HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Էրենբուրգի կողոպտված աչքերը

Աննա Բաբաջանյան 

Սկիզբը 

«Երբ 1959-ի հոկտեմբերյան օրերից մի օր Էրենբուրգը, իմ արվեստանոցում թիկնաթոռին նստած, խորիմաստ ու սրամիտ զրույց սկսեց, ինձ, ինչպես միշտ, աշխատանքն սկսելուց առաջ  թվաց, թե ես ոչինչ չգիտեմ և կյանքում իմ ողջ ապրածը վերապրեցի վերստին, լարված ու սուր,  մի քանի ժամվա ընթացքում»,-գրում է  Մարտիրոս Սարյանը՝ իր  հուշերում:

Հայտնի է, որ նույն թվականի աշնանը ռուս գրող Իլյա Էրենբուրգը կնոջ հետ հյուրընկալվել էր Հայաստանում: Նա այցելել էր Գառնի, Գեղարդ, Էջմիածին ու էլի մի շարք վայրեր, որոնք  շատ էին  գրավել գրողին: Էրենբուրգին առաձնապես տպավորել էին Սարյանի հետ անցկացրած պահերը, սակայն նրանք, փոխադարձ հիացմունք ու գովասանքի խոսքեր արտահայտելուց բացի, միմյանց հետ պետք է կապվեին էլ ավելի ամուր թելով:

«Հայերն ինձ շատ բան սովորեցրին: Ես ավելի լավ հասկացա Մարտիրոս Սարյանի արվեստը՝ տեսնելով Հայաստանը: Սա արվեստի երկիրն է: Արժե տեսնել V դարի ավերակները, միջնադարյան քանդակագործությունը, հին մանրանկարների հավաքածուն, որպեսզի հասկանալի լինի ոչ միայն Սարյանի արվեստը, այլև՝ հայկական աչքի առանձնահատկությունները՝ դարերով մշակված իրական արվեստով: Ահա թե ինչու՝ Ֆալկի ցուցահանդեսը Երևանում բացվեց ավելի վաղ, քան Մոսկվայում»,-կարդում ենք էրենբուրգի խոսքերը՝ «Люди, годы, жизнь»  գրքում:

Եվ հենց հայի այդ առանձնահատուկ աչքն էլ պետք է ստեղծեր Իլյա Էրենբուրգի դիմանկարը՝ ընդգծելով Հայաստանի հանդեպ տածած նրա  ջերմ վերաբերմունքը, իսկ հետագայում այդ կտավը պետք է տեղ գտներ Սարյանի  թանգարանի ցուցանմուշների շարքում:  

«Ես լսում էի Էրենբուրգին, և չնայած նրա թվացյալ հանգստությանը, իմ առջև բացվում էր մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի խռովահույզ ու կրքոտ հոգին: Եվ որքան սրվում էր այդ հակասությունը, այնքան արտահայտիչ էին դառնում նրա աչքերը: Այդ աչքերը պետք է խոսեին կտավի վրա և ինձ ասեին այն, ինչ ես էի ասում նրանց, գուցե և ավելին»,-գրել է Սարյանը:

Նկարիչն ուզում էր մարդկանց հետ խոսել հենց Էրենբուրգի աչքերով.   դրանց վրա  նա ամենաշատն էր աշխատել: Սակայն Վարպետն ի՞նչ իմանար, որ տարիներ անց կտավին պատկերված հենց այդ աչքերն էլ դառնալու էին վերահաս կողոպուտի ամենամեծ զոհերը: Մարտիրոս Սարյանի թանգարանի աշխատակցուհի Վարդուհի Ադամյանն այսօրվա պես հիշում է, թե ինչպես 1990-ի դեկտեմբերի 9-ին ինչ-որ անհայտ այցելուներ ատրճանակը պահեցին նրա ծոծրակին և այդ ընթացքում պոկեցին պատից կախված առաջին իսկ պատահած չորս կտավ, այդ թվում՝ Իլյա Էրենբուրգի դիմանկարը: Գողերն անփութորեն փաթաթել էին նկարները, շպրտել թափքի մեջ ու հեռացել:

«Ամիսներ հետո երեք կտավ գտնվեց Մոսկվայի օդանավակայանի պահոցում, այդ թվում՝ Էրենբուրգի դիմանկարը: Երբ գողոնը բացեցինք, տեսանք, որ կողոպտիչները կտավը դեպի ներս էին փաթաթել, և յուղաներկը ճաքճքել էր, իսկ ամենացավալին այն էր, որ վնասվել էին Էրենբուրգի աչքերը. Բիբերն, առհասարակ, չկային»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Վարդուհի Ադամյանը:

Բարեբախտաբար, հետագայում նկարիչ-վերականգնողին հաջողվեց վերակերտել Էրենբուրգի կանաչ աչքերը:  

Այս կտավին վիճակված չէր կորչել կամ վնասվել. Էրենբուրգը պետք է մնար Սարյանի տուն-թանգարանում՝ ամեն այցելուի աչքերի մեջ նայելու ակնկալիքով: Եվ երբ էքսկուրսավարները ցուցասրահից ցուցասրահ անցնող այցելուներին պատմում են այն մասին, որ մեծ նկարիչը 124 դիմանկարներ է հեղինակել, այդ կտավների շարքում միշտ էլ կառանձնանանա այս մեկը, որին վիճակվել էր ունենալ փոքր-ինչ այլ ճակատագիր:

Լուսանկարները՝  գրող Հովիկ Չարխչյանի արխիվից 

Առաջին լուսանկարում՝ Վարդուհի Ադամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter