HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմատական փոփոխությունների դիսկուրսը` «քառյակի» հրապարակային գործունեության խորապատկերի ներքո- 2

Էդգար Վարդանյան

սկիզբը 

Հոկտեմբերի 24-ի նախատեսված հանրահավաքը տեղի ունեցավ եւ սույն հոդվածի առաջին մասում նշված հարցում, որոշակի պարզություն մտավ։ Դա տեղի ունեցավ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի արդյունքում։ Թեեւ, պետք է նշել, որ անորոշության չափաբաժինը շարունակում է մեծ մնալ, ինչին դեռ կանդրադառնանք։ Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ առաջին անգամ Ծառուկյանը հրապարակայնորեն խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին, ասեց, որ պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը։

Սակայն հարկ է նշել նաեւ, որ փաստն այն է, որ Ծառուկյանը նախագահի հրաժարականի պահանջ չներկայացրեց։ Նա, փաստացի, հնչեցրեց իշխանություններից ընդդիմության հիմնական սպասելիքը՝ փոխել ընտրական օրենսգիրքը, հանել մեծամասնական ընտրակարգը եւ գնալ ընտրությունների, ինչը, ըստ Ծառուկյանի, «թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները»։ Հարկ է նշել սակայն, որ վերոնշյալից հստակ չի հասկացվում՝ Ծառուկյանը արտահերթ, թե՞ հերթական ընտրությունների մասին է խոսում, եւ եթե արտահերթ, ապա, արդյո՞ք, նաեւ նախագահական ընտրությունների մասին էր ակնարկը։

Այսինքն, թեեւ Ծառուկյանը խոսում է իշխանափոխության անհրաժեշտության մասին, սակայն, առնվազն դեռեւս, ակնարկում է, որ եթե իշխանությունները ընդառաջ գնան ընդդիմության ինչ-ինչ պահանջներին, ապա կառավարման ոլորտում իշխանության հետ համագործակցությունը հնարավոր տարբերակ է։ Ծառուկյանի խոսքի վերջաբանը եւս հաստատում է դա։ Նա նշեց, որ եթե իրենց պահանջները (այստեղ պետք է նշել, որ հստակ չէ, թե կոնկրետ, ո՞ր պահանջների մասին է խոսքը, կարելի է ենթադրել, որ խոսքը, կամ հայտնի 12 պահանջների, կամ էլ ընտրական օրենսգիրքը փոխելու եւ ընտրությունների գնալու առաջարկի մասին է միայն) չկատարվեն, ապա այդ դեպքում պարտադրելու են իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ։ Այսինքն, արտահերթ ընտրությունների պահանջը, համենայնդեպս դեռեւս, պահանջ չէ, այլ պահանջի սպառնալիք է։ 

Նշվեց նաեւ հնարավոր իշխանափոխությունը պարտադրելու ենթադրվող մեխանիզմը՝ հարյուր հազարներով փողոցներ եւ հրապարակներ դուրս գալը։ Ըստ էության, դա գրեթե բոլոր նախկին եւ ներկա ընդդիմադիրների իշխանափոխության հասնելու վերաբերյալ մոտեցման կրկնությունն է։ Ի դեպ, ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարեց նաեւ, որ «մայդանի» կոչ չի անում։ Այստեղ, իհարկե, պետք է հստակեցում մտցնել, քանզի Մայդանն ինքնին մտածված էր որպես շուրջօրյա խաղաղ բողոքի գործողությունների մի շղթա եւ, մեծամասամբ, հենց այդպիսին էլ եղավ։ Իսկ ցուցարարների կողմից բռնի գործողությունները եղել են հատվածային եւ ի պատասխան ուժայինների կողմից իրականացված բռնության ու պետք է նշել, որ չի նկատվել, որ Մայդանի համակարգողների կողմից երբեւէ բռնի դիմադրության կոչեր հնչած լինել։ Ուստի, հրապարակները եւ փողոցները մարդկանցով լցնելու սպառնալիքի իրականացումը, ըստ էության, հենց «մայդանի» կազմակերպում կլինի։

Հարկ է նաեւ նշել, որ Ծառուկյանը չխոսեց, թե որքան ժամանակ է տրվում իշխանություններին ներկայացված պահանջները կատարելու համար։ Ի դեպ, Լեոն Տեր-Պետրսյանը նախկին հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «Վարչախմբից այլեւս սպասելիք չունենալով,  այսուհետեւ մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել եւս վերջնագրեր չենք ներկայացնելու»։ Սրանից կարող ենք ենթադրել, որ կամ այս առումով որոշումը փոխվել է, կամ էլ Լեոն Տեր-Պետրսյանի հայտարարությունը ուղղակի հռետորաբանական հնարք է եղել։

Գագիկ Ծառուկյանը նաեւ նշեց, որ ողջ հանրապետությունով սկսվում է «համաժողովրդական  շարժման շտաբների» ձեւավորման գործընթաց, որոնք, հարկ եղած դեպքում, պետք է զբաղվեն ժողովրդի մոբիլիզացիայով։ Կարելի է ենթադրել, որ այդ շտաբները կարող են նաեւ ծառայել որպես նախընտրական շտաբներ՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ։ Հանրահավաքի ժամանակ հնչած մտքերին դեռ կանդրադառնանք, բայց հիմա անցնենք թեմայի շուրջ ծավալվող քննարկումներին։

Քառյակի կողմնակիցները նշում են, թե կասկածից վեր է, որ ընդդիմադիր այս ֆորմատը լրջորեն տրամադրված է իշխանափոխություն անել, ուստի, տրամաբանական է ակնկալել, որ արմատական փոփոխություններ ցանկացողները միանան այս ֆորմատի կողմից կազմակերպվող գործընթացին։ Սակայն, թեմայի շուրջ սոցցանցերի քննարկումներից այնպիսի տպավորություն է, որ քառյակի ըննդիմադիր քննադատները, համենայնդեպս, առայժմ, կարծես թե, հակված չեն փոխել իրենց մերժողական մոտեցումը, իսկ շատերը նույնիսկ ավելի են կարծրացրել իրենց դիրքորոշումը։  

Մեկնաբանների մի մասը նշում է, որ այն ինչ նախաձեռնել է «քառյակը» կապ չունի երկրի առողջացման, ժողովրդավարության հաստատման գործընթացի հետ, որ այս ամենը, ընդամենը, մինչկլանային պայքար է։ Ի պաշտպանություն այս թեզի ամենից հաճախ ներկայացվում են հետեւյալ փաստարկները՝

ա) կազմակերպիչներից մեկը հենց ինքը ամենախոշոր օլիգարխներից է, ով հենց այսօր էլ շարունակում է խախտել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները, ունի բազմաթիվ եւ բազմապիսի կապեր ներկայիս իշխանավորերի հետ,

բ) «քառյակն» ամեն ինչ անում է, որ ժողովուրդը չլինի որոշումների կայացման գործընթացի մասնակիցը։ Այն խիստ էլիտիստական, փակ եւ ոչ թափանցիկ ֆորմատ է, անհանդուրժող է իրեն քննադատողների նկատմամբ,

գ) «քառյակ»-ի հիմնական կորիզը չի ընդդիմանում Եվրասիական միություն Հայաստանի մտնելուն եւ համարում է այն անշրջելի իրողություն։ Քանի որ այդ միությունը ավտորիտար Պուտինի կայսերական պրոյեկտն է եւ Հայաստանի մասնակցությունը այդ պրոյեկտին նշանակում է վերջինիս անկախության կորուստ եւ քաղաքարկթության, ժողովրդավարության դեմ հանդես եկողների ակումբի երկրորդական անդամի կարգավիճակի ձեռքբերում, ապա նշանակում է, որ «քառյակը» նպաստում է Հայաստանի պետականության վերացմանը եւ ցանկանում է արտոնյալ կարգավիճակ ստանալ պուտինյան Հայաստանում։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter