Ավարտվեց «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը
Երեկ երեկոյան ավարտվեց ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» 22-րդ փառատոնը: Նախատեսված 26 թատերախմբերից փառատոնին ներկայացել էր 24-ը: Փառատոնի օրերին Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում խաղացվել է 34 ներկայացում: Նախատեսված 7 թատրոնների փոխարեն փառատոնի շրջանակներում անցկացվող ռուսական թատրոնի օրերին Ռուսաստանի Դաշնությունից ժամանել են միայն Վոլգոգրադ և Չեխով քաղաքների թատրոնները` «Ռուսկի միր» հիմնադրամի կողմից ինքնաթիռի տոմսերը չգնելու պատճառով: Նրանց փոխարեն ռուսական թատրոնի օրերին փառատոնի կազմակերպիչների կողմից ներգրավվել են Հայաստանի թատրոնների ռուսերեն, այդ թվում` Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմադրությունները: Փառատոնին Ալավերդու, Չեխովի և Վոլգոգրադի թատրոնների միջև բարեկամության սկիզբ է դրվել` նրանք դարձել են քույր թատրոններ:
Այսուհանդերձ, փառատոնի աշխատանքերում նկատվել են նաև բացթողումներ. «Ես ժյուրիի նախագահն եմ, ես Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ներկայացումը չեմ տեսել, որովհետև նա եկել է Վանաձորում խաղացել ու գնացել: Ինձ փառատոնի ղեկավարությունը ստիպում է, որ ես ստորագրեմ Ստանիսլավսկու թատրոնին տրված դիպլոմը: Ես գտնում եմ, որ բոլոր թատրոնները, ովքեր մասնակցում են «Թատերական Լոռիին», պետք է անցնեն Ալավերդիով Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում ներկայացումներ տալու թույլտվություն ստանալու համար»,- «Հետքին» դժգոհեց ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանը:
«Այդ պայմանը մնում է, քանի որ մասնագիտական հանձնախումբը աշխատում է այստեղ: Խնդիրն այն է, որ մենք երկու անգամ փոխել ենք փառատոնի ժամկետները: Դրանից հետո ժամկետները սկսեցին չհամապատասխանել Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկին: Այնպես ստացվեց, որ Ստանիսլավսկու թատրոնը կարող էր փառատոնին մասնակցել միայն ամսի 16-ին: Այդ պատճառով որոշում ընդունեցինք, որ Ստանիսլավսկու թատրոնը կխաղա միայն Վանաձորում»,- բացատրեց «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Վերջինիս ասելով` հետագա փառատոներին թատրոնի ժանրային որոշակի վերաբաշխումներ կկատարվեն: Քանի որ մենաներկայացումները բարդ ժանր են, դրանք կներկայացվեն միայն Վանաձորի հանդիսատեսինԼ «Մարզկենտրոնի հանդիսատեսը ավելի պատրաստ է ընկալելու դրանք»,- պարզաբանեց Հ. Պապինյանը:
Ժյուրիի նախագահ Հայկազ Երանոսյանի խոսքերով` փառատոնի նպատակը հանդիսատեսին դաստիարակելն է, և եթե այդ ուղղությամբ հաջողություններ կան, նշանակում է փառատոնն իր դերը կատարել է: «Հիանալի հանդիսատես կա Ալավերդիում: Շատ ուրախ եմ, որ թատրոնի ոլորտում այն ամենը, ինչ Երևանում էր կենտրոնացված, արդեն մարզերում էլ է տարածվում»,- ասաց Համազգային թատրոնի դերասանուհի Նելլի Գրիգորյանը:
Սոս Սարգսյանի այրու` Նելլի Սարգսյանի աչքից չէր վրիպել, որ ալավերդցիները թատրոն են գալիս ընտանիքներով, երեխաներով, փոքրով ու մեծով: «Սա նշանակում է` թատրոնի նկատմամբ կարոտ կա, թատրոնն իրենց հարազատ է, սիրելի է»,- ասաց տիկինՍարգսյանը:
Փառատոնի առաջին մրցանակը հանձնվեց Երևանի համազգային թատրոնին` հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի թատերական ավանդների հավատարմության համար: Վիլյամ Սարոյանի «Մեկ գավաթ բարություն» ներկայացման մեջ Վիլյամ Փրիմի դերակատարման համար ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը ստացավ Վլադիմիր Մսրյանի անվան մրցանակ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը Նատալի Ֆիլիոնի «Դզին» մենաներկայացման դերակատարման համար արժանացավ Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակի: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացման համար հանձնվեց Հրաչյա Ղափլանյանի անվան մրցանակ: Կարինե Խոդիկյանի «Պենելոպե» մենաներկայացման համար Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակի արժանացավ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը: ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանին Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը» ներկայացման մեջ Կարապետի դերակատարման համար տրվեց Վոլոդյա Գրիգորյանի անվան մրցանակ: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման համար արժանացավ Երվանդ Մանարյանի անվան մրցանակի: Ռուսաստանի Դաշնության Չեխովի քաղաքապետարանի դրամատիկական թատրոնը Անտոն Չեխովի «Սիրո մասին» ներկայացման համար արժանացավ Արմեն Ջիգարխանյանի անվան մրցանակի: Վոլգոգրադի երիտասարդական թատրոնը Ա. Օստրովսկու «Բանկրոտ» ներկայացման համար արժանացավ Խորեն Աբրահամյանի անվան մրցանակի: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շահեց Երևանի Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը` Ժիրայր Անանյանի «Մեր տան տերերը» ներկայացման համար: «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի մրցանակին արժանացավ Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիան` Գաետանո Դոնիցետիի «Զանգակը» ներկայացման համար: Դիպլոմներ և մրցանակներ հանձնվեցին նաև փառատոնի մասնակից մյուս կոլեկտիվներին: Փառատոնի ավարտը ավանդական զանգի ղողանջներով ազդարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել