HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը քննարկել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի և պոչամբարների հարցը

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ:

Մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Մելիքգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Մկրտչյանը նշել է, որ ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ունի չվճարված աշխատավարձերի պարտքեր:

Տեղում ծանոթանալով իրավիճակին` նախարար Արամայիս Գրիգորյանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ ներկայացուցչի հետ զրույցում ընդգծել է. «Մենք ողջունում ենք մեր երկրում կատարվող ներդրումները և աշխատատեղերի ավելացման հեռանկարները, մենք կողմնակից ենք պատասխանատու և շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազ ազդեցություն ունեցող հանքարդյունաբերությանը և հետևողական ենք լինելու, որպեսզի ընկերությունը պատշաճ կերպով կատարի իր կողմից ստանձնած բնապահպանական և սոցիալական բոլոր պարտավորությունները»:

Քննարկվել է հանքավայրի և պոչամբարի հարակից տարածքով հոսող գետի էկոլոգիական վիճակի հարցը, ինչի հետ կապված նախարարը հանձնարարել է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և կատարել ջրի հետազոտություն:

Անդրադարձ է եղել նաև մարզի օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների հարցերին: Նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ նախարարությունը հետևողական է լինելու ընդեքօգտագործող ընկերությունների՝ օրենքով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter