HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տեղական հանրաքվեն` որպես ուղիղ ժողովրդավարության գործիք

Համայնքների խոշորացումը տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների փաթեթում ամենաառաջնայիններից է, սակայն այն իրականացնելու օրենսդրական մեխանիզմները դեռեւս հստակեցված չեն: Վերջին ամիսներին տարբեր լսարաններում քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ պարզվեց, որ հանրաքվեն, որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, Սահմանադրության մեջ ամրագրելու հարցի հետ կապված տարակարծություններ կան խորհրդատվական մասնագիտական հանձնաժողովի եւ քաղաքական ուժի միջեւ: Հարցադրումները հետեւյալն են՝ հանրաքվեն ամրագրե՞լ Սահմանադրության մեջ, թե՝ ոչ, ամրագրելու դեպքում հանրաքվեի արդյունքները պարտադիր հաշվի առնել, թե՞ հանրաքվեն օգտագործել ընդամենը խորհրդատվական նպատակով:

Համայնքների խոշորացման ջատագովներն օրինակ, դեմ չեն տեղական ինքնակառավարման ոլորտում հանրաքվեի միջոցով որոշումներ կայացնելուն, սակայն համայնքների խոշորացումը չեն ցանկանում պայմանավորել հանրաքվեի արդյունքներով: Այդ հարցում նրանք ավելի հակված են ընդօրինակելու այն երկրներին, որոնք «համայնքները խոշորացրին մի գիշերում, Կառավարության որոշումով»: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը քննարկումներից մեկի ժամանակ լսարանին տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովն առաջ է քաշել տեղական ժողովրդավարության ամրապնդման գաղափարը:  

Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը չի պաշտպանում գործող Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից (հոդված 110)։ Հանձնաժողովի տեսակետը կարելի է այսպես մեկնաբանել. հանրաքվեն, որպես տեղական ժողովրդավարությանը մասնակից լինելու ձեւ, պետք է ամրագրել Սահմանադրության մեջ, եւ արդյունքները հաշվի առնել որոշումներ կայացնելիս: Նման պահանջ ամրագրված է նաեւ ՏԻՄ Եվրոպական խարտիայում, որը վավերացրել է մեր երկիրը: 

«Խոշորացումը ռեսուրսների խնայողություն է, վարչարարության արդյունավետություն, սակայն այն պետք է իրականացվի հանրաքվեով»,- իր հերթին խորհուրդ տվեց Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբերտ Հերցոգը: 

Գործող Սահմանադրության 107 հոդվածը համայնքի բնակիչներին համայնքային կառավարմանն ուղղակիորեն մասնակցելու հնարավորություն է տալիս՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։ Սակայն, մինչ օրս Սահմանադրության ընձեռած այդ հնարավորությունից չի օգտվել ոչ մի համայնք: Ոչ մի հարց, անկախ իր կարեւորությունից, չի դրվել հանրաքվեի: Իհարկե, պատճառը միայն այն չէ, որ անմիջական ժողովրդավարության ինստիտուտը տեղերում չի գործում, այլ այն, որ տեղական հանրաքվեն, որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, չի դիտարկվում անգամ կարծիքներ լսելու իմաստով: Կարեւոր հարց է նաեւ այն, թե ով պետք է համայնքում նախաձեռնի եւ իրականացնի հանրաքվեն: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունը «համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ», սակայն գործադիրը դրա փոխարեն նախընտրում է հարցերը լուծել որոշումներով: Արժե՞ ծախսեր կատարել, եւ ժամանակ վատնել մի բանի համար, երբ անկախ արդյունքից, որոշում կայացնողները պետք է իրականացնեն իրենց ցանկացածը:

2010 թ·-ի փետրվարի 25-ին Կառավարությունը որոշեց Կոտայքի մարզի Արտավազ գյուղի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող մոտ 96 հա հողատարածքը ճանաչել «բացառիկ գերակա շահ» եւ հատկացնել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը: Այս որոշումը պետք է կայացվեր համայնքում հանրաքվե  իրականացնելու եւ դրա արդյունքների հիման վրա, բայց ոչ այս եւ ոչ էլ մնացած բոլոր դեպքերում, այն չիրականացվեց: Համայնքի բնակիչներն իրենց որոշումը հարկադրված եղան հայտնել դատարանում, որն ուշադրության չարժանացավ: Կառավարությունը նույնպես դատարանի միջոցով նրանց հարկադրեց օտարել իրենց հողերը: 

Մեկ այլ դեպքում՝ Կառավարությունը «Որոտան հէկերի համակարգ» ՓԲԸ-ի «Տաթեւ» հիդրոէլեկտրակայանների զբաղեցրած տարածքները «Շամբ» եւ «Սպանդարյան» հէկ-երի հետ միասին 180 մլն դոլարով վաճառեց ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը՝ Սյունիքի մարզի Խոտ համայնքի  29 հա հողատարածքի հետ միասին: Համայնքի բնակչությունն իր հողատարածքները վաճառելու մասին տեղեկացել է միայն վաճառքից հետո:

Նման օրինակները բազմաթիվ են, քանի որ համայնքների ապակենտրոնացում ասվածը մեր երկրում ընդամենը գաղափար է:

Ամենաժողովրդավար երկրներից մեկի՝ Շվեյցարիայի տեղական ժողովրդավարությունն ուսումնասիրելու նպատակով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը վերջերս ճանաչողական այց էր կազմակերպել այդ երկիր: «Շվեյցարիայում հանրային նշանակության հարցերը բոլոր մակարդակներում լուծվում են հանրաքվեի միջոցով: Շվեյցարիան մի երկիր է, որտեղ անկախ տարածքային մակարդակից, բոլոր հանրաքվեների արդյունքները կրում են պարտադիր բնույթ, քանի որ, իրենց խոսքով՝ «Շվեյցարիայում իշխանությունը ժողովրդինն է»,- այցի արդյունքների մասին մասնագիտական լսարանին էր ներայացնում խմբի անդամներից Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի իրավաբան-խորհրդատու Վաhագն Պետրոսյանը:

Իրավաբանն ընդգծեց, որ Շվեյցարիան, ինչպես եւ Եվրոպական մի շարք այլ երկրներ, տեղական հանրաքվեն դիտարկում է որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, որը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում տեղական եւ դաշնային մակարդակով մասնակցել  կառավարմանը: Շվեյցարիայում հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունի չափահաս եւ լրիվ գործունակ մեկ քաղաքացի՝ դիմում-հայտ ներկայացնելով խորհրդարան: Եթե դիմում-հայտը չի հակասում գործող օրենքներին եւ միջազգային պայմանագրերին, ապա խորհրդարանը պարտավոր է քննարկել եւ համապատասխան ընթացք տալ:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում խնդիրներն ու բացերը, նրա ասելով՝ բազմաթիվ են եւ հաշվի առնելով միջազգային փորձը, առաջարկվում է մշակվելիք օրենքի նախագծով հստակ տարանջատել ոչ միայն տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեցող սուբյեկտները, այլեւ սահմանել, թե յուրաքանչյուր նախաձեռնող, որ դեպքերում ու ինչ հարցերի շուրջ կարող է հանրաքվե նախաձեռնել: Կանոնակարգել քարոզչության ոլորտի՝ մասնավորապես քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող սուբյեկտների, քարոզչության ֆինանսավորման եւ հակաքարոզչության հնարավորությունների հետ կապված իրավակարգավորող խնդիրները: «Ամենակարեւորը՝ օրենքով կարգավորել հանրաքվեի  ֆինանսավորման հետ կապված անհարթությունները»,- ասում է Վ· Պետրոսյանը:

Հանրաքվեն, իբրեւ մասնակցային կառավարման ձեւ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրելուն դեմ արտահայտվողները մեկ այլ հակափաստարկ էլ են ներկայացնում՝ ընտրությունները մեր երկրում վարկաբեկված են, պետք չէ վարկաբեկել նաեւ հանրաքվեն: Նրանք այս մտահոգությունը կիսել են շվեյցարիացիների հետ եւ այն հարցին, թե ինչ դեր ունեն կաշառք տալու եւ վերցնելու ընտրական իրավահարաբերություններն այդ երկրում, պատասխանը շատ կարճ է հնչել.  «Կաշառքը շվեյցարացիների կուլտուրան չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter