HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19-ամյա զինվորի խոսքին արձագանքել են մարդիկ

Բանակում 45 օր ծառայած ու առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատված 19-ամյա Մայիս Գեղամյանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել տարբեր անհատներ: Զինվորի բուժման խնդրանքին արձագանքել են պատկան գերատեսչություններ՝ հաշվի առնելով, որ հարցը հրատապ է:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնում (Ռենտգեն ինստիտուտ) Արուճ գյուղի բնակիչ Մայիս Գեղամյանի մոտ ախտորոշել են քաղցկեղ՝ օտրեոգեն սարկոմա: Նրա ոտքը ամպուտացվել է, թոքերում մետաստազներ կան:

«Հետքի» հետ զրույցում Մայիս Գեղամյանի ծնողները պատմեցին, որ կիրակի օրն իրենց այցելել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախարարը զրուցեց Մայիսի հետ, դուխ տվեց նրան: Պատմեց, որ Արցախյան պատերազմի տարիներին ինքն էլ է առողջական լուրջ խնդիրներ ունեցել, որոնք հաղթահարել է: Նախարարն ասաց, որ կաջակցեն քիմիոթերապիայի ամբողջ կուրսը այստեղ կազմակերպելու հարցում, որը մինչև հունվար կտևի: Դրանից հետո երեխային պիտի տանենք կամ Սանկտ-Պետերբուրգ, կամ Գերմանիա, որ բարձր դոզաներով քիմիոթերապիա ստանա: Դա է պատճառը, որ դիմում ենք մարդկանց, բարերարներին, որ փրկենք տղայիս»,- ասաց Մայիսի հայրը՝ Պետրոս Գեղամյանը:

Գեղամյան ընտանիքը 2 օրը մեկ անգամ բերում է տղային արյան հետազոտության: «Նաիրի» ԲԿ-ում Մայիս Գեղամյանին ու ծնողներին այսօր այցելել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը, ով մասնագիտությամբ ոսկրային օնկոլոգ է:

10 օր հետո Մայիս Գեղամյանը հետազոտություն է անցնելու ըստ բժիշկ Լևոն Բադալյանի ցուցումի, որպեսզի պարզեն՝ արդյոք նահանջու՞մ են թոքերի մետաստազները քիմիոթերապիայի արդյունքում: Վիրահատությունից հետո թոքերի մետաստազների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է բուժում ստանալ արտերկրում` Գերմանիայում կամ Պետերբուրգում:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Մայիս Գեղամյանի հետազոտության վերջին արդյունքը, հիվանդության պատմությունը, էպիկրիզը կուղարկվեն Սանկտ-Պետերբուրգի, Գերմանիայի օնկոլոգիական կլինիկաներ՝ նրա հնարավոր բուժման մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել փնտրել ֆինանսական ֆոնդեր, քանի որ ինքնուրույն չի կարող հոգալ բուժման ծախսերը: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter