Շաբաթ, 22 սեպտեմբերի

Պանդա արջերի «պայմանական» 9 գիշերները՝ ըստ ռեժիսոր Մելիք-Հովսեփյանի



Բեմադրվել է ժամանակակից գրող Մատեյ Վիշնիեկի «Պանդա արջերի պատմությունը ըստ սաքսաֆոնիստի, ով մի ընկերուհի ունի Ֆրանկֆուրտ քաղաքում» պիեսը

Կինը, որ «այն» աշխարհից եկել է (այս պարագայում՝ հանկարծ հայտնվել է) տղամարդու տուն՝ նրա ննջասենյակում է (առավել եւս՝ անկողնու մեջ) եւ հարցադրումներով անընդհատ ընդմիջում է կենցաղավարությունն ու փոխում մթնոլորտը, ունի հիմնական խնդիր՝ տղամարդը մնու՞մ է իր «այս» աշխարհում, թե՞ հետեւում, ուղեկցում է իրեն։

Եվ այս տեսանկյունից՝ նախ խնդիրը առաջացած էմոցիաների, եթե կուզեք՝ սիրո, ոչ սովորական պայմաններում ծնվելու, զարգանալու եւ ի վերջո լուծումներ առաջարկելու մեջ է։

Բեմադրող-ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը ամեն տեսակի անցում (իսկ ներկայացման չհաջողելու դեպքում այդ միագույն եւ միատոն տարածքում ռիթմ փոխելը խնդիր կլիներ) յուրօրինակ ինտոնացիաներով եւ վարիացաներով է առաջ տանում։

Դերակատարներ Նարինե Գրիգորյանը (նույն ինքը՝ «երկնքից» անկողնու մեջ ընկած անծանոթուհին) եւ Արթուր Մանուկյանը (նույն ինքը՝ սաքսաֆոնիստը, որը երեկվանից ոչինչ չի հիշում) փորձում են հնարավորինս բնականորեն զարգացնել տարածքի, իրավիճակի, գործողության հնարավորությունները։

Երբեմն այդ բնականությունը ընդմիջվում է արհեստական նախադասությամբ կամ պաթոսով, որը ցցուն կանգնում է հանդիսատեսի կոկորդին (hնարավոր է թարգմանված տեքստի որոշ բարդությունների կամ բեմում առանց փոխարինման լինելու պատճառով)։ Բայց վերը նշվածը մոտ երկու ժամ տեւողությամբ ներկայացման մեջ մի քանի անգամ է հանդիպում, այն էլ  արագ շտկվում է՝ ներքին որոշակի ազդակներով։

Վիշնիեկի «Պանդա արջերի պատմությունը» այն թատերական իրականությունից է, երբ նույնիսկ ռեժիսորը չի կարող բառացի փոխանցել պատմությունը կամ մեկնաբանություններ տալ․ սա այն դեպքն է, երբ հայտնվում ես թատրոնում, զբաղեցնում քո տեղը եւ սեփական կենսափորձի հիման վրա եզրակացության գալիս․ կամ նույնիսկ եզրակացությունները հնարավոր է լողան այս կամ այն ուղղությամբ՝ ներկայացումը տալիս է այդ ազատ տարածության հնարավորությունը։ 

Այս առիթով Մոսկվայի Երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավարը թերեւս ավելի դիպուկ է արտահայտվել Վիշնիեկի այս գործի մասին․«Հասկանալ պետք է գրադարանում, թատրոնում պետք է զգալ»։

Այնումենայնիվ, եթե փորձենք․․․

Եթե փորձեմ՝ որպես դիտող ներկայացնել այն, ինչ գրել է Վիշնիեկը եւ այն, ինչ ներկայացրել է Մելիք-Հովսեփյանը․․․ Երկու դերասան, որոնք  պետք է ոչ մի րոպե դուրս չգան ռիթմի զգացողությունից (իրենց ունեցած պայամանական տարածքից, որտեղ սառնարանում ամեն բան նույնն է, որտեղ անկողինը պարբերաբար հավաքվում-բացվում է), ովքեր, նույն պայմանականություններից ելնելով, սահմանել են 9 օր եւ 9 գիշեր՝ միասին անցկացնելու նախապայմանով, անընդհատ երկխոսության մեջ են՝ հաճախ մարմնի շարժման միջոցով։

Հանկարծ մի առավոտ սաքսաֆոնիստը իր սեփական անկողնու մեջ «հանդիպում է» գրավիչ, անհայտ կնոջը եւ անընդհատ հարցնում՝ արդյոք սեր արել են իրենք։ Այստեղից սկսում է երկխոսությունը, բայց ոչ ուղղակի հարց ու պատասխանի միջոցով․ նորից նույն տարածությունը՝ սաքսաֆոնիստի տունը, դառնում է բազմաթիվ հիշողությունների եւ նոր ծնվող զգացումների, կյանքի եւ մահվան վերաիմաստավորման աննյութական տարածություն։

Կարեւորվում է հիշողությունն եւ ներկայության կարեւոր պահը․ սաքսաֆոնիստի հայրը յուրաքանչյուր երեխայի ծնվելու կապակցությամբ ծառ էր տնկում։ Խնձորենին՝ սաքսաֆոնիստը, անծանոթուհու հետ համտեսելով մորից ժառանգած բաղադրատոմսով պատրաստած ուտեստը, հանկարծ վերապրում է մոր ներկայիս զգացողությունները, որը հիմա միայնակ է՝ ծառերի հետ․ «մայրս նայում էր ինձ այնքան զարմացած, կարծես իմ փոխարեն սենյակ էր մտել խնձորենին, որը հայրս էր տնկել՝ ի պատիվ իմ ծնվելու»։

Թռիչքներն ու ժեստերը

Անծանոթուհու (Նարինե Գրիգորյանի) խոսքը թռիչքներով պայմանավորված տարածության եւ կենցաղավարության անկարեւորության ներկայացումն է, սաքսաֆոնիստը (Արթուր Մանուկյանը)՝ ընդհակառակը՝ անընդհատ անկողնուն, սառնարանին, իր հիշողությանը (անընդհատ փորձում է հիշել, թե ինչպես կարող էր ինքը Բոդլեր արտասանել) կպած, շփոթության մատնված օբյեկտն է։

Եվ հենց այդ պայմանական իրականությունից է գուցե, որ անծանոթուհին նախ ներկայանում է եթերային, ծիրանագույն զգեստով, իսկ, երբ պայմանավորվածության համաձայն, 9 օրվա այցելություններն են սկսվում, նա ջինսե տաբատով եւ ազատ ոճի վերնաշապիկով հայտնվում է սաքսաֆոնիստի տանն ու անցնում սառնարանի մոտ․ ճիշտ այն կերպ, ինչպիսին սասաֆոնիստն է իր տարածության մեջ։

Եվ այստեղից էլ կարեւոր է դառնում ոչ միայն դերասանների խաղին հետեւելը, այլ նաեւ ամեն մի բառը «բռնելը», որը աստիճանաբար հանգեցնում է դիրքային փոփոխության։

««Ա» ասելով՝ ասա, որ ինձ սիրում ես»

««Ա» ասելով՝ ասա, որ ինձ սիրում ես,․․․ Իսկ հիմա, «Ա» ասելով, ասա, որ կարեւոր բան ես ուզում ասել»․․․ Եվ այսպես շարունակ․ սաքսաֆոնիստը սկսում է լսել լռությունը, ինչպես կզգար սերը, որ ոչ մի կերպ բացատրել հնարավոր, չէ՞․ մի՞թե պատահակությունն ու պայմանականությունները կարող ես դնել որպես կշռաքարեր այդ նժարի վրա ու եզրակացություններ անել։

Այստեղ խոսքին փոխարինում է ժեստը, ժեստին՝ առարկայի նշանակությունը, առարկայի նշանակությանը՝ կենդանի շփումը, շփման բացակայությունից՝ նորից տիրում է լռությունը։ Եվ սա սեր է, որովհետեւ բավական է միայն մեկ օրը, երբ անծանոթուհին խախտում է պայմանավորվածությունը եւ չի ներկայանում, սաքսաֆոնիստը պարադոքսալ իրավիճակի մեջ է։

Մարդու անհավանական զգացմունքային անցումն ու կյանքի վերաիմաստավորումը, որը տեղի է ունենում պայմանական 9 գիշերների ընթացքում․ 9 գիշեր՝  կենսականի կարեւորության, նշանակության մասին՝ յուրաքանչյուր առանձին ապրումը վերհիշելով, վերստեղծելով նոր իրականությունը, եւ, այո՛, լռությունը լսելու միջոցով անցում դեպի անհայտը, որտեղ ամեն բան հավերժ է։

***

Պոետ, լրագրող, փիլիսոփա, դրամատուրգ եւ պարզապես մեծ երազող՝ Մատեյ Վիշնիեկի գործերը բեմադրվել են աշխարհի ավելի քան 30 երկրներում: Նա համարվում է Ռումինիայի ամենից շատ բեմադրված դրամատուրգը արտասահմանում: 1987 թվականից նա, որպես քաղաքական ապաստանյալ, ապրում եւ ստեղծագործում է Փարիզում:

ՀԳ«Պանդա արջերի պատմությունը...» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել  հոկտեմբերի 18-ին, «ԳՈՅ» թատրոնում։ Բեմադրող-ռեժիսոր՝ Սերժ Մելիք-Հովսեփյան («Ագորա» թատերախումբ), դերերում՝ Նարինե Գրիգորյան, Արթուր Մանուկյան։

Հաջորդ ներկայացումը՝ նոյեմբերի 5-ին՝ 19։00-ին, «ԳՈՅ» թատրնում։ 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ