HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հարյուրավոր էսքիզներով հագեցած «Մեկուսացած հաղթողը» և ոչ միայն

Ներկայացնում ենք ճարտարապետ, նկարիչ Դավիթ Յուխանյանի երկու աշխատանքները, որոնք արժանացել են միջազգային հանրության ուշադրությանը

«Նա նկարը ստեղծել է փոքր, առանձին իլյուստրացիաների միջոցով, որոնք ամբողջովին ձևավորում են պատկերը․ յուրաքանչյուր առանձին էլեմենտ ուղղակի ցնցող է: Երբ մոտիկից նայենք, կտեսնենք փղերից մինչև վայրի հնդկահավեր, արագիլներից մինչև անձրևորդեր պարունակող եւ այլ բազմաթիվ արարածների հսկա գազանանոց։ Այնտեղ նաեւ մարդիկ են՝ իրական և մուլտային՝ երեխաներից մինչեւ թագավորներ։

Յուխանյանը սահմանափակումներ չի դնում եւ հաճախ ավելացրել է զվարճալի պատկերներ, ինչպես օրինակ, արևային ակնոցով փղերը կամ ծանրաձող բարձրացնող կռունկներն են: Զարմանալին այն է, որ, առաձին էլեմենտները միավորվելով, կատարյալ ամողջական պատկեր են ստեղծում, եւ բացի դա այդքան տարբեր էսքիզները (ուրվանկարները) համապատասխանում եմ միմյանց»․ գրում է visualnews.com-ի պատասխանատու խմբագիր Բենժիամին Սթարրը Դավիթ Յուխանյանի «And when you lose control» («Եվ երբ վերահսկողությունից դուրս ես») նկարի մասին։

Մասնագիտությամբ ճարտարապետ Դավիթ Յուխանյանի իլյուստրատիվ աշխատանքները չափազանց մանրակրկիտ են ու պարունակում են բազմաթիվ շերտեր՝ հաղորդելով տարբեր զգացողություններ, որոնք  միօրինակության բոլոր տիպերը ջախջախում են։

«Արվեստը ինքնաարտահայտվելու միջոց է դառնում, երբ ինչ-որ ասելիք ունես երաժիշտն իր այդ ասելիքը երաժշտությամբ է արտահայտում, ռեժիսորը՝ ֆիլմով, գրողը՝ գրքերով, կարծում եմ՝ ինձ մոտ էլ նկարելով է ստացվում։ Ես չեմ կարող բառերով բացատրել նկարս եթե կարողանայի, գրող կլինեի, -պատասխանում է Դավիթը ու անմիջապես շարունակում, որ իսկապես բոլոր տրված հարցերին, եթե շատ լուրջ ու տարողունակ պատասխաններ տա, գուցե մի մեծ խառնաշփոթ ստացվի, որից ոչ ոք բան չհասկանա,- իհարկե, ամեն մեկն  ուզում է ինչ-որ բացատրություններ լսել, գաղափարներից խոսել, բայց դա արդեն իր՝ դիտողի խնդիրն էյուրաքանչյուրը ինչ-որ հատուկ իմաստ գտնում է իր համար»։ 

«And when you lose control»

Եթե փորձելու լինենք Դավիթ Յուխանյանի աշխատանքները համեմատել նմանօրինակ աշխատանքների համաշխարհային նմուշների հետ, ապա ավելի շատ կարող ենք առնչություններ նկատել աշխարհռչակ հոլանդացի նկարիչ Մ․Էշերի ստեղծագործությունների համատեքստում, ով imp-art-ի (imp- impossible-անհնարին եւ  art- արվեստ) ամենավառ ներկայացուցիչն է։ Ճիշտ նույն կերպ Դավիթ Յուխանյանի աշխատանքներում մանր դետալները (կերպարները) առանձնանում են ճշգրիտ եզրագծերով, ինչպես խճանկարի առանձին մասեր, եւ դրանց մի մասը հստակ նշանագրություն ունի։ Բացի այդ, ինչպես Էշերի աշխատանքների պարագայում, այնպես էլ Յուխանյանի, ամբողջական նկարը միեւնույն ժամանակ հանդիսանում է մանր նկարների, պատկերների մեկ ընդհանրական ֆոնը։ Կարելի է պնդել նաեւ հակառակը՝ մանր դետալաների (պատկերների) միջոցով ամբողջական նկարը ձեռք է բերում նոր իմաստ եւ նշանակություն։ 

«Isolated winner»

 «π թվի բացարձակ արժեքը, կախված լուսնի փուլերից, բազմապատկում եմ տվյալ կենդանու ԴՆԹ-ի միջին ցուցանիշին, ու էդ ամեն ինչը գծագրային ուղղության համապատկերում հնգաչափ հարթության մեջ ձեր ընկալմանն եմ ներկայացնում՝  հաշվի առնելով դիալեկտիկական մատերիալիզմի սպիրալաձև զարգացման 12 տաղավար պատվիրանները»,- կատակում է Դավիթ Յուխանյանը՝ պատասխանելով այն հարցին թե արդյոք ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներն են աշխատանքների հիմքում»։ 

Այստեղ խոսքն արդեն հաջորդ աշխատանքի՝ «Isolated winner»-ի («Մեկուսաց(վ)ած հաղթողը») մասին է ։ Իսկ եթե ավելի լուրջ՝ պարզապես նշում է, որ այս աշխատանքի համար իրենից պահանջվել է մոտ 4 ամիս ժամանակ՝ որոշ ընդհատումներով։ 

«Իրականում ոչ մի հատուկ մաթեմատիկական սկզբունքներ չկան նկարում եմ այն, ինչ մտքիս գալիս է, ինչ-որ այդ պահին մտածում եմ։ Եվ դրան զուգահեռ ինձ համար առաջնային է երաժշտությունը, որն ինձ ոգեշնչում է։ Վերջին աշխատանքի անունը հենց երգի բառերից է առանձնացված»։ 

Հեղինակի բոլոր աշխատանքներին ծանոթացեք այստեղ։

ՀԳԱշխատանքների լուսանկարները տրամադրել է Դավիթ Յուխանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter