HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Ղուկասյանը հաղթեց

Դատարանը չի վերականգնել «Հետաքննող լրագրողների» տեղեկատվություն ստանալու իրավունքը

ՀՀ վարչական դատարանը (նստավայրը Գյումրի) մերժել է «Հետաքննող լրագրողների» հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի:

Հիշեցնենք, որ «Հետքը» հոդվածաշար էր պատրաստում Ալեքսանդրապոլի հին տոհմերի և 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին: Գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի՝ Դրամփյանների պատմությունը ներկայացվել է «Հետքի» թիվ 21 համարում: Անդրադառնալով այս տոհմին՝ հնարավոր չի եղել շրջանցել նաև նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի և Գյումրու քաղաքապետարանի միչև տեղի ունեցած երկարատև դատական վեճը: Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը Գյումրու քաղաքապետին այս տարվա հուլիսի 6-ին գրությունն է ուղարկվել՝ 8 հարց, որոնք մասնավորապես վերաբերել են՝

  • Ո՞ւմ է ներկայումս պատկանում Աբովյան փողոցի թիվ 262 շենքը:
  • Ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ նպատակներով է վաճառվել Կումայրի արգելոցի հաշվեկշռում գտնվող Աբովյան փողոցի թիվ 262 շենքը:
  • Ինչպիսի՞ փոխհատուցում է առաջարկվել Դրամփյան քույրերի իրավահաջորդ Իրինա Աբաջյան-Դրամփյանին:
  • Այդ փոխհատուցումները եղել են գումարայի՞ն տեսքով, թե՞ բնակարանի:
  • Ինչո՞ւ են ընդհանրապես վաճառվում համայնքային նշանակության, իրենցից մեծ արժեք ներկայացնող պատմական շենք-շինությունները և մի շարք այլ հարցեր:

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը՝ Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) վարույթ է ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի:

Գյումրու քաղապապետն անտեսել է դեռևս հուլիսի 9-ին վերջինիս կողմից ստացված հարցումը և դրան պատասխանել արդեն այն ժամանակ, երբ «Հետաքննող լրագորղներ» ՀԿ-ն հայց է ներկայացրել դատարան: Եվ նոյեմբերի 25-ին՝ մոտ հինգ ամիս անց, ուղարկել են մի գրություն՝ պատճառաբանելով, որ Գյումրու քաղաքապետին հասցեագրված «Հետաքննող լրագրողների» գրությանը պատասխան չի տրվել քաղաքապետարանի ամենօրյա իրականացվող գերլարված եւ ծանրաբեռնված աշխատանքի, «ինչպես եւ այն պատճառով, որ նշված գրության բովանդակության ուսումնասիրությամբ մեզ համար ակնհայտ էր պատահական, թե կանխամտածված Ձեր բարեխիղճ մոլորության մեջ գտնվելը»:

«Ի գիտություն Ձեզ, քաղ. Իրինա Աբաջյանը չի հանդիսացել եւ չի հանդիսանում Դրամփյանների ժառանգորդ: Նրա եւ քաղաքապետարանի միջեւ դատական վեճի տեւողությունը շուրջ տասն անգամ պակաս է եղել Ձեր նշածից: Ձեր կողմից բարձրացված հարցերին.

1. Որեւէ անշարժ գույքի սեփականությունը ճշտելու համար, գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է դիմել անշարժ գույքի կադաստրին:
2. Ձեր երկրորդ հարցի պատասխանը տես 1-ին կետում:
3. Ձեր երրորդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքապետարանը չի տիրապետում: Միգուցե այդ հարցով դիմեք Իրինա Աբաջյանի՞ն:
4. Ձեր չորրորդ հարցի պատասխանը տես 3-րդ կետում:
5. Ձեր հինգերորդ, ինչպես եւ վեցերորդ հարցերը առնչվում են ոչ թե տեղեկատվություն ստանալուն, այլ կարծիք հայտնելուն, որն իմանալու համար հարցազրույցի խնդրանքով հարկ է դիմել հասցեատիրոջը:
6. Ձեր յոթերորդ եւ ութերորդ հարցերի պատասխանները տես առաջին երկու կետերում:

Պրն Բաղդասարյան, չե՞ք գտնում, որ Ձեր հարցադրումներով ոչ թե ցանկացել եք ստանալ տեղեկատվություն, այլ պատվիրված կարգով եւ անձնավորված հետին նպատակներ եք հետապնդել: Ինչեւէ»,- գրված է Գյումրու քաղաքապետարանից ստացած գրության մեջ:

Այս պատասխանը գրելու համար քաղքապետարանին անհրաժեշտ է եղել մոտ 5 ամիս, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է 5-օրյա ժամկետ, եթե տեղեկությունները տրամադրելը լրացուցիչ աշխատանք է պահանջում՝ 30-օրյա, սակայն այս դեպքում էլ 5-օրյա ժամկետում այդ մասին տեղյակ պահելու պարտավորությամբ:

Ավելին, օրենքը տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգն էլ է սահմանում: 11–րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը։ Այսպիսով, Գյուրու քաղաքապետը օրենքի ոչ մի կետը չի պահպանել:

Հիմա անցնենք դատարանի վճռին: Դատարանի իրավական վերլուծությունը վերաբերում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում օգտագործված հիմնական հասկացություններին, թե ինչ է տեղեկատվության ազատությունը, տեղեկությունը, տեղեկատվություն տնօրինողը, հանրային նշանակության կազմակերպությունը, հարցումը և այլն: Այնուհետև դատարանը եզրակացրել է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղղված գրությամբ պահանջվող տեղեկությունները՝ հարցումը չի բխում օրենքի հիմնական հասկացություններ հարցման մեկնաբանությանը, քանի որ հարցումը դա տեղեկություն փնտրելու և/կամ դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօրինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումն է, այիսնքն՝ հարցում է կատարվել տեղական ինքնակառավարման մարմնին, որն, ըստ գործով ձեռք բերված ապացույցների, նման տեղեկատվության չի տիրապետում և չի տնօրինում»:

Այսպիսով, դատարանը որոշել է մերժել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ «Տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին»: Սակայն դատարանը որևէ հղում չի կատարում, թե ինչ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք թույլ են տվել դատարանին նման եզրակացություն անել: Եթե քաղաքապետարանը նման տեղեկությունների չի տիրապետում, ինչու այդ մասին օրենքով և սահմանված ժամկետներում չեն տեղեկացրել լրագրողներին:

«Հետաքննող լրագրողները» պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:

Մեկնաբանություններ (1)

Shushan
es mer qaxaqapet@(es Gyumriic em) chgites inchu sax lragroxneri dem characac e..... Gyumrii GALA herusta@nkerutyunn el var orinak..... paron qaxaqapet jan, es dzez shat em sirum,bayc mer lragroxnerin hangist toxeq, ed mardik irenc gorcn en anum.....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter