HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սվարչիկ Մեսոն` «Դավիթ Բեկին» եռակցողը

Կապանի Վաչագան գյուղ տանող ճանապարհին մառախուղի մի մեծ «փրփրուր» նստել է երիզված անտառների ծերին: Գարնանն ու ամռանն այստեղ տեսանելի է այն նուրբ գիծը, որը բաժանում է երկինքն ու լեռները: Ճանապարհին բոլորս նայում ենք սարերի լանջերին, որտեղից, կարծես, ծառերի ջրվեժն է թափվում:

Վաչագանի (գյուղը Կապանի թաղամասի կարգավիճակ ունի) ցեխառատ ճանապարհներով քայլում ենք: Ժանգագույն, փայտյա դարպասներին փակցված թվերն են` տների համարները, մեկ-մեկ դռները կողպված են, կողպեքների վրա ցող է: Մեր դիմաց գյուղի գերեզմանատունն է, այդտեղից վերև` դպրոցը: Դարպասներից մեկի մոտ էլ հանդիպեցինք Մելսիկ պապին: Բարևեցինք, փոքր-ինչ հապաղեց: Հետո նորից հարցրեց` ովքեր ենք, ինչ ենք անում գյուղում: Ասացինք` լրագրողներ ենք: Ծիծաղեց, հետո թե` բա ես էլ Մելսիկ Հարությունյանն եմ` Դավիթ Բեկի, Գանձասարի բանալիների եռակցողը: «Դե, տուք ջահելըք, է, ինձ ճընաչել չըք»,- դիմում է  մեզ: Ձեռքերի նկատելի դողոցով, խարխափելով փնտրում էր  պիջակի գրպանը. ծխախոտը, որ պտտում էր ձեռքում, դրեց պիջակի գրպանում:

Քիչ անց հրավիրեց տուն` նախապես զգուշացնելով. «Եշեք, հա, մինակ կոֆե կօզիք, թե չէ խորոված, խաշլամա օնինք վեչ»: Սա ասելուն պես նորից ծիծաղեց: Մենք արդեն դարպասի դռնից ներս էինք մտել, երբ ասաց. «Տուք քեցեք, ես տեսնում չըմ, կամաց-կամաց կկյամ փետավս»: Ընկերներիցս մեկը հետ դարձավ, Մելսիկ պապիկին օգնեց, հետո միասին տուն մտանք: Նրա կինը` տիկին Գրետան, նույնիսկ առանց մեզ ճանաչելու, ընդառաջ եկավ, գրկեց: Սկզբից պնդեց, թե ճաշ պետք է դնի, Մելսիկ պապին թե` «Ես ասալ ըմ, որ մինակ կոֆե ա»: Կինը նեղստրեց, թե բա ամոթ չի, էդպիսի բան ես ասում ղոնաղներին: Մելսիկ պապին նորից ծիծաղեց:

Սվարչիկ Մեսոն

Մելսիկ պապն այսպես է ներկայանում. «Հարությունյան Մելսիկ Արսենի, 75 տարեկանի մեջ եմ: Ծնվել եմ Կապանում, հերս Լենինի շքանշանակիր էր, մաքշեդր էր, կոմբինատի օտեկայի դիրեկտոր էր»: Սա պատմելուն պես լռում է, հետո թե` «Պա, տի յեշեմաք, է, Կոմսոմոլի պուտյովկով գնացել եմ Ղազախստան, հետո Ուզբեկստան, հետո եկա էստեղ` էս Նազարեթյան Գրետային ուզեցի, ստեղ էլ մնացի: 1965 թիվն էր»: Կինն ուղղում է. «Չէ, 64»: Համաձայնում է` «Հա,  64»:

Մելսիկ պապի ասելով`  ինքն իրեն ինչ հիշում է` եղել է պնղձագործ-եռակցող: 33 տարի աշխատել է Կապանի մսի կոմբինատում` որպես եռակցող: «Սաղ մըսը, կալբասն ինձ յերա լա, խոլոդեյնիկներ ըմ լա յեշում»,- պատմում է մեզ` ձեռքով տրորելով ճակատը ու նորից շարունակելով,- Կապանում բոլորն ինձ գիտեն: Եթե ասեք սվարչիկ Մեսոն, կիմանան»:

Մելսիկ պապը տեսողությունը կորցրել է 2001 թվականին: Ասում է` աչքերից մեկի տեսողությունը դեռ աշխատանքի ժամանակ էր կորցրել` «սվարկայից է վառվել»,  իսկ 2001-ի մարտի 3-ին զրկվեց մյուս աչքից: Պապի խոսքով` անտառ էր գնացել փայտ բերելու, այդտեղ էլ փայտ կտրելիս մի շեղբ է ընկել աչքը: «Քոռացա, էդ օրն էնքան մնացի անտառում, որ հետո եկան տարան»,- սա նշելուն պես սկսում է հաշվել, թե տասնքանի տարի չի տեսնում, բայց քայլում է, գնում է գյուղի «ճրի տուռը», «նարդիանոցը»: «Տի վերընգած մարդը չըմ, ընգած-տուս եկածըմ: Զա դոբրեստնիյ տրուդ մեդալ ըն տվել, քաղսովետում դրա մասին պիտի որ լինի»,- պատմում է պղնձագործ պապը:

Մեր զրույցի ընթացքում Գրետա տատը սուրճն է բերում, Մելսիկ պապը չի խմում: Զրույցի կեսին տուն են մտնում Մելսիկ պապիկի փոքր որդին` Արսենը, և բարեկամը (վարպետը երկու որդի, մեկ դուստր ունի): Քիչ անց դրսից փայտ են բերում` կրակը թեժացնելու, թե քաղաքից եկածները լավ մրսած են, մի «պատար տըքանան»: Այս ընթացքում Մելսիկ պապը շարունակում է իր պատմությունը` մանրամասն ներկայացնում է խորհրդային տարիներին իր հետ առնչված պաշտոնյաներին, ովքեր հարգանքով էին վերաբերվում իրեն: Ընդ որում` ամեն անգամ ներկայացնելիս հարցնում է` գիտե՞նք ում մասին է խոսքը, մեր պատասխանից հետո նորից շարունակում է պատմել:

Քանդակագործի դեմքով Դավիթ Բեկը

1978 թ. քաղխորհուրդը որոշում է Դավիթ Բեկի արձանը տեղադրել Կապանում: Պատվերը ստանում է քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանը: Քանդակն արվում է Երևանում, այն պատրաստվում է պղնձից, սակայն հետո կտոր առ կտոր պետք է տեղափոխվեր Կապան: Տեղում հմուտ եռակցողներ են փնտրում: «Ղափանում ռայկոմի առաջին քարտուղարը` Ռաֆայել Մակիչը (Ռաֆայել Մինասյան), ինձ կանչեց, թե ես պիտի եռակցեմ քանդակը: Դրա համար 24 ժամ ա տվել, թե կմտածես, կասես: Ես էլ ասեցի` ախր, Ռաֆայել Մակիչ, իմ ձեռքին գրիչ չի, էլի, իմը գարելկա ա: Հետո համաձայնեցի»,- նշում է զրուցակիցս:

Քանդակի կտորները եռակցում էին հենց այն տեղում, որտեղ պետք է տեղադրվեր արձանը: 1 ամսվա ընթացքում հասցրել է ամբողջությամբ անել գործը: «Արձանը լրիվ պղինձ է, մեջը փուչ է, մեջը միսենյականոց կվարտիրա է»,- ասում է պղնձագործ Մեսոն: Եռակցումից հեոտ արձանին ծծումբ են քսել, որպեսզի մոխրագույն տեսք ստանա: Ասում է` պատվանդանի վրա կանգնած գործ անելիս լուսանկարներ ունի, կնոջը դիմում է, որ բերի, Գրետա տատն էլ` թե չգիտենք, ուր է: «Ցրեվ մա տվեք, էլի, էդ նկարները, պահեք»,- հորդորում է պապը:

Մեր զրույցը լսողներից նրանց բարեկամը պապին դիմում է, թե պատմի, որ Դավիթ Բեկի արձանի գլուխը  Սերգեյ Բաղդասարյանի դիմանկարով է արված: Պղնձագործը ծիծաղում է, թե երբ հավաքում էին արձանի կտորները, նկատել են, որ դեմքը նման է քանդակագործին: «Մի անգամ ասեցին Բաղդասարյան Սերգեյին, ինքն էլ ասեց` ո՞վ ա Դավիթ Բեկին տեսել, որ իմանա` դեմքը ոնց ա, բայց նման էր, ասում էինք`Բաղդասարյան, բայց քեզ նման ա, ասում էր` հա, ինչ անենք, թող նման լինի... Փաստորեն, ինքն իրան ա տիրալ, բայց պարզ ասալ չի»,- ասում է վարպետ Մեսոն:

Արձանի եռակցման համար ստացել է 300 ռուբլի, բայց դրան զուգահեռ աշխատել է նաև Կապանի մսի կոմբինատում: Արձանի շնորհիվ, պապն էդպես է ասում, ավտոմեքենա ստանալու հերթն առաջ ընկավ` իրեն «բեզօչերեդ» մեքենան տվեցին 1980-ին: Իհարկե, մեքենայի համար վճարել է: 

Բացի Դավիթ Բեկի արձանից` Մելսիկ պապը եռակցել է նաև Քաջարան տանող ճանապարհին տեղադրված Գանձասարը հսկող արջի արձանը (քանդակագործը Մարատ Նուրիջանյանն է), Կապանում տեղադրված Ցլի արձանը, Լենինի երկու արձանները, որոնցից մեկը տեղադրված էր Կապանի կենտրոնում, մյուսը` Բարաբաթումում: Այդ արձաններից մեկը հետագայում գողացել են, որովհետև ամբողջությամբ պղնձից էր: Այսքանով հանդերձ, պապն ասում է, որ ջահել սերունդն իրեն արձաններով չի հիշի. «Ինձ ոչ թե արձաններով են իմանալու, այլ ղազաններով` պղնձե գործերն իմն են, սերունդն էդպես կիմանա ինձ»:

«Իմ արհեստը չեմ թողել շարունակեն»

Երբ Մելսիկ պապը պատմում էր արձանների, պղնձագործության մասին, կինը միջամտեց, թե բա գնահատված ե՞ս, այ մարդ, էդքան բան արեցիր: «Էսքան բան ա արել, չէ՞, առաջին կարգի հաշմանդամ է, բայց դրա համար 4000 դրամ է ստանում միայն: Մի քանի անգամ դիմել ենք սոցապին, որ նպաստ ստանանք, հրաժարվում են նպաստ տալ մեզ, երբ մեր ընտանիքում միայն հարսս է աշխատում (Վաչագանի դպրոցի տնտեսվարն է- հեղ.)` ես թոշակառու եմ, ամուսինս թոշակառու, տղաս թոշակառու` հրշեջ ծառայությունում 20 տարվա աշխատանքից հետո ծառայողական թոշակի է անցել: Խնդրում ենք, աղջիկ ջան, ես արդեն ամաչում եմ դիմել սոցապին, մի բան արեք: Գիտեմ, որ մեզ նպաստ հասնում է, բայց չեն տալիս»,- ասում է Գրետա տատը:

Մելսիկ պապը չի միջամտում, միայն թեթև ժպտում է: Հարցնում եմ, թե իր արհեստը շարունակողներ ունի՞, պատասխանում է. «Իմ արհեստը չեմ թողել շարունակեն, ասի պետք  չի: Աչքերի համար վնաս ա, օզում ըս ակնոց քցի, հինչ օզումըս ըրա, վըր եռակցում ըս, ծոխը նի ա տըռնում աչքերը»:  Երբ հարցնում եմ, թե արդյո՞ք փոխվել է երիտասարդ սերունդը, ասում է. «Ախր, էսօր շատ երիտաարդներ սկի առավոտը շուտ չեն վեր կենում, բայց մեր վախտ էդպես չէր: Մենակ մի մուզիկա նի, միացնին` լոք-լոք տան, ասին` դիսկո ա, դիսկո... Այ քու դիսկոն կտրվե, հինչ դիսկո ա»: Մելսիկ պապի այս խոսքերից հետո բոլորս ծիծաղում ենք: Քիչ անց միասին դուրս ենք գալիս բակ, պապը փնտրում է ձեռնափայտը: Տան բակում հանում է այն նույն ծխախոտը, որ մեր գալուն պես դրել էր մոխրագույն  պիջակի գրպանում, հետո վառում է այն ու ծխում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter