HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չաշխատած միլիոն ու չորացած այգի․ տղամարդը պետք է ընտանիքի գլխին լինի

Նունե Հովսեփյան

Մեքենան բարձրանում է բարեկարգված ոլորապտույտ ճանապարհով։ Թվում է, թե Ազատեկ գյուղում կյանքը, դեպի գյուղ տանող ճանապարհի պես, հարթ ու անխոչընդոտ պետք է լինի, բայց միայն թվում է: Գյուղ մտնելուն պես բարեկարգված ճանապարհը հետևում է մնում, սկսվում են քարքարոտ փողոցները:  

Ազատեկում ապրող 132 ընտանիքների մեծ մասին մի բան է միավորում՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինների, հայրերի, որդիների ու ազգականների հանդեպ կարոտը, ձմռանը նրանց տեսնելու սպասումը։ Այս առումով գյուղը բացառիկ չէ, բայց կարևոր է, որ գյուղում կողպված դռներ չկան։ Չնայած ապրելու դժվարություններին՝ մարդիկ ընտանիքներով չեն հեռանում։ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնածներն էլ երբեք մեծ գումարով չեն վերադառնում․ գոհ են լինում, եթե կարողանում են տարվա համար ընտանիքի նվազագույն հոգսերը հոգալ, թեպետ դա միշտ չէ հաջողվում:

41-ամյա Կարենին Ազատեկում բոլորը գիտեն․ եթե դժվարանում են աշխատանքում կամ օգնողի կարիք ունեն, Կարենն օգնության է հասնում։ Հենց այդպիսի աշխատանքներով է կարողանում պահել ընտանիքը։ Կարենը պատմում է, որ  միլիոն աշխատելու հույսով այս տարի ամռանը կյանքում առաջին անգամ որոշել էր երեք ամսով մեկնել Ռուսաստան։ Առաջին՝ օրենքը չէր խախտի ու անօրինական չէր մնա, երկրորդ՝ առանց ընտանիքի երեք ամիս հազիվ էլ դիմանար։ Կարևորը՝ որդու վիրահատության համար անհրաժեշտ գումարը կաշխատեր ու կվերադառնար։

«Ըստեղ «Էկո դռներ» ՍՊԸ-ում ասացին, որ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում գտնվող գործարանում աշխատանքը հեշտ է, դռներ պետք է տեղաշարժենք մոտ 5 մետր ու դրա համար ամսական 25․000 ռուբլի էին խոստացել։ Ասացին՝ ուտելն ու մնալն էլ մեզանից, բայց հենց հասանք տեղ, պարզվեց աշխատավարձը ոչ թե 25․000 է, այլ 20․000, իսկ ավելի ուշ իմացանք, որ նույն գործարանում մնալու, սնվելու ու կոմունալ ծախսերն էլ մենք պետք է վճարենք»,- պատմեց Կարեն Առաքելյանը։

Բացի այդ, աշխատանքն այդքան հեշտ չի եղել, որքան նկարագրվել է, ավելին՝ աշխատանքին սովոր ուզբեկներն այնքան արագ ու վարժ են արել գործը, որ իրենք անգամ չեն էլ հասցրել հասկանալ, թե ինչպես են պատրաստում ու կարողանում տեղաշարժել սայլակի վրա բարձր շարված դռները։ Հայաստանից մեկնած 18 քաղաքացիներն էլ դժգոհ են եղել աշխատանքից ու որոշ ժամանակ հետո որոշել չաշխատել՝ հակառակ ղեկավարության հորդորներին։

5 հոգի մի կերպ կարողացել է Օդինցովո քաղաքից  մեկնել Պադոլսկ՝ ծանոթներից մեկի քարի գործարանում աշխատելու։ «Գիշերվա 3-ին, 4-ին քարեր ենք դատարկել։ Սկզբից ասացին՝ օրը 800 ռուբլի կտան, հետո 650 ռուբլի տվեցին։ Օրեր էին լինում, որ մարդիկ փոշու պատճառով վատ էին զգում, չէին կարողանում աշխատել, մենք էլ իրենց հետ պարապ էինք մնում»,- հիշեց ազատեկցի Կարենը։

Այնտեղ մի կերպ կարողանում է 15․000 ռուբլի աշխատել, 14․000  ռուբլին ուղարկել տուն, որպեսզի կինը կարողանա բանկից վերցրած գումարը վերադարձնել։

Քանի դեռ առանց վիզայի Ռուսաստանում գտնվելու հնարավորություն ուներ, քարի գործարանում էլ ամեն օր գործ չէր լինում, տեղափոխվում է մորեղբորորդու հետ աշխատելու՝ մտածելով, որ գուցե այդտեղ բախտը կբերի ու դատարկաձեռն տուն չի վերադառնա։ Նրանց խմբի հետ որոշ ժամանակ տներ է վերանորոգում ու վերադառնում Հայաստան՝ հստակ որոշած՝ այլևս երբեք արտերկրում աշխատանք չփնտրել։

«Գիշերները չէի կարողանում քնել։ Անընդհատ ծխում էի ու կոֆե խմում․ երեխեքիս շատ էի կարոտել։ Օրը մի 4-5 անգամ զանգում էի, բայց դե դա նշանակություն չուներ․ անհանգիստ էի»,- պատմում է երկու որդիների հայրը։

Կարենի կինը՝ Լալա Կյուրեխյանը, երեք ամիսների ընթացքում հասկացել է մի շատ կարևոր բան`տղամարդը պետք է ընտանիքի գլխին լինի։ «Առանց տղամարդու շատ դժվար է երկու անչափահաս երեխաների հետ․ չգիտես, թե որ մեկի հոգսը հոգաս, որ մեկին հետևես ու, բացի այդ, էրեխեքը հորը լսում են, իսկ ինձանից չեն ազդվում»,- ասում է կինն ու շարունակում,- հենա կյանքի մեջ առաջին անգամ 3 ամիս գնաց Ռուսաստան աշխատելու, որ մեծ տղայիս վիրահատության հարցը լուծեինք, բայց հազիվ պարտքը տվեցինք, ձմեռվա համար վառելիք առանք ու փողը պրծավ։ Ամիսը 50․000 դրամ էլ ստանա, ես գոհ կլինեմ, բայց ստեղ մնա, մեզ հետ, թե չէ արտերկրում ի՞նչ կա, ի՞նչ հույսով են գնում։ Ինձ պետության տված 28․000 դրամը պետք չի, ինձ աշխատանք ա պետք, որ աշխատեմ, ընտանիքս պահեմ։ 28․000 դրամը հենց մենակ մեշոկ ու կես ալյուր ա անում, բայց հո մենակ ալյուրով չես կարողանա ապրել․ էրեխա է, դպրոց է գնում, հազար ու մի բանի կարիք ունի»։

Լալայի ու Կարենի 2,8 տարեկան փոքր որդին՝ Ժորա Առաքելյանը, զրույցի ժամանակ հանգիստ նստած է հոր գրկում ու մերթընդմերթ ժպտում է նրան։

«Կարենը որ եկավ, երեխեն առավոտը զարթնել էր ու զարմացել, նայում ա Կարենին ու հարցնում ինձ․ «Մամ, էս Կարե՞նն ա, պապա՞ն ա, գնա՞մ պապայի մոտ»։ Տեսեք, սրանք երևույթներ են, որ ընտանիքում պետք է չլինեն»,- նշում է Լալա Կյուրեխյանը: Նա ասում է, որ ինքը երեբեք չի լքի իր երկիրը․ «Ստեղ որ նեղվում եմ, դիմում եմ բարեկամիս, պարտքով կարողանում եմ խանութից բան վերցնել, հետո պարտքը տալ, իմ ինչի՞ն է պետք արտասահմանը։ Թող մի քիչ էլ նեղն ապրեմ, բայց իմ Հայաստանում լինեմ։ Էն հանգստությունը, խաղաղությունը, որ ես Ազատեկում ունեմ, դա ինձ հերիք է, որ երեխան կարա ազատ տնից դուրս գա, խաղա, չեմ վախենում, որ վատ շրջապատ կընկնի։ 4 անկյունս կա, ինձ հերիք ա, ոչինչ, որ տարիների ընթացքում կարողանամ վերանորոգել տունը, կարևորը աշխատանք լինի, որ կարողանանք երկու երեխաներին պահել»։

Կարենը պատմում է, որ  իր հետ Ռուսաստան մեկնած մյուս 17 երիտասարդները նույնպես ձեռնունայն են Հայաստան վերադարձել, բայց երբեմն մարդիկ չեն դաս չեն քաղում նման դեպքերից ու նորից որոշում են դրսում աշխատանք փնտրել՝ առանց որևէ երաշխիքի: Վերջերս տեղեկացել է, որ Լեռնային Ղարաբաղում աշխատանք կա․ ավելի լավ է Ղարաբաղ մեկնել, քան արտերկիր։  

«Էդ 3 ամսում ընենց էի կարոտել մեր գյուղը, իմ տունն ու այգին, որ էլ չասած»,-անկեղծանում է Կարենը: Իսկ կինը հավելում է․ «Կարենի Ռուսաստան գնալու «օգուտն» էլ էն եղավ, որ չկարողացա ջուր կապել, այգին ջրել, չորացավ»։

Առջևում ընտանիքին նոր փորձություն է սպասվում՝ ձմռան վառելիքը քիչ է: Կարենը այլեւս երկրից գնալու մասին չի մտածում, նա ճանապարհներ է փնտրում ընտանիքի հոգսերը հոգալու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter