HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հետաքրքիր է՝ Վանո Սիրադեղյանն ինչպես կգնահատի ֆիլմը․ Վահրամ Մխիթարյան

Լեհական ամենահեղինակավոր ` «Գդինի» 39-րդ կինոփառատոնի «Երիտասարդ կինո» մրցույթում ներկայացված 25 կարճամետրաժ ֆիլմերից ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» ճանաչվեց լավագույնը  եւ արժանացավ գլխավոր մրցանակին։ 

Հայկական, ապա լեհական կինոդպրոցներում ուսանած ռեժիսոր Վահրամ Մխիթարյանն ապրում է Լեհաստանում։ Նրա «Կաթնեղբայրը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել  Լեհաստանում՝ Կրակովի կինոփառատոնի ժամանակ եւ արժանացել ժյուրիի հատուկ մրցանակին։ Ֆիլմի ստեղծման պատմությունը հետաքրքիր է եւ երկար տարիների աշխատանք է պահանջել։ Նախեւառաջ վիճելի թեմա է դարձել Վահրամի ընտրած սցենարը։ Ինչու՞ հենց Վանո Սիրադեղյանի պատմվածքներից մեկը։ Այս հարցի շուրջ եղել են բազմաթիվ քննարկումներ, Ազգային կինոկենտրոնը նախ մերժել է համաֆինանսավորման տարբերակները՝ անհավանական պատճառաբանություններով։ Այնուամենայնիվ, ֆիլմը ստացել է նաեւ հայկական կողմի ֆինանսական աջակցությունը եւ կարճ ժամանակամիջոցում արժանացել հանրային ուշադրության։  Լեհաստանում «ճամփորդելուց» հետո՝ 2014թ-ին ֆիլմը ցուցադրվեց «Ոսկե Ծիրանի» շրջանակներում եւ միանգամից երկու մրցանակ ստացավ՝ լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ եւ «Հրանտ Մաթեւոսյանի» անվան մրցանակ՝ որպես հայկական խաղարկային ֆիլմի լավացույն սցենար։  Այժմ Վահրամը կրկին Լեհաստանում է։ Կապ հաստատեցինք նրա հետ։

Բազմաթիվ  մրցանակների արժանացած «Կաթնեղբայրը» կարճամետրաժ ֆիլմը շարունակում է քննարկումների մեծ առիթ հանդիսանալ։ Տեղյակ եմ, որ  Սիրադեղյանի ընտանիքի անդամներն են դիտել ֆիլմը։ Ի՞նչ կարծիքի են նրանք ֆիլմի մասին, ինչու՞ հենց Վանո Սիրադեղյանի պատմվածքը դարձավ սցենար։

Ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչպես կգնահատի ֆիլմը ինքը՝ գրական գործի հեղինակը։ Հուսով եմ՝ մի օր հարցնելու առիթ կլինի։ Հեղինակային իրավունքներից սկսած` մինչեւ սցենարի հետ կապված որոշ փոքր խմբագրումներ, Սիրադեղյանի կնոջ՝ տիկին Ռուզանի հետ եմ խորհրդակցել։ Նա ֆիլմը տեսել է, շատ մանրամասն առիթ չեղավ խոսելու, սակայն դիտումից անմիջապես հետո տիկին Ռուզանը ասաց, որ որոշ բաներ Սիրադեղյանին հաստատ դուր չէին գա (ըստ իրեն՝ շատ եմ հեռացել գրական գործից):

Ֆիլմում կային մի քանի տեսարաններ, որոնց գաղափարը առաջացավ կարահանման ընթացքում եւ սցենարում ներառված չէին․ միգուցե դրանց մասին էր խոսքը։ Իրականում ես միշտ շեշտել եմ, որ «Կաթնեղբայր» ֆիլմի սցենարը «Գառ ախպերիկի» հիման վրա է գրված, սակայն ֆիլմը անմիջական ադապտացիա չէ։

Իսկ թե ինչու է ֆիլմի հիմքում «Գառ ախպերիկ»-ը, գնալով ավելի աղոտ եմ հիշում, քանի որ գաղափարն առաջացել է դեռ ուսանողական տարիներին (դա առնվազն 13 տարի առաջ էր), երբ հանդգնեցի երազել, որ հենց այդ գործը կլինի դիպլոմային աշխատանքիս հիմքում։ Այս տարիների ընթացքում այդ գաղափարը ինձ  հանգիստ չէր տալիս։ Ենթադրում եմ՝ պատճառները պետք է, որ լուրջ լինեն ու անչափ  անձնական․ հաստատ՝ ոչ քաղաքական։

Մի առիթով նշել ես, որ «ես գիտեմ՝ չեմ անելու թանկ ֆիլմեր, որովհետեւ ինձ համար ազատութունը կարեւոր է» եւ միեւնույն ժամանակ հակված ես նկարահանելու այնպիսի ֆիլմեր, որոնք հայկական իրականությունն են ներկայացում։  Պետական եւ ներկայացուցչական մարմինների կողմից, եթե տրվի ֆինանսական համապատասխան աջակցություն, կհրաժարվե՞ս :

Երկու դեբյուտային ֆիլմերս՝ կարճամետրաժ, խաղարկային «Կաթնեղբայրը» եւ վավերագրական «Հովվի երգը», ավարտել եմ միաժամանակ 2014 թվականին եւ երկուսն էլ միասին են փառատոնային պրեմիերա ունեցել։ Երկուսն էլ նկարահանել եմ Հայաստանում։ Սակայն, չեմ կարծում, որ իմ ֆիլմերում ներկայացնում եմ հայ իրականությունը․ ես կխուսափեի նման ձեւակերպումից։

Իհարկե, իրականությունից օգտվում եմ, ռեալիստիկ գործեր են երկուսն էլ․․․ Ինչքանո՞վ է այդ իրականությունը իմ անձնականը եւ որքանո՞վ է ընդհանրական․ հարց է։ Եթե ավելի ընդհանրական, ապա ինձ շատ է հետաքրքրում ժամանակից դուրսը եւ համընդհանրությունը։

Ինչ վերաբերում է պետական մարմիններից գումարային աջակցությունից իմ հրաժարվելուն, կախված է նրանից, թե ինչ պայմաններով ֆիլմը կֆինանսավորվի․ եթե, օրինակ, պայմաններից մեկը լինի այն, որ պրոդյուսերները կամ ֆինասավորող կողմը վերջին խոսքի իրավունք ունեն եւ անտեսվում, գրաքննվում է իմը՝ որպես ռեժիսոր, ապա առանց վարանելու կհրաժարվեմ։

«Կաթնեղբայրը» ֆիլմի ֆինասնավորման համար (քանի որ ֆիլմի նկարահանման ծախսերի մեծ մասը հոգում էր լեհական կողմը)  դիմել էիր նաեւ Ազգային կինոկենտրոնի աջակցությանը։ Եթե չեմ սխալվում սկզբից մերժվեց ֆինանսավորելու որեւէ միջոց տրամադրելու դիմումդ։  Հետո ի՞նչ եղավ։

․․․Հետո անցավ եւս 1 տարի մինչեւ տարբեր փաստարկներով, մեծ համառությամբ, Մշակույթի նախարարին ուղղված նամակներով, համոզեցինք որ կրկին վերանայեն Կինոկենտրոնի մերժման եզրակացությունը։

Բացատրում էինք, որ խոսքը գնում է համատեղ արտադրության մասին, որ պետք է ավելի ճկուն լինել, որ գնահատեն ոչ միայն սցենարը, այլեւ ամբողջ նախագիծը։

Պահանջել էինք՝ լինի օբյեկտիվ գնահատական՝ բոլոր չափորոշիչներով, տրամաբանական բալային համակարգով, որպեսզի ես՝ որպես դեբյուտանտ, հասկանամ իմ թույլ եւ ուժեղ կողմերը։ Մեջբերել ենք կոնկրետ իրավաբանական փաստաթղթերի պատճեններ, միջպետական պայմանագրեր, համագործակցության պարտավորություններ մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների կողմից ստորագրված։

Հարցը քննարկեցին նախարարության կինոխորհրդում եւ վերջիվերջո որոշեցին ֆինանսավորել։ Միանշանակ, եթե լեհական կողմի բազմակողմանի աջակցությունը եւ անձամբ իմ գեղարվեստական ղեկավարի՝ Վոյչեխ Մարչեւսկու, անձնական հետաքրքրությունը եւ հավատը չլիներ իմ եւ իմ ֆիլմի նկատմամբ, լեհական ֆինանսավորող կողմն էլ այդ քաշքշուկներից կհոգներ եւ հետ կկանգնեին գաղափարից։

Խնդիրները առհասարակ շատ էին՝ եւ նկարահանման ժամանակ, եւ դրանից հետո, ինչի պատճառով ֆիլմի մոնտաժային աշխատանքները տեւեցին եւս 1 ու կես տարի։ Հիմնական նկարահանումները ավարտեցինք 2012 թ. հոկտեմբերին, վերջնական ֆիլմը պատրաստ էր 2014 թ. –ի մայիսին։

Անդրադառնալով ֆիլմի բուն ընթացքին՝ պետք է նշեմ, որ հրաշալի դերասանական կազմ էր ընտրված, իսկ գառնուկի մասին խոսք անգամ չկա կարծես տարիներով վարժեցրած լիներ։ Ապրելով եւ ստեղծագործելով Լեհաստանում՝ ինչպես ու որքան ժամանակում հաջողվեց նման կազմ համալրել։

Դերասանները, երեխաները եւ կենդանիները այս ֆիլմում ամենաքիչն են տրտնջացել ու դժգոհել առկա սուղ պայմաններից, ինչի համար իրենց շատ երախտապարտ եմ։

Գառնուկը՝ Այխոն, 6 ամիս ապրել է վարժեցնողների՝ Գայանեի եւ Գագիկի տանը։ Գայանեն երեխայի նման խնամել է (ի դեպ «Այխո» անունը հենց ինքն է կնքել)։

2012 թ. գարնանն էինք ընտրել գառնուկին եւ գլխավոր կերպարի դերակատարին՝ Մանուկին։ Մոր կերպարը մարմնավորում էր Լուսինե Ավանեսյանը, ում փորձնական տեսարաններում նկարել էինք արդեն, եւ ուրիշ ոչ մեկին չէի պատկերացնում այդ դերում։ Մնացած բոլոր դերասաններին ընտրել ենք ամռանը։

Տարին մեկ կամ մի քանի անգամ լինելով Հայաստանում, հայկական ֆիլմարտադրության մասին ի՞նչ կասես։

«Հայկական ֆիլմարտադրություն» ասվածին մի քիչ վերապահումներով կմոտենայի։ Ֆիլմեր նկարահանվում են, սակայն հիմնային եւ կողմնակի շատ հարցերի առկայության պատճառով «արտադրություն» բառով բնորոշել չի ստացվի։

Անցյալ տարի Լոձի եւ Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսորների եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի հետ համատեղ, Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում անցկացվեց «Աշխարհն՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» ամենամյա լեհական կինոնախագիծը։ Ծրագրի միջոցով ծանոթացար նաեւ երիտասարդ ուսանող-ռեժիսորներին։ Ինչպիսի՞ն է երիտասարդների ռեժիսորական հայացքը, հմտությունները։

Ինձ համար դա շատ հետաքրքիր փորձ էր։ Ուրախացա, երբ վարպետներիցս, ում մոտ սովորել էի Վայդայի դպրոցում, առաջարկ ստացա միասին աշխատելու այդ վավերագրական, կրթական ծրագրում՝ այն էլ Երեւանում։

Հաճախ, ստանձնելով թարգմանչի դերը, փորձում էի ուսանողներին մատչելի օրինակներով, իրենց համար հասկանալի բացատրել դասախոսների ակնկալիքները եւ իրենց անելիքը, քանի որ ծրագիրը պրակտիկ էր, եւ ուսանողներից պահանջվում էր անմիջական եւ շատ ակտիվ մասնակցություն։

Ցավոք, նախատեսված ժամանակի կեսը գնաց ուսանողների որոշ մասին մոտիվացնելու եւ տարրական բաներ բացատրելու վրա․ օրինակ՝ ինչով է տարբերվում ռեպորտաժի ժանրը վավերագրական կինոպատմողական լեզվից։ Իհարկե, ուսանողները, ովքերտարբեր կուրսերից եւ բաժիններից էին,ունեին տարբեր պոտենցիալ։ Ինձ շատ զարմացրեց այն մոտեցումը, որ խաղարկային ռեժիսուրայի ուսանողները համոզված էին՝ իրենք կապ չունեն վավերագրության հետ եւ շատ թերահավատորեն էին վերաբերվում սկզբում։ Երբ լեհ դասախոսներից մեկը հարց տվեց, թե ինչով եք ոգեշնչվում ստեղծագործելիս, ուսանողները ամեն ինչ թվարկեցին՝ բացի իրականությունից։

Այնուամենայնիվ, ծրագրի վերջում բավականին հետաքրքիր վավերագրական էտյուդներ ունեինք։ Ինձ շատ էր ուրախացնում այն, որ ուսանողների մոտ կար ցանկություն համագործակցելու եւ միմյանց փոխադարձ օգնելու։

Մեկ տարի առաջ, երբ զրուցում էի ազգությամբ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի հետ հայկական ֆիլմարտադրության  ապագայի մասին, նշեց, որ Հայաստանում միակ զարգացում ունեցող տեսակը հեղինակային ֆիլմն է։ Դու՞ էլ ես այդպես կարծում։

Դժվար է չհամաձայնվել Քշիշտոֆ Զանուսիի հետ, որը բացի նրանից, որ դասական կինոռեժիսոր է, նաեւ պրոդյուսեր է, ինչպես նաեւ «Տոռ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարն է՝ արդեն ավելի քան 30 տարի։ Նա անմիջական մասնակցություն է ունեցել լեհական ֆիլմ ինստիտուտի կայացման եւ Կինոյի մասին օրենքի ընդունման գործընթացում Լեհաստանում։

Համաձայնելով Զանուսիի հետ՝ կարծում եմ՝ շատ մեծ սխալ կլինի այս կոնտեքստում անտեսել վավերակրական ֆիլմը՝ որպես հայկական կինոյի զարգացման ուղի։ Կարծում եմ՝ այսօր վավերագրական կինոն շատ բան ունի պատմելու եւ ուղակի ոչ պատշաճ ուշադրության է արժանանում։

Ամփոփելով նաեւ իմ տպավորությունները հայ ուսանողների հմտությունների մասին՝ քո նշած դասընթացների ժամանակ, նշեմ, որ կրթական ծրագրում կինո ինստիտուտի բոլոր ուսանողները անխտիր պետք է առնչվեն վավերագրության հետ։

Որպես ռեժիսոր, ով բավականին մանրակրկիտ է աշխատում, առանց շտապելու, պատրաստվու՞մ ես նոր ֆիլմ նկարահանել։ Որքան տեղյակ եմ որպես հեղինակային առայժմ երկուսն են` վավերագրական՝ «Հովվի երգը» եւ խաղարկային՝ «Կաթնեղբայրը»։

Նոր ֆիլմ անելուց, իհարկե, կփորձեմ չկրկնել սխալներս, կիրառել առաջին երկու գործերից հետո արված հետեւությունները, շատ կարեւոր է նաեւ, ամենից զատ, գտնել աշխատանքի կազմակերպման սեփական մեթոդը, մարդկանց հետ շփման ձեւը։

Գաղափարներ, երազանքներ կան։ Բոլոր պլաններս դեռ նախագծի տեսքով են՝ թե վավերագրական, թե կարճամետրաժ, եւ թե լիամետրաժ խաղարկային ֆիլմեր, ինչպես նաեւ մի քանի լուսանկարչական նախագծեր։ Այդ գաղափարների իրականացման որոշ մասը  կապված է Հայաստանի հետ։

Գիտակցում եմ, որ առանց այդ պլանների հայրենիքի հետ կապը կտրուկ նվազելու է եւ միեւնույն ժամանակ կռահում եմ, որ նոր բան սկսելուց կրկին հեշտ չի լինելու։

ՀԳ «Կաթնեղբայրը» ֆիլմն առաջին լեհ-հայկական համատեղ արտադրանքն է, որն իրականացվել է «Վայդա» ստուդիայի, Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության «Ստուդիո Մունկա»-ի, «MX35» ընկերության միջոցով՝ համատեղ հայկական «HY Pictures» ընկերության հետ (պրոդյուսեր՝ Հասմիկ Հովհաննիսյան)։ Ֆիլմի աշխատանքները համաֆինանսավորել են Լեհական ֆիլմ ինստիտուտը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ֆիլմի պրոդյուսերն է Յոաննա Շիմանսկան, օպերատորը՝ Մարչին Սաուտերը, նկարիչը՝ Էդուարդ Հակոբյանը, հնչյունային ռեժիսորները՝ Մարչին Չիխոն, Ագաթա Խոդիրան, մոնտաժը՝ Ժեմովիտ Յավորսկու, երաժշտությունը՝ ժամանակակից լեհ կոմպոզիտոր Միկոլայ Տշասկու։

Ֆիլմում նկարահանվել են՝ Լուսինե Ավանեսյանը, Մանուկ Քիշմիշյանը, Արթուր Պապիկյանը, Սեյրան Մկրտչյանը, Ժասմեն Ղազարայանը, Անի Խուդաբաշյանը, Մարիամ Խուդաբաշյանը։

«Կաթնեղբայրը» ֆիլմի թրեյլերն՝ այստեղ:

 Լուսանկարը՝  «Գդինի» կինոփառատոնի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter