HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորի ոտքը կտրել են. նա դիմում է մարդկանց (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, հայոց բանակի զինվոր 19-ամյա Մայիս Գեղամյանին հանդիպեցինք «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա քիմիոթերապիայի կուրս է անցնում այստեղ: Վատ էր զգում, բայց ասաց, որ ասելիք ունի կառավարությանը, մարդկանց:

«Ես մեծ ուրախությամբ եմ գնացել ծառայելու: Մտածել եմ, որ իմ քույրը, իմ եղբայրը, ընդհանրապես իմ հարազատները հանգիստ քնեն, բայց էս իրավիճակում, որ ես հայտնվել եմ… գուցե լիարժեք չհասկանաք, թե ինչ իրավիճակի մասին է խոսքը»,- ասաց Մայիս Գեղամյանը`ցույց տալով կտրված աջ ոտքը,- «սենց, որ դուրս եմ գալիս մարդամեջ, թարս հայացքներ և այլն»:

Մայիսը զորակոչվել է զինծառայության 2013 թ.-ի հուլիսի 15-ին, սակայն, ինչպես ինքն է ասում, հասցրել է ծառայել ընդամենը 45 օր: Ֆիզիկապես առողջ երիտասարդի համար, ով ծառայության էր անցնել ԼՂՀ Մարտունի 2-ում, ծառայության 4-րդ օրը դարձել է ճակատագրական:

 

«100 մետր թռիչք-վազքի ժամանակ ընկա ու շատ ուժեղ վնասեցի աջ ոտքիս ծունկը: Տարան բուժկետ, բայց ասացին, որ եթե այդպես գրանցեն, իրենց վրա ահագին խոսակցություն կգա: Ես էլ 4 օրվա ծառայող էի: Մտածելով, որ իրենց վրա խոսակցություն չգա` ասացի, մի գրեք, բայց ոտքս նայեք: Նույնիսկ վերքս չնայեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Մայիս Գեղամյանը:

Մայիսի վերքը լավացել է ու նա շարունակել է ծառայությունը: 15 օր անց նրան տեղափոխել են Ֆիզուլի, որտեղ որովայնի ցավեր է ունեցել: Մի քանի օր հետո հետազոտել են Մարտունու զինվորական հոսպիտալում, ու վիրահատել են կույրաղիքը:

«Բժիշկն ասում էր` վեր կաց, քայլի, բայց ծունկս ցավում էր, արդեն այտուցված էր: Ասացի` նայեք ոտքս, բժիշկ: Նա պատասխանեց, որ ռենտգենոլոգը տեղում չէ: Փոխարենը ֆուրացիլինի թրջոցներ դրեցին ծնկիս»,-պատմում էր Մայիսը:

Ծնկի շրջանում Մայիսի ցավերը գնալով ուժեղացել են, սակայն որևէ  հետազոտություն նա չի անցել: Նույն վիճակում նրան ուղարկել են տուն` մայրական խնամքի: Մայրը` Գայանեն, նկատելով, որ որդին կաղալով է քայլում, Մայիսին տարել է Մուրացանի զինվորական հոսպիտալ:

«Բժշկին ասացի` ոտքս ցավում է: Մորս ասաց` ձեր տղային ասեք, որ տենց չի լինի»,- հիշեց Մայիսը` նշելով, որ բժշկին թվացել է, թե ինքը չի ցանկանում ծառայության վերադառնալ ու պատճառ է բերում ոտքի ցավը:

Մուրացանի հոսպիտալում չեն հասկացել, թե խնդիրը որն է, չեն հասկացել նաև Կանազի զինվորական հոսպիտալում: Մայիսին ուղեգրել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն (Ռենտգեն ինստիտուտ), որտեղ կատարվել է բիոպսիա ու պարզվել, որ ծնկի նախկին վնասվածքի տեղում առաջացել է չարորակ ուռուցք (օստեոգեն սարկոմա): Մայիսը ստացել է քիմիոթերապիայի մեկ կուրս, ապա կրկնակի ախտորոշում է անցել Կանայան բժշկական կենտրոնում, որտեղ հերքվել է սարկոմայի ախտորոշումը, փոխարենն ասել են, որ նրա մոտ ոսկրի սովորական գերաճ է (օստիոմա): Այս ախտորոշումից հետո Գեղամյանների ընտանիքը հրաժարվել է քիմիոթերապիայի կուրսերից:

Սակայն այս տարվա մայիսից տղայի ոտքն էլ ավելի է այտուցվել: Կատարվել է MRT հետազոտություն ու հաստատվել առաջին ախտորոշումը`օտրեոգեն սարկոմա։

 Գեղամյան ընտանիքը դիմել է Պաշտպանության նախարարություն` արտասահմանում բուժում ստանալու խնդրանքով: Նշենք, որ Մայիս Գեղամյան զինվորը համարվում է ՊՆ-ի երկրորդ կարգի հաշմանդամ, քանի որ հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ընթացքում: Սակայն ՊՆ-ից հայտնել են, որ արտերկրում բուժման կազմակերպման կարգ չունեն: Մերժում ստանալուց հետո ընտանիքը դիմել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն: Գտնվելով ծայրահեղ վիճակում (ընդհուպ մինչև թոքերում մետաստազների առկայություն)` տղայի աջ ոտքը Ռենտգեն ինստիտուտում ամպուտացվել է: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում:

Չունենալով արտասահմանում բուժումը ստանալու հնարավորություն` Մայիս Գեղամյանը դիմում է մարդկանց, բարերարներին, կազմակերպություններին օգնել իրեն ապրել` շեշտելով, որ հրաշքների հավատում է: Ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ` նախ սովորել ԵՊՀ-ում, լինել լավ մարդ, ընտանիք կազմել:

«Կառավարության վրա հույս չեմ էլ դնում, ով նստած է ազգային ժողովում, կարող է ձեռքի մեկ շարժումով այս հարցը լուծել»,-ասաց Մայիսը:

Հ.Գ. 19-ամյա Մայիս Գեղամյանի հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է, քույրը` ուսանող, ով պատրաստվում է թողնել բուհն ու աշխատել, եղբայրը անչափահաս է, տատիկը թոշակառու, մայրը չի աշխատում, խնամում է իրեն:

Մայիս Գեղամյանի հոր` Պետրոս Գեղամյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել է հաշվեհամար

AMD-16004103765804
USD- 16004103765805
EUR- 16004103765806
RUR- 16004103765807 

Մայիս Գեղամյանի մոր՝ Գայանեի համարն է՝ 093 81 88 04, հոր՝ Պետրոսի համարն է՝ 098 65 01 10

Տեսանյութի հեղինակ` Անի Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (6)

մարիամ
Շատ վատ բան է տեղի ունեցել ցավաքցում եմ տղայի ծնողներին
Արմենակ Եղիայեան
Կ'ըսէք՝ լատինատառ մեկնաբանութեան տեղ չէք տար, հապա ի՞նչ են ստորև բերուած լատինատառ գրութիւնները:
Արևիկ Ղարիբյան
Ես մի բան լավ չհասկացա. երիտասարդը նաև թոքերի՞ հետ խնդիր ունի
Մարի
Խոսքս ուղղում եմ այն վայ զինվորներին, ովքեր ,,սաչկավատ են լինում,, ինչ հնարամտության ասես չեն դիմում, որպեսզի չծառայեն, կամ գոնե ծառայության մեծ մասն անցկացնեն հոսպիտալներում և սանչաստում.... հասկացեք վերջապես, երբ դուք ստում եք, ապա իսկապես գանգատ ունեցող հիվանդ զինվորին էլ բժիշկը չի վստահում... այստեղից է գալիս զինվորական բժիշկների անլուրջ վերաբերմունքը զինվորների նկատմամբ: Չնայած մեր հանդիպածն զինվորական բժիշկն էլ ,,տապոր,, բժիշկ էր.....
Armen_yan
$250 dramov nor pohanceci.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բոլո՛ր մարդ արարածները լիարժեք են: Մարդու ամբողջ լիարժեքությունը ներսի՛ց է գալիս: Բարի մարդիկ միշտ կան,իսկ տիեզերքում ոչ մի բան «հենց նենց» չի. ուղղակի աստծո պլանը հետո է հայտնի դառնում: Հոլանդական լավ ասացվածք կա (որն ինձ էլ շատ օգնեց,երբ ես ամիսներով սայլակին էի նստած)՝ «Ինչը քեզ չի սպանում, քեզ միայն ուժեղացնում է»:.................................... ՀԳ. Իսկ բանակում զինվորների բժշկական գանգատները ԼՈՒՐՋ պիտի ընդունեն. այլ ոչ թե զինվորներին «պոտենցիալ գլուխպահողներ» դիտարկեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter