Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ոստիկանապետի գլխավոր խորհրդականը հանքարդյուաբերության ոլորտ է մուտք գործել



Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: Հանքը 26 տարի շահագործվելու է բաց եղանակով: Շահագործելու է «Բակտեկ էկո» ընկերությունը:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալների՝ 2010թ. գրանցված «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերը՝ 65%, Գրիգոր Միքայելի Բադիրյանն է, մնացյալ 35-ը տնօրինում է Ազատ Պետրոսի Վարդանյանը:

Վերջինս «Միջազգային տեղեկատվական ակադեմիա» հասարակական կազմակերպության  ղեկավարն է: Հենց այս հասարակական կազմակերպությունն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին շնորհել դոկտորի կոչում: Ազատ Վարդանյանը նաեւ հանդես է գալիս որպես Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ: Սակայն սփյուռքի նախարարության մի նախագծում Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ ներկայացված է Վահրամ Փիրջանյանը:  

Ազատ Վարդանյանի մի քանի ընկերություններ հանքավայարերի ուսումնասիրման և շահագործման լիցենզիա են ստացել Հայաստանում: Ազատ Վարդանյանը նաև համատեղ ընկերություն ունի Սուրեն Այվազյանի հետ: «Ազատակերտ» ՓԲԸ-ում նրանք 50/50 բաժեմասի սեփականատեր են:

ՀՀ ընտրողների ռեգիստրում միայն մեկ Գրիգոր Միքայելի Բադիրյան կա՝ գրանցված Բաբայան 22ա հասցեում և ծնված 1976թ. մարտի 23-ին: Այս տվյալներն ամբողջությամբ համընկնում են պետռեգիստրի տվյալների հետ: 65%-ի բաժնետերը նույն ինքը՝ ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իրավագիտության դոկտոր, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով փորձագետ, Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանն է: Նա այդ բաժնեմասը ձեռք է բերել անցյալ տարի: 

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալները

ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալները

Գրիգոր Բադիրյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես է ստացվել, որ ոստիկանական և իրավական ոլորտից անցում է կատարել դեպի հանքարդյունաբերության ոլորտ:  «Իրականում որևէ անցում հանքարդյունաբերության կամ որևէ այլ ոլորտ իմ կողմից չի կատարվել, քանի որ ես որևէ վճարովի աշխատանք չեմ կատարում և առհասարակ չեմ զբաղվում այդ ընկերության խնդիրներով, առավել ևս վճարովի հիմունքներով, բացի իմ զբաղեցրած պաշտոնից և գիտամանկավարժական գործունեությունից, որևէ այլ գործունեություն չեմ իրականացնւմ: Ընկերության բոլոր հարցերով անմիջականորեն զբաղվում է ընկերության բաժնետեր-տնօրեն Ազատ Վարդանյանը: Որևէ ընկերությունում բաժնեմաս ունենալն ինքնին ամենևին չի նշանակում անցում դեպի որևէ այլ ոլորտ»,-նշում է ոստիկանապետի գլխավոր խորհրդականը:

Մեր մյուս հարցին, թե ինչպես է գործընկեր դարձել Ազատ Վարդանյանի հետ և սկսել իրականացնել այդ ծրագիրը, Գ. Բադիրյանը պատասխանել է. «Մենք ընդհանուր շատ ընկերներ ունենք: Ազատը շատ զարգացած և բանիմաց անձնավորություն է, ունի համապատասխան կրթություն և գիտելիքներ և շատ լավ պատկերացնում է հանքարդյունաբերության ոլորտը»:

Գրիգոր Բադիրյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե որքան ներդրում է նախատեսված այս նախագծում՝ նշելով, որ այս փոլում դժվար թե մեկը կարողանա պատասխանել այդ հարցին, քանզի բազմաթիվ հաշվարկներ և ուսումնասիրություններ են կատարվել, դեռ նաև պետք է կատարվեն, և միայն այդ ամենի ավարտից հետո հնարավոր կլինի մոտավոր պատկերացում կազմել ներդրումների չափի մասին: «Կարող եմ ասել, որ այս պահին դեռ որևէ տեսանելի բան չկա, և ամեն ինչ դեռ բարի նպատակների փուլում է»:

Մեր դիտարկմանը, թե բնապահպանները մտահոգություն են հայտնել, որ հանքի շահագործման նախագծում հաշվի չեն առնվել շրջակա միջավայրին հասցվելիք իրական վնասների ռիսկերը, և նախագծի այդ մասն ամբողջությամբ թերի է, Գրիգոր Բադիրյանը պատասխանեց. «Որքանով որ ես եմ տեղյակ, բնապահպանական նորմերի պահպանման հետ կապված ընկերությունը առհասարակ որևէ խնդիր չունի և պարտավոր է պահպանել ՀՀ օրենսդրության բոլոր պահանջները: Տեղյակ եմ նաև, որ օրենքով սահմանված կարգով կազմակերպվել և անց են կացվել հանրային լսումներ տեղի ազգաբնակչության, բնապահպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ»:

Այդ լսումներից մեկը՝ «Էկոլուր»-ի նկարահանած տեսանյութը, ներկայացնում ենք ստորև: 

Շուրջ 14 հա պոչանք՝ Արջուտի հարևանությամբ, կամ խոստումներ նախագծից

Արջուտի ոսկու հանքավայրը գտնվում է Վանաձոր քաղաքից 12 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք՝ Արջուտ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք, Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին, Փամբակ գետի ձախ ափին: Բացահանքի օտարման տարածքը կազմում է 15.7 հա, իսկ լցակույտինը` 13.6 հա: Հողատարածքի պայմանագրային արժեքը գնահատվել է ընդամենը 15.0 հազար դրամ մեկ հեկտարի համար:

Հանքաքարը մշակվելու է 30 կմ հեռու գտնվող Արմանիսի հանքահարստացուցիչ ֆաբրիկայում: Մակաբացման ապարները տեղափոխվելու են 1.8 կմ հեռավորութամբ նախատեսված լցակույտեր:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասում նշվում է, որ հանքավայրի ուսումնասիրված տարածքում կան բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց ջուրը պիտանի է խմելու համար: Շրջանում կան նաև տարբեր հանքային ջրերի աղբյուրներ:

Հանքավայրի շրջանում համընդհանուր տարածված կենդանիներից, ըստ նախագծի, հանդիպում են լճագորտ, ժայռային մողես, գայլ, աղվես, սովորական լորտու, սովորական դաշտամուկ,  մոխրագույն առնետ, քարակզաքիս, աքիս և անողնաշարավոր կենդանիներ: Ավելորդ խնդիրներից խուսափելու համար նախագծում նշվում է, որ տարածքն աղքատ է զանգվածային բուսական ծածկույթից. «Կարմիր գրքում նշված բույսեր չկան: Տարածքը ՀՀ կառավարության կողմից պահպանման հատուկ կարգավիճակ չունի»: 

Համաձայն նախագծի՝ բացահանքի աշխատանքային գործընթացում ներգրավելու են մոտակա համայնքների բնակչությունը, մասնավորապես Արջուտի համայնքի. բացահանքի աշխատանքներին մասնակցություն կունենա 55 մարդ: Ընկերությունը նախատեսել է շուրջ 650 հազար դրամի ներդրում Արջուտ համայնքում, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական ծրագրին մասնակցություն, գյուղի տեխնիկայի վերանորոգում, աջակցություն դպրոցին և անապահով ընտանիքներին դեղորայքի տրամադրում: 

Գրիգոր Բադիրյանի լուսանկարը՝ iravaban.net-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Ազատ Վառդանըան17:48 - 28 հոկտեմբերի, 2014
Ինչքան կարելի ե ստել: Սա կազմակերպված և պատվիրված հոդված է: Միայն լրագրական էթիկայից զուրկ հեղինակը կարողեր տպել մի վարկաբեկիչ հոդված առանց նույնիսկ ինձ հետ խոսալու: Հոդվածի մեջ նշված Վահրամ Փիրջանյանը Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ չի: Ինքը Կանադա Հայաստան բիզնես խորհրդի նախագահն է ՝ / http://ca.linkedin.com/pub/vahram-pirjanian/3a/301/979 / . Իսկ ինչ-որ վերաբերվում է նախագծին, ապա դա անցել է բնապահպանական փորձաքննություն և ստացել է դրական եզրակացություն: Բաց լսումների ժամանաք Արջուտ գյուղի բնակիչները 100 տոկոսով քվեարկելն են նախանձի օգտին: Իսկ տեսանյութի մեջ խոսացող մարտը արդյո՞ք ունի բնապահպանական որակավորում, հարցն առաջանում Ձեր նպատակը ինչն՞ է: Իսկ շահագործման իրավունքը ընկերությունը ստացել է պաշար հաստատելուց հետո համաձայն ՀՀ օրենսդրությանը; Ի տարբերություն Մարջանի հանքավայրի շահագործման իրավունքի՝, որը տրվել է 1998թ. առանց պաշար հաստատելու. Այսինքն` անորինական ճանապարհով: Ինչո՞ւ չեկ հորանում և խոսում այդ մասին: Իմ կարծիքով պատճառը դա է, որ հենց այդ կողմից է պատվերը ստացվել:
2. Քրիստինե21:41 - 28 հոկտեմբերի, 2014
Հարգելի պրն Վարդանյան, Չգիտեմ՝ ինչն եք համարում վարկաբեկիչ այս հոդվածում, թերևս այն, որ Ձեզ ներկայացրել ենք առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ինչպես ներկայացվել է ևս մեկը սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում: Ներողություն եմ խնդրում այդ թյուրիմացության համար: Հոդվածում միայն փաստեր են շարադրված, մեջբերումներ Ձեր ներկայացրած նախագծից, սակայն այն ամենը, ինչը վարկաբեկիչ եք համարում, կարող եք դատական կարգով բողոքարկել, ձեր իրավունքն է: Եթե ցանկություն ունեք այս թեմայով մանրամասն զրուցելու, մենք պատրաստ ենք լսել նաև Ձեզ: Խնդրում ենք թողնել հեռախոսահամար Ձեզ հետ կապ հաստատելու համար: 077-ով մեզ փոխանցած հեռախոսահամարը հասանելի չէր, որով փորձել ենք զանգահարել Ձեզ հոդվածի հրապարակումից առաջ:
3. Areg11:16 - 4 նոյեմբերի, 2014
Հերիք է քադեք ու թալանեք հասարական բարիքը, աղավաղեք ու կեղտոտՀայոց բնաշխարը: Կարող էք Կանադայում քադել սարերը, գնացէք , այտեղել ոսկի կա ,ծավալեք նույնատիպ գործողություն Կանադայում:Թե Կանադայոմ չկան Սերժիկներ ու Ռոբիկներ, վորպեսզի թույլ տան այսպիսի ժողովրդաթալան գոծողությունք
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ