HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայմանական վաղաժամկետ ազատման ներկա մոդելը սպառվել է

Այն, որ դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս եռաստիճան մոդելն արդյունավետ չի գործում, փաստում են և՛ ոլորտի մասնագետները, և՛ իրավապաշտպանները, և՛ դատապարտյալները, և՛ պետական համապատասխան մարմինները: Ստացվում է, որ 2006 թ-ից գործող եռաստիճան համակարգից դժգոհ են բոլոր կողմերը:

«Ներկայում գործող համակարգը ո՛չ պայմանական է, ո՛չ էլ առավել ևս՝ վաղաժամկետ, քանի որ դատապարտյալները ո՛չ վաղաժամկետ ազատվում են (ազատման տոկոսները էականորեն նվազել են), ո՛չ էլ պայմաններ են կատարում»,- ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը՝ պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրներին նվիրված աշխատաժողովի ժամանակ:

Ըստ վիճակագրության` եթե 2006 թ-ին քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովները պայմանական ազատման համար անկախ հանձնաժողովներին են ներկայացրել այդ իրավունքը ունեցող դատապարտյալների 85 տոկոսին, ապա 2013 թ-ին՝ միայն 18 տոկոսին: Ի՞նչի հետևանք է տոկոսների էական նվազումը:

«Ազատման տոկոսների էական նվազումը հետևանքն է չգրված կանոնների, տաբուի տակ դրված հոդվածների, որոնցով դատապարտյալները չեն ազատվում պայմանական: Օրինակ՝ ծանր հանցագործությունների հոոդվածներով դատապարտվածները, նորություն չէ, որ պայմանական չեն ազատվում: Նստած իրենց համար չափանիշներ են հորինում: Բայց գրված չափանիշներ չկան»,- նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպան Արման Դանիելյանի կարծիքով` նույնիսկ իդեալականին մոտ աշխատանքի դեպքում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայիս համակարգը չի կարող արդյունավետ գործել: Պատճառն այն է, որ չափորոշիչներ չկան, թե ինչ պայմաններ պիտի կատարի դատապարտյալը ՔԿՀ-ի ներսում և պայմանական ազատության մեջ: Բացի այդ, անկախ հանձնաժողովներն, ըստ իրավապաշտպանի, հենց միայն իրենց կազմի պատճառով չեն կարող լիարժեք աշխատել: Այնտեղ 8 անդամից միայն մեկն է մասնագետ՝ հոգեբան, մյուսները պաշտոնյաներ են:  Իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ դատապարտյալի հետ առանձնազրույց են ունենում անկախ հանձնաժողովից միայն 2 անդամ: «Այդպես ստացվում է, որ անդամներից ոչ բոլորն են ծանոթանում ու շփվում դատապարտյալների հետ: Իսկ հետո որոշում են կայացնում փակ, գաղտնի քվեարկությամբ, ու չեն պատճառաբանվում որոշումները: Դատապարտյալն այդպես էլ չգիտի՝ ինչ պետք է անի, որ իրեն չմերժեն, կամ ինչու մերժեցին, ինչ թերացում պիտի շտկի հաջորդ անգամվա համար»,- ասում է իրավաբանը:

 

Եռաստիճան համակարգից համատարած դժգոհություններն են պատճառը, որ թե՛ պետական օղակներում, թե՛ հանրային սեկտորում փնտրում են դատապարտյալներին պայմանական ազատություն վերադարձնելու նոր մոդելներ:

Աշխարհում կա պայմանական վաղաժամկետ ազատության երեք մոդել՝ պարտադիր, հայեցողական և խառը: Առաջինի դեպքում միայն դատարանը կարող է որոշում կայացնել անձին պայմանական ազատել կամ ոչ: Երկրորդի պարագայում` և՛ դատարանով կարող է լինել պայմանական ազատումը, և՛ հանձնաժողովային կարգով: Իսկ խառը տիպի դեպքում՝ երկու ձևը կարող է կիրառվել միանգամից:  Հայաստանում գործում է պայմանական ազատման ինստիտուտի հենց խառը տիպը:

«Այն, ինչ ունենք Հայաստանում խառն էլ չի, այլ՝ շատ խառը»,-ասում է Արման Դանիելյանը: Արթուր Սաքունցի կարծիքով` կարևոր չէ՝ երկաստիճա՞ն է համակարգը, թե՞ եռաստիճան, կարևոր է, որ հիմնական դերակատարը լինի դատարանը: ՔԿՎ սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Բենիկ Հարությունյանի կարծիքով` ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովներ՝ գումարած դատական համակարգ երկաստիճան մոդելը կլինի հարցի երկարաժամկետ լուծում:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ից Հասմիկ Հարությունյանը մտածում է, որ կարելի է ստեղծել նոր՝ պայմանական ազատման տիպիկ հայկական մոդել: Փոխարենը ԱՆ համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալյանը կարծում է, որ նոր հեծանիվ պետք չէ հայտնագործել, որ զարգացած աշխարհը ունի երեք տիպ և այդ երեք տիպից մենք պիտի վերցնենք մեկը: «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ներկայացուցիչ Միրանդա Մերկվիլաձեն նշում է, որ միջազգային փորձը զարգացող երկրները վերցնում են ոչ թե նրա համար, որ այն լավն է, այլ, որ տասնյակ տարիների աշխատանքի փորձ ու արդյունքներ է այն գրանցել:

Իրավաբան Աննա Մելիքյանը ներկայացրեց այն մոդելը, որը ստեղծվել էր ՔՀԻ-ում: Ըստ այդմ՝ իրավապաշտպաններն ու մասնագետները պատկերացնում են ՔԿՀ-ի ու պրոբացիոն ծառայողի եզրակացություն գումարած դատարան մեխանիզմը: Այս մոդելը ներկայացվելու է բոլոր շահագրգիռ կողմերին քննարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter