HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապան. չիրացվող պոտենցիալով քաղաք

Վերջին տարիներին պարբերաբար լինում եմ Կապանում: Ամեն այցիս մի նոր բան էի բացահայտում ինձ համար այս քաղաքում` թե լավ, թե վատ, բայց, թերեւս, լավն ավելի շատ էր լինում, կամ այդպես էի ուզում տեսնել:

Սակայն այս վերջին անգամը բոլորովին նոր տեսարան բացեց իմ առջեւ: Երբեք այսքան տխուր ու մռայլ չէի տեսել Սյունիքի կենտրոնը: Առաջին անգամն էր, որ Կապանում լինում էի աշնանը: Տարվա այս եղանակն իսկապես գեղեցիկ է ծառաշատ բլուրներով եզերված քաղաքում: Ծառերի դեղնակարմիրն ու գետնին թափված կաղնու փտող տերեւների հոտը, անձրեւից հետո պաղ օդն ու սարերից իջնող մառախուղը մի տեսակ քեզ կտրում են սովորական առօրյայից, բայց երկար կտրված չես կարող մնալ, որովհետեւ փողոցով քո կողքին քայլող մարդկանց մեջ լրիվ այլ բան ես տեսնում: Այս անգամ այլ կերպ տեսա կապանցիներին. մի տեսակ տխուր, մի տեսակ ավելի հոգսաշատ, մի տեսակ մտախոհ, մի տեսակ հոռետես: Չգիտեմ, գուցե խտացնում եմ գույները, որովհետեւ հիմա էլ դեռ տեսնում եմ այդ դեմքերը, բայց այս ամենը ոչ միայն մարդկանց դեմքին է, այլեւ խորքում ու խոսքում:

Երբ ծանոթ-ընկերներիս ասացի, որ Կապանն այս անգամ նախկինի պես չէ ինձ երեւում, ոչ ոք չհակաճառեց, ավելին` բառ էլ չասաց: Թերեւս, համաձայն են: Բայց հետո` զրույցների ընթացքում, լսում էի դժգոհություններ ու տարբեր հռետորական հարցեր մարդկանց սոցիալական վիճակի, քաղաքային տնտեսության ու էլի շատ բաների մասին:

Առաջին օրը, երբ ընկերոջս հետ քայլում էի Ձորք թաղամասից քաղաքի կենտրոն տանող ճանապարհով, որը նաեւ միջպետական է (Հայաստան-Իրան), կանգ առանք դրա վրայով անցնող կամուրջի մոտ, որը փողոցը կապում է թիվ 13 դպրոց տանող ճանապարհին: Նույնիսկ Հայաստանի միջնադարյան կամուրջներն այսքան անմխիթար չեն: Մի քանի լուսանկար արեցինք ու հրապարակեցինք սոցցանցում` հատուկ նշելով, որ կամուրջը քաղաքային իշխանությունների տեսադաշտից դուրս է: Մի քանի օրից տեղական հեռուստաընկերություններից մեկի ռեպորտաժը տեսա կամուրջի մասին. լրագրողի հարցին ի պատասխան` քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, թե ժամանակին ուսումնասիրել ու պարզել են, որ կապիտալ նորոգման դեպքում կամուրջը պիտանի է շահագործման, երկու թռիչքներից նորոգել են մեկը, բայց հետո պարզվել է, որ դա բավարար չէ, ու եթե գումար լինի, մյուս թռիչքն էլ կնորոգեն: Իսկ մինչ այդ ժապավենով կապել են չնորոգված թռիչքի աստիճանների մուտքը, սակայն քաղաքացիները պոկել են այն ու շարունակել բարձրանալ դրանցով: Հայրապետյանի այս պատասխանն ուղղակի ծիծաղ է առաջացնում. մի՞թե 45 հազարից ավելի (ըստ պաշտոնական թվերի) բնակիչ ունեցող քաղաքն այդքան աղքատ է, որ քաղաքային իշխանությունները մի կամուրջ չեն կարողանում կարգին նորոգել` էլի հույսը դնելով դոնորների վրա:

Տպավորություն է, որ Կապանում առանց դոնորների փոփոխություններ չենք տեսնի: Երբ այս տարվա գարնանը 2012-ի նոյեմբերից քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Հայրապետյանին հարցրինք, թե ինչ կետեր կառանձնացնի իր արածների մեջ, նշեց այնպիսիք, որոնցում մեծ դերակատարում են ունեցել տեղական ու միջազգային հովանավոր կազմակերպությունները` «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «World Vision»-ը, «Counterpart International»-ը եւ այլ հովանավորներ: Այո, Կապանը նաեւ հանքարդյունաբերական քաղաքի համբավ ունի, ներկայում էլ շատերի խոսակցության թեման «Դանդի»-ն ու ԶՊՄԿ-ն են, քանի որ դրանք աշխատատեղ են մարդկանց համար: Բայց այսօր թե բնակիչների, թե քաղաքային ղեկավարության հայացքը ուղղված է այս երկուսին, այնինչ մարզկենտրոնն ունի շատ ավելի մեծ պոտենցիալ, որը չի իրացվում երկուստեք:

Կապանը առաջին մեծ ու համեմատաբար զարգացած բնակավայրն է, որտեղով անցնում են Իրանից եկող զբոսաշրջիկները: Բայց վերջիններս նախընտրում են երկար ճանապարհ անցնել ու հասնել Երեւան, այնինչ Կապանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու դեպքում հյուրերին կարելի է «պահել» նաեւ այստեղ: Եվ ոչ միայն իրանցիներին: Խելացի, նախաձեռնող քայլերի դեպքում արտասահմանցի ու տեղացի տուրիստներին կարելի է բերել այս տարածաշրջան: Հալիձորի բերդը, Վահանավանքը, Խուստուփ լեռը, «Սոսիների պուրակ» արգելավայրն ու Շիկահողի արգելոցը եւ էլի շատ վայրեր մշակութային ու էկոլոգիական տուրիզմի լավ կետեր են: Չկան փառատոներ, լայնածավալ պարբերական միջոցառումներ, որոնք տարվա մեջ գոնե մեկ-երկու անգամ կարող են այստեղ բերել բազմաթիվ այցելուների: Հոկտեմբերին, ի թիվ ՀՀ այլ քաղաքների, Կապանը նույնպես նշեց իր օրը, բայց այստեղ տոնական մթնոլորտ, կարելի է ասել, չկար: Քաղաքապետն էլ հաստատեց, որ այս անգամ տոնը տարբերվում էր նախորդներից: Հետաքրքիր է` Հայրապետյանն ինքն իրեն հարցրե՞լ է իրական պատճառների մասին ու խոստովանել դրանք:     

Օրերս քաղաքի ղեկավարը ներկայացրել է այս տարվա 9 ամիսներին կատարած աշխատանքները. պետբյուջեի գումարներով ասֆալտապատվել է ծայրամասային Բարաբաթում թաղամասը, դոնոր կազմակերպությունների միջոցով գազիֆիկացվել է նույնպես ծայրամասային Վաչագան թաղամասը (այստեղի բնակիչներն ասացին, որ 3 տարի առաջ գազատար են անցկացրել, սակայն մինչ օրս իրենք գազ չունեն), Ասիական բանկը ֆինանսավորել է խմելաջրի ցանցի նորոգման աշխատանքները, վերանորոգվել են տանիքներ, վերելակներ: Ա. Հայրապետյանը, ինչպես միշտ, խոստովանել է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց պատճառը ֆինանսների բացակայությունն է:

Ազնիվ է, որ քաղաքապետը խոստովանում է խնդիրների առկայությունը, չնայած դժվար է պատկերացնել, թե ինչպես պիտի հերքեր, բայց մյուս կողմից` ի՞նչ օգուտ դրանից: Ամեն անգամ այս կամ այն ճանապարհի ասֆալտապատումը կարծես մեծ գործ է դարձել Կապանում: Ի դեպ, ասֆալտապատման մասին. նույն Ձորք թաղամաս տանող ճանապարհը դեռ նախորդ քաղաքապետ Արտուր Աթայանի ժամանակներից, որը հենց Ձորքից էր, ասֆալտի երես չի տեսել: Վարորդներից մեկը նույնիսկ կատակում է, թե այստեղ երբ մեքենան փոսի մեջ է ընկնում, հեռախոսն անհասանելի է դառնում: Փոխարենը, ասում են, հին ու նոր մարզպետը Կապանի ճանշինի ղեկավար Ա. Կարապետյանին հանձնարարել է շուտափույթ կարգի բերել մարզպետարանի շրջակայքի ասֆալտը, որպեսզի իր նոր մեքենան փոսերի մեջ ջարդուխուրդ չլինի:

Կապանցիներն ասում են, որ նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը իր անձնական գումարներից որոշակի ներդրումներ էր անում քաղաքի համար, իսկ Աշոտ Հայրապետյանի օրոք ոչ մի զգալի փոփոխություն չեն տեսել: Արդեն 2 տարվա քաղաքապետ Հայրապետյանը, ով 2012-ին այդպես էլ մրցակից չունեցավ (մամուլի պնդմամբ` Աթայանը հանեց թեկնածությունը «Հայփոստի» Կապանի մասնաճյուղի տնօրեն Հայրապետյանի հովանավոր մարզպետի ճնշման արդյունքում), թվում է, քաղաքապետ է աշխատում այնպես, ինչպես ընտրվել է. նրա գլխավոր հույսը դոնորներն ու հովանավորներն են: Իսկ սեփական եկամուտներ հավաքագրելու մասով հույսը մնում է դնել այս կամ այն տարածքը վարձակալողի (ըստ Հայրապետյանի` իրենք այսօր ձգտում են ոչ թե օտարել, այլ վարձակալության հանձնել) ու տարբեր տեսակի հարկ եւ տուրք վճարողների վրա, որոնցից հավաքագրածի առյուծի բաժինն էլ, թերեւս, ծախսվում է աշխատավարձերի վրա, ու պատասխանատուները կրկին մնում են կոտրած տաշտակի առաջ:

Այս ճահճացած ու փակ շրջան հիշեցնող ընթացքը կշարունակվի այնքան, քանի դեռ երկրի հարավային կենտրոնը հենց քաղաքային իշխանությունների նախաձեռնողականության արդյունքում թափ չտա իրեն: Մասնավորապես, մետաղական, սննդի ու տեքստիլ արդյունաբերությամբ նախկինում հայտնի Կապանը իսկապես կարելի է դարձնել գրավիչ գոտի, եթե փոքր ու միջին ձեռնարկատերերի համար ստեղծվեն շահավետ պայմաններ, այդ թվում` որոշակի արտոնությունների տրամադրմամբ: Միաժամանակ, ելնելով երկրի ընդհանուր փորձից, գոնե հիմա մի տեսակ դժվար է պատկերացնել ՓՄՁ-ների ազատ, անկախ զարգացումը` զերծ տնտեսապես խոշորների, նույնն է թե քաղաքական «վերեւների» բազմատեսակ հետապնդումներից, որոնք այս պահին կամք են թելադրում նաեւ Կապանում:            

Հ.Գ. Ըստ կապանցիների` Հայաստանում հացն ամենաթանկն է հենց այստեղ, որտեղ 500-600 գրամ կշռող հացը վաճառվում է 240 դրամով: Սա, ըստ էության, ամենալավ վկայությունն է օրվա հացի խնդիր լուծող կապանցիների վիճակի:

Մեկնաբանություններ (14)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ հոդվածի հետ: Կապանի քաղաքապետի 2012 թ. «ընտրությունների» ժամանակ այս ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Սյունիքի մարզպետ Լիսկայի ու Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հովանավորած թեկնածուն էր. մեկ տարուց «լրիվ ուրիշ Կապան» էին խոստանում:........................................ Կապանի ներկա «ընտրված» ՀՀԿ-ական քաղաքապետ Հայրապետյան Աշոտը ԺԱՊԱՎԵՆ ԿՏՐՈՂԻ տեսակից է. պասիվ նստած- սպասում է,թե ով 1-2 կոպեկ կտա քաղաքապետարանին: Դուք դեռ եկեք ու Հոլանդիայում քաղաքապետներին նայեք. քիչ է մնում մատները կոխեն վարչապետի աչքը հանեն-փո՛ղ են ՊԱՀԱՆՋՈՒՄ իրենց քաղաքների համար:.......................................... Բա Կապանի փոխքաղաքապետ ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆԻ կերպարին մի նայեք. այս «նժդեհական» տղան Լիսկայի կողմից ստեղծված այսպես կոչված «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ի նախագահն է ու Լիսկայի աջ ձեռքն էր՝ Կապանի քաղաքապետի 2012 թ. «ընտրությունների» ժամանակ:......................... Բա Կապանի ՀՀԿ-հանքային-պրոպագանդիստական «Խուստուփ» TV -ին մի նայեք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանը զարգանալու է ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ քաղաքում լինեն ներքոհիշյալ 3 պայմանները` ա) տնտեսական միկրոկուլտուրա. այսինքն՝ տնտեսական դաշտը գրավված չլինի և/կամ չհսկվի հանքային բարոնների կլանի կողմից: Ինչքան էլ սիրեն իրենց քաղաքը, ոչ՛ ոք չի ուզում «քցվել» ու կորցնել (դրսերում դառն ու չարչարանքով աշխատած) իր փողերն ու ապագայի երաշխիքը: Հանքային կլանը ԱՏԱՄՆԵՐՈՎ պահում է, որ իրենց դեմ նոր տնտեսական (ուստի նաև քաղաքական) ուժ չստեղծվի: Ոչ ոք ավելորդ գլուխ չունի, որ «նախորդի» վրա «գլխին սարքելը» փեշքեշ անի;........................................................բ) քաղաքական միկրոկուլտուրա. այսինքն՝ քաղաքական դաշտը գրավված չլինի և/կամ չհսկվի բացառապես մեկ կուսակցութան կողմից. որպեսզի այդ կուսակցությանը չպատկանող կամ անկուսակցական ներդրողի տնտեսական հաջողությունները չդիտվի սպառնալիք այդ կուսակցությանը ու «գլխին չսարքեն»: Իսկ սրան հասնելու համար ՊԻՏԻ առնվազն ունենալ ընտրովի մարզպետ ու ընտրովի «Մարզային ժողով»: Չափազանց կարևոր է նաև վերացնել ՀՀ կուսակցությունների մասին օրենքի հոդված 5(1)-ը, որպեսզի ստեղծվեն նաև բացառապես տեղական ու Երևանից չկախված կուսակցություններ ու քաղաքային-տեղական մակարդակով ԱՆԿԱԽ քաղաքականություն հնարավոր լինի վարել;...................................................գ) անկախ դատաիրավական համակարգ, որպեսզի դատաիրավական մարմինները ոչ՛ թե հանքային բարոններին ծառայեն, այլ օրենքին ու արդարադատությանը: Այսինքն՝ անցնել ժուրիով դատական համակարգի ու ժողովրդի կողմից ընտրված դատավորների: Ու ստեղծել դատաիրավական համակարգը հսկող (տեղական) մարմիններ, որի անդամները նույնպես ընտրված կլինեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա էլ ավելացնեմ. ուրեմն Կապանում կա այսպես կոչված «Երիտասարդական խորհուրդ», որը քաղաքապետարանին կի՛ց է: Չես հասկանում, թե Ի՞ՆՉՈՒ են այսպես կոչված «քաղապետարանին կից». որ (ՀՀԿ-ական) քաղաքապետի/քաղաքապետարանի կողմից լավ հսկվե՞ն: Դրա համար էլ այս «Երիտասարդական խորհուրդը» միայն տորթ է բաժանում ու փուչիկներ փչում՝ հհկ-ական կամերաների առաջ:
hasmik
այն իրավիճակն, որին ես ականատես եղա Կապանում, մեղմ ասած աղետալի էր, քաղաքի արտաքին տեսքը սարսափելի, մայթեր գոյություն չունեն, ճանապարհները քանդված, խանութներում պարտքով առևտուր..., իսկ մարդիկ խեղճացած ու ստրկացած, մայրս հիվանդանոցում պառկած էր, դա հիվանդանոց չէր, այլ դժոխք, զուրկ ամենատարրական պայմաններից, պլիտա չէին թողնում միացնել, որովհետև գլխավոր բժիշկը արգելել էր, զուգարանը սարսափելի, հոդվածում քիչ է նկարագրված Կապանի իրական պատկերը, ու հետ շփվում ես դժբախտ է յուրովի, միայն լիցկան է ջիպերով ման գալիս ահ ու սարսափ տարածելով քաղաքում
Կապանցի
Չեմ կարծում, որ կամուրջի հարցը կարելի է մատի փաթաթան սարքել և կապել Աշոտ հայրապետյանի հետ, քանի որ դա ես ինչքանով տեղյակ 10տարուց ավելին է, իսկ Հայրապետյանը իր խոսքում նշել է , որ այո աշխատանքներ տարվում են կամուրջը բարեկարգելու ուղությամբ:ԷԳ վարազիկ ինչա կոչվում փուչիկ փչողներ, դուք անդեմ պատուհաս եք , այ դուք եթե գոնե մի փուչիկ փչեիք և դրանով մասնակիցը լինեիք Ձեր/եթե կապանցի ես/ քաղաքի օրվան, իսկ եթե քեզ տորթից բաժին չի հասել դրանից եք նեղվել ինչ ասեմ անդեմները մեր քաղաքում տեղ չունեն:
կապանցի
Կապանի քաղաքապետին կից ԵԽ-ում որևէ քաղաքական կողմնորոշվածություն չկա: Եթե խորապես իրազեկված չեք այդ կառույցի մասին, նշեմ, որ այդ կառույցում կան դաշնակցականներ, ԲՀԿ-ի ներկայացուցիչ, անկուսակցականներ և այլն: Այինքն՝ ոչ միայն ՀՀկ-ի երիտասարդներ , այլև այլ կուսակցությունների /ընդդիմադիր/ ներկայացուցիչներ ու անկուսակցականներ: Այդ ԵԽ-ն կատարում է բարեգործություններ, բարձրացնում երիտասարդներին հուզող հիմնահարցեր և ուրույն դեր ունի քաղաքի կյանքում: Այստեղ հավաքված են քաղաքի ակտիվ, խելացի ու պատրաստակամ երիտասարդներ, որոնք իրենց կատարած ու կատարելիք նախաձեռնություններով միայն գովասանքի են արժանի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ռուսական կրթություն ստացած ու հայկական մտածելակերպ չունեցող Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եթե (ինչ-ինչ պատճառներով) չի կարողանում օպտիմալ աշխատել և/կամ փող ճարել-պահանջե՛լ քաղաքի համար,թող ուրեմն ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ. սա այդքան «բա՞րդ» է հասկանալը: Այսպես մինչև ե՞րբ: ԱՄԲՈՂՋ քաղաքում մի հատ նորմալ շենք ՉԿԱ,որ մի բնակարան գնես մեջը: Բա էլ ՈՒ՞Մ են պետք կողքի միլիարդներ արժեցող այդ հանքերը:................................................................Մի ՓՈՔՐ օդանավակայան չեն կարողանում բացել. «փող չկա», բայց մի քանի հանքային ԽՈՒԺԱՆ բարոններ ամենքը 100-200 մլն դոլար են գրպանել՝ սյունեցու ընդերքը թալանելով: Իբր թե Կապանում բազմաբնակարան շենք պիտի կառուցեին՝ երիտասարդ ընտանիքների համար. սա էլ ԲԼԵՖ դուրս եկավ: .......................................................Կամ ուր՞ է Կապանի (անկախ) քաղաքացիական հասարակությունը. կա՞ այդպիսին: Դուք տեսե՞լ եք,որ Կապանում գոնե 10-20 մարդ դուրս գա փողոց ու որևէ ակցիա անի՝ այս հարցերի շուրջ: ...................................................Կամ որտե՞ղ են քաղաքի «հայրենասեր» ու «քաջ» դաշնակները: Թողես մենակ Թուրքիայի դրոշը ցուցադրական վառեն ու Նժդեհի արձանին 1 մ. ծաղիկ դնեն. Լիսկայի դրոշը վառելու ԴՈՒԽ չունե՞ն «հայի փրկիչները»:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանի այսպես կոչված «Երիտասարդական խորհուրդը» Ի՞ՆՉՈՒ է քաղաքապետարանին կի՛ց: Ի՞նչ նպատակո՛վ են «կից»:
Armen
Իսկ ուր էին այդ ակտիվ խելացի ԵԽ անդամները երբ որ Կապնցիները դիմավորում էին մարզպետին, ինչի չէին խոչընդոտում էե ուրախ էին իրենց այսպես կոչված ուխտ նախագահի տերն էր գալիս որ իրենք ուխտերի տորթթը հիմա էլ ԵԽ ի անունից բաժանեն թե փուչիկ փչելն է խելացիության նշան խելացի մարդիկ չեն հավաքվի կիսագրագետ ռուդոլֆի շուրջը և երբ են նրանք նորմալ հարցեր բարձրացրել,կ ամ որ բարձրացնեն ինչ ում է հետաքրքիր այդ ամենը
hasmik
Կապանցի, էդքան սուտ փչում ես, որ ինչ անես, չէ որ Կապանի ողբերկական վիճակը աչքիդ առաջն է
Petros
Ներկայացված վիճակը միայն Կապանին չէ հատուկ, դա հայաստանյան ընդհանուր վիճակ է՝ տարբեր բնակավայրերում տարբեր գունային երանգներով արտահայտված: Ողբերգությունն այն է, որ այս վիճակից դուրս գալու ոչ մի քայլ չի արվում, թեկուզ մի քիչ սխալ, բայց համարձակ քայլ: Ոչ ոք չի փորձում խախտել ճահճի անդորրը՝ չցանկանալով անհանգստացնել ճահճի բնակիչներին...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Պարզվում է,որ Կապանի այսպես կոչված քաղաքապետին կից «Երիտասարդական խորհրդի» նախագահը նու՛յն «նժդեհական» փոխքաղաքապետ ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆՆ է, որը միաժամանակ Լիսկայի կողմից ստեղծված այսպես կոչված «Դավիթբեկյան ուխտեր» ՀԿ-ի նախագահն է: Սրանով ամեն ինչ արդեն ասված է:Այսինքն՝ ամեն ինչ անում են,որ Կապանում անկա՛խ քաղաքացիական հասարակություն չձևավորվի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ճիշտ է գրված հոդվածում. « Կապանը իսկապես կարելի է դարձնել գրավիչ գոտի, եթե փոքր ու միջին ձեռնարկատերերի համար ստեղծվեն շահավետ պայմաններ». սա՛ է քաղաքը զարգացնելու բանալին:.......................................... Ուստի՝ ա) հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ գոնե կիսով չափ ազգայնացում. այսինքն՝ ԲՈԼՈՐ հանքերում պետության առնվազն 51% սեփականություն: Ու յուրաքանչյուր հանքից տարեկան արտահանվող հումքի ՊԵՏԱԿԱՆ պլանավորում, որպեսզի դադարեցվի/զսպվի հանքերից ներկա վիշապային չափերի հասնող հումքի գերարտադրությունը:.................................................բ) կամ՝ բոլոր հանքերի ժողովրդականացում. այսինքն՝ բաժնետոմսերի առնվազն 51%-ի վերաբաժանում աշխատողներին և/կամ ժողովրդին:..................................................գ) կամ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԻ (10 %) գանձում բոլոր հանքերից: Այս փողով ստեղծել մարզային ՊԵՏԱԿԱՆ բանկ,որը պիտի խթանի մարզի երկարաժամկետ-մաքուր-այլընտրանքային տնտեսության (փոքր ու միջին բիզնեսների) ստեղծումն ու զարցացումը. կա՛մ պետական նախաձեռնությամբ, կա՛մ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ անգրա՛վ վարկեր տրամադրելով (10-15 տարով ու 0.5-1%-ով):
Armen
Կապանում րև ընդհանրապես Սյունիքում դեռ վիճակը սա է լինելու քանի մարզպետի ցանկությամբ նրանք են կարևոր աշխատանք անում ովքեր դրանից բան չեն հասկանում կիսագրագետ են և սողացող.ռուդոլֆը դպրոցը մի կերպ է ավարտել ծաղր է Կապանում նա փողքաղաքապետ նա սկի մի գյուղի ավ ագանու չի արժանի, կարևորը այնպես է ծառայում սրա նրա վրա թեմաներ սաքում ուժեղ մասնագետ է դեռ հայտարարում է որ քաղաքապետն էլ ինքն է ինչ անի Աշոտը ով է տեսել մարդ իրա տեղակալին ուրիշի ասածով նշանակի դրանից էլ մեծ պատիժ, ով է իրեն թողնում բան որոշի գործ անի թող ծախսի ոնց կցանկանա մարզպետը այ էլ կլինի,իսկ նրա մանկլավիկներն ու պալատական ծաղրածուներն այնքան շատ են և այնպիսի եռանդով են գործ անում որ Աշոտը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող որևէ բան անել այս քաղաքի համար բացի ողնել ու հեռանալը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter