HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հովիկ Աբրահամյանի երկյուղները

«Յուրաքանչյուր իշխանափոխություն վատ բան է երկրի համար»,-վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին արտահայտած այս «հանճարեղ» միտքը հավակնում է վերածվել աֆորիզմի: Բայց ոչ թե իր ներքին գաղափարական ու խոհափիլիսոփայական տարողության, այլ քաղաքագիտական դատարկաբանության, ավելի ճիշտ անգրագիտության կամ անտեղյակության մարմնավորման իմաստով: Նման միտք իրեն կարող էր թույլ տալ առավելագույնը մաքիավելիական, միջնադարյալ միապետության ժամանակակիցը, բայց ոչ երբեք 21-րդ դարում գոյություն ունեցող մի երկրի սահմանադրական երրորդ դեմքի կարգավիճակն ունեցող պաշտոնատար անձը, որն իրեն հռչակել է իրավական և ժողովրդավարական պետություն:

Հովիկ Աբրահամյանը հրաշալի լակոնիկ ձևակերպում է տվել հայաստանյան այժմյան իրականությանը և ժողովրդավարության այն նեղ ընկալմանը, որով առաջնորդվում է ներկայիս իշխանական էլիտան: Իսկ այդ ընկալումը շատ պարզ է, ինչ-որ իմաստով նաև բնական, քանի որ բխում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ձևականացման կամ բացակայության հենքի վրա իշխանություն ձևավորելու ավանդույթից: Հայաստանում, որպես այդպիսին իշխանափոխություն երբեք տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել իշխանափոխանցում: Եվ ներկայումս էլ, դատելով թե իշխանության և թե ակտիվ ընդդիմության միջև ձևավորված հարաբերություններից ու զարգացումների տրամաբանությունից, գոնե արտաքուստ կարծես թե գծագրվում է հերթական իշխանափոխանցման պլանը:

Իշխող քաղաքական էլիտան ամբողջությամբ հարմարվել է այս օրինաչափությանը, և նրանց թվում է, որ ժողովրդավարությունը ոչ թե հասարակության կողմից իշխանություն իրացնելու` այդ թվում նաև փոխելու իրեն վերապահված իրավունքն է, այլ դրա ուզուրպացվածության շարունակականության ապահովումը: Ժամանակավորության, անցողիկության գործոնն ընդհանրապես դուրս է մղվել ներկայիս կառավարող քաղաքական էլիտայի պատկերացումներից, և նրանք իրենց որևէ այլ կարգավիճակում չեն տեսնում, քան հենց իշխանության տիրոջ: Դրանից էլ ծնվում են պետական իշխանության նկատմամբ առկա սեփականատիրական մղումները: Իշխող շրջանակներին, այդ թվում նաև ներկայիս վարչապետին թվում է, թե պետական իշխանությունն իրենց բացառիկ սեփականությունն է, որը ստացել են ժառանգաբար և կարող են ազատորեն տիրապետել, տնօրինել և օգտագործել այնպես, ինչպես, ասենք, սեփական անշարժ կամ շարժական գույքը: Այնքանով, որքանով սեփականությունը անձեռնմխելի է, այդքանով նրանք ձգտում են իրենց սեփականությունը դարձած իշխանությունը պաշտպանել ցանկացած ոտնձգությունից` որպես այդպիսին դիտելով մյուս քաղաքական ուժերի կողմից իշխանության գալու բնական ցանկությունը, իշխանություն փոխելու միջոցով իրենց կյանքը լավացնելու, փոխելու հասարակության նպատակադրումները:

Եվ ահա Հովիկ Աբրահամյանը պարզապես իրերը կոչում է իրենց անունով. իշխանափոխություն անելը վատ բան է: Ու քանի որ արդեն շատ վաղուց իշխանությունն ու պետությունը, երկիրը գրեթե նույնացվել են, սեփական անհատական կամ խմբակային շահերը ներկայացվում են հենց երկրի բարձրագոչ անվան տակ: Իրականում եթե Աբրահամյանն ավելի ազնիվ գտնվեր, պետք է ասեր` իշխանափոխություն անելը վատ բան է գործող իշխանության համար:

Բայց սա զուտ աշխարհըմբռնման խնդիր չէ: Իրականում այս նախադասության տողատակից առավել քան պարզ երևում է Հովիկ Աբրահամյանի խուճապային տրամադրությունը: Նա ակնհայտորեն վախեցած է, որը մատնում է թերևս հեղափոխության կամ հեղաշրջման հեռանկարը որպես  իշխանափոխություն ներկայացնելու միջոցով: Որովհետև չի բացառվում, որ երբ խոսում է իշխանափոխության`երկրի համար վատ բան լինելու մասին, իրականում հենց հնարավոր անկանխատեսելի քաղաքական-հասարարական զարգացումները նկատի ունի: Այլ կերպ ասած` Հովիկ Աբրահամյանը մատնում է իր ակնհայտ վախը և խուճապը «Ազատության» հրապարակում և դրա շուրջ այս օրերին ծավալվող իրադարձություններից: Բայց սա ոչ թե ընդհանուր առմամբ իշխանութան ընդհանրական վախի անհատական դրսևորում է, այլ անձնական:

Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը ներկայումս հայտնվել է յուրօրինակ «սպիտակ ագռավի» դերում թե իշխանության ներսում և թե հակաիշխանական տրամադրությունները գեներացնող ԲՀԿ-ի հետ հարաբերություններում: Նա օտար է յուրայինների մեջ` անկախ նրանից յուրային հասկանում ենք նախագահ Սերժ Սարգսյանի թիմն ու ՀՀԿ մեծամասնությո՞ւնը, թե՞ խնամի Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն: Եվ  որպես օտար, նրանից, գոնե այս պահին, հավասարապես զգուշանում է թե մեկ և թե մյուս կողմը: Աբրահամյանը չգիտի` իշխանափոխության լոզունգով մարդկանց հրապարակ հանող իր խնամու հետապնդած իրական նպատակը որն է. Իսկապե՞ս իշխանության գալը, թե՞, ինչպես սովորաբար լինում է, իշխանությանը վերարտադրվելուն ծառայելը որպես պսևդոընդդիմություն` իրական ընդդիմադիր դաշտը և իշխանության հնարավոր բոլոր այլևնտրանքներն ի սկզբանե չեզոքացնելու միջոցով: Նրան պարզապես ոչինչ այդ մասին չեն ասում, ինչով և բացատրվում է ոչ թե համոզվածությունը, որ իշխանափոխություն չի լինելու կամ զսպվածությունը, այլ իշխանափոխության վատ բան լինելու միջոցով արտահայտվող անվստահությունն ու սպասողականությունը: Իր այդ արտահայտությամբ նա կարծես հենց Գագիկ Ծառուկյանին է փորձում հասկացնել, որ սկսած գործընթացը կարող է «վատ բան լինել» առաջին հերթին ու գուցե անձնապես իր համար: Սակայն չի բացառվում, որ Ծառուկյանը իր իրական նպատակները վարչապետից թաքցնելով` փորձում է պաշտպանել նրան, ապահովագրել հնարավոր բախումների կիզակետում հայտնվելու և դրանում անիմաստ զոհ դառնալու հեռանկարից` հրաշալի հասկանալով, որ Աբրահամյանը կարող է ապագա իշխանության համատեղ վերաձևման համատեքստում իրեն Սերժ Սարգսյանի հետ կապող հիմնական կամուրջի դերը կատարել:

Բայց այդ վիճակում առայժմ վարչապետն առանձնապես կոմֆորտի մեջ չի զգում իրեն, քանի որ մյուս կողմից նաև չգիտի` ինչ սպասել նախագահ Սերժ Սարգսյանից: Հաշվի առնելով Ծառուկյանի հետ բարեկամական կապերը, մյուս կողմից Հովիկ Աբրահամյանի` ամեն աստիճան բարձրանալուց հետո մեծացող ամբիցիաները` պարզ է, որ նախագահը պետք է նրան որոշակի հեռավորության վրա պահեր իր քաղաքական հաշվարկներից ու պլանների մշակումից: Նախագահը պարզապես վստահ չէ, որ նա իր թիմում չի կատարելու Ծառուկյանի, գուցե վերջինիս ստվերում խաղացող «ջոկերի» աչքերի ու ականջների դերը: Մինչդեռ նա չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը: Նախագահը որդեգրել է իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը չափավորելու, եթե չասենք սահմանափակելու մի գիծ` առանց, թերևս նրան բացատրելու դրա նպատակները: Նման մարտավարության մասին է վկայում Կառավարությունում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազդեցությունն արհեստականորեն մեծացնելը, փաստացի պետական փողերի կառավարման հարցում վարչապետի դերակատարությունը մինիմալի հասցնելը, Լիսկային Սյունիքի մարզպետ վերանշանակելով անձամբ վարչապետին հեղինակազրկելը և այլն: Նախագահը վարչապետին փաստացի պահում է այսպես կոչված «կոնսերվացված» վիճակում, որից միայն երկու ելք կարող է լինել. կամ դարձնել քավության նոխազ, կամ հիմնվել նրա վրա` վերածելով հենակետային ֆիգուրի: Ամեն ինչ կախված է լինելու, թերևս, նրանից, թե ինչպիսի ռեզոնանս կառաջացնեն Ծառուկյանի հետագա գործողությունները, որոնք են վերջինիս հիմնական նպատակները և որքանով է հնարավոր նրա հետ որոշակի պայմանավորվածությունների հանգել: Այս պահին վարչապետը կատարում է խաղային լայն դիապազոնից զրկված մի ֆիգուրի դեր, որի ետևում արքան փորձում է պաշտպանել ինքն իրենից: Եվ այդ ֆիգուրը չգիտի` ինքը լինելու է խաղը շահո՞ղը, թե արքայի հաղթանակի համար զոհաբերվողը: Այստեղից էլ ծնվում է Հովիկ Աբրահամյանի երկյուղը Սարգսյան-Ծառուկյան խաղի անորոշ և անկանխատեսելի ելքից:

Այնպես որ որքան էլ Հովիկ Աբրահամյանի արած արտահայտությունը աբսուրդային և ծիծաղելի թվա, նրան կարելի է հասկանալ. իրականում այս օրերին առաջին հերթին նրա քաղաքական ապագայի հարցն է որոշվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter