռնել:

Մեռնել այն ժամանակ, երբ իրենք սաստիկ կարիք կզգան ինձ նման երգիծաբանի մը: Այն ժամանակ, երբ  խորհրդային մամուլն գուն կգործէ ժպտալ իր էջերում՝ ու չի հաջողեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց: Սովետական Միությունը հաղթեց Գերմանիային: Կսպասէի, որ մեր հաղթական կառավարությունը թևերը սոթտած լվացարանի տակ լավ մը լվացվէր, գար սեղանի շուրջը նստէր և հրամայէր՝ ինչ անուշ բան կա սեղանին բերել․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Կարծես պատերազմն դեռ չի վերջացած: Ավելին: Կարծես դեռ նո՜ր պիտի սկսի: Այնքան կնճռոտ է պետության ճակատը, այնքան անժպիտ է իր երեսը...

Հիմա՝ ի՜նչ ընեմ, Աստված, ի՜նչ ընեմ: Ես ինչպէ՞ս մեռնեմ, երբ անգամ հիվանդ չեմ: Ինչպէ՞ս չգրեմ, երբ միտքերը կհորդեն, կլեցվեն ինչպէս հորթատված կովի մը ստինքները ու ծծող չլինելու համար գետին կթափվի պտուկներէն իզուր:

Երեք տարի հեռավոր հյուսիսը տաժանակրության գացի այն պատճառով, որ միշտ պետական ապարատին թերությունը ծաղրեցի ու բնավ չգովեցի, չփափայեցի զիրենք: Բայց մի՞թէ հնար է, որ վիրաբույժը իր ածելիով ու սուր չանգալներով մասսաժ կատարէ: Երգիծաբանն որ սկսէ ներբողել, հապա ո՞վ պիտի երգիծէ: Ըստ դատավորիս մեղադրանքի՝ եթէ ես կհարվածեմ ոչ թէ ուղղելու՝ այլ մեռցնելու համար՝ ինչո՞ւ 15 տարի թույլ տվիք ձեր թերթերում գրելու: Եթէ վատ բժիշկ էի 1921 թվին* ինչո՞ւ կանչեցիք ինձի Թավրիզէն, ինչո՞ւ ձեր վերքերը բացիք իմ առջև:

Ես ընդմիշտ Թավրիզ կմնայի, դուք ալ կապրէիք հոս անսխալական...

Այլապէս երգիծանքը տզրուկ է, նա կծծէ կեղտոտ արյունը միայն: Իսկ արյուն տվողները դոննորներ կը․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Փողոցին մէջ կպատահի ընթերցողս ու կըսէ.

-Ա՜խ, ե՞րբ վերջապէս անգամ մըն ալ պիտի կարդանք քո ֆելիետոնները, ինչպէս ծարավի ենք գրվածքներիդ:

Ան ատեն դժվարությամբ թարկած ծխողի մը նման նորէն ծխախոտի տուփը կհանեմ ու պապիրոս մը կփաթտեմ «վերջին անգամ մը» ծխելու համար:

Ես որպէս հորդաբուխ ստինքներով կով կապված եմ մի ծառի, իմ ընթերցողները սովահար հորթերու նման՝ մի այլ ծառի ու պատկառելի հեռավորության վրա կմզզանք ու կգալարենք մեր ծառերու շուրջը... 

*****

Հինգշաբթի 30.- Գէշ բան է եղեր պատերազմի մէջ պարտված պետություն լինել:

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը յոթ մեծ պետություն գոյություն ունէր աշխարհում:

Պատերազմին զարկին-զարկվան, ջարդեցին-ջարդվան՝ ի վերջո երեք մեծ պետություն մնաց: Ֆրանսան առաջինը չոքեց: Գերմանիան պարտվեց ու բաժանվեց չորս պետությունների մէջ: Զինաթափվեց մինչև վերջին դանակը: Թույլտվություն կա հորթարածներին ունենալ միայն ճիպոտ (որքան կարելի է դալար), երկրին մէջ կարգը պահպանող ոստիկանությանը՝ եղէգից շինած ձեռնափայտ (մէջն անպայման դատարկ), մսագործներին՝ թիթեղյա դանակներ՝ պատշաճ երկարությամբ, իհարկէ, սափրիչներին՝ փայտէ ածելիներ:

Գերմանիան, ասենք, ինչ ալ լինի սազական է. նա հավերժ պարտված է: Երկու անգամ համաշխարհային պատերազմ վառող կրկնահանցագործ: Ատամի այն կրճտոցով, որ հաղթողները բռներ են Գերմանիո ականջէն՝ երկար բաց ձգելիք չունեն: Հարցը այստեղ լիակատար պարտված պետություններով չի վերջանար: Կան կիսապարտված պետություններ էլ, ինչպես, օրինակ, Ֆրանսան, որուն վիճակը պակաս ողբալի չէ, ավելին․․․․, քան Գերմանիային։ Գերմանիան փշրված է, Ֆրանսան ճաքած․․․․ լեցվի այլևս  ․․․․

Սա Անգլիո հետ միասին պատերազմի ելավ, <սակայն> հարված ուտելով՝ զէնքը վայր դրավ ու նստավ։ Անգլիա շարունակեց կռիվն ու հաղթեց։ Հիմա Ֆրասան շորերը թափ տալով ոտքի է ելել ու նայում է, թէ ինչպէս Անգլիան ու Ամերիկան կբաժնեն աշխարհը, առանց իր վրա ուշք դարձնելու։ Չգիտէ, իր նախկին կալվածք Սիրիա իրեն կուտա՞ն, թէ՝ չեն տար։ Փորձի համար քանի մը զինվոր իջեցուց Դամասկոս՝ Անգլիա հանեց-ճամբեց, թէ՝ թող տուր անկախ լինեն, մի միջամտեր։ Ֆրանսան ամոթու՝ անծպտուն ելավ քալեց, կարծես պատահմամբ և ոչ դիտումնավոր մտած ըլլար։ Հիմա հաղթող պետությանց կոնֆերանսներում դռների առաջ խեղճ-խեղճ կկենա, կհազա երբեմն, ինչպէս աղքատացած հարուստ մը ու չի խնդար, ոչինչ չի խնդրեր դիվանագիտության ողորմածությանը անվստահ։

Բայց սխալ կլիներ ասել, որ դաշնակիցները իսպառ մոռցեր են իրենց նախկին Ֆրանսան։ Կհիշեն։ Ինչպէ՞ս։ Օրինակ, եթէ հաղթող պետությունները դեկլարացիա մը կստորագրեն, որուն տակը մէկ մարդու ստորագրելու ալ տեղ է մնացեր՝ կուտան Ֆրանսա ստորագրէ։ Եթէ փայտէ հրացաններով նշանառու<թյուն> կա, ժամանացի համար, հրացան մըն ալ Ֆրանսիո կուտան։ Եթե․․․․․․․․․․․․․․․․․․․․

Մէկ խոսքով նախանձելի վիճակ մը չունի Ֆրասա։ Մարդս այս աշխարհում ապրելու համար կամ պետք է ուժ գործադրի, կամ ձեռք պարզէ մուրա։

Իսկ եթէ կռվի մէ՞ջ մտար, կամ իսպառ ջրի տակ գնա՝ կամ ջրի երեսը կաց։ Միջինը կյանքի ու մահվան ներկայացուցչություն մըն է քով քովի նստած։

Այս պատերազմին մէջ Իտալիա նույպէս պարտվեցավ, իհարկէ, բայց Իտալիո բանն ուրիշ է, անիկա իր ելևէջներով ոչ ոքի զարմանք կպատճառէ։ Այն օրվնէ, երբ դադրեցավ «հռոմայեցի» կոչվելէ, դարձավ զերո մը, թվանշանին ձախ կողմը դրված։ 

*** 

Հինգշաբթի 30.- Գէշ բան է եղեր պատերազմի մէջ պարտված պետություն լինել:

Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը յոթ մեծ պետություն գոյություն ունէր աշխարհում:

Պատերազմին զարկին-զարկվան, ջարդեցին-ջարդվան՝ ի վերջո երեք մեծ պետություն մնաց: Ֆրանսան առաջինը չոքեց: Գերմանիան պարտվեց ու բաժանվեց չորս պետությունների մէջ: Զինաթափվեց մինչև վերջին դանակը: Թույլտվություն կա հորթարածներին ունենալ միայն ճիպոտ (որքան կարելի է դալար), երկրին մէջ կարգը պահպանող ոստիկանությանը՝ եղէգից շինած ձեռնափայտ (մէջն անպայման դատարկ), մսագործներին՝ թիթեղյա դանակներ՝ պատշաճ երկարությամբ, իհարկէ, սափրիչներին՝ փայտէ ածելիներ:

Գերմանիան, ասենք, ինչ ալ լինի սազական է. նա հավերժ պարտված է: Երկու անգամ համաշխարհային պատերազմ վառող կրկնահանցագործ: Ատամի այն կրճտոցով, որ հաղթողները բռներ են Գերմանիո ականջէն՝ երկար բաց ձգելիք չունեն: Հարցը այստեղ լիակատար պարտված պետություններով չի վերջանար: Կան կիսապարտված պետություններ էլ, ինչպես, օրինակ, Ֆրանսան, որուն վիճակը պակաս ողբալի չէ, ավելին․․․․, քան Գերմանիային։ Գերմանիան փշրված է, Ֆրանսան ճաքած․․․․ լեցվի այլևս  ․․․․

Սա Անգլիո հետ միասին պատերազմի ելավ, <սակայն> հարված ուտելով՝ զէնքը վայր դրավ ու նստավ։ Անգլիա շարունակեց կռիվն ու հաղթեց։ Հիմա Ֆրասան շորերը թափ տալով ոտքի է ելել ու նայում է, թէ ինչպէս Անգլիան ու Ամերիկան կբաժնեն աշխարհը, առանց իր վրա ուշք դարձնելու։ Չգիտէ, իր նախկին կալվածք Սիրիա իրեն կուտա՞ն, թէ՝ չեն տար։ Փորձի համար քանի մը զինվոր իջեցուց Դամասկոս՝ Անգլիա հանեց-ճամբեց, թէ՝ թող տուր անկախ լինեն, մի միջամտեր։ Ֆրանսան ամոթու՝ անծպտուն ելավ քալեց, կարծես պատահմամբ և ոչ դիտումնավոր մտած ըլլար։ Հիմա հաղթող պետությանց կոնֆերանսներում դռների առաջ խեղճ-խեղճ կկենա, կհազա երբեմն, ինչպէս աղքատացած հարուստ մը ու չի խնդար, ոչինչ չի խնդրեր դիվանագիտության ողորմածությանը անվստահ։

Բայց սխալ կլիներ ասել, որ դաշնակիցները իսպառ մոռցեր են իրենց նախկին Ֆրանսան։ Կհիշեն։ Ինչպէ՞ս։ Օրինակ, եթէ հաղթող պետությունները դեկլարացիա մը կստորագրեն, որուն տակը մէկ մարդու ստորագրելու ալ տեղ է մնացեր՝ կուտան Ֆրանսա ստորագրէ։ Եթէ փայտէ հրացաններով նշանառու<թյուն> կա, ժամանացի համար, հրացան մըն ալ Ֆրանսիո կուտան։ Եթե․․․․․․․․․․․․․․․․․․․․

Մէկ խոսքով նախանձելի վիճակ մը չունի Ֆրասա։ Մարդս այս աշխարհում ապրելու համար կամ պետք է ուժ գործադրի, կամ ձեռք պարզէ մուրա։

Իսկ եթէ կռվի մէ՞ջ մտար, կամ իսպառ ջրի տակ գնա՝ կամ ջրի երեսը կաց։ Միջինը կյանքի ու մահվան ներկայացուցչություն մըն է քով քովի նստած։

Այս պատերազմին մէջ Իտալիա նույպէս պարտվեցավ, իհարկէ, բայց Իտալիո բանն ուրիշ է, անիկա իր ելևէջներով ոչ ոքի զարմանք կպատճառէ։ Այն օրվնէ, երբ դադրեցավ «հռոմայեցի» կոչվելէ, դարձավ զերո մը, թվանշանին ձախ կողմը դրված։ 

***

Երկուշաբթի 3.- Պառկածս տեղ նորէն կանդրադառնամ Հայաստանի կառավարությանը ինձի տված պատասխանին*: Կըսէ՝ քո աշխատակցության պէտք չունենք, վասնզի երգիծանքդ  շատ սուր է: Այս տեսակ առարկություն կըլլա՞: Զարմացեր մնացեր եմ: Այդ նույնն է, թե սափրիչիդ ըսես՝ քուզո՛ւմ*, ատ սուր ածելին վար դիր՝ փայտէ ածելիով զիս սափրէ, կվախնամ կո՜ր...

Չէ՛, տարօրինակ է: Ճամբա տվէք անգամ մըն ալ զարմանամ, զարմանամ ու ապշեմ: Այո՛ ապշեմ ու ապուշ ալ մնամ...

----------

Լենինն ըսեր է՝ կրօնն հաշիշ է, խաշխաշ, որ թմրեցնում է մարդկանց գիտակցությունը։

Ու բոլշևիկները 1917 թվին Ռուսաստան մտնելով Աստծուն ճամբու դրին ու եկեղեցական դասին սառը ջուրով խելքի բերին։

Այս շատ լավ։

Բայց ինչո՞ւ հանկարծ քսանհինգ տարի անցնելէն վերջը նորէն եկեղեցին բացին ու թող կուտան, որ քահանաներ ու վարդապետներ ձեռնադրվեն։

Պետությանը խաշխա՞շ է պէտք ինչ է։ Դեղորէից մէջ խաշխաշի գործածություն  կա, գիտեմ։ Խաշխաշով երեխա կքնեցունեն, երբ չափէն ավելի լալկան է ու անվերջ ծիծ կպահանջէ։

Բայց մեզ մոտ ժողովուրդն ո՛չ կուլա, ո՛չ ծիծ կպահանջէ կառավարութենէն, հաշիշ ցանելն ի՞նչ առեղծված է․․․ 

*** 

Շաբաթ 14․- Որպէսզի ճաշը աղէկ մարսվի, պէտք է ունենալ լրիվ ակռաներ ու մանր ծամել։ Անատամ մարդու կերածը մէկ դուռնով ներս կմտնէ, մյուսովը կելլէ, առանց օգուտ մը տալու օրգանիզմին։

Որպէսզի մի երկիր կարողանա քաղաքակրթական բարիքներէն օգուտ քաղել պէտք է ըլլա հարուստ, խելացի ու առնվազն նորմալ։ Այս բարեմասնությունք չունեցող երկիր մը քաղաքակրթությունը մէկ կողմէն կմտնէ, մյուսէն դուրս կելլէ։

Քաղաքակրթական բարիքներէն մէկը օթոմոբիլն է՝ մեքենայացված այդ տրանսպորտը։

Երբ առտուն Երևանի փողոցը կելլես, հազարավոր ավտոներ, ո՛չ, տաս հազարական ավտոներ հևասպառ վեր ու վայր կսուրան․․․․ զուգահեռ կերթան ու օրական <տասնայկ մարդիկ> կմեռցունեն։

Բայց օրերով եթէ կանգ առնես նայես, չես  նկատի գէթ մէկ հատիկ մեքենա, որուն մէջ գէթ քանի մը մսխալ բեռ ըլլա։

Եթէ կտեսնես, որ ավտո մըն ալ հեռվէն կուգա ծանրաբեռնված, գիտցիր, որ մէջը․․․ բանտարկյալ է։

Ահա խորհրդային միակ ապրանքն։

Ասիկա բեռնատար մեքենաներուն կվերաբերէր։

Բայց կան այս թվով և անգամ կրկնակի մարդատար, փայլուն, պատվական արտաքինով, շքեղաշուք ավտոներ։ Ավտոներ, որոց մէջ մեծ երկրի մը դեսպան կամ դիվանագիտական կորպուս նստած կենթադրես, որը կսուրա սկսվող աշխարհավեր պատերազմի սկսումն կանխելու։

Բայց ոչ։ Այդ ավտոներն կուսակցական բարձր խավին առտուն պաշտոնատուն կտանեն, ապա կերթան սովխոզ-կոլխոզ թարմ մթերք բերելու այդ դասի նույն օրվա խոհանոցին, հետո այդ նույն դասի կանանց ու երեխաներուն պտույտի կտանեն քաղաքէն դուրս, հետո ալ, երբ ճաշը պատրաստ է, մեքենավարն կերթա իր տէրը պաշտոնատնէն վերադարձնելու, որն «սոցիալիզմ կառուցելէն» հոգնած, անհամբեր մեքենայի կսպասէ։

Ճաշէն վերջ, այս բարձր խավի կոմունիստն, անգամ մը կկարդա այն աղջիկներու և կնիկներու ցանկը, որոց հետ նույն օրն հեռախոսով տեսակցություն էր նշանակել։

<Իսկ>  հետճաշյա մեքենաներու ողջ երթևէկը նվիրված է այս դասու մարդկանց, կանանց ու արբունքի հասած զավակներու սիրային տենչը մարելու՝  մինչև մյուս օր լուսաբաց։

Այս այն ժամանակ, երբ չքավոր ժողովուրդին մեռյալն տախտի վրա կմնա ու մէկ հատիկ ավտո չի տրամադրվեր անտեր մեռելը իր վերջնական հանգիստը փոխադրելու․․․

Քաղաքակրթական երկրորդ բարիքն է հեռխոսը։ Հեռախոսը մեզ մոտ կգործածվի նախ սիրային վիզիտներ կարգի բերելու, իրար անլուր հիշոցներով հայհոյելու (որովհետև մեծ մասամբ վայրի և դեմքերնին կորսնցուցած գյուղացիք են), և մէկ ալ պահեստապետները կապ կպահպանեն իրենց տուներու հետ, որ պատրաստություն տեսնեն գողացված ապրանքն «յուրացնելու»։

Կուլտուրական երրորդ բարիքը թուղթն է։ Թուղթին վրա ժողովուրդ մը կանմահացնէ իր միտքն ու հոգին միժամանակ և ապագա պատմգրեր հենվելով անոնց վրա, կորոշեն տվյալ ազգին խարակտերը։

Խորհրդային կառավարությունն Ֆինլադիայի հետ կբանակցի թուղթ ստանալու։

Բայց ինչո՞ւ համար է թուղթն մի երկրի, ուր միտք գոյություն չունի․․․

Թուղթն մեզ մոտ կգործածվի առաջ ու առաջ Ստալինին ներբող գրելու։ Ներբողներ այնքան կրկնված ու շաբլոն, որ հեշտությամբ Ֆինլանդիան կրնար արդեն տպված, պարաստ արտահանելու այդ ներբողները։

Անկէ վերջ թուղթը կգործածվի օրդեր պատրաստելու։ Օրդեր կոշիկի, վարտիքի․․․․․նավթի,․․․․ կոստյումի, յուղի, պանրի, շաքարի, լոբիի, վերմակի, դոշակի, քացախի, գինու․․․ և բոլոր «գոյական անուններու», առանց նկատի առնելու այդ առարկան գոյություն ունի, թե՞ոչ։

Հետո թուղթը կգործածվի բանտարկյալներու կողմէ դիմումներ գրելու, որոց ազատության դէպք սակայն, ցայսօր տեսնող չէ եղեր և որոնք կերթան վարչական մարմիններու սադիստական ծարավը մեղմելու իրենց անհույս աղերսներով ու երկրպագումներով։

Թուղթ կգործածվի խորհրդային ապարատներու միջև գրավոր կապ պահպանելու։ Այդ ապարատներն, որք ծովու ավազի կնմանեն, իրարմէ պաշտոնապէս բան մը կխնդրեն ու պաշտոնական գրավոր մերժում կստասնան «կից» գրություններով։

Թուղթով կկազմվեն կոլխոզներում «սատկած» անասուններու «ակտերը», բայց այնքանով, որ պակսեր է այդ անասուններու թիվը, այնքանով, բարեբախտաբար, սկսեր է թուղթին խնայողությունը այդ ասպարեզում։

Քիչ թուղթ չերթար խորհրդային դատարաններում մեղադրական ակտեր կազմելու ժամանակ։

Որովհետև այդ ակտերն կազմելու ժամանակ կբացակայեն կոնկրետ մեղադրանքներ, ուստի դատավորը իր խղճին առջև արդար լինելու համար այնտեղ իրար ետևէ կշարէ աշխարհումս գոյություն ունեցող բոլոր հանցանքները, որպէսզի պատահմամբ մէկն գործած ըլլա դատապարտյալն։ Ուրիշ խոսքով դյուրություն կուտան բռնվածին իր ցանկացած հանցանքն ընտրելու։

Այսպիսի արդարություն․․․

Գուցե կարծէք, որ կարելի է նաև դատապարտյալի կողմէ «շնորհակալ եմ» ըսելու ու մեղադրական թերթը ետ հրել։

Բայց խորհրդային քաղաքացին երբէք այդքան անտակտ չէ, նա այդպէս չի դաստիարակված, նա գիտէ, որ պետությանը բանտարկյալ է պէտք․․․

Քաղաքակրթության մէկ ուրիշ բարիքն ալ ռադիոն է։ Մեզ մոտ, սակայն, ռադիոն շատ կնմանի մեռելատունն ինկած խելագարին։ Իրար ետևէ, օրվա 24 ժամ, կխոսի աշխարհիս ամենաանհետաքրքիր բաները ու կերգէ ականջ ծակող կանչվռտոցով։ Անհամություններ, որ եթէ հողին պարարտացմանը գործածէ գյուղացին, հազիվ թէ մէկ տոկոսով ավելի բերք ստանա։

Լսողներու միակ բարեբախտությունն այն է, որ լսափողը միշտ փակ կպահէ և բնավ չի լսեր։ Եթէ փականքը ժողովրդին հանձնված չըլլար՝ բացի խուլերէն, մնացյալ մասը լսողներուն կխելագարվէր ապաքէն։

            ----------

Այն անհավատներն, որք Արքայությանն ու Դժոխքին գոյությունը կհերքեն՝ չարաչար կսխալեն։ Մեր երկիրը դժոխք է, ու մարդս մեռնելէն վերջ ուր ալ երթա՝ հոն Արքայություն է։ 

            ***

Երկուշաբթի 16․- Ուտոպիստ գրող մը, կարծեմ ամերիկացի, կնկարագրէ մոլորակ մը, ուր առատութենէն մարդիկ կպատռվեն ու երազանքով կձգտեն այն օրվան, երբ գէթ մէկ գիշեր մերկ ու անոթի կպառկեն։Բնակիչներու ամենամեծ օրհնանքն է՝ «Տո՛ւնդ դատարկվի»։

Ափսոս բուն հասցէն ստույգ չեմ գիտեր։ Մեռնելիս այնտեղ կհանդիպէի ու կըսէի․

 -Բոլշևիկյան կարգեր մտցուցէք ձեր մոլորակին մէջ ու անմիջապէս ձեր տունն ալ, խանութն ալ կդատարվեն։

Տնկեցէք, պիտի ըսէի, Լենինի արձան մը ձեր մոլորակին մէջտեղը, ու պիտի տեսնէք, որ ո՛ր կողմը ցույց տա մատովը, այնտեղ երաշտ կլինի։

Դատարկված ամբարները համայն բանտի կվերածվի ու ջրի տեղ մոլորակի վրա արյուն ու արցունք կհոսի։

Մէկ խոսքով, կըսեմ, կացուցեցեք սոցիալիզմ․ այսինքն «հավասարություն, եղբայրություն և ազատություն»։

            ----------

Հիվանդ եմ, շատ։ Բայց բժիշկ չեմ կանչեր՝ ինչու որ դեղատուններու մէջ տեղ չկա անկուսակցականին համար։ Եղած դեղորայքն պահված է բացառապէս պատասխանատու կուսակցականներու համար։

Եթէ դագաղն աժան ըլլար՝ կմեռնեի, բայց որո՞ւ խիղճը կտանի հազար ռուբլիանոց դագաղ առնել, հողին տակ պառկել ու երեխոցը թողուլ անոթի։

Ուրիշ բան է, երբ պատահմամբ, ավելի ճիշտը չգիտությամբ, իբրև մարդ անարժէք, հետևաբար որպէս կուսակցական արժեքավոր կուսակցական մը կմեռնի։ Հարյուր ավտո դագաղին առջևէն՝ երկու հարյուր ետևէն։ Այնքան պսակ, ինչքան ծաղիկ կա քաղաքին մէջ ու պաշտոնատուներէն զոռով հանած հուղարկավորներու ստվար բանակ։

Մենակ դագաղը մէկ է, որն հույս ունեմ շուտով պիտի փոխվի ու կոմունիստը իրավունք պիտի ունենա բազմաթիվ դագաղներու մէջ մեռնել։

Թէ ինչու՝ ըսեմ։

Ստալինն, որ առաջներ մերժելով կմերժեր Աստուծո ու կրոնի գոյությունը, այսօր նորաստեղծ կաթողիկոսներու օրհնությունը լռելյայն կտանի (իսկ լռությունը համաձայնության նշան է կարծեմ)։ Եթէ կրոն կա՝ վերջին դատաստան կա։ Եթէ վերջին դատաստան կա՝ կնշանակէ առաջին առթիվ երկնքին կողմէ մատով հողը պիտի խառնվի Ստալինը գտնելու, այնպէս, ինչպէս եռյակ համաձայնության կողմէ Հիտլերը կփնտռվի։ Հա։ Մենք գիտենք, որ Ստալինն կենդանյոք Կրեմլեն դուրս գալու համար շարք մը դատարկ ավտոներ կհանէ, որ տեռորիստին շփոթեցունէ։

Արդ, չ՞ի կարելի, որ վերջին դատաստանին ձեռքը չիյնալու համար շարք մը դատարկ դագաղներով թաղվի՝ հետքը կորցնելու համար։

Իհարկէ, կրնար նաև այդ րոպէին ելլել, իր թշվառ մէկ զոհին դագաղը մտնել, բայց թէ աշխարհի բոլոր բարիքները կերած խմած մարդ մը խեղճ մտավորականի մը դագաղին մէջ ինչո՞ւ պիտի տեղավորվի։

Զարմանալի բան։ Աշխարհիս ոչ մէկ ժողովուրդ այնքան գորովալի ածականներով չի կանչեր իր իշխանավորին, սակայն այդ երկրներու նախագահները կամ թագավորները հասարակ մադու նման, գավազան մը ձեռքին, ազատ համարձակ կպտտեն իրենց ժողովուրդին մէջ առանց սպաննվելու մազաչափ վախի։

Բայց մեզ մօտ, այսքան գորովի, սիրո, խանդաղատանքի ու աստվածացման մէջ իսկ մեր տէրը կվախնա երևալ իր ժողովուրդին։

Հետևաբար ու բնականաբար, այս ածականներէն կեղծության հոտ չէ՞ք առներ։

Ես այնքան սաստիկ կառնեմ, որ առանց պինչս փակելու անկարող եմ անցնել այս մեծարանքին քովէն։

Հոս ճշմարտությունը պարզապէս նեխեր է․․․ 

            ***

Չորեքշաբթի 18․- Կմտածեմ ի տես այս մարդկային պատերազմներու, երբ ամբողջ վեց տարիներով մարդիկ իրար կոտորեցին անխնա, կըսեմ՝ այո՛, ի տես այս երևույթին, հետաքրքիր է գազաններն ի՞նչ կարծիք կկազմեն մարդու մասին։

Եթէ մարդիկ իրար սպաննէին և միսն ուտեին՝ գովասանքի կարժանանային անշուշտ կենդանական աշխարհին կողմէ։ Այդ կնշանակէր, որ մարդն միս ուտելու համար այլևս չէր ուզեր ոչխարին կամ խոզին ձեռք կարկառել, այլ որոշեր էր ապրել ինքն իր միսով։

Բայց բանն այն է, որ մարդիկ կմորթեն իրար, կթաղեն, ետքէն նորէն կերթան այդ խեղճ կենդանիներու օձիքէն կկախվեն։

Ես վստահ կարող եմ պնդել, որ գազանը հիմար կանվանէ մարդուն։

Ա՜խ ինչո՞ւ չեն խոսեր գայլեր, արջեր, բորենիներ, վագրեր։ Ինչո՞ւ են այդքան լուրջ գիտնականի տեսք առած իրենց քարէ կաբինետները քաշվել ու սֆինքսի պէս լռել։ Եթէ ամեն արարած իր գիտցածը իր մէջ պահէ, լուսավորությունը ուրկէ պիտի տարածվի հապա։

            ----------

Եթե ես մեռնեմ, դագաղիս մէջ մի երկու խոսք պիտի արտասանեմ նոր թաղվեմ։

Պիտի ըսեմ․

-Եթէ կա անկյուն մը աշխարհիս մէջ, ուր օր մը լման կարելի է «Ստալին» չլսել, ինչո՞ւ հիմարաբար առաջին անգամ Ստալին լսելուն պէս չմեռա։ 

Հինգշաբթի 19․- Ժամանակ մը շատ լուրջ կերպով մտածեր եմ գազան դառնալ։ Ճիշտը <խոսած> մտադիր էի միջին կատաղության բոլշևիկի ժանիքներ ձեռք բերել, շարքային չեկիստի մագիլներ, մի միլիոներորդ ստալինյան անգթություն ու որևէ պոչ մը։ Արտաքինս հաջող էր, միանգամայն գազանական, բայց եկուր տես, որ անոնց լեզուն չեմ հասկնար, ի՞նչ օգուտ։

Ու չհաջողվեց այնօր ծրագիրս։

Այսօր կմտածեմ։

Ա՜յ մարդ, ի՜նչ գործ ունեմ իրականության հետ, երբ օժտված եմ ուժեղ երևակայությամբ։ Թումանյանն ալ մյուս կոմէ ըսէր է․ «Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք»։

Ես այսօր երևակայությամբ գազան կդառնամ, կհագնեմ աղվէսի մորթի՝ չէ, աղվեսինը թանգանոց է՝ ես բնությամբ քիչ մը համեստ եմ՝ կհագնեմ գորշ արջի մը մորթի ու Աբու Լալա Մահարիին նման, գիշեր մը, երբ Բաղդադը քնած է՝ կամաց մը կենդանիներու մոտ կփախչեմ։

Եղա՞վ։

Փառավոր։

Կփախչեմ ու մարդկային բոլոր հիմարությունները կպատմեմ անոնց։ Կըսեմ․

-Ի՜մ հարազատներս, դուք միայն մարդոց իրար մորթել ու թաղելը գիտէք։ Այդ ոչի՜նչ։ Մարդն կավէ, ոսկէ, բրոնզէ, թիթեղէ աստվածներ կշինէ, կդնէ տաճարին մէջ, ծունկ կչոքի առաջ կաղոթէ, որ իրեն տանի արքայություն։ Այդ հնում։

Նոր ժամանակ մարդիկ Իսրայելի Աստված Եհովային կպաշտեն։ Իսրայելացիք՝ ատիկա հրէաներն են՝ ջհուդները: Այս աշխարհիս բոլոր պակասություններն ունեցող ազգը իր երևակայության մէջ ստեղծեր է իր նման աշխարհիս բոլոր պակասություններն ունեցող Աստված մը։ Այս Աստված ստախոս է, որովհետև ամեն անգամ Աբրահամին* տեսնելիս ըսավ՝ քեզի ծովու ավազի ու երկնից աստղերու չափ մեծ ազգ կընեմ՝ չըրավ։ Երբ Աբրահամ Եգիպտոս կերթար իր գեղեցիկ Սառա կնկան հետ միասին՝ Աստված սովրեցուց, որ խաբէ Փարավոնին ու ցույց տա, որ Սառան ոչ թէ իր կինը, այլ քույրն է, որ Փարավոնն Աբրահամին չսպաննէ ու կինը ձեռքէն խլէ։ Այլևս ո՞ւր մնաց իր ամենակարողությունը, երբ կնիկ մը չկրցավ ազատել Փարավոնէն։

Այս Աստուծո քթին տակ Դավիթ* Ուրիային* սպանել տվավ ու կինն հափշտակեց․ Ամոնն իր քույր Թամարին պղծեց*։

Իսրայելացոց ձեռքով ողջ անապատի ժողովուրդներն կոտորել տվավ։

Այսպէս աշխարհիս բոլոր հանցանքներն գործելէն ետքը, ելավ Մովսէսին* տասնաբանյա պատվիրան մը տվավ՝ թէ մի՛ սպանաներ, մի՛ շնանար, սուտ մի՛ վկայեր և այլն։

Հետո՝ կըսեմ։ Մարդկանց այն մասը, որ չի հավատար կրոնին, այն ալ սոցիալիզմով կհիմարանա։

Բոլոր մարդիկ կծխեն, առանց բացատրելու, թէ ինչո՞ւ։ Ու անոնց քիթը, որ ծաղիկ հոտոտելու վայելքին սահմանված է՝ դարձուցել են կեղտոտ ծխնելույզ։

Մէկ դպրոց կբանան, որ խելք հավաքեն ու խելոք գործեր կատարեն՝ անոր քովը 12 գինետուն կբանան, որ հիմարանան ու հիմարություններ ընեն։

Սեռական ակտն որ մեզ, կենդանիներուս մոտ (ալ ես կենդանի եմ) տարվա որոշ եղանակին կատարվող տեսակի շարունակության ակտ է, մարդոց մոտ դարձեր է գործ, տարվա բոլոր ամիսներուն և օր ու գիշեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմին Ռուզվելտն ու ու Չերչիլը Աստուծո օգնությունը խնդրեցին Գերմանիային սպաննելու համար՝ Ստալինն՝ ոչ․ Ստալինն մենակ ավելի ուժեղ հարված հասցուց Գերմանիո, քան Ամերիկա ու Անգլիա իրենց աստվածներով։

Կենդանյաց հիշեցնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմին ալ գերման կայսր Վիլհելմը իր կողմէ կկանչէր Աստուծո, Անգլիան՝ իր, ռուսական Ցարը՝ իր, պիտի ըսեմ․ Աստված կարծես որսի բազէ ըլլա, ով որսի ելլէ՝ հետը կտանի․․․

Շարունակելով խոսքս, սիրելի կենդանիներ, պիտի ըսեմ․ մարդիկ առանց «իզմ»-երու չեն կրնար ապրել, ատիկա կրոնական, քաղաքական ու տնտեսական     բնույթ կրող դավանանքներ են, որոցմէ յուրաքանչյուրը կնկրտի աշխարհը շուռ տալ իր վարդապետությանը կամ մասամբ սրբագրել կյանքն, կամ իսպառ փոխել։

Այս դավանանքներէն ցայսօր ոչ մէկն իրականացավ, իհարկէ։ Այս սկզբունքներն մարդիկ կգործածեն միայն զիրար սպաննելու։

Ամենաամոթալի բանը, պիտի ըսեմ, մարդոց բարոյականություն է։

Մարդ ու կին ամուսնական սեղանին, քահանայի առջև խոսք կուտան «մի բարձի ծերանալ», բայց տուն երթալով կսկսեն երկուստեք աշխարհի բոլոր բարձերովը ծերանալ։ Շատերն քարերու, կոճղերու և թամբերու։ Վասնզի այնքան բարձ չկա իրողության մէջ, ինչքան կիրք՝ մարդոց։

Ես, ամենաքիչ մարդս, նորէն չորս բարձի ծերացա, մարդ եղած ատենս․․․

Մարդիկ ունեն քաղաքավարություն անունով հակասական սկզբունք մը․ քանի իրար հետ բարեկամ են՝ ոտքը կոխելուն կըսեն «ներողություն», թշնամանքի ատեն իրար կսպաննեն՝ չեն ըսեր «ներողություն»։

Կնշանակէ, եթէ իրեն օգուտ կուտաս՝ ներողություն, եթէ վնաս՝ կորսվիր։

Երբ զեկուցումս ավարտեմ, որովհետև պատմածս երևակայություն է, ուրեմն՝ կկրկն․․․․, թէ ինչպէս ապշանքէն կենդանիներու բերանը բաց պիտի մնա։

Բոլորը իրար դառնալով պիտի ըսեն․ «ես չէ՞ի ըսեր, որ մարդը հիմար է»։

Ապա վեր կելնէ Առյուծն ու <կբարձացնէ>   մարդկության ոչնչացման հարցը։

Այստեղ ես պոչ կբարձրացնեմ, վասնզի ալ «մատ չունեմ» ու ձայն խնդրելով կըսեմ․

-Տէ՛ր Արքա, հանգիստ կացէք, մարդիկ քաղաքակրթություն ունեն, որով ի վերջո իրենք իրենց կջնջեն։ Այս պատերազմին մարդոց կէս մասը ջարդվեցավ, հաջորդ պատերազմին, երբ  բացիլներ պիտի հանդէս գան՝ ողջ մարդկությունը կոնչանա։

----------

Բավական է ինձ գազանանալ։ Պառկեմ առտուն մարդավարի խոսեմ։

1945թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter